2 Կորնթացիներ 7։1-16

  • Մաքրենք մեզ ամեն պղծությունից (1)

  • Պողոսը ուրախանում է կորնթացիներով (2-4)

  • Տիտոսը լավ լուրեր է բերում (5-7)

  • Աստծուն հաճելի տխրություն և զղջում (8-16)

7  Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ Աստված մեզ այսպիսի խոստումներ է տվել,+ եկեք մաքրենք մեզ մարմնի ու մտքի* ամեն պղծությունից+ և Աստծու հանդեպ վախով լցված՝ ավելի ու ավելի սուրբ դառնանք:  Մեր առաջ բացեք ձեր սրտի դռները:+ Մենք ոչ ոքի չարիք չենք պատճառել, վնաս չենք տվել և չենք շահագործել:+  Խոսքերիս մեջ դատապարտություն չկա, չէ՞ որ արդեն ասացի, որ ինչ էլ լինի՝ ապրենք, թե մեռնենք, դուք մեր սրտում եք:  Ես ազատ ու անկեղծ եմ խոսում ձեզ հետ: Շատ եմ հպարտանում ձեզնով: Իմ սիրտը մխիթարվել է, ու չնայած մեր բոլոր նեղություններին՝ ես անչափ ուրախ եմ:+  Բանն այն է, որ երբ հասանք Մակեդոնիա,+ մենք* հանգիստ չունեցանք, այլ ամեն կողմից նեղության մեջ էինք. դրսում՝ խիստ հակառակություններ, ներսում՝ անհանգստություն:  Սակայն վհատվածներին մխիթարություն տվող Աստվածը+ սփոփեց մեզ Տիտոսի ներկայությամբ:  Բայց մեզ մխիթարում էր ոչ միայն նրա ներկայությունը, այլև այն, որ նա ձեր մոտից քաջալերված էր վերադարձել: Նա պատմեց, թե որքան եք ուզում տեսնել ինձ, որքան մեծ էր ձեր տխրությունը, և թե որքան շատ եք մտահոգվում* ինձ համար. այդ ամենը ինձ մեծ ուրախություն պարգևեց:  Եվ նույնիսկ եթե ձեզ տխրեցրել էի իմ նամակով,+ չեմ ափսոսում դրա համար: Սկզբում ափսոսացի (իմանալով, որ այդ նամակը տխրեցրել է ձեզ, թեկուզև կարճ ժամանակով),  բայց այժմ ուրախ եմ: Ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տխրել էիք, այլ որ ձեր տխրությունը մղեց ձեզ զղջալու: Դա Աստծուն հաճելի տխրություն էր: Դրա համար էլ ասում ենք, որ ոչ մի վնաս չենք պատճառել ձեզ: 10  Աստծուն հաճելի տխրությունը մղում է զղջալու, ինչն էլ տանում է փրկության, և ափսոսանքի զգացում չի թողնում:+ Մինչդեռ աշխարհի մարդկանց բնորոշ տխրությունը մահվան է տանում: 11  Տեսեք, թե Աստծուն հաճելի տխրությունը ինչպես մղեց ձեզ ջանքեր թափելու, մաքրելու ձեր համբավը, ինչպիսի վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի աստվածավախություն, սխալն ուղղելու ինչպիսի մեծ ցանկություն և նախանձախնդրություն:+ Դուք ամեն բան պատշաճ կերպով արեցիք, որ լուծեք այդ հարցը: 12  Գրածս մեղք գործողի համար չէր,+ ոչ էլ այդ սխալի պատճառով տուժածի համար, այլ որ Աստծու առաջ ցույց տաք մեզ լսելու ձեր պատրաստակամությունը: 13  Ահա թե ինչու մենք մխիթարվեցինք: Մխիթարվելուց բացի՝ անչափ ուրախացանք՝ տեսնելով Տիտոսի ուրախությունը, որի պատճառը ձեզնից ստացած թարմությունն էր: 14  Ես Տիտոսի մոտ գովել էի ձեզ և ամոթով չմնացի: Ինչի համար գովել էինք ձեզ, ճիշտ դուրս եկավ, ինչպես որ ձեզ ասած մեր բոլոր խոսքերն էին ճշմարիտ: 15  Երբ Տիտոսը մտաբերում է, թե բոլորդ ինչպիսի հնազանդություն եք դրսևորել,+ թե ինչ խոր հարգանքով եք ընդունել իրեն, ձեր հանդեպ նրա ջերմ սերը ավելի է մեծանում: 16  Ուրախ եմ, որ ամեն առումով կարող եմ վստահություն ունենալ ձեր հանդեպ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ոգու»:
Բռց.՝ «մեր մարմինը»:
Կամ՝ «որքան շատ նախանձախնդրություն ունեք»: