2 Սամուել 14։1-33

  • Հովաբն ու թեկուեցի կինը (1-17)

  • Դավիթը գլխի է ընկնում Հովաբի ծրագրի մասին (18-20)

  • Աբիսողոմին թույլ է տրվում վերադառնալ (21-33)

14  Հովաբը՝ Շարուհեայի որդին,+ իմացավ, որ թագավորը փափագում է տեսնել Աբիսողոմին:+  Ուստի մարդ ուղարկեց Թեկուե,+ այնտեղից մի խելացի կին բերել տվեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, սգավոր ձևացիր. սգավորի հագուստ հագիր և յուղով մի՛ օծվիր:+ Այնպես պահիր քեզ, ասես երկար ժամանակ է, ինչ սգում ես մահացածի համար:  Ապա մտիր թագավորի մոտ ու նրան այս խոսքերն ասա»: Եվ Հովաբը սովորեցրեց նրան, թե ինչ պետք է ասի:*  Թեկուեցի կինը մտավ թագավորի մոտ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Օգնիր ինձ, ո՛վ թագավոր»:  Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Նա էլ պատասխանեց. «Ես մի այրի կին եմ. ամուսինս մահացել է:  Աղախինդ երկու որդի ուներ: Նրանք կռվեցին դաշտում, և չկար մեկը, որ բաժաներ նրանց: Մի որդիս հարձակվեց մյուսի վրա ու սպանեց նրան:  Եվ հիմա մեր ամբողջ գերդաստանը դուրս է եկել քո աղախնի դեմ ու ասում է. «Իր եղբորը սպանողին մեր ձե՛ռքը հանձնիր, որ մահվան մատնենք նրան եղբոր կյանքը խլելու համար,+ նույնիսկ եթե դա անելով՝ ժառանգին վերացրած կլինենք»: Այդպես նրանք կհանգցնեն իմ ճրագը՝* ամուսնուս համար չթողնելով ո՛չ անուն, ո՛չ էլ սերունդ* երկրի երեսին»:  Թագավորն ասաց կնոջը. «Գնա տուն. ես կհրամայեմ, որ այս հարցին լուծում տրվի»:  Թեկուեցի կինը պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, թող որ մեղքն ինձ վրա ու իմ հոր տան վրա լինի. թագավորն ու նրա գահը անմեղ են»: 10  Թագավորն ասաց. «Եթե որևէ մեկը նորից քեզ մի բան ասի, նրան ինձ մոտ բեր, և նա այլևս քեզ չի անհանգստացնի»: 11  Սակայն կինն ասաց. «Խնդրում եմ, թող թագավորը հիշի Եհովային՝ իր Աստծուն, որպեսզի արյան վրիժառուն+ ավելի մեծ աղետ չբերի՝ որդուս սպանելով»: Նա էլ պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ.+ քո որդու գլխից մի մազ անգամ չի պակասի»: 12  Ապա կինն ասաց. «Թույլ տուր, որ աղախինդ մի խոսք ասի իր տեր թագավորին»: Նա էլ ասաց. «Խոսիր»: 13  Կինն ասաց. «Այդ դեպքում ինչո՞ւ նման բան որոշեցիր անել Աստծու ժողովրդի դեմ:+ Այդպես խոսելով՝ թագավորն իրեն մեղավոր է դարձնում, քանի որ իր իսկ արտաքսված որդուն հետ չի բերում:+ 14  Մենք բոլորս մեռնելու ենք ու նմանվելու ենք գետնին թափված ջրի, որը հնարավոր չէ հավաքել: Բայց Աստված կյանք* չի խլում, նա պատճառներ է փնտրում, որ արտաքսվածին հետ բերի, որպեսզի նա իրենից ընդմիշտ հեռու չմնա: 15  Ես եկա, որ այս բաներն ասեմ իմ տեր թագավորին, քանի որ ժողովուրդը վախեցրեց ինձ, և աղախինդ մտածեց. «Խոսեմ թագավորի հետ: Գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը: 16  Գուցե նա լսի ու ազատի իր աղախնին այն մարդու ձեռքից, որն ուզում է ոչնչացնել ինձ ու իմ միակ որդուն՝ զրկելով Աստծու տված ժառանգությունից»:+ 17  Ապա աղախինդ մտածեց. «Թող որ իմ տեր թագավորի խոսքերը հանգստացնեն ինձ»: Չէ՞ որ իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման՝ բարին տարբերում է չարից: Թող քո Աստված Եհովան քեզ հետ լինի»: 18  Թագավորն ասաց կնոջը. «Խնդրում եմ, ինչ որ հարցնեմ, կպատասխանես, ոչինչ չթաքցնես»: Կինն էլ ասաց. «Հարցրու, տե՛ր իմ թագավոր»: 19  Նա հարցրեց. «Հովա՞բն է այս ամենի հետևում կանգնած»:+ Կինն էլ պատասխանեց. «Քո կյանքով եմ երդվում, տե՛ր իմ թագավոր, ճիշտ այնպես է, ինչպես իմ տեր թագավորն ասաց:* Այո՛, քո ծառա Հովաբն է պատվիրել աղախնիդ գալ և ասել այս խոսքերը:* 20  Ծառադ՝ Հովաբն է դա արել, որ դու այս հարցին այլ կերպ նայես: Բայց իմ տերը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման իմաստուն է և գիտի, թե երկրում ինչ է կատարվում»: 21  Հետո թագավորն ասաց Հովաբին. «Լա՛վ, ես կանեմ դա:+ Գնա ու հետ բեր երիտասարդ Աբիսողոմին»:+ 22  Հովաբն էլ, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու գովաբանեց թագավորին: Նա ասաց. «Ո՛վ իմ տեր թագավոր, հիմա ծառադ գիտի, որ ունի քո բարեհաճությունը, որովհետև դու, ո՛վ թագավոր, լսեցիր ծառայիդ խնդրանքը»: 23  Դրանից հետո Հովաբը գնաց Գեսուր+ և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ: 24  Սակայն թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն, բայց չգա ինձ տեսնելու»: Աբիսողոմը վերադարձավ իր տուն և չգնաց թագավորին տեսնելու: 25  Ամբողջ Իսրայելում չկար Աբիսողոմի նման մեկը, որ այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության համար: Ոտքի թաթից մինչև գլխի ծայրը նա ոչ մի թերություն չուներ: 26  Երբ կտրում էր իր գլխի մազերը (ամեն տարվա վերջում նա կտրում էր մազերը, որովհետև շատ ծանր էին իր համար), դրանք թագավորական կշռաքարով* 200 սիկղ* էին կշռում: 27  Աբիսողոմը երեք տղա+ և մի աղջիկ ուներ: Աղջկա անունը Թամար էր. նա շատ գեղեցիկ էր: 28  Աբիսողոմը երկու տարի ապրեց Երուսաղեմում, բայց թագավորի առաջ չներկայացավ:+ 29  Հետո նա կանչել տվեց Հովաբին, որ նրան թագավորի մոտ ուղարկի, բայց Հովաբը չուզեց գնալ: Աբիսողոմը նորից՝ երկրորդ անգամ կանչել տվեց Հովաբին, բայց նա դարձյալ հրաժարվեց գնալ: 30  Ի վերջո Աբիսողոմն ասաց իր ծառաներին. «Հովաբի արտը իմ արտի կողքն է: Այնտեղ գարի է ցանված: Գնացե՛ք ու հրկիզե՛ք այն»: Աբիսողոմի ծառաներն էլ գնացին ու հրկիզեցին արտը: 31  Այդ ժամանակ Հովաբը գնաց Աբիսողոմի տուն և հարցրեց նրան. «Ծառաներդ ինչո՞ւ են հրկիզել իմ արտը»: 32  Աբիսողոմը պատասխանեց. «Ես քեզ մոտ մարդ ուղարկեցի, որ ասի. «Եկ այստեղ, որ քեզ թագավորի մոտ ուղարկեմ, որպեսզի իմ անունից ասես նրան. «Ես ինչո՞ւ եկա Գեսուրից:+ Ավելի լավ կլիներ՝ այնտեղ մնայի: Թող թագավորը թույլ տա՝ տեսնեմ նրան, և եթե ինչ-որ բանում մեղավոր եմ, թող սպանի ինձ»»»: 33  Հովաբը գնաց թագավորի մոտ և ամեն բան հաղորդեց նրան: Թագավորը կանչեց Աբիսողոմին: Նա էլ եկավ նրա մոտ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: Ապա թագավորը համբուրեց Աբիսողոմին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խոսքերը նրա բերանը դրեց»:
Բռց.՝ «իմ ածուխը, որ մնացել է»: Այսինքն՝ սերունդ ունենալու վերջին հույսը:
Բռց.՝ «մնացորդ»:
Կամ՝ «հոգի»:
Բռց.՝ «ոչ ոք չի կարող աջ կամ ձախ շեղվել այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը»:
Բռց.՝ «նա է այս խոսքերը աղախնիդ բերանը դրել»:
Սա, հնարավոր է, ստանդարտ կշռաչափ էր, որը պահվում էր արքունիքում, կամ «թագավորական» սիկղ էր, որը տարբերվում էր սովորական սիկղից:
Մոտ 2,3 կգ: Տես հավելված Բ14: