2 Հովհաննես 1։1-13

  • Ողջույնի խոսքեր (1-3)

  • Ապրել ճշմարտության համաձայն (4-6)

  • Զգուշացե՛ք խաբեբաներից (7-11)

    • «Մի՛ բարևեք» (10, 11)

  • Այցելելու մտադրություն և բարևներ (12, 13)

 Ես՝ տարեցս,* գրում եմ ընտրյալ տիկնոջը և նրա զավակներին, որոնց անկեղծորեն սիրում եմ, և ոչ միայն ես եմ սիրում, այլև բոլոր նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը:  Մենք սիրում ենք ձեզ, քանի որ ճշմարտությունը մեր սրտերում է, և այն ընդմիշտ մեզ հետ կմնա:  Ճշմարտության և սիրո հետ մեկտեղ մենք կունենանք անզուգական բարություն, գթասրտություն և խաղաղություն Աստծուց՝ Հորից, և Հիսուս Քրիստոսից՝ Հոր Որդուց:  Ես շատ եմ ուրախացել՝ իմանալով, որ քո զավակներից ոմանք ճշմարտության համաձայն են ապրում,+ ինչպես որ Հայրը պատվիրել է մեզ:  Ուստի հիմա, ո՛վ տիկին, խնդրանքս է, որ պահենք միմյանց սիրելու մասին պատվիրանը: (Գրածս նոր պատվիրան չէ. այն ունեցել ենք հենց սկզբից):+  Իսկ սիրել նշանակում է ապրել նրա պատվիրանների համաձայն:+ Ուրեմն շարունակեք սիրո ճանապարհով քայլել. սա այն պատվիրանն է, որը սկզբից ևեթ լսել եք:  Բանն այն է, որ շատ խաբեբաներ են հայտնվել աշխարհում.*+ նրանք չեն ընդունում, որ Հիսուս Քրիստոսը մարմնով է եկել:+ Նրանք են խաբեբաներն ու հակաքրիստոսները:+  Զգույշ եղեք, որ մեր աշխատանքի արդյունքը ջուրը չգցեք, այլ որ ստանաք ամբողջ վարձատրությունը:+  Ցանկացած մեկը, ով կառչած չի մնում Քրիստոսի ուսմունքին, այլ դրանից այն կողմ է անցնում, Աստծու հավանությունը չունի:+ Իսկ ով կառչած է մնում այդ ուսմունքին, ունի թե՛ Հոր և թե՛ Որդու հավանությունը:+ 10  Եթե մեկը գալիս է ձեզ մոտ ու այդ ուսմունքին ներդաշնակ բաներ չի սովորեցնում, նրան ձեր տուն մի՛ ընդունեք+ ու մի՛ բարևեք, 11  որովհետև ով նրան բարև տա, մասնակից կլինի նրա չար գործերին: 12  Թեև շատ բաներ ունեմ ձեզ ասելու, սակայն չեմ ուզում թուղթ ու թանաքով անել դա: Հույս ունեմ ձեզ մոտ գալ ու երես առ երես խոսել ձեզ հետ, որպեսզի ձեր ուրախությունը լիարժեք լինի: 13  Քեզ բարևներ են ուղարկում քո ընտրյալ քրոջ զավակները:

Ծանոթագրություններ

Կամ՝ «երեցս»:
Բռց.՝ «դուրս եկել աշխարհ»: