2 Թագավորներ 5։1-27

  • Եղիսեն բուժում է Նեեմանի բորոտությունը (1-19)

  • Ագահ Գեեզին պատժվում է բորոտությամբ (20-27)

5  Ասորիքի թագավորի զորագլուխ Նեեմանը ճանաչված և իր տիրոջ կողմից հարգված մարդ էր, քանի որ նրա միջոցով Եհովան հաղթանակ* էր շնորհել Ասորիքին: Նա զորեղ ռազմիկ էր, սակայն բորոտությամբ* էր տառապում:  Իսրայելի վրա արշավանքներից մեկի ժամանակ ասորիները գերի էին վերցրել մի փոքրիկ աղջկա, և նա դարձել էր Նեեմանի կնոջ աղախինը:  Մի անգամ նա իր տիրուհուն ասաց. «Երանի՜ թե իմ տերը գնար Սամարիայում գտնվող մարգարեի+ մոտ: Այդ ժամանակ նա կբուժեր նրան բորոտությունից»:+  Նա* գնաց ու իր տիրոջը հայտնեց իսրայելացի աղջկա ասածները:  Ուստի Ասորիքի թագավորն ասաց Նեեմանին. «Գնա՛, իսկ ես նամակ կուղարկեմ Իսրայելի թագավորին»: Եվ Նեեմանը, իր հետ վերցնելով տասը տաղանդ* արծաթ, 6 000 կտոր ոսկի և տասը ձեռք հագուստ, գնաց:  Նա Իսրայելի թագավորին տարավ նամակը, որտեղ ասվում էր. «Քեզ մոտ եմ ուղարկում իմ ծառա Նեեմանին, ով բերել է այս նամակը, որ բուժես նրան իր բորոտությունից»:  Երբ Իսրայելի թագավորը կարդաց նամակը, պատռեց իր հագուստներն ու ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, որ մեռցնեմ կամ ապրեցնեմ:+ Նա ինձ մոտ է ուղարկում այս մարդուն, որ բուժեմ նրա բորոտությունը: Տեսնում եք չէ՞, որ նա ինձ հետ կռվելու պատճառ է փնտրում»:  Երբ Եղիսեն՝ ճշմարիտ Աստծու մարդը, լսեց, որ Իսրայելի թագավորը պատռել է իր հագուստները, անմիջապես մարդ ուղարկեց նրա մոտ, որ ասի. «Ինչո՞ւ ես պատռել հագուստներդ: Թող նա ինձ մոտ գա և իմանա, որ Իսրայելում մարգարե կա»:+  Ուստի Նեեմանը իր ձիերով և մարտակառքերով եկավ ու կանգնեց Եղիսեի տան մուտքի մոտ: 10  Եղիսեն մարդ ուղարկեց, որ ասի նրան. «Գնա, յոթ անգամ+ սուզվիր Հորդանան գետում,+ և մարմինդ կապաքինվի, ու դու մաքուր կլինես»: 11  Երբ Նեեմանը լսեց այդ խոսքերը, վրդովվեց և հեռացավ՝ ասելով. «Կարծում էի, թե նա դուրս կգա ինձ մոտ, կկանգնի այստեղ, կկանչի իր Աստված Եհովայի անունը՝ ձեռքը քսելով իմ հիվանդ տեղին, ու կբուժի բորոտությունս: 12  Մի՞թե Դամասկոսի+ Աբանա և Փարփար գետերը Իսրայելի բոլոր գետերից ավելի լավը չեն: Ի՞նչ է, չէի՞ կարող դրանց մեջ սուզվել ու մաքրվել»: Այս խոսքերն ասելով՝ նա զայրացած շրջվեց ու գնաց: 13  Նեեմանի ծառաները մոտեցան նրան ու ասացին. «Հա՛յր, եթե մարգարեն քեզ մի արտասովոր բան ասած լիներ, չէի՞ր անի: Իսկ նա քեզ ընդամենը ասել է. «Սուզվիր ու կմաքրվես»»: 14  Ուստի Նեեմանը գնաց ու յոթ անգամ սուզվեց Հորդանանի մեջ, ինչպես որ ասել էր ճշմարիտ Աստծու մարդը:+ Նա մաքրվեց,+ ու նրա մարմինը փոքր տղայի մարմնի պես դարձավ:+ 15  Դրանից հետո Նեեմանը իր շքախմբով վերադարձավ ճշմարիտ Աստծու մարդու մոտ,+ ու կանգնելով նրա առաջ՝ ասաց. «Հիմա ես գիտեմ, որ ողջ երկրի վրա, բացի Իսրայելից, ուրիշ ոչ մի տեղ Աստված չկա:+ Խնդրում եմ, քո ծառայից նվեր* ընդունիր»: 16  Բայց Եղիսեն պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ում ծառայում եմ.* ես նվեր չեմ ընդունի»:+ Նեեմանը ստիպում էր, որ նա ընդունի, բայց Եղիսեն հրաժարվում էր: 17  Ի վերջո Նեեմանն ասաց. «Այդ դեպքում թող քո ծառային այս երկրից տան այնքան հող, որքան երկու ջորին կկարողանան տանել, որովհետև քո ծառան, Եհովայից բացի, ուրիշ աստվածների այլևս ողջակեզ ու զոհ չի մատուցելու: 18  Միայն թե թող Եհովան քո ծառային այս բանը ների. երբ իմ տերը մտնում է Ռեմոնի տուն՝* նրա առաջ խոնարհվելու, հենվում է ձեռքիս, ուստի ես էլ եմ ստիպված լինում խոնարհվել Ռեմոնի տանը: Թող Եհովան ների քո ծառային Ռեմոնի տանը խոնարհվելու համար»: 19  Եղիսեն ասաց նրան. «Գնա խաղաղությամբ»: Նեեմանը գնաց նրա մոտից և երբ բավականին հեռացել էր, 20  Գեեզին՝+ ճշմարիտ Աստծու մարդու՝+ Եղիսեի սպասավորը, մտածեց. «Իմ տերը թողեց, որ այս ասորի Նեեմանը+ գնա, և նրա ձեռքից չընդունեց նրա բերածը: Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ես կվազեմ նրա հետևից ու մի բան կվերցնեմ նրանից»: 21  Եվ Գեեզին վազեց Նեեմանի հետևից: Երբ Նեեմանը տեսավ, որ ինչ-որ մեկը վազում է իր հետևից, իջավ կառքից, մոտեցավ նրան ու հարցրեց. «Ամեն բան կարգի՞ն է»: 22  Գեեզին պատասխանեց. «Այո՛, կարգին է: Իմ տերն ուղարկել է ինձ, որ ասեմ քեզ. «Քիչ առաջ Եփրեմի լեռնային շրջանից ինձ մոտ երկու երիտասարդ եկան, որոնք մարգարեների որդիներ են: Խնդրում եմ, նրանց համար մի տաղանդ արծաթ ու երկու ձեռք հագուստ տուր»»:+ 23  «Երկո՛ւ տաղանդ վերցրու»,– ասաց Նեեմանը: Նա ստիպեց նրան+ ու երկու պարկի մեջ երկու ձեռք հագուստ և երկու տաղանդ արծաթ դրեց ու տվեց իր երկու սպասավորներին, որոնք նրա առջևից տարան դրանք: 24  Հասնելով Օֆել՝* Գեեզին այդ մարդկանց ձեռքից վերցրեց պարկերը և տարավ տուն, իսկ նրանց ուղարկեց հետ: Երբ նրանք հեռացան, 25  նա գնաց կանգնեց իր տիրոջ կողքին: Եղիսեն հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս, Գեե՛զի»: Նա պատասխանեց. «Քո ծառան ոչ մի տեղ էլ չէր գնացել»:+ 26  Բայց Եղիսեն ասաց նրան. «Մի՞թե իմ սիրտը քեզ հետ այնտեղ չէր, երբ այդ մարդը իջավ կառքից ու մոտեցավ քեզ: Արդյոք ժամանա՞կն է որպես նվեր ընդունելու արծաթ ու հագուստներ, ձիթենու և խաղողի այգիներ, ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, ծառաներ ու աղախիններ:+ 27  Հիմա Նեեմանի բորոտությունը+ առհավետ քեզ ու քո սերնդին կկպչի»: Եվ Գեեզին անմիջապես դուրս եկավ նրա մոտից՝ բորոտությունից ձյան պես սպիտակած:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկություն»:
Կամ՝ «մաշկային հիվանդությամբ»:
Հավանաբար Նեեմանը:
Մոտ 342 կգ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «օրհնություն»:
Բռց.՝ «որի առաջ կանգնում եմ»:
Կամ՝ «տաճար»:
Տեղանք Սամարիայիում: Հնարավոր է՝ բլուր կամ ամրություն: