2 Սամուել 10։1-19
-
Իսրայելի հաղթանակները՝ Ամոնի և Ասորիքի նկատմամբ (1-19)
10 Որոշ ժամանակ անց ամմոնացիների+ թագավորը մահացավ, և նրանից հետո սկսեց թագավորել իր որդին՝ Անոնը:+
2 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես բարություն* կցուցաբերեմ Նաասի որդի Անոնի հանդեպ, ինչպես որ նրա հայրն է իմ հանդեպ բարություն* ցուցաբերել»: Ուստի իր ծառաներին ուղարկեց, որ մխիթարի նրան: Բայց երբ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիր,
3 նրանց իշխաններն ասացին իրենց տիրոջը՝ Անոնին. «Կարծում ես՝ Դավիթը հորդ հանդեպ հարգանքից մղվա՞ծ է քեզ մոտ մխիթարողներ ուղարկել: Մի՞թե նա իր ծառաներին չի ուղարկել, որ երկիրը կործանելու համար հետախուզեն ու լրտեսեն այն»:
4 Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին, մորուքները կիսով չափ սափրեց,+ հագուստները նստատեղի կեսից կտրեց և հետ ուղարկեց նրանց:
5 Երբ Դավթին տեղեկացրին այդ մասին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց իր ծառաներին ընդառաջ, որովհետև նրանց խիստ նվաստացրել էին: Թագավորը պատվիրեց. «Մնացեք Երիքովում,+ մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»:
6 Ամմոնացիները հասկացան, որ ատելի են դարձել Դավթի համար, ուստի պատգամաբերներ ուղարկեցին և Բեթրոոբից+ ու Զոբայից+ վարձեցին 20 000 ասորական հետևակ, Իստոբից՝* 12 000 մարդ, ինչպես նաև Մաաքայի+ թագավորին ու նրա հետ՝ 1 000 մարդ:+
7 Երբ Դավիթը լսեց այդ մասին, ուղարկեց Հովաբին և ամբողջ զորքին, այդ թվում՝ իր ամենաուժեղ ռազմիկներին:+
8 Ամմոնացիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ Զոբայի և Րոոբի ասորիները, ինչպես նաև Իստոբից* ու Մաաքայից եկած զինվորները առանձին կանգնեցին բաց դաշտում:
9 Հովաբը, տեսնելով, որ թշնամու զորքը առջևից ու հետևից գրոհում է, Իսրայելի լավագույն զինվորներից մի խումբ ընտրեց և նրանց մարտական կարգով շարեց, որ կռվեն ասորիների դեմ:+
10 Մյուսներին նա հանձնեց իր եղբայր Աբեսսայի+ հրամանատարությանը, որպեսզի մարտական կարգով շարի նրանց՝ ամմոնացիների+ դեմ կռվելու համար:
11 Հովաբն ասաց. «Եթե ասորիները ինձ հաղթելու լինեն, ապա դո՛ւ ինձ օգնության կգաս, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթելու լինեն, ապա ե՛ս քեզ օգնության կգամ:
12 Մենք պետք է քաջ լինենք+ և խիզախորեն կռվենք հանուն մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների, իսկ Եհովան կանի այն, ինչ ճիշտ է համարում»:+
13 Հովաբն իր մարդկանցով առաջ մղվեց, որ հարձակվի ասորիների վրա, և նրանք փախուստի դիմեցին:+
14 Տեսնելով, որ ասորիները փախուստի են դիմել՝ ամմոնացիները փախան Աբեսսայից ու մտան քաղաք: Ամմոնացիների դեմ արշավանքից հետո Հովաբը վերադարձավ Երուսաղեմ:
15 Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները պարտության մատնեցին իրենց, կրկին մեկտեղ հավաքվեցին:+
16 Ադրազարը+ մարդ ուղարկեց Եփրատի*+ շրջանում բնակվող ասորիների հետևից: Նրանք Ադրազարի զորքի հրամանատար Սոբակի գլխավորությամբ գնացին Հելամ:
17 Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց Իսրայելի ողջ զորքը, անցավ Հորդանանն ու գնաց Հելամ: Ասորիները մարտական կարգով շարվեցին, որ պատերազմեն Դավթի դեմ:+
18 Սակայն նրանք փախան իսրայելացիներից. Դավիթը 700 ասորի կառապան ու 40 000 հեծյալ սպանեց: Նա սպանեց նաև նրանց զորագլուխ Սոբակին:+
19 Ադրազարին ենթակա բոլոր թագավորները՝ նրա ծառաները, տեսնելով, որ Իսրայելը պարտության մատնեց իրենց, շտապ խաղաղություն կնքեցին իսրայելացիների հետ ու դարձան նրանց հպատակները:+ Իսկ ասորիները այլևս չհամարձակվեցին օգնել ամմոնացիներին:
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Կամ՝ «Տոբից»:
^ Կամ՝ «Տոբից»:
^ Բռց.՝ «Գետի»: