1 Սամուել 31։1-13

  • Սավուղն ու իր երեք որդիները մահանում են (1-13)

31  Փղշտացիները Իսրայելի դեմ կռվի դուրս եկան:+ Իսրայելացիները փախուստի դիմեցին, և շատերը զոհվեցին Գելբուե լեռան վրա:+  Սավուղին ու նրա որդիներին կրնկակոխ հետապնդելով՝ փղշտացիները սպանեցին նրա որդիներին՝ Հովնաթանին,+ Աբինադաբին և Մելքիսավեին:+  Սավուղի դեմ կռիվը թեժացավ. նետաձիգները նկատեցին նրան ու ծանր վիրավորեցին:+  Այդ ժամանակ Սավուղն ասաց իր զինակրին. «Հանի՛ր սուրդ և խոցի՛ր ինձ, որպեսզի այս անթլփատները+ ինձ չխոցեն ու չտանջեն»:* Բայց նրա զինակիրը չուզեց դա անել, որովհետև շատ էր վախենում: Ուստի Սավուղը վերցրեց իր սուրը և ընկավ դրա վրա:+  Երբ զինակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ,+ ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ:  Այսպիսով՝ Սավուղը, նրա երեք որդիները, զինակիրը և Սավուղի բոլոր մարդիկ նույն օրը մահացան:+  Երբ հովտում և Հորդանանի շրջանում եղող իսրայելացիները տեսան, որ Իսրայելի զորքը փախել է, և որ Սավուղն ու նրա որդիները զոհվել են, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին:+ Իսկ փղշտացիները եկան ու բնակվեցին այդ քաղաքներում:  Հաջորդ օրը, երբ փղշտացիները եկան զոհվածների իրերը վերցնելու, Սավուղին ու նրա երեք որդիներին Գելբուե լեռան վրա սպանված գտան:+  Փղշտացիները կտրեցին Սավուղի գլուխը, վերցրին զենքուզրահը և պատգամաբերներ ուղարկեցին իրենց երկրով մեկ, որ այդ մասին հայտնեն+ իրենց կուռքերի+ տաճարներում և ժողովրդին: 10  Սավուղի զենքուզրահը դրեցին Աստարտեի կուռքերի տաճարում, իսկ մարմինը գամեցին Բեթ-Սանի+ պարսպին: 11  Հաբիս-Գաղաադի+ բնակիչները լսեցին, թե փղշտացիներն ինչ են արել նրան, 12  ուստի բոլոր ռազմիկները ոտքի ելան, որ գնան Բեթ-Սան: Նրանք ողջ գիշեր քայլեցին և հասնելով այնտեղ՝ պարսպի վրայից իջեցրին Սավուղի ու նրա որդիների դիերը, հետո եկան Հաբիս և այրեցին դրանք: 13  Այնուհետև նրանց ոսկորները վերցրին+ ու թաղեցին Հաբիսում՝+ մի ծառի՝ կարմրանի տակ, և յոթ օր ծոմ պահեցին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «չծաղրեն»: