1 Սամուել 4։1-22
4 Սամուելը Աստծու խոսքերը հաղորդում էր ամբողջ Իսրայելին:
Մի օր իսրայելացիները դուրս եկան պատերազմելու փղշտացիների դեմ և բանակ դրեցին Աբենեզերի մոտ, իսկ փղշտացիները բանակ դրեցին Աֆեկում:
2 Փղշտացիները մարտական կարգով շարվեցին, որ կռվեն Իսրայելի դեմ: Իսրայելացիների համար պատերազմը վատ ընթացք ստացավ. փղշտացիները հաղթեցին նրանց և մարտի դաշտում մոտ 4 000 հոգու կոտորեցին:
3 Երբ ժողովուրդը վերադարձավ բանակատեղի, Իսրայելի երեցներն ասացին. «Ինչո՞ւ Եհովան թույլ տվեց, որ փղշտացիներն այսօր պարտության մատնեն մեզ:*+ Եկեք Սելովից+ բերենք Եհովայի ուխտի տապանակը, որ մեզ մոտ լինի և թշնամիների ձեռքից փրկի մեզ»:
4 Ուստի մարդիկ ուղարկվեցին Սելով, և նրանք այնտեղից բերեցին Զորքերի տեր Եհովայի ուխտի տապանակը՝ նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ Ճշմարիտ Աստծու ուխտի տապանակը բերողների թվում էին նաև Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը:+
5 Հենց որ Եհովայի ուխտի տապանակը բանակատեղի հասավ, բոլոր իսրայելացիները սկսեցին այնպես աղաղակել, որ գետինը դղրդաց:
6 Աղաղակը լսելով՝ փղշտացիներն ասացին. «Այս ի՞նչ աղմուկ է եբրայեցիների բանակատեղիում»: Երբ նրանք իմացան, որ Եհովայի տապանակն են բերել բանակատեղի,
7 վախեցան և ասացին. «Աստված եկել է բանակատեղի.+ մենք կորած ենք: Այսպիսի բան երբևէ չի եղել:
8 Մենք կորած ենք: Ո՞վ կփրկի մեզ այս հզոր Աստծու ձեռքից: Սա այն Աստվածն է, որը անապատում ամեն տեսակ աղետներով կոտորեց եգիպտացիներին:+
9 Քաջացե՛ք, տղամա՛րդ եղեք, ո՛վ փղշտացիներ, որ չլինի թե եբրայեցիների ծառան դառնանք, ինչպես որ նրանք էին մեր ծառան:+ Պատերազմե՛ք ինչպես իսկական տղամարդիկ»:
10 Եվ փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ: Իսրայելացիները պարտվեցին,+ ու բոլորը փախան իրենց տները: Կոտորածը մեծ էր. Իսրայելից 30 000 հետևակ ընկավ:
11 Փղշտացիները զավթեցին Աստծու տապանակը, իսկ Հեղիի երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, զոհվեցին:+
12 Բենիամինի ցեղից մի մարդ վազելով փախավ մարտի դաշտից ու հենց նույն օրը հասավ Սելով. նա պատռել էր հագուստը և գլխին հող էր լցրել:+
13 Երբ նա տեղ հասավ, Հեղին նստած էր ճամփեզրին՝ նստարանի վրա, ու սպասում էր՝ խիստ մտահոգված ճշմարիտ Աստծու տապանակի համար:+ Մտնելով քաղաք՝ այդ մարդը պատմեց պատահածի մասին, և ամբողջ քաղաքը սկսեց վշտից աղաղակել:
14 Նրանց ձայները լսելով՝ Հեղին ասաց. «Ինչո՞ւ են մարդիկ աղաղակում»: Այդ մարդը շտապեց Հեղիի մոտ, որ հայտնի լուրը:
15 (Հեղին 98 տարեկան էր. նա չէր տեսնում և աչքերը մի կետի էր հառել):+
16 Լուր բերողը ասաց Հեղիին. «Ես մարտի դաշտից եմ եկել: Հենց այսօր եմ փախել այնտեղից»: Հեղին հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որդի՛ս»:
17 Նա պատասխանեց. «Իսրայելացիները փախան փղշտացիներից, ժողովուրդը մեծ պարտություն կրեց:+ Քո երկու որդիները՝ Օֆնին ու Փենեհեսը, զոհվեցին,+ իսկ ճշմարիտ Աստծու տապանակը փղշտացիները զավթեցին»:+
18 Այն պահին, երբ նա հայտնեց ճշմարիտ Աստծու տապանակի մասին լուրը, Հեղին դարպասի մոտ իր նստած տեղից մեջքի վրա ընկավ, նրա վիզը կոտրվեց, և նա մահացավ, քանի որ ծեր էր ու ծանրաքաշ: Նա Իսրայելում դատավորություն էր արել 40 տարի:
19 Հեղիի հարսը՝ Փենեհեսի կինը, հղի էր և շուտով ծննդաբերելու էր: Լսելով, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել են, և որ իր սկեսրայրն ու ամուսինը մահացել են՝ նա կծկվեց, որովհետև երկունքի ցավերը հանկարծակի սկսվեցին, և ծննդաբերեց:
20 Երբ նա մահանում էր, նրա կողքին կանգնած կանայք ասացին. «Մի՛ վախեցիր, տղա ես ունեցել»: Բայց նա չպատասխանեց և ուշադրություն չդարձրեց նրանց ասածին:
21 Տղային նա Իքաբոդ*+ անվանեց՝ ասելով՝ «Փառքը Իսրայելից գերության տարվեց»:+ Նա նկատի ուներ այն, որ ճշմարիտ Աստծու տապանակը զավթել էին, և իր սկեսրայրն ու ամուսինը մահացել էին:+
22 «Փառքը Իսրայելից գերության տարվեց,– ասաց նա,– որովհետև ճշմարիտ Աստծու տապանակը զավթեցին»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Ինչո՞ւ Եհովան հարվածեց մեզ այսօր փղշտացիների առաջ»:
^ Կամ հնարավոր է՝ «միջև»:
^ Նշանակում է «որտե՞ղ է փառքը»: