2 Թագավորներ 10։1-36

  • Հեուն վերացնում է Աքաաբի ողջ տունը (1-17)

    • Հովնադաբը միանում է Հեուին (15-17)

  • Հեուն սպանում է Բահաղին պաշտողներին (18-27)

  • Հեուի կառավարման տարիների ամփոփ պատմությունը (28-36)

10  Աքաաբը+ 70 որդի ուներ Սամարիայում: Հեուն նամակներ գրեց և ուղարկեց Սամարիա՝ Հեզրայելի իշխաններին, երեցներին+ ու Աքաաբի երեխաների խնամակալներին:* Նամակներում ասվում էր.  «Ձեր տիրոջ որդիները ձեզ հետ են, և դուք մարտակառքեր, ձիեր, ամրացված քաղաք ու զենքեր ունեք: Երբ այս նամակը հասնի ձեզ,  ընտրեք ձեր տիրոջ որդիներից ամենալավին ու արժանիին և նրան իր հոր գահին նստեցրեք: Հետո պատերազմեք ձեր տիրոջ տան համար»:  Բայց նրանք սաստիկ վախեցան ու ասացին. «Եթե երկու թագավորներ չկարողացան կանգնել նրա առաջ,+ մե՞նք ինչպես կկանգնենք»:  Ուստի պալատի* վերակացուն, քաղաքի կառավարիչը, երեցներն ու խնամակալները այս պատասխանն ուղարկեցին Հեուին. «Մենք քո ծառաներն ենք, և ինչ որ մեզ ասես, կանենք: Ոչ մեկին թագավոր չենք դարձնի: Արա այն, ինչ հաճելի է քեզ»:  Այդ ժամանակ նա երկրորդ նամակը գրեց. «Եթե իմ կողմից եք և պատրաստ եք հնազանդվել ինձ, ուրեմն վաղը՝ այս ժամին, ձեր տիրոջ որդիների գլուխները բերեք ինձ մոտ՝ Հեզրայել»: Թագավորի 70 որդիները քաղաքի նշանավոր մարդկանց հետ էին, որոնք նրանց դաստիարակությամբ էին զբաղվում:  Երբ նամակը հասավ այդ մարդկանց, նրանք բռնեցին թագավորի որդիներին ու 70-ին էլ մորթեցին,+ ինչից հետո նրանց գլուխները դրեցին զամբյուղների մեջ և ուղարկեցին Հեուի մոտ՝ Հեզրայել:  Պատգամաբերը եկավ ու Հեուին հայտնեց. «Թագավորի որդիների գլուխներն են բերել»: Նա էլ ասաց. «Դրանք քաղաքի դարպասի մուտքի մոտ երկու կույտ արեք և մինչև առավոտ թողեք այնտեղ»:  Առավոտյան նա դուրս եկավ, կանգնեց ամբողջ ժողովրդի առաջ ու ասաց. «Դուք անմեղ* եք: Այդ ես եմ դավադրություն կազմակերպել իմ տիրոջ դեմ ու սպանել նրան:+ Բայց ո՞վ է սրանց բոլորին կոտորել: 10  Ուրեմն իմացեք, որ Եհովայի մի խոսքն անգամ, որ Եհովան ասել է Աքաաբի տան դեմ, գետին չի ընկնի,+ և որ Եհովան արել է այն, ինչ ասել էր իր ծառա Եղիայի միջոցով»:+ 11  Հեուն նաև Հեզրայելում կոտորեց բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել Աքաաբի տնից, ինչպես նաև նրան ծառայած բոլոր նշանավոր մարդկանց, նրա ընկերներին ու նրա քահանաներին,+ այնպես որ ոչ մեկը ողջ չմնաց:+ 12  Դրանից հետո Հեուն գնաց Սամարիա: Ճանապարհին, երբ նա անցնում էր հովիվների տան մոտով, որտեղ ոչխարներին էին խուզում,* 13  հանդիպեց Հուդայի թագավոր Օքոզիայի+ եղբայրներին: Նա հարցրեց նրանց. «Դուք ովքե՞ր եք»: Նրանք պատասխանեցին. «Մենք Օքոզիայի եղբայրներն ենք: Գնում ենք իմանալու, թե արդյոք ամեն ինչ կարգին է թագավորի որդիների ու մայր թագուհու որդիների հետ»: 14  Հեուն անմիջապես հրամայեց. «Նրանց ո՛ղջ բռնեք»: Եվ նրանց՝ 42 հոգու, բռնեցին ու սպանեցին հովիվների տան ջրամբարի մոտ: Նրանցից ոչ մեկին Հեուն ողջ չթողեց:+ 15  Այդտեղից գնալով՝ Հեուն հանդիպեց Ռեքաբի+ որդի Հովնադաբին,+ որը նրան ընդառաջ էր գալիս: Հեուն ողջունեց* նրան ու հարցրեց. «Քո սիրտը նվիրվա՞ծ* է ինձ այնպես, ինչպես իմ սիրտն է նվիրված քեզ»: Հովնադաբը պատասխանեց. «Այո՛»: «Ուրեմն ձեռքդ տուր»: Հովնադաբը ձեռքը տվեց, և Հեուն նրան իր կառք բարձրացրեց: 16  Նա ասաց. «Արի ինձ հետ ու կտեսնես, որ Եհովայի հետ ես ոչ մի մրցակցություն չեմ հանդուրժի»:*+ Եվ Հեուն Հովնադաբին տարավ իր մարտակառքով: 17  Հեուն եկավ Սամարիա և այնտեղ կոտորեց բոլոր նրանց, ովքեր ողջ էին մնացել Աքաաբի տնից, ինչպես նաև նրա աջակիցներին: Այսպիսով՝ նա բոլորին բնաջինջ արեց՝+ այն խոսքի համաձայն, որ Եհովան ասել էր Եղիային:+ 18  Հետո Հեուն ամբողջ ժողովրդին մեկտեղ հավաքեց ու ասաց. «Աքաաբը քիչ բան է արել Բահաղին պաշտելու համար,+ բայց Հեուն շատ բան կանի: 19  Ուստի ինձ մոտ կանչեք Բահաղի բոլոր մարգարեներին,+ բոլոր նրան պաշտողներին ու նրա քահանաներին:+ Ոչ ոք չբացակայի, որովհետև մեծ զոհ ունեմ Բահաղի համար: Ով որ չգա, ողջ չի մնա»: Սակայն Հեուն խորամանկություն արեց, որպեսզի վերացնի Բահաղին պաշտողներին: 20  Հեուն ավելացրեց. «Հայտարարեք, որ հանդիսավոր հավաքույթ է լինելու Բահաղի պատվին»:* Այդպես էլ արվեց: 21  Դրանից հետո Հեուն պատգամաբերներ ուղարկեց ողջ Իսրայելով մեկ, և Բահաղին պաշտող բոլոր մարդիկ հավաքվեցին: Մեկը չկար, որ եկած չլիներ: Նրանք մտան Բահաղի տուն,*+ և Բահաղի տունը ծայրեծայր լցվեց: 22  Հեուն կարգադրեց հանդերձարանի պատասխանատուին. «Հագուստնե՛ր բեր Բահաղին պաշտող բոլոր մարդկանց համար»: Եվ նա նրանց համար հագուստներ բերեց: 23  Ապա Հեուն Ռեքաբի որդի Հովնադաբի+ հետ մտավ Բահաղի տուն և Բահաղին պաշտողներին ասաց. «Ուշադիր ստուգե՛ք և համոզվե՛ք, որ այստեղ Եհովային պաշտողներից ոչ ոք չկա, այլ միայն Բահաղին պաշտողներն են»: 24  Բահաղին պաշտողները գնացին, որ զոհեր ու ողջակեզներ մատուցեն: Հեուն դրսում 80 մարդ էր կանգնեցրել և նրանց ասել էր. «Եթե նրանցից մեկը, որոնց ձեր ձեռքն եմ հանձնում, փախչի, մեղավորը իր կյանքով կհատուցի»: 25  Հենց որ ողջակեզը մատուցվեց, Հեուն հրամայեց թիկնապահներին* և իր օգնականներին. «Մտե՛ք ու կոտորե՛ք նրանց: Ոչ մեկին չթողնե՛ք, որ փախչի»:+ Թիկնապահներն ու օգնականները սրակոտոր արեցին նրանց, նրանց մարմինները դուրս շպրտեցին. այդպես նրանք հասան Բահաղի տան ներքին սրբարան:* 26  Հետո Բահաղի տնից հանեցին սուրբ սյուներն+ ու այրեցին:+ 27  Նաև ոչնչացրին Բահաղի սուրբ սյունը,+ քանդեցին Բահաղի տունը+ և արտաքնոց դարձրին. այն մինչ օրս արտաքնոց է: 28  Այսպիսով՝ Հեուն Իսրայելում վերացրեց Բահաղի պաշտամունքը: 29  Սակայն նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Հերոբովամի՝ Նաբատի որդու դրդմամբ, այսինքն՝ ոսկե հորթերին պաշտեց. դրանցից մեկը Բեթելում էր, իսկ մյուսը՝ Դանում:+ 30  Եհովան ասաց Հեուին. «Քանի որ լավ վարվեցիր և արեցիր այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ իրագործելով Աքաաբի տան հետ կապված իմ որոշումը,+ քո որդիները՝ չորս սերունդ, Իսրայելի գահին կնստեն»:+ 31  Բայց Հեուն զգույշ չեղավ և ամբողջ սրտով չկատարեց Իսրայելի Աստված Եհովայի Օրենքը:+ Նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Հերոբովամի դրդմամբ:+ 32  Այդ օրերին Եհովան սկսեց մաս առ մաս կրճատել Իսրայելի տարածքը: Ազայելը հարձակվում էր իսրայելացիների բոլոր տարածքների վրա:+ 33  Հորդանանի արևելյան կողմում նա նվաճեց ողջ Գաղաադը՝ Գադի, Ռուբենի ու Մանասեի ցեղերի տարածքները՝+ Առնոնի գետահովտում* գտնվող Արոերից մինչև Գաղաադ ու Բասան:+ 34  Հեուի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի և նրա ողջ զորության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 35  Հեուն հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում: Նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքազը:+ 36  Հեուն Սամարիայում Իսրայելի վրա թագավորեց 28 տարի:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Աքաաբի խնամակալներին»:
Բռց.՝ «տան»:
Կամ՝ «արդար»:
Բռց.՝ «կապում»: Ակներևաբար, դա մի վայր էր, որտեղ կապում էին ոչխարներին, որ խուզեին:
Կամ՝ «օրհնեց»:
Բռց.՝ «ուղի՞ղ»:
Կամ՝ «ու տես իմ նախանձախնդրությունը Եհովայի հանդեպ»:
Բռց.՝ «Բահաղի պատվին հանդիսավոր հավաքույթ սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «տաճար»:
Բռց.՝ «վազողներին»:
Բռց.՝ «քաղաք»: Հավանաբար, դա ամրոցանման կառույց էր:
Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»: