2 Թագավորներ 15։1-38

  • Ազարիա՝ Հուդայի թագավոր (1-7)

  • Իսրայելի վերջին թագավորները. Զաքարիա (8-12), Սեղում (13-16), Մանայեմ (17-22), Փակեիա (23-26), Փակեե (27-31)

  • Հովաթամ՝ Հուդայի թագավոր (32-38)

15  Իսրայելի Հերոբովամ* թագավորի 27-րդ տարում Ամասիա+ թագավորի որդի Ազարիան*+ դարձավ Հուդայի թագավորը:+  Նա 16 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 52 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հեքելիա էր. նա Երուսաղեմից էր:  Իր հոր՝ Ամասիայի պես Ազարիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+  Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին.+ ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+  Եհովան Ազարիային բորոտությամբ հարվածեց,+ և նա մինչև իր մահվան օրը բորոտ մնաց: Այդ ամբողջ ընթացքում թագավորը առանձին տանն էր ապրում,+ իսկ նրա որդի Հովաթամը+ ղեկավարում էր արքունական տունը և դատում երկրի ժողովրդին:+  Ազարիայի+ կյանքի մնացած իրադարձությունների ու նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»:  Ազարիան հանգչեց իր նախահայրերի հետ,+ և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում: Ազարիայից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաթամը:  Հուդայի թագավոր Ազարիայի+ իշխանության 38-րդ տարում Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հերոբովամի որդի Զաքարիան+ և իշխեց վեց ամիս:  Նա իր նախահայրերի պես արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործեց նույն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ 10  Հաբիսի որդի Սեղումը նրա դեմ դավադրություն կազմակերպեց և Հեբլաամում+ սպանեց նրան,+ ինչից հետո ինքը սկսեց թագավորել: 11  Զաքարիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 12  Այսպիսով՝ կատարվեց Եհովայի՝ Հեուին ասած խոսքը: Նա ասել էր. «Քո որդիները՝ չորս սերունդ,+ Իսրայելի գահին կնստեն»:+ Եվ հենց այդպես էլ եղավ: 13  Հաբիսի որդի Սեղումը թագավոր դարձավ Հուդայի թագավոր Օզիայի+ իշխանության 39-րդ տարում և մեկ ամիս թագավորեց Սամարիայում: 14  Գադիի որդի Մանայեմը Թերսայից+ գնաց Սամարիա, սպանեց Հաբիսի որդի Սեղումին,+ ինչից հետո ինքը սկսեց թագավորել: 15  Սեղումի կյանքի մնացած իրադարձությունների և նրա կազմակերպած դավադրության մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 16  Այդ ժամանակ էր, որ Մանայեմը Թերսայից գնաց ու հարձակվեց Թափսայի վրա և սպանեց բոլոր նրանց, ովքեր քաղաքում էին ու դրա շրջակա տարածքներում, քանի որ Թափսան նրա առաջ դարպասները չէր բացել: Նա սպանեց դրա բնակիչներին և հղի կանանց որովայնը պատռեց: 17  Գադիի որդի Մանայեմը Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 39-րդ տարում և Սամարիայում թագավորեց տասը տարի: 18  Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և իր ողջ կյանքի ընթացքում գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+ 19  Ասորեստանի թագավոր Փուլը+ ներխուժեց Իսրայել, և Մանայեմը նրան 1 000 տաղանդ* արծաթ տվեց, որ օգնի իրեն ամրապնդել իր իշխանությունը:+ 20  Այդ արծաթը Մանայեմը հավաքել էր բոլոր ազդեցիկ և հարուստ իսրայելացիներից՝+ ամեն մեկից պահանջելով 50 սիկղ:* Դրանից հետո Ասորեստանի թագավորը հեռացավ երկրից: 21  Մանայեմի+ կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 22  Մանայեմը հանգչեց իր նախահայրերի հետ, իսկ նրանից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Փակեիան: 23  Մանայեմի որդի Փակեիան Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 50-րդ տարում և թագավորեց երկու տարի: 24  Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործում էր նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ:+ 25  Փակեիայի օգնական Փակեեն՝+ Ռոմելիայի որդին, նրա դեմ դավադրություն կազմակերպեց և Սամարիայում գտնվող արքունական տան անառիկ աշտարակում սպանեց նրան, Արգոբին ու Արիեին:* Նրա հետ Գաղաադից 50 մարդ կար: Փակեիային սպանելուց հետո նա սկսեց թագավորել: 26  Փակեիայի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 27  Ռոմելիայի որդի Փակեեն+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի թագավոր Ազարիայի իշխանության 52-րդ տարում և թագավորեց 20 տարի: 28  Նա անում էր այն, ինչը չար էր Եհովայի աչքում, և գործում էր նույն մեղքերը, որոնք Նաբատի որդի Հերոբովամը Իսրայելին դրդել էր գործել:+ 29  Իսրայելի թագավոր Փակեեի օրերում Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ ներխուժեց Իյոն, Աբել-Բեթմաաքա,+ Հանոա, Կեդես,+ Հասոր, Գաղաադ,+ Գալիլեա, Նեփթաղիմի+ ողջ տարածք ու գրավեց դրանք: Նա բնակիչներին գերի տարավ Ասորեստան:+ 30  Էլայի որդի Օսեան+ դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, սպանեց նրան ու նրա փոխարեն ինքը սկսեց թագավորել: Դա տեղի ունեցավ Օզիայի որդի Հովաթամի+ իշխանության 20-րդ տարում: 31  Փակեեի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Իսրայելի թագավորների պատմության գրքում»: 32  Հովաթամը՝+ Հուդայի թագավոր Օզիայի+ որդին, սկսեց թագավորել Իսրայելի թագավոր Փակեեի՝ Ռոմելիայի որդու իշխանության երկրորդ տարում: 33  Հովաթամը 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հերուսա էր. նա Սադոկի դուստրն էր:+ 34  Իր հոր՝ Օզիայի պես Հովաթամը արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+ 35  Սակայն սրբավայրերը չոչնչացվեցին. ժողովուրդը առաջվա պես սրբավայրերում զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք:+ Հովաթամը կառուցեց Եհովայի տան վերին դարպասը:+ 36  Հովաթամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 37  Այդ օրերին Եհովան Ասորիքի թագավոր Ռասինին և Ռոմելիայի որդի Փակեեին+ դրդեց հարձակումներ գործել Հուդայի վրա:+ 38  Հովաթամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ իր նախահայր Դավթի քաղաքում: Հովաթամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Աքազը:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հերոբովամ II:
Նշանակում է «Եհովան օգնել է»: 2Թգ 15:13; 2Տգ 26:1-23; Ես 6:1 և Զք 14:5 համարներում՝ Օզիա:
Մոտ 34,2 տ: Տես հավելված Բ14:
Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «Փակեիայի օգնական Փակեեն՝ Ռոմելիայի որդին, Արգոբի ու Արիեի հետ դավադրություն կազմակերպեց նրա դեմ և Սամարիայում գտնվող արքունական տան անառիկ աշտարակում սպանեց նրան»: