2 Կորնթացիներ 11։1-33

  • Պողոսը և գերընտիր առաքյալները (1-15)

  • Պողոս առաքյալի կրած դժվարությունները (16-33)

11  Կուզեի, որ համբերատար լինեիք իմ հանդեպ, նույնիսկ եթե ձեր աչքին փոքր-ինչ անխոհեմ եմ թվում, թեև արդեն իսկ համբերատար եք:  Բանն այն է, որ ես ձեզ նախանձախնդրությամբ եմ վերաբերվում, ինչպես որ Աստված,* քանի որ անձամբ եմ նշանել ձեզ Քրիստոսի՝ ձեր միակ ամուսնու հետ և ուզում եմ ձեզ նրան ներկայացնել որպես մաքուր կույս:+  Բայց մտավախություն ունեմ, որ ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային,+ այնպես էլ ինչ-որ մեկը գուցե ապականի ձեր միտքը, և դուք կորցնեք այն անկեղծությունն ու մաքրությունը, որ պարտավոր եք ունենալ Քրիստոսի առաջ:+  Այսպես եմ ասում, քանի որ երբ մեկը գալիս և քարոզում է ոչ այն Հիսուսի մասին, որ մենք քարոզեցինք, կամ երբ մեկը ազդեցություն է բանեցնում ձեզ վրա ոչ այն ոգով, որով առաջնորդվում էիք, կամ էլ հայտնում է ոչ այն բարի լուրը, որն ընդունեցիք,+ դուք հեշտությամբ հանդուրժում եք նրան:  Չեմ կարծում, որ ես ինչ-որ բանով զիջում եմ ձեր գերընտիր առաքյալներին:+  Նույնիսկ եթե խոսքս ճարտար չէ,+ գիտելիքների պակաս հաստատ չունեմ. մենք ամեն ինչում և ամեն առումով դա հստակ ցույց ենք տվել:  Թե՞ մեղք գործեցի, որ Աստծու բարի լուրը ուրախությամբ ձեզ հռչակեցի առանց փոխհատուցում ակնկալելու և ինքս ինձ խոնարհեցրի ձեզ բարձրացնելու համար:+  Ուրիշ ժողովներից ես ընդունել եմ օգնություն, ասես կտրել եմ նրանց բերանից,* որ ձեզ ծառայեմ:+  Մինչդեռ երբ ձեզ մոտ էի և կարիքի մեջ հայտնվեցի, ոչ մեկի համար բեռ չդարձա. ինչի կարիք որ ունեի, Մակեդոնիայից եկած եղբայրները լիուլի հոգացին:+ Այո՛, ես ձգտել եմ ոչ մի ձևով չծանրաբեռնել ձեզ ու կշարունակեմ այդպես անել:+ 10  Որպես Քրիստոսի հետևորդ՝ ճշմարտությունն եմ ասում. ես շարունակ կհպարտանամ+ սրանով Աքայայի տարածքում: 11  Ինչի՞ համար եմ այդպես վարվել: Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ: Սիրո՛ւմ եմ, Աստված գիտի: 12  Բայց ես այսուհետ էլ կշարունակեմ նույն կերպ վարվել,+ որպեսզի նրանք, ովքեր պարծենալով պնդում են, թե մեզ պես առաքյալ են, այդպես ասելու ոչ մի հիմք չունենան: 13  Այդ մարդիկ կեղծ առաքյալներ են, խաբում են ուրիշներին՝ ներկայանալով որպես Քրիստոսի առաքյալներ:+ 14  Դա զարմանալի չէ, քանի որ Սատանան ինքն էլ ներկայանում է որպես լույսի հրեշտակ:+ 15  Հետևաբար զարմանալի չէ նաև, որ նրա ծառայողներն էլ ներկայանում են որպես արդարության ծառայողներ: Բայց վերջում նրանք կստանան իրենց գործերին արժանի հատուցումը:+ 16  Նորից եմ ասում. թող ոչ ոք չկարծի, թե ես անխոհեմ եմ: Բայց եթե նույնիսկ այդպես եք կարծում, հանդուրժեք ինձ, թողեք, որ ես էլ մի փոքր պարծենամ: 17  Ինչ որ հիմա պարծենալով խոսեմ, կխոսեմ ոչ թե Տիրոջ օրինակին հետևելով, այլ անխոհեմ մարդկանց պես, ովքեր ինքնավստահ են: 18  Եվ քանի որ շատերը պարծենում են աշխարհի մարդկանց արժևորած բաներով,* ես էլ դրանցով կպարծենամ, 19  որովհետև դուք, որ այդքան «խոհեմ» եք, ուրախությամբ հանդուրժում եք անխոհեմներին: 20  Այո՛, դուք հանդուրժում եք ձեզ ստրկացնողներին, ձեր ունեցվածքը գռփողներին ու խժռողներին, իրենց ձեզնից բարձր դասողներին և ձեզ ապտակողներին: 21  Մեզ համար ամոթ է սա ասելը, քանի որ գուցե թվա, թե մենք այնքան թուլակամ ենք, որ չկարողացանք ինչպես հարկն է գործի դնել մեր իշխանությունը: Բայց եթե ուրիշները համարձակվում են պարծենալ, ապա ես էլ եմ համարձակվում (խոսում եմ ինչպես անխոհեմ մեկը): 22  Նրանք եբրայեցի՞ են, ես՝ նույնպես:+ Իսրայելացի՞ են, ես՝ նույնպես: Աբրահամի սերնդի՞ց են, ես՝ նույնպես:+ 23  Քրիստոսին ծառայողնե՞ր են: Պատասխանեմ ինչպես խելագար մեկը՝ առավել ևս ե՛ս եմ այդպիսին. նրանցից ավելի շատ գործ եմ արել,+ ավելի շատ եմ բանտարկվել,+ բազմիցս ծեծի եմ ենթարկվել, շատ անգամ մինչև մահվան դուռն եմ հասել:+ 24  Հրեաների կողմից ես հինգ անգամ ծեծվել եմ՝ 40-ից մեկով պակաս հարվածներ ստանալով,+ 25  երեք անգամ ծեծվել եմ ճիպոտներով,+ մեկ անգամ քարկոծվել,+ երեք անգամ նավաբեկության եմ ենթարկվել+ և մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ մնացել ծովի ջրերում: 26  Բազմիցս ճանապարհ եմ կտրել՝ բախվելով վտանգների. գետերում՝ վտանգներ, քաղաքում՝ վտանգներ,+ անապատում՝ վտանգներ, ծովում՝ վտանգներ, ավազակներից՝ վտանգներ, իմ իսկ ազգից՝ վտանգներ,+ ուրիշ ազգերից՝ վտանգներ,+ կեղծ եղբայրներից՝ վտանգներ: 27  Տքնաջան աշխատել ու քրտինք եմ թափել, հաճախ անքուն գիշերներ եմ անցկացրել,+ քաղցած ու ծարավ մնացել,+ շատ անգամ ուտելու բան չեմ ունեցել,+ ցրտահար ու անշոր* եմ եղել: 28  Այս արտաքին դժվարություններից բացի՝ ևս մի բան կա, որ ամեն օր մտահոգում է ինձ. միտքս ծանրացած է բոլոր ժողովների հոգսով:+ 29  Չէ՞ որ եթե մեկը թուլանում է, սիրտս ցավում է, եթե մեկի համար գայթակղության քար են դնում, զայրույթով եմ լցվում: 30  Եթե պարծենալ է պետք, ավելի շուտ կպարծենամ այն ամենով, ինչը ցույց է տալիս, թե որքան տկար եմ ես: 31  Տեր Հիսուսի Աստվածն ու Հայրը, ով հավիտյան գովաբանության է արժանի, գիտի, որ ես չեմ ստում: 32  Երբ Դամասկոսում էի, այնտեղի կառավարիչը, որը Արետա թագավորի ենթական էր, հսկողություն սահմանեց քաղաքի վրա, որպեսզի բռնի ինձ: 33  Բայց ինձ զամբյուղով իջեցրին պարսպի պատուհանից,+ և ես ազատվեցի նրա ձեռքից:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խանդում եմ Աստծու նախանձախնդրությամբ»:
Բռց.՝ «Ուրիշ ժողովներ ես կողոպտել եմ»:
Բռց.՝ «ըստ մարմնի»:
Բռց.՝ «մերկ»: