2 Թագավորներ 7։1-20

  • Եղիսեն նախապես ասում է, թե երբ է վերջանալու սովը (1, 2)

  • Ասորիների լքված բանակատեղիում չորս բորոտներ ուտելիք են գտնում (3-15)

  • Եղիսեի ասած մարգարեությունը կատարվում է (16-20)

7  Եղիսեն ասաց. «Լսեք Եհովայի խոսքը: Ահա թե ինչ է ասում Եհովան. «Վաղը՝ մոտավորապես այս ժամին, Սամարիայի դարպասի մոտ* մեկ գրիվ* ընտիր ալյուրը մեկ սիկղ* կարժենա, և երկու գրիվ գարին նույնպես մեկ սիկղ կարժենա»»:+  Այդ խոսքերը լսելով՝ թագավորի օգնականը, որին նա վստահում էր, ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»:+ Նա էլ ասաց. «Աչքովդ կտեսնես,+ բայց չես ուտի դրանցից»:+  Քաղաքի դարպասի մուտքի մոտ չորս բորոտ կար:+ Նրանք իրար ասացին. «Ինչո՞ւ ենք այստեղ նստել ու սպասում մահվան:  Եթե որոշենք քաղաք գնալ, այնտեղ կմեռնենք, քանի որ հիմա քաղաքում սով է:+ Եթե այստեղ նստած մնանք, էլի կմեռնենք: Ուրեմն եկեք գնանք ասորիների բանակատեղի: Եթե նրանք խնայեն մեր կյանքը, կապրենք, եթե ոչ՝ կմեռնենք»:  Ուստի մթնշաղին նրանք գնացին, որ մտնեն ասորիների բանակատեղին, ու երբ մոտեցան դրան, տեսան, որ այնտեղ ոչ ոք չկա:  Ահա թե ինչ էր պատահել. Եհովան այնպես էր արել, որ ասորիների բանակատեղիում մարտակառքերի դղրդյուն, ձիերի դոփյուն ու հսկայական զորքի աղմուկ լսվեր:+ Ասորիներն ասել էին իրար. «Իսրայելի թագավորը վարձել է քետացիների թագավորներին ու Եգիպտոսի թագավորներին, որ հարձակվեն մեզ վրա»:  Նրանք անմիջապես վեր էին կացել և մթնշաղին փախել՝ թողնելով իրենց վրանները, ձիերն ու էշերը՝ ամբողջ բանակատեղին, ինչպես որ կար. փախել էին, որ փրկեին իրենց կյանքը:*  Երբ այդ բորոտները եկան բանակատեղի, մի վրան մտան և սկսեցին ուտել-խմել: Նրանք այնտեղից վերցրին արծաթ, ոսկի, հագուստներ և գնացին ու թաքցրին այդ ամենը: Ապա վերադարձան և մտնելով մեկ ուրիշ վրան՝ այնտեղից էլ իրեր վերցրին ու տարան թաքցրին:  Հետո իրար ասացին. «Ճիշտ բան չենք անում: Այսօր ուրախ օր է, և մենք պետք է պատմենք ուրիշներին այս բարի լուրը: Եթե դանդաղենք ու սպասենք մինչև լուսաբաց, արժանի կլինենք պատժի: Եկեք գնանք թագավորի պալատ և ամեն բան պատմենք»: 10  Ուստի նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դռնապաններին ու նրանց տեղեկացրին. «Մենք գնացինք ասորիների բանակատեղի, բայց այնտեղ ոչ ոք չկար, մարդկանց ձայներ չէին լսվում: Միայն կապված ձիեր ու էշեր կային, իսկ վրանները լքված էին»: 11  Դռնապաններն անմիջապես բարձրաձայն հայտարարեցին այդ լուրի մասին, և այն հասավ թագավորի պալատ: 12  Թագավորը գիշերով վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիներն ինչ են արել: Նրանք գիտեն, որ սոված ենք,+ ուստի դուրս են եկել բանակատեղիից ու թաքնվել են դաշտում՝ մտածելով. «Երբ նրանք քաղաքից դուրս գան, նրանց ողջ կբռնենք ու կմտնենք քաղաք»»:+ 13  Այդ ժամանակ նրա ծառաներից մեկն ասաց. «Խնդրում եմ, մարդիկ ընտրիր, և թող նրանք վերցնեն քաղաքում մնացած ձիերից հինգին ու գնան պարզեն, թե ինչ է եղել: Միևնույն է, այդ մարդկանց սպասում է այն, ինչ իսրայելացիների բազմությանը, որ դեռ մնացել է քաղաքում. նրանք մեռնելու են, ինչպես այն բազմաթիվ իսրայելացիները, որոնք արդեն մահացել են»: 14  Նրանք ձիերով լծված երկու կառք վերցրին, և թագավորը ուղարկեց նրանց ասորիների բանակատեղի՝ ասելով. «Գնացեք ու տեսեք»: 15  Նրանք էլ ասորիների հետքերով գնացին մինչև Հորդանան ու տեսան, որ ամբողջ ճանապարհին հագուստներ և տարբեր իրեր են ընկած, որոնք ասորիները խուճապահար փախչելիս գցել էին: Պատգամաբերները վերադարձան ու այդ ամենի մասին հաղորդեցին թագավորին: 16  Դրանից հետո ժողովուրդը դուրս եկավ քաղաքից ու թալանեց ասորիների բանակատեղին: Մեկ գրիվ ընտիր ալյուրի արժեքը դարձավ մեկ սիկղ, և երկու գրիվ գարու արժեքը՝ մեկ սիկղ, ինչպես որ Եհովան ասել էր:+ 17  Թագավորը քաղաքի դարպասի հսկողությունը հանձնարարել էր իր վստահելի օգնականին, բայց ժողովուրդը դարպասի մոտ կոխկրտեց նրան, և նա մեռավ, ինչպես որ ասել էր ճշմարիտ Աստծու մարդը, երբ թագավորը նրա մոտ էր եկել: 18  Ամեն ինչ եղավ ճշմարիտ Աստծու մարդու խոսքի համաձայն: Նա ասել էր թագավորին. «Վաղը՝ այս ժամանակ, Սամարիայի դարպասի մոտ երկու գրիվ գարին մեկ սիկղ կարժենա, և մեկ գրիվ ընտիր ալյուրը նույնպես մեկ սիկղ կարժենա»:+ 19  Սակայն թագավորի օգնականն ասել էր ճշմարիտ Աստծու մարդուն. «Նույնիսկ եթե Եհովան բացի երկնքի պատուհանները, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»: Նա էլ ասել էր. «Աչքովդ կտեսնես, բայց չես ուտի դրանցից»: 20  Հենց այդպես էլ եղավ. ժողովուրդը կոխկրտեց նրան դարպասի մոտ, և նա մեռավ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «շուկաներում»:
Մոտ 7,33 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «հոգին»: