2 Թագավորներ 3։1-27

  • Հովրամ՝ Իսրայելի թագավոր (1-3)

  • Մովաբը ապստամբում է Իսրայելի դեմ (4-25)

  • Մովաբը պարտություն է կրում (26, 27)

3  Աքաաբի որդին՝ Հովրամը,+ Սամարիայում Իսրայելի թագավորը դարձավ Հուդայի Հովսափատ թագավորի իշխանության 18-րդ տարում և թագավորեց 12 տարի:  Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, թեև նրա արածները այն աստիճան չար չէին, որքան իր հոր կամ մոր արածները, քանի որ նա հեռացրեց Բահաղի սուրբ սյունը, որն իր հայրն էր կանգնեցրել:+  Սակայն նա գործեց նույն մեղքերը, որոնք Իսրայելը գործել էր Նաբատի որդի Հերոբովամի դրդմամբ,+ և դրանցից հետ չկանգնեց:  Մովաբի Մեսա թագավորը ոչխարներ էր բազմացնում և Իսրայելի թագավորին տուրք էր տալիս՝ 100 000 գառ ու 100 000 չխուզված արու ոչխար:  Սակայն Աքաաբի մեռնելուց+ հետո նա ապստամբեց Իսրայելի թագավորի դեմ:+  Այդ ժամանակ Հովրամ թագավորը Սամարիայից դուրս եկավ ու հավաքեց ողջ Իսրայելին:  Նա նաև այս խոսքն ուղարկեց Հուդայի թագավոր Հովսափատին. «Մովաբի թագավորը ապստամբել է իմ դեմ: Կգա՞ս ինձ հետ Մովաբի դեմ պատերազմելու»: «Կգամ,+– պատասխանեց Հովսափատը,– ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է, և իմ ձիերը քո ձիերն են»:+  Նա* հարցրեց. «Ո՞ր ճանապարհով պետք է գնանք»: Նա* էլ պատասխանեց. «Եդոմի անապատի ճանապարհով»:  Իսրայելի թագավորը Հուդայի թագավորի ու Եդոմի+ թագավորի հետ ճանապարհ ընկավ: Նրանք գնացին շրջանցիկ ճանապարհով, և յոթ օր հետո ո՛չ զորքի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար ջուր չմնաց: 10  Այդ ժամանակ Իսրայելի թագավորն ասաց. «Վա՜յ մեզ, Եհովան երեք թագավորներիս հավաքել է, որ Մովաբի ձեռքը մատնի»: 11  Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞, որ նրա միջոցով Եհովայից առաջնորդություն խնդրենք»:+ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց. «Կա, Սաֆատի որդին է՝ Եղիսեն,+ որը Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում»:*+ 12  Հովսափատն ասաց. «Եհովան խոսում է նրա միջոցով»: Եվ Իսրայելի թագավորը, Հովսափատն ու Եդոմի թագավորը գնացին նրա մոտ: 13  Եղիսեն ասաց Իսրայելի թագավորին. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ:+ Գնա քո հոր ու մոր մարգարեների մոտ»:+ Բայց Իսրայելի թագավորը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև Եհովան է հավաքել մեզ՝ երեք թագավորներիս, որ Մովաբի ձեռքը մատնի»: 14  Եղիսեն ասաց. «Երդվում եմ Զորքերի տեր Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* եթե չհարգեի Հուդայի թագավոր Հովսափատին,+ չէի էլ նայի քո կողմը և քեզ ուշադրություն չէի դարձնի:+ 15  Իսկ հիմա ինձ մոտ մի քնարահար* բերեք»:+ Եվ երբ քնարահարը սկսեց նվագել, Եհովայի ոգին* իջավ Եղիսեի վրա:+ 16  Նա ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Այս գետահովտով* մեկ փոսեր փորեք, 17  որովհետև ես՝ Եհովաս, ասում եմ. «Դուք ո՛չ քամի կտեսնեք, ո՛չ էլ անձրև, բայց այս գետահովիտը ջրով կլցվի,+ և դուք, ձեր անասուններն ու մյուս կենդանիները կխմեք դրանից»»: 18  Սա դժվար բան չէ Եհովայի համար.+ նա Մովաբն էլ է ձեր ձեռքը մատնելու:+ 19  Դուք պետք է քանդեք բոլոր ամրացված քաղաքներն+ ու ընտիր քաղաքները, տապալեք բոլոր լավ ծառերը, փակեք բոլոր աղբյուրները և քարերով ավերեք բոլոր լավ հողակտորները»:+ 20  Առավոտյան՝ հացի ընծան+ մատուցելու ժամանակ, Եդոմի կողմից հանկարծ ջրեր հոսեցին, և հովիտը ջրով լցվեց: 21  Մովաբացիները, լսելով, որ թագավորները եկել են իրենց դեմ պատերազմելու, կանչեցին բոլոր տղամարդկանց, որոնք կարող էին զենք կրել.* նրանք դիրքավորվեցին սահմանին: 22  Վաղ առավոտյան, երբ նրանք վեր կացան, արևը փայլում էր ջրի վրա. մովաբացիներին, որոնք իսրայելացիների հանդիպակաց կողմում էին, ջուրը արյան պես կարմիր թվաց: 23  Նրանք ասացին. «Սա արյո՛ւն է: Թագավորները հաստատ կոտորել են իրար: Մովաբացինե՛ր, գնանք ավար վերցնելո՛ւ»:+ 24  Երբ մովաբացիները մտան Իսրայելի բանակատեղին, իսրայելացիները սկսեցին կոտորել նրանց, և նրանք փախան իսրայելացիներից:+ Ճանապարհին մովաբացիներին ջարդելով՝ իսրայելացիները մտան Մովաբ: 25  Նրանք քանդեցին քաղաքները, քարերով լցրին բոլոր լավ հողակտորները, փակեցին ջրի բոլոր աղբյուրներն+ ու տապալեցին բոլոր լավ ծառերը:+ Միայն Կիր-Հարեսեթի+ քարե պարիսպները կանգուն մնացին: Պարսատիկով զինվածները շրջապատեցին քաղաքը և գրոհեցին այն: 26  Երբ Մովաբի թագավորը տեսավ, որ պարտություն է կրել, իր հետ վերցրեց սուր կրող 700 մարդկանց, որպեսզի Եդոմի թագավորի ուղղությամբ ճեղքի մարտական շարքերը,+ բայց դա նրան չհաջողվեց: 27  Այդ ժամանակ նա իր առաջնեկ որդուն, որը պետք է իրենից հետո թագավոր դառնար, պարսպի վրա որպես ողջակեզ մատուցեց:+ Դա Իսրայելի հանդեպ մեծ վրդովմունք առաջացրեց, ուստի զորքերը* հետ քաշվեցին ու վերադարձան իրենց երկիր:

Ծանոթագրություններ

Հավանաբար Հովսափատը:
Հավանաբար Հովրամը:
Կամ՝ «որը Եղիայի ծառան էր»:
Բռց.՝ «որի առաջ ես կանգնում եմ»:
Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «երաժիշտ»:
Կամ՝ «հեղեղատով»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «կանչեցին բոլոր գոտի կապողներին»:
Հավանաբար, խոսքը Եդոմի և Հուդայի զորքերի մասին է, որոնք աջակցում էին Իսրայելին: