2 Թագավորներ 14։1-29
14 Հովաքազի որդու՝ Իսրայելի թագավոր Հովասի+ իշխանության երկրորդ տարում Հուդայի թագավորը դարձավ Հովասի որդի Ամասիան:
2 Նա 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հովադան էր. նա Երուսաղեմից էր:+
3 Ամասիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, բայց ոչ իր նախահայր Դավթի պես:+ Նա ամեն ինչ արեց այնպես, ինչպես իր հայր Հովասն էր արել:+
4 Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում էր զոհեր մատուցում՝ այրելով դրանք:+
5 Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Ամասիան սպանեց այն ծառաներին, ովքեր խլել էին իր հոր՝ թագավորի կյանքը:+
6 Սակայն մարդասպանների որդիներին մահվան չմատնեց՝ համաձայն Եհովայի այս պատվերի, որը գրված է Մովսեսի օրենքի գրքում. «Հայրերը չպետք է մահվան մատնվեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մահվան մատնվեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»:+
7 Աղի հովտում+ Ամասիան 10 000 եդոմացու+ կոտորեց: Այդ պատերազմի ժամանակ նա գրավեց Սելան,+ որը կոչվեց Հեկթովել. այն մինչ օրս այդպես են անվանում:
8 Դրանից հետո Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի թագավոր Հովասի՝ Հեուի որդի Հովաքազի որդու մոտ, որ ասեն. «Արի առճակատ պատերազմենք»:+
9 Սակայն Իսրայելի թագավոր Հովասը Հուդայի թագավոր Ամասիային այս պատասխանն ուղարկեց. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն, թե՝ քո դստերը կնության տուր իմ որդուն: Բայց Լիբանանի մի վայրի գազան անցավ ու կոխկրտեց փշոտ մոլախոտը:
10 Դու կոտորել ես եդոմացիներին,+ այդ պատճառով սիրտդ հպարտացել է: Վայելիր փառքդ, բայց մնա քո տանը: Ինչո՞ւ գլխիդ փորձանք բերես ու ընկնես, Հուդային էլ քեզ հետ վայր գցես»:
11 Սակայն Ամասիան չլսեց նրան:+
Ուստի Իսրայելի թագավոր Հովասը եկավ, և Հուդայի Բեթսամյուս+ քաղաքի մոտ նա և Հուդայի թագավոր Ամասիան դեմ առ դեմ պատերազմեցին:+
12 Իսրայելը պարտության մատնեց Հուդային, և Հուդայի բոլոր զինվորները փախան իրենց տները:*
13 Բեթսամյուսի մոտ Իսրայելի թագավոր Հովասը գերի վերցրեց Հուդայի թագավոր Ամասիային՝ Օքոզիայի որդի Հովասի որդուն: Հետո նրան բերեց Երուսաղեմ և քանդեց Երուսաղեմի պարսպի 400 կանգուն* երկարությամբ մի հատված՝ Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը:+
14 Նա վերցրեց Եհովայի տան և արքունիքի գանձարանների ամբողջ ոսկին, արծաթն ու բոլոր իրերը, նաև պատանդներ վերցրեց ու վերադարձավ Սամարիա:
15 Հովասի կյանքի մնացած իրադարձությունների, նրա գործերի, զորության, նաև Հուդայի թագավոր Ամասիայի դեմ մղած պատերազմի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
16 Հովասը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Սամարիայում՝+ Իսրայելի թագավորների մոտ: Հովասից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հերոբովամը:*+
17 Հուդայի թագավոր Ամասիան՝+ Հովասի որդին, Իսրայելի թագավոր Հովասի՝+ Հովաքազի որդու մահից հետո ապրեց 15 տարի:+
18 Ամասիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:
19 Երուսաղեմում Ամասիայի դեմ դավադրություն կազմակերպեցին,+ և նա փախավ Լաքիս, սակայն նրա հետևից մարդիկ ուղարկեցին, որոնք այնտեղ սպանեցին նրան:
20 Ամասիային ձիերով հետ բերեցին Երուսաղեմ ու թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում:+
21 Դրանից հետո Հուդայի ժողովուրդը Ազարիային,*+ որը 16 տարեկան էր,+ նրա հոր՝ Ամասիայի փոխարեն թագավոր դարձրեց:+
22 Այն բանից հետո, երբ թագավորը* հանգչեց իր նախահայրերի հետ, Ազարիան Ելաթը+ վերադարձրեց Հուդային ու վերակառուցեց այն:+
23 Հերոբովամը՝+ Իսրայելի թագավոր Հովասի որդին, Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ամասիայի՝ Հովասի որդու իշխանության 15-րդ տարում և Սամարիայում թագավորեց 41 տարի:
24 Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում և գործում էր նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+
25 Հերոբովամը վերականգնեց Իսրայելի սահմանները՝ Եմաթից*+ մինչև Արաբայի ծովը,*+ ինչպես որ Իսրայելի Աստված Եհովան ասել էր իր ծառայի՝ Ամաթի որդու՝ գեթքոփերացի+ Հովնան+ մարգարեի միջոցով:
26 Եհովան տեսել էր Իսրայելի դառը տառապանքները:+ Մեկը չէր մնացել, որ Իսրայելին օգնության հասներ, նույնիսկ անօգնական ու թույլ մարդ չէր մնացել:
27 Բայց Եհովան խոստացել էր, որ Իսրայելի անունը չի ջնջի երկնքի տակից:+ Ուստի նա Հովասի որդի Հերոբովամի ձեռքով փրկեց նրանց:+
28 Հերոբովամի կյանքի մնացած իրադարձությունների, նրա բոլոր գործերի, զորության և այն մասին, թե ինչպես է նա պատերազմել և ինչպես է Դամասկոսն+ ու Եմաթը+ վերադարձրել Հուդային ու Իսրայելին, գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»:
29 Հերոբովամը հանգչեց իր նախահայրերի՝ Իսրայելի թագավորների հետ, իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Զաքարիան:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «և ամեն մարդ փախավ իր վրանը»:
^ Մոտ 178 մ: Տես հավելված Բ14:
^ Այսինքն՝ Հերոբովամ II-ը:
^ Նշանակում է «Եհովան օգնել է»: 2Թգ 15:13; 2Տգ 26:1-23; Ես 6:1 և Զք 14:5 համարներում՝ Օզիա:
^ Այսինքն՝ Ազարիայի հայր Ամասիան:
^ Այսինքն՝ Աղի ծովը՝ Մեռյալ ծովը:
^ Կամ՝ «Եմաթի մուտքից»: