2 Կորնթացիներ 2։1-17

  • Պողոսը ցանկանում է ուրախացնել կորնթացիներին (1-4)

  • Մեղք գործած անհատը ներվել է և վերականգնվել (5-11)

  • Պողոսը գնում է Տրովադա, հետո՝ Մակեդոնիա (12, 13)

  • Ծառայությունը նմանեցվում է հաղթական երթի (14-17)

    • Աստծու խոսքի առևտուր անողներ չենք (17)

2  Որոշել եմ, որ երբ նորից գամ ձեզ մոտ, չտխրեցնեմ ձեզ:  Եթե տխրեցնեմ ձեզ, էլ ո՞վ ինձ կուրախացնի, չէ՞ որ բոլորդ տխուր կլինեք:  Այդ պատճառով էլ ձեզ նամակ էի գրել, որ երբ գամ, չտխրեմ ձեզ համար, այլ ուրախանամ: Վստահ եմ, որ ինչը ուրախացնում է ինձ, բոլորիդ է ուրախացնում:  Ձեզ գրեցի՝ արցունքներն աչքերիս, սրտի կսկիծով ու խիստ անհանգստացած, բայց գրեցի ոչ թե տխրեցնելու համար,+ այլ որ իմանաք, թե որքան շատ եմ ձեզ սիրում:  Նա, ով տխրության պատճառ է եղել,+ ավելի շուտ ոչ թե ինձ է տխրեցրել, այլ ինչ-որ չափով՝ ձեզ բոլորիդ, բայց չեմ ուզում չափից շատ կենտրոնանալ դրա վրա:*  Մեծամասնության կողմից այդ մարդուն տրված խիստ խրատը բավական է:  Այժմ, ընդհակառակը, դուք պետք է սրտանց ներեք ու մխիթարեք նրան,+ որ ծայրահեղ տխրությամբ չհամակվի ու չվհատվի:*+  Խնդրում եմ, հավաստիացրեք նրան, որ սիրում եք իրեն:+  Ձեզ գրել էի նաև, որ տեսնեմ, թե արդյոք ամեն հարցում հնազանդ կլինեք, թե ոչ: 10  Ում ներում եք, ես էլ եմ ներում: Եվ եթե ես ինչ-որ բան ներում եմ, ինչ էլ որ դա լինի, հանուն ձեր բարօրության եմ անում Քրիստոսի առաջ, 11  որպեսզի Սատանայի խորամանկության զոհը չդառնանք:+ Չէ՞ որ անտեղյակ չենք նրա հնարքներին:*+ 12  Երբ ժամանեցի Տրովադա՝+ Քրիստոսի մասին բարի լուրը հռչակելու, իմ առաջ ծառայության դուռ բացվեց Տիրոջ գործում,* 13  բայց չնայած դրան՝ սիրտս* անհանգիստ էր, քանի որ չգտա իմ եղբորը՝ Տիտոսին:+ Ուստի հրաժեշտ տվեցի այնտեղի եղբայրներին ու մեկնեցի Մակեդոնիա:+ 14  Շնորհակալություն Աստծուն, ով միշտ Քրիստոսի հետ հաղթական երթում առաջնորդում է մեզ և իր մասին գիտելիքների բույրը մեր միջոցով տարածում է ամեն տեղ: 15  Մենք՝ Քրիստոսի մասին հռչակողներս, Աստծու համար անուշ բույր ենք: Եվ այդ բույրն առնում են թե՛ փրկության ճանապարհին գտնվողները, թե՛ դեպի կործանում գնացողները: 16  Կործանվողների համար դա մահվան հոտ է, որ դեպի մահ է տանում,+ իսկ փրկության ճանապարհով գնացողների համար դա կյանքի բույր է, որ դեպի կյանք է տանում: Եվ այսպես՝ ո՞վ ունի համապատասխան որակներ՝ այս ծառայությունը կատարելու համար: 17  Մե՛նք, քանի որ Աստծու խոսքի առևտուր անողներ չենք,*+ ինչպես շատերն են, այլ որպես Աստծու կողմից ուղարկվածներ և Քրիստոսի աշակերտներ՝ Աստծու առաջ ամենայն անկեղծությամբ ենք խոսում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «խիստ քննադատաբար արտահայտվել դրա մասին»:
Բռց.՝ «կուլ չգնա ծայրահեղ տխրությանը»:
Կամ՝ «մտադրություններին»:
Բռց.՝ «Տիրոջում»:
Կամ՝ «ոգիս»:
Կամ՝ «չենք փորձում շահ ստանալ Աստծու խոսքի միջոցով»: