2 Կորնթացիներ 1։1-24

  • Ողջույնի խոսքեր (1, 2)

  • Աստված մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում (3-11)

  • Փոփոխություն՝ Պողոսի ծրագրերում (12-24)

1  Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալ եմ: Ինձ հետ է մեր եղբայր Տիմոթեոսը:+ Գրում եմ Աստծու ժողովին, որը Կորնթոսում է, ինչպես նաև ողջ Աքայայում+ եղող բոլոր սրբերին:*  Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:  Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը+ և Հայրը՝ ջերմ գթասրտության Հայրը+ և ամենայն մխիթարության Աստվածը,+  ով մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների* մեջ,+ որպեսզի մենք ինքներս էլ կարողանանք Աստծու տված այդ մխիթարությամբ+ սփոփել ուրիշներին,+ ինչ նեղության մեջ էլ որ նրանք լինեն:  Թեև հանուն Քրիստոսի մեր կրած չարչարանքները շատ են,+ սակայն շատ է նաև այն մխիթարությունը, որ ստանում ենք Քրիստոսի միջոցով:  Երբ բախվում ենք փորձությունների, դա նպաստում է ձեր մխիթարությանն ու փրկությանը, և երբ մխիթարվում ենք, դա էլ է ձեզ մխիթարություն բերում: Այդ մխիթարությունը օգնում է, որ դիմանաք այն նույն չարչարանքներին, որոնք մենք էլ ենք կրում:  Ամուր վստահություն ունենք* ձեր հարցում, որովհետև գիտենք, որ ինչպես չարչարանքներ եք կրում մեզ նման, այդպես էլ մեզ նման կմխիթարվեք:+  Եղբայրնե՛ր, ուզում ենք՝ տեղյակ լինեք, թե ինչ փորձության բախվեցինք Ասիա պրովինցիայում.+ մեր դրությունն այնքան ծանր էր, որ մեր ուժերով չէինք կարող դիմանալ և նույնիսկ չգիտեինք՝ ողջ կմնանք, թե ոչ:+  Մեզ թվում էր, թե մահն անխուսափելի է: Այդ ամենը պատահեց, որ ոչ թե ինքներս մեզ ապավինենք, այլ Աստծուն,+ ով հարություն է տալիս մահացածներին: 10  Մահվան վտանգից նա փրկեց մեզ և հետո էլ կփրկի. այո՛, վստահ ենք, որ նա միշտ էլ կփրկի մեզ:+ 11  Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար,+ որպեսզի ի պատասխան շատերի աղոթքների՝ Աստված օգնի մեզ, և արդյունքում շնորհակալական շատ աղոթքներ մատուցվեն նրան:+ 12  Մենք պարծենալու պատճառ ու մաքուր խիղճ ունենք, քանի որ աշխարհի մարդկանց հետ և առավել ևս ձեզ հետ վարվել ենք սրբությամբ ու այնպիսի անկեղծությամբ, որ Աստված է սովորեցնում, և չենք հիմնվել մարդկային իմաստության վրա,+ այլ արտացոլել ենք Աստծու անզուգական բարությունը: 13  Մենք ձեզ միայն այնպիսի բաներ ենք գրում, որ կարող եք կարդալով հեշտությամբ հասկանալ,* և հուսով եմ՝ կշարունակեք լիովին* ըմբռնել դրանք: 14  Ձեզնից ոմանք արդեն իսկ հասկանում են, որ մենք ձեր պարծանքն ենք, ինչպես որ դուք էլ մեր պարծանքը կլինեք մեր Տեր Հիսուսի օրը: 15  Դրանում վստահ լինելով՝ ես մտադրվել էի նախ ձեզ մոտ գալ, որ դուք երկրորդ անգամ ուրախություն ապրեք:* 16  Նպատակ ունեի ձեզ մոտ գալ Մակեդոնիա գնալիս և Մակեդոնիայից էլ վերադառնալ ձեզ մոտ, իսկ հետո, երբ գնալու լինեի Հրեաստան, խնդրելու էի, որ ճանապարհի մի մասը ուղեկցեք ինձ:+ 17  Ուրեմն երբ որոշեցի գալ, մի՞թե կարծում եք, թե որոշմանս թեթևամտորեն վերաբերվեցի: Կամ մի՞թե իմ քմահաճույքով եմ ինչ-որ բան ծրագրում, որ մեկ ասեմ՝ «Այո՛», մեկ՝ «Ո՛չ»: 18  Ինչպես կասկած չկա, որ Աստված է վստահարժան, այդպես էլ մեր ասածներն են արժանահավատ. մեր ասած «այո»-ն «ոչ» չի դառնում: 19  Աստծու Որդու՝ Քրիստոս Հիսուսի պարագայում էլ, որի մասին ես, Սիլվանոսը* և Տիմոթեոսը քարոզեցինք ձեզ,+ «այո»-ն «այո» եղավ և «ոչ» չդարձավ: 20  Աստված ինչքան խոստումներ որ տվել էր, նրա միջոցով «այո» դարձան:+ Դրա համար էլ Աստծուն ուղղված մեր աղոթքում նրա միջոցով ենք «ամեն» ասում,+ ինչով էլ փառք ենք բերում Աստծուն: 21  Հենց Աստված է երաշխավորում, որ դուք և մենք Քրիստոսինն ենք, Աստված է մեզ օծել:+ 22  Նա նաև իր կնիքն է դրել մեզ վրա՝+ իր ոգին է դրել մեր սրտերում որպես գալիք օրհնությունների գրավական:*+ 23  Աստված վկա է. մինչև հիմա ես չեմ եկել Կորնթոս միայն այն պատճառով, որ չեմ ուզել ձեզ վատ դրության մեջ գցել: 24  Մենք բնավ չենք ուզում վերահսկել ձեր հավատը,+ մենք պարզապես ձեր համագործակիցներն ենք, որ նպաստում ենք ձեր ուրախությանը: Ձեր հավատի շնորհիվ է, որ դուք անսասան եք մնում:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «փորձությունների»:
Բռց.՝ «Մեր հույսը անսասան է»:
Կամ հնարավոր է՝ «դուք արդեն գիտեք և հասկանում եք»:
Բռց.՝ «մինչև վերջ»:
Կամ հնարավոր է՝ «երկու անգամ օգուտ քաղեք»:
Հայտնի է նաև որպես Շիղա:
Կամ՝ «կանխավճար»: