2 Սամուել 13։1-39

  • Ամնոնը բռնաբարում է Թամարին (1-22)

  • Աբիսողոմը սպանում է Ամնոնին (23-33)

  • Աբիսողոմը փախչում է Գեսուր (34-39)

13  Դավթի որդի Աբիսողոմը Թամար անունով մի գեղեցիկ քույր ուներ,+ և Ամնոնը,+ որը նույնպես Դավթի որդին էր, սիրահարվեց նրան:  Ամնոնը այն աստիճան էր տառապում իր քրոջ համար, որ հիվանդացավ: Պատճառն այն էր, որ Թամարը կույս էր, և Ամնոնին անհնար էր թվում նրան մի բան անելը:  Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր:+ Նա Դավթի եղբոր՝ Սիմաայի+ որդին էր: Հովնադաբը շատ խելացի մարդ էր:  Նա հարցրեց Ամնոնին. «Թագավորի՛ որդի, ինչո՞ւ ես ամեն առավոտ այդքան տխուր, ինձ չե՞ս ասի»: Ամնոնը պատասխանեց նրան. «Ես սիրահարվել եմ Թամարին՝ իմ եղբայր Աբիսողոմի քրոջը»:+  Հովնադաբն էլ ասաց նրան. «Պառկիր քո անկողնում ու հիվանդ ձևացիր: Եվ երբ որ հայրդ գա քեզ տեսնելու, ասա նրան. «Խնդրում եմ, թող քույրս՝ Թամարը, գա և ինձ հաց տա՝ ուտեմ: Եթե նա իմ աչքի առաջ հիվանդի համար նախատեսված կերակուր* պատրաստի և իր ձեռքով մատուցի, ես կուտեմ»»:  Ուստի Ամնոնը պառկեց ու հիվանդ ձևացավ: Երբ թագավորը եկավ նրան տեսնելու, Ամնոնն ասաց. «Խնդրում եմ, թող քույրս՝ Թամարը, գա, իմ աչքի առաջ երկու սրտաձև բլիթ թխի և իր ձեռքով մատուցի ինձ, որ ուտեմ»:  Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարի մոտ, որ ասի. «Գնա քո եղբոր՝ Ամնոնի տուն և նրա համար կերակուր* պատրաստիր»:  Թամարը գնաց Ամնոնի տուն, որտեղ նա պառկած էր, ալյուր վերցրեց, խմոր հունցեց և նրա աչքի առաջ բլիթներ թխեց:  Հետո վերցրեց տապակը, որի մեջ բլիթներն էին, և դրանք մատուցեց նրան: Բայց Ամնոնը հրաժարվեց ուտելուց և ասաց. «Թող բոլորը դուրս գան»: Եվ բոլորը դուրս եկան: 10  Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը* բեր ննջասենյակ և քո ձեռքով մատուցիր, որ ուտեմ»: Թամարն էլ վերցրեց իր պատրաստած սրտաձև բլիթներն ու տարավ իր եղբայր Ամնոնի ննջասենյակ: 11  Երբ դրանք մոտեցրեց նրան, որ ուտի, Ամնոնը բռնեց նրան ու ասաց. «Պառկիր ինձ հետ, քո՛ւյր իմ»: 12  Բայց նա պատասխանեց. «Ո՛չ, եղբա՛յրս, մի՛ անարգիր ինձ: Իսրայելում այդպիսի բան չի արվում:+ Մի՛ արա այդ խայտառակ արարքը:+ 13  Ինչպե՞ս եմ ապրելու այդ ամոթով: Իսկ դու... չէ՞ որ դու Իսրայելում ստոր մարդ կհամարվես: Խնդրում եմ, խոսիր թագավորի հետ, նա չի հրաժարվի ինձ քեզ տալ»: 14  Սակայն Ամնոնը չլսեց Թամարին և ուժով տիրացավ նրան: Նա բռնաբարեց նրան ու այդպիսով անարգեց: 15  Դրանից հետո Ամնոնը ուժգին ատելությամբ լցվեց Թամարի հանդեպ, և այդ ատելությունն ավելի մեծ էր, քան այն սերը, որ տածել էր նրա հանդեպ: Ուստի Ամնոնն ասաց. «Վե՛ր կաց, գնա՛»: 16  Սակայն Թամարը պատասխանեց. «Ո՛չ, եղբա՛յրս, եթե ինձ հիմա դուրս հանես, ավելի մեծ չարիք գործած կլինես, քան այն, ինչ արդեն արել ես»: Բայց Ամնոնը չուզեց լսել նրան: 17  Ամնոնը կանչեց իր երիտասարդ սպասավորին ու ասաց. «Դո՛ւրս արա սրան և դուռը հետևից կողպի՛ր»: 18  (Թամարի հագին մի առանձնահատուկ* զգեստ կար. թագավորի կույս աղջիկները այդպիսի վերնազգեստ էին հագնում): Սպասավորը նրան դուրս ուղեկցեց և դուռը հետևից կողպեց: 19  Թամարը գլխին մոխիր լցրեց,+ պատռեց հագի գեղեցիկ զգեստը և ձեռքերը գլխին դրած՝ լաց լինելով գնաց: 20  Աբիսողոմը՝+ Թամարի եղբայրը, հարցրեց նրան. «Քո եղբայր Ամնո՞նն է այս բանն արել քեզ: Քո՛ւյրս, լուռ մնա. նա քո եղբայրն է:+ Փորձիր այլևս չմտածել այդ մասին»:* Դրանից հետո Թամարը բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը՝ բոլորից մեկուսացած: 21  Այս ամենը լսելով՝ Դավիթ թագավորը խիստ բարկացավ:+ Բայց նա չէր ուզում վիրավորել իր որդու՝ Ամնոնի զգացմունքները, քանի որ իր առաջնեկն էր, և սիրում էր նրան: 22  Իսկ Աբիսողոմը ատում էր+ Ամնոնին, որովհետև նա անարգել էր իր քույր Թամարին,+ բայց նրան ոչինչ չէր ասում՝ ո՛չ լավ բան, ո՛չ վատ: 23  Երկու տարի անց, երբ Եփրեմի+ մոտակայքում՝ Բաալ-Հասորում, խուզում էին Աբիսողոմի ոչխարներին, Աբիսողոմը թագավորի բոլոր որդիներին այնտեղ հրավիրեց:+ 24  Նա գնաց թագավորի մոտ ու ասաց. «Ծառադ իր ոչխարներին է խուզում: Խնդրում եմ, թող թագավորը և իր ծառաները գան ինձ հետ»: 25  Սակայն թագավորը պատասխանեց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս: Եթե բոլորս գանք, քեզ համար բեռ կլինենք»: Ու թեև Աբիսողոմը համոզում էր, նա չհամաձայնվեց, բայց օրհնեց նրան: 26  Այդ ժամանակ Աբիսողոմն ասաց. «Եթե դու չես գալիս, խնդրում եմ, գոնե թող իմ եղբայր Ամնոնը մեզ հետ գա»:+ Թագավորն էլ հարցրեց նրան. «Ինչո՞ւ նա պետք է գա քեզ հետ»: 27  Բայց Աբիսողոմը համոզեց թագավորին, և նա Ամնոնին ու իր մյուս բոլոր որդիներին ուղարկեց նրա հետ: 28  Աբիսողոմը հրամայեց իր սպասավորներին. «Ուշադի՛ր եղեք. հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինուց, ես ձեզ կասեմ՝ սպանե՛ք Ամնոնին: Այդ ժամանակ կսպանե՛ք նրան: Մի՛ վախեցեք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում: Ուժե՛ղ և քա՛ջ եղեք»: 29  Աբիսողոմի սպասավորները արեցին այն, ինչ Աբիսողոմը հրամայել էր՝ սպանեցին Ամնոնին: Իսկ թագավորի մյուս որդիները վեր կացան, հեծան իրենց ջորիներն ու փախան: 30  Երբ նրանք դեռ ճանապարհին էին, Դավթին լուր հասավ. «Աբիսողոմը սպանել է թագավորի բոլոր որդիներին. նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել»: 31  Լսելով այդ մասին՝ թագավորը վեր կացավ, պատռեց իր հագուստներն ու գետնին պառկեց: Նրա բոլոր ծառաներն էլ պատռեցին իրենց հագուստները և կանգնեցին նրա մոտ: 32  Սակայն Հովնադաբը՝+ Դավթի եղբոր՝ Սիմաայի+ որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե թագավորի բոլոր երիտասարդ որդիներն են սպանվել, քանի որ միայն Ամնոնն է մահացել:+ Դա Աբիսողոմի հրամանով է եղել: Նա այդ բանը իր մտքին դրել էր+ դեռ այն օրը, երբ Ամնոնը անարգել էր իր քրոջը՝+ Թամարին:+ 33  Թող իմ տերը ուշադրություն չդարձնի այն լուրին,* թե թագավորի բոլոր որդիները մահացել են. միայն Ամնոնն է մահացել»: 34  Այդ ընթացքում Աբիսողոմը փախուստի դիմեց:+ Շատ չանցած՝ քաղաքի ժամապահը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ շատ մարդիկ են գալիս հետևի ճանապարհով՝ սարի կողքով: 35  Այդ ժամանակ Հովնադաբը+ թագավորին ասաց. «Տե՛ս, թագավորի որդիները հետ են գալիս: Քո ծառայի ասածը ճիշտ էր»: 36  Երբ նա խոսեց վերջացրեց, թագավորի որդիները, բարձրաձայն լաց լինելով, ներս մտան: Թագավորն էլ իր բոլոր ծառաների հետ դառնագին լաց եղավ: 37  Դավիթը իր որդու համար շատ օրեր սուգ արեց: Իսկ Աբիսողոմը փախավ Թոլմիի+ մոտ, որը Գեսուրի թագավոր Ամիուդի որդին էր: 38  Նա գնաց Գեսուր+ և երեք տարի այնտեղ մնաց: 39  Ի վերջո Դավիթ թագավորը հաշտվեց Ամնոնի մահվան հետ և փափագում էր գնալ ու տեսնել Աբիսողոմին:

Ծանոթագրություններ

Կամ՝ «մխիթարության հաց»:
Կամ՝ «մխիթարության հաց»:
Կամ՝ «Մխիթարության հացը»:
Կամ՝ «նախշազարդ», «գույնզգույն»:
Կամ՝ «Թող որ սրտիդ համար հոգս չլինի այս բանը»:
Կամ՝ «սրտին մոտ չընդունի այն լուրը»: