2 Կորնթացիներ 8։1-24

  • Հրեաստանի քրիստոնյաների համար նվիրաբերություններ հավաքելը (1-15)

  • Տիտոսը ուղարկվելու է Կորնթոս (16-24)

8  Այժմ, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք իմանաք, թե ինչ արեցին Մակեդոնիայի ժողովները+ ի պատասխան իրենց հանդեպ Աստծու ցուցաբերած անզուգական բարության:  Լինելով ծանր փորձության ու նեղությունների մեջ՝ նրանք մեծ ուրախությամբ առատաձեռնություն դրսևորեցին՝ չնայած իրենց ծայրաստիճան աղքատությանը:  Նրանք դա արեցին իրենց կարողության չափով,+ կարող եմ վստահեցնել, որ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին արեցին:+  Հենց իրենք էին շարունակ աղերսում մեզ, որ իրենց պատիվ ընձեռվի առատաձեռնորեն նվիրաբերություններ անելու և այդպիսով բաժին ունենալու սրբերին* օգնություն տրամադրելու* գործում:+  Նրանք մեր ակնկալածից ավելին արեցին. Աստծու կամքի համաձայն վարվելով՝ անձնուրացաբար իրենց նվիրեցին նախևառաջ Տիրոջը ծառայելուն և ապա՝ նաև մեզ օգնելուն:  Նրանց օրինակը տեսնելով՝ մենք Տիտոսին հորդորեցինք,+ որ ավարտին հասցնի ձեր հոժարակամ նվիրաբերությունները հավաքելու գործը, որը սկսել էր:  Ուրեմն ինչպես որ ձեր ունեցած ամեն ինչն է առատ՝ հավատը, խոսքը հռչակելու կարողությունը, գիտելիքները, եռանդը և մեր սերը ձեր հանդեպ, այդպես էլ թող ձեր հոժարակամ նվիրաբերությունները առատ լինեն:+  Խոսքերս մի՛ դիտեք որպես հրաման: Ես պարզապես պատմում եմ ուրիշների եռանդի մասին և ուզում եմ տեսնել, թե որքանով է անկեղծ ուրիշների հանդեպ ձեր սերը:  Չէ՞ որ դուք գիտեք, թե ինչ անզուգական բարություն է դրսևորել մեր Տեր Հիսուս Քրիստոսը. թեև հարուստ էր, բայց հանուն ձեզ՝ աղքատացավ,+ որպեսզի նրա աղքատանալու շնորհիվ դուք հարստանաք: 10  Ես այսպես եմ մտածում.+ ձեզ համար լավ կլինի, որ ավարտին հասցնեք այդ գործը: Չէ՞ որ մեկ տարի առաջ արդեն իսկ սկսել էիք անել դա, այն էլ մեծ ցանկությամբ: 11  Ուրեմն հիմա ավարտին հասցրեք ձեր սկսածը: Ինչպես որ պատրաստակամությամբ սկսել էիք, այդպես էլ ավարտեք՝ տալով ձեր ունեցածի չափով: 12  Եթե մարդ պատրաստակամությամբ է տալիս, դա հաճելի է Աստծուն, և տվածն էլ պետք է լինի ունեցածի սահմաններում,+ ոչ թե չունեցածի: 13  Չեմ ուզում ձեզ վրա ծանր բեռ դնելու հաշվին ուրիշների կյանքը թեթևացնել: 14  Այլ ուզում եմ, որ այս պահին ձեր շատ ունեցածը լրացնի նրանց պակասը, իսկ նրանց ունեցածը լրացնի ձեր պակասը, և այդպիսով հավասարություն լինի, 15  ինչպես որ գրված է. «Շատ ունեցողը չափից շատ չունեցավ, և քիչ ունեցողը չափից քիչ չունեցավ»:+ 16  Շնորհակալ ենք Աստծուն, որ Տիտոսն էլ մեզ նման անկեղծորեն հետաքրքրված է ձեզնով:+ 17  Նա ուրախությամբ արձագանքեց մեր հորդորին և քանի որ ինքն էլ է շատ ցանկանում ձեզ օգնել, հոժար սրտով պատրաստվում է գալ: 18  Նրա հետ ուղարկում ենք նաև այն եղբորը, որին բոլոր ժողովները գովում են բարի լուրի տարածման գործում նրա արածների համար: 19  Այդ եղբայրը ժողովների կողմից նաև նշանակվել է ուղեկցելու մեզ և օգնելու, որ տեղ հասցնենք հավաքված նվիրաբերությունն ու բաշխենք այն՝ այդպես փառավորելով Տիրոջը և փաստելով ուրիշներին օգնելու մեր պատրաստակամությունը: 20  Այսպես ենք վարվում, որ այդ առատաձեռն նվիրաբերությունը տնօրինելու հարցում որևէ քննադատության առիթ չտանք:+ 21  Մենք «ձգտում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել ոչ միայն Եհովայի* առաջ, այլև մարդկանց»:+ 22  Նրանց հետ նաև ուղարկում ենք մեկ ուրիշ եղբոր, որը բազմիցս փորձված է, և նրա ջանասիրությունը տեսել ենք շատ հարցերում: Բայց հիմա ձեզ օգնելու հարցում առավել ևս ջանասեր կլինի, քանի որ մեծ վստահություն ունի ձեր հանդեպ: 23  Ինչ վերաբերում է Տիտոսին, եթե նրա վերաբերյալ հարցեր կան, ասեմ, որ նա իմ ընկերն է և իմ համագործակիցը, ով ինձ պես ծառայում է ձեր շահերին: Կամ եթե մեր մյուս եղբայրների վերաբերյալ հարցեր կան, իմացեք, որ նրանք ժողովների կողմից ուղարկված ներկայացուցիչներ* են և փառք են բերում Քրիստոսին: 24  Ուստի այս եղբայրների հանդեպ անկեղծ սեր դրսևորեք,+ և թող ժողովները տեսնեն, որ զուր չենք պարծեցել ձեզնով:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «ծառայություն մատուցելու»:
Բռց.՝ «ժողովների առաքյալներ»: