2 Թագավորներ 8։1-29

  • Սունամացի կնոջ արտը վերադարձվում է իրեն (1-6)

  • Եղիսե, Բենադադ և Ազայել (7-15)

  • Հովրամ՝ Հուդայի թագավոր (16-24)

  • Օքոզիա՝ Հուդայի թագավոր (25-29)

8  Եղիսեն ասաց այն կնոջը, որի որդուն կենդանացրել էր.+ «Ընտանիքիդ հետ գնա և բնակվիր որևէ օտար երկրում, որովհետև Եհովան ասել է, որ յոթ տարի սով է լինելու այս երկրում»:+  Կինը արեց այն, ինչ ճշմարիտ Աստծու մարդն ասաց: Նա իր ընտանիքի հետ գնաց ու յոթ տարի բնակվեց փղշտացիների+ երկրում:  Յոթ տարին լրանալուց հետո կինը վերադարձավ փղշտացիների երկրից և գնաց թագավորի մոտ, որ խնդրի նրան վերադարձնել իր տունն ու արտը:  Այդ ժամանակ թագավորը խոսում էր ճշմարիտ Աստծու մարդու սպասավորի՝ Գեեզիի հետ: Նա ասաց նրան. «Պատմիր ինձ, խնդրեմ, Եղիսեի կատարած բոլոր մեծամեծ գործերի մասին»:+  Եվ մինչ նա պատմում էր թագավորին, թե ինչպես է Եղիսեն կենդանացրել մահացածին,+ կինը, որի որդուն նա կենդանացրել էր, եկավ, որ թագավորին խնդրի վերադարձնել իր տունն ու արտը:+ Գեեզին ասաց. «Տե՛ր իմ թագավոր, սա է այն կինը, և սա է նրա որդին, որին Եղիսեն կենդանացրել է»:  Թագավորը կնոջը հարցրեց, թե ինչպես է դա եղել, և նա պատմեց այդ պատմությունը: Ապա թագավորը իր պալատականներից մեկին հանձնարարեց օգնել կնոջը՝ ասելով. «Վերադարձրու նրան իր ամբողջ ունեցվածքը և այն շահույթը, որը նա այս տարիների ընթացքում կարող էր ստանալ իր արտի բերքից»:*  Եղիսեն գնաց Դամասկոս:+ Այդ ժամանակ Ասորիքի Բենադադ+ թագավորը հիվանդ էր: Նրան տեղեկացրին. «Ճշմարիտ Աստծու մարդը+ այստեղ է եկել»:  Թագավորն ասաց Ազայելին.+ «Քեզ հետ նվեր վերցրու, գնա ճշմարիտ Աստծու մարդու մոտ+ և նրա միջոցով Եհովային հարցրու, թե արդյոք կբուժվեմ այս հիվանդությունից»:  Ազայելը իր հետ Դամասկոսի բոլոր բարիքներից 40 ուղտաբեռ նվեր վերցրեց ու գնաց Եղիսեին տեսնելու: Նա եկավ նրա մոտ ու ասաց. «Քո որդին՝ Ասորիքի Բենադադ թագավորը, քեզ մոտ է ուղարկել ինձ, որ հարցնեմ, թե արդյոք նա կբուժվի իր հիվանդությունից»: 10  Եղիսեն պատասխանեց. «Գնա ու ասա նրան՝ «Դու անպայման կբուժվես», թեև Եհովան ինձ հայտնել է, որ նա մահանալու է»:+ 11  Եղիսեն սևեռուն հայացքով նայում էր Ազայելին. նա էլ կաշկանդվեց: Ապա ճշմարիտ Աստծու մարդն արտասվեց: 12  Ազայելը հարցրեց. «Իմ տերն ինչո՞ւ է լաց լինում»: Նա էլ պատասխանեց. «Որովհետև գիտեմ, թե Իսրայելի ժողովրդին ինչ չարիք ես պատճառելու.+ նրանց ամրությունները հրի ես մատնելու, նրանց լավագույն տղամարդկանց սրի ես քաշելու, նրանց երեխաներին կտոր-կտոր ես անելու և նրանց հղի կանանց որովայնը պատռելու ես»:+ 13  Ազայելն ասաց. «Ինչպե՞ս կարող է քո ծառան, որն ընդամենը մի շուն է, նման բան անել»: Սակայն Եղիսեն պատասխանեց. «Եհովան ինձ հայտնել է, որ դու Ասորիքի թագավորն ես դառնալու»:+ 14  Դրանից հետո Ազայելը հեռացավ Եղիսեի մոտից ու վերադարձավ իր տիրոջ մոտ: Թագավորը հարցրեց. «Ի՞նչ ասաց քեզ Եղիսեն»: Ազայելը պատասխանեց. «Նա ասաց, որ դու անպայման կբուժվես»:+ 15  Բայց հաջորդ օրը նա մի ծածկոց վերցրեց, ջրի մեջ թրջեց, դրանով ծածկեց թագավորի երեսն ու պահեց այնքան, մինչև որ նա խեղդամահ եղավ:+ Բենադադի փոխարեն Ազայելը թագավոր դարձավ:+ 16  Իսրայելի թագավոր Հովրամի՝+ Աքաաբի որդու իշխանության հինգերորդ տարում, երբ Հովսափատը դեռ Հուդայի թագավորն էր, Հուդայում սկսեց իշխել Հովսափատ թագավորի որդին՝ Հովրամը:+ 17  Նա 32 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի իշխեց Երուսաղեմում: 18  Հովրամը գնաց Իսրայելի թագավորների հետքերով,+ ինչպես որ Աքաաբի տունն էր արել+ (որովհետև Աքաաբի դուստրը նրա կինն էր),+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 19  Բայց Եհովան, հանուն իր ծառա Դավթի, չուզեց կործանել Հուդան,+ քանի որ խոստացել էր, որ նրան ու նրա որդիներին միշտ ճրագ* է տալու:+ 20  Հովրամի օրերում Եդոմը ապստամբեց Հուդայի իշխանության դեմ+ և իր համար թագավոր ընտրեց:+ 21  Հովրամը իր բոլոր կառքերով գնաց Սայիր: Գիշերով նա հարձակվեց եդոմացիների վրա, որոնք շրջապատել էին իրեն ու կառքերի ջոկատների հրամանատարներին, և կոտորեց նրանց: Զորքը փախավ իր վրանները: 22  Այնուամենայնիվ, եդոմացիները չենթարկվեցին Հուդայի իշխանությանը, և մինչ օրս այդպես է: Այդ նույն ժամանակ Լեբնան+ էլ ապստամբեց: 23  Հովրամի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին գրված է «Հուդայի թագավորների պատմության գրքում»: 24  Հովրամը հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում:+ Հովրամից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Օքոզիան:+ 25  Հուդայի թագավոր Հովրամի որդին՝ Օքոզիան, թագավոր դարձավ Իսրայելի թագավոր Աքաաբի որդու՝ Հովրամի իշխանության 12-րդ տարում:+ 26  Օքոզիան 22 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և մեկ տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Գոթողիա էր.+ նա Իսրայելի թագավոր Ամրիի+ թոռնուհին* էր: 27  Օքոզիան գնաց Աքաաբի ընտանիքի հետքերով+ և արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում, ինչպես որ Աքաաբն ու իր ընտանիքն էին արել, որովհետև նա և Աքաաբի ընտանիքի անդամները ազգականներ էին:+ 28  Օքոզիան Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամոթ-Գաղաադ՝+ Ասորիքի թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները վիրավորեցին Հովրամին:+ 29  Ուստի Հովրամ թագավորը վերադարձավ Հեզրայել,+ որպեսզի բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին իրեն Ռամայում,* երբ նա պատերազմում էր Ասորիքի թագավոր Ազայելի դեմ:+ Օքոզիան՝ Հուդայի թագավոր Հովրամի որդին, գնաց Հեզրայել՝ տեսակցելու Աքաաբի որդի Հովրամին, քանի որ նա վիրավոր* էր:

Ծանոթագրություններ

Կամ՝ «և երկիրը թողած օրից մինչև հիմա իր արտից ստացած ամբողջ բերքը»:
Այսինքն՝ սերունդ:
Բռց.՝ «դուստրը»:
Ռամոթ-Գաղաադի կարճ անվանումը:
Կամ՝ «հիվանդ»: