2 Սամուել 15։1-37

  • Աբիսողոմի դավադրությունն ու ապստամբությունը (1-12)

  • Դավիթը փախչում է Երուսաղեմից (13-30)

  • Աքիտոփելը միանում է Աբիսողոմին (31)

  • Քուսին ուղարկվում է, որ խափանի Աքիտոփելի խորհուրդը (32-37)

15  Այդ ամենից հետո Աբիսողոմը ձեռք բերեց մի կառք և ձիեր, նաև ծառայության վերցրեց 50 մարդու, որոնք պետք է վազեին իր առջևից:+  Վաղ առավոտյան նա վեր էր կենում ու կանգնում դեպի քաղաքի դարպասները տանող ճանապարհին:+ Եվ երբ ինչ-որ մեկը իր դատական գործով թագավորի մոտ էր գնում,+ Աբիսողոմը ձայն էր տալիս նրան ու հարցնում. «Դու ո՞ր քաղաքից ես»: Նա պատասխանում էր. «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»:  Աբիսողոմն էլ ասում էր նրան. «Քո խնդրանքը արդարացի է ու տեղին, բայց թագավորի մոտ չկա մեկը, ով կքննի քո գործը»:  Հետո ավելացնում էր. «Այ եթե ինձ դատավոր նշանակեին այս երկրում, այդ ժամանակ ով որ դատական գործ կամ վեճ ունենար, ինձ մոտ կգար, ու ես հոգ կտանեի, որ նրա համար արդար որոշում կայացվեր»:  Երբ որևէ տղամարդ մոտենում էր, որ խոնարհվեր նրա առաջ, նա մեկնում էր ձեռքն ու բռնում նրան՝ թույլ չտալով դա անել, ապա համբուրում էր:+  Աբիսողոմն այսպես էր վարվում այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք գնում էին թագավորի մոտ՝ ներկայացնելու իրենց դատական գործը: Այսպիսով՝ Աբիսողոմը գողացավ իսրայելացիների սրտերը:+  Չորս* տարի անց Աբիսողոմն ասաց թագավորին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ Քեբրոն+ ու կատարեմ Եհովային տվածս երդումը,  որովհետև երբ ծառադ ապրում էր Ասորիքի Գեսուրում,+ երդվեց.+ «Եթե Եհովան ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ընծա* կմատուցեմ Եհովային»»:  Թագավորն էլ ասաց նրան. «Գնա խաղաղությամբ»: Ուստի Աբիսողոմը գնաց Քեբրոն: 10  Նա գաղտնի կերպով պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ և նրանց ասաց. «Հենց որ եղջերափողի ձայնը լսեք, հայտարարեք. «Աբիսողոմը թագավո՛ր է դարձել Քեբրոնում»»:+ 11  Աբիսողոմի հետ Երուսաղեմից 200 մարդ էր գնացել, որոնց նա հրավիրել էր: Նրանք ոչինչ չէին կասկածում ու ոչ մի բանից տեղյակ չէին: 12  Զոհեր մատուցելու ժամանակ Աբիսողոմը մարդ ուղարկեց Գելոն+ քաղաք ու կանչել տվեց Դավթի խորհրդականին՝+ գելոնացի Աքիտոփելին:+ Դավադրությունը թափ էր առնում, և Աբիսողոմին միացող մարդկանց թիվն աճում էր:+ 13  Որոշ ժամանակ անց մի մարդ եկավ Դավթի մոտ ու տեղեկացրեց. «Իսրայելացիները Աբիսողոմի կողմն են անցել»: 14  Դավիթն անմիջապես ասաց բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղեմում էին. «Վե՛ր կացեք՝ փախչենք,+ որովհետև մեզնից ոչ ոք չի ազատվի Աբիսողոմից: Շտապե՛ք, այլապես գուցե նա արագ հասնի մեզ ու կործանում բերի մեզ վրա, քաղաքն էլ սրի քաշի»:+ 15  Թագավորի ծառաները պատասխանեցին. «Ինչ որ մեր տեր թագավորը որոշի, ծառաներդ պատրաստ են անելու»:+ 16  Ուստի թագավորը իր տան բոլոր անդամների հետ ճանապարհ ընկավ: Բայց տասը հարճի+ չտարավ իր հետ, որ մնան ու տան* համար հոգ տանեն: 17  Որոշակի ճանապարհ անցնելուց հետո թագավորն ու իրեն ուղեկցող մարդիկ կանգ առան Բեթ-Մերհագում:* 18  Դավթի հետ գնացած բոլոր ծառաները, բոլոր քերեթցիներն ու փելեթցիները,+ ինչպես նաև 600 գեթացիներ,+ որոնք նրա* հետ հեռացել էին Գեթից,+ անցնում էին թագավորի առջևով, և նա ուշադիր հետևում էր նրանց: 19  Թագավորն ասաց գեթացի Եթթայիին.+ «Ինչո՞ւ ես գալիս մեզ հետ: Հետ դարձիր ու նոր թագավորի մոտ մնա. առանց այն էլ դու օտարական ես և փախել ես քո երկրից: 20  Դու երեկ ես եկել, ուստի ինչպե՞ս կարող եմ այսօր ստիպել քեզ, որ մեզ հետ թափառես, երբ ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում: Հետ դարձիր ու եղբայրներիդ էլ քեզ հետ տար: Թող Եհովան սեր ու նվիրվածություն,* ինչպես նաև հավատարմություն ցուցաբերի քո հանդեպ»:+ 21  Սակայն Եթթային պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ և իմ տեր թագավորի կյանքով. որտեղ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի: Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնելու քեզ հետ»:+ 22  Դավիթն ասաց Եթթայիին.+ «Լա՛վ, անցիր»: Եվ գեթացի Եթթային իր բոլոր մարդկանց ու նրանց ընտանիքների հետ անցավ հովիտը: 23  Թագավորը կանգնել էր հովտի մոտ: Մինչ ողջ ժողովուրդը անցնում էր Կեդրոնի հովիտը՝+ բռնելով անապատ տանող ճանապարհը, Երուսաղեմում ու դրա շրջակայքում բնակվող մարդիկ* բարձրաձայն լաց էին լինում: 24  Այնտեղ էր նաև Սադոկը.+ նրա հետ էին այն բոլոր ղևտացիները,+ որոնք ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն+ էին տանում: Նրանք ցած դրեցին ճշմարիտ Աստծու տապանակը:+ Աբիաթարը+ նույնպես այնտեղ էր, երբ ողջ ժողովուրդը, դուրս գալով քաղաքից, անցնում էր հովիտը: 25  Թագավորն ասաց Սադոկին. «Ճշմարիտ Աստծու տապանակը հետ տար քաղաք:+ Եթե ես արժանանամ Եհովայի բարեհաճությանը, նա ինձ էլ հետ կդարձնի ու թույլ կտա, որ տեսնեմ տապանակն ու դրա գտնվելու տեղը:+ 26  Բայց եթե նա ասի՝ «Դու իմ հավանությունը չունես», այդ դեպքում թող ինձ անի այն, ինչ ճիշտ է համարում»: 27  Թագավորն ասաց Սադոկ քահանային. «Դու տեսանող* չե՞ս:+ Աբիաթարի հետ խաղաղությամբ քաղաք վերադարձիր: Թող ձեզ հետ գան նաև քո որդին՝ Աքիմաասը, և Աբիաթարի որդին՝ Հովնաթանը:+ 28  Իսկ ես կսպասեմ անապատում՝ Հորդանանի ծանծաղուտների մոտ, մինչև որ ձեզնից տեղեկություն ստանամ»:+ 29  Ուստի Սադոկն ու Աբիաթարը ճշմարիտ Աստծու տապանակը հետ տարան Երուսաղեմ և այնտեղ մնացին: 30  Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց լեռը,+ բարձրանում էր ու լաց լինում: Նա ծածկել էր գլուխը, և ոտքերը բոբիկ էին: Նրա հետ եղող բոլոր մարդիկ էլ, գլուխները ծածկած, բարձրանում էին ու լաց լինում: 31  Դավթին հայտնեցին. «Աքիտոփելն էլ է Աբիսողոմի+ հետ դավադրություն+ կազմակերպողների մեջ»: Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, այնպես արա, որ Աքիտոփելի խորհուրդը հիմարություն համարվի»:+ 32  Երբ Դավիթը հասավ լեռան գագաթը, որտեղ խոնարհվում էին Աստծու առաջ, նրան դիմավորեց արաքացի+ Քուսին՝+ հագուստը պատռած ու գլխին հող լցրած: 33  Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, ինձ համար բեռ կլինես: 34  Բայց եթե վերադառնաս քաղաք ու Աբիսողոմին ասես՝ «Ես քո ծառան եմ, ո՛վ թագավոր: Առաջ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ»,+ ապա Աքիտոփելի խորհուրդը կխափանես և այդպիսով ինձ օգնած կլինես:+ 35  Այնտեղ քեզ հետ կլինեն Սադոկ ու Աբիաթար քահանաները: Ինչ որ լսես թագավորի տնից, կհայտնես Սադոկին ու Աբիաթարին:+ 36  Նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Աքիմաասը՝+ Սադոկի որդին, ու Հովնաթանը՝+ Աբիաթարի որդին: Նրանց միջոցով ինձ հաղորդեք այն ամենը, ինչ կլսեք»: 37  Այսպիսով՝ Քուսին՝ Դավթի ընկերը,*+ վերադարձավ Երուսաղեմ: Հենց այդ ժամանակ Աբիսողոմը քաղաք էր մտնում:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Քառասուն»:
Կամ՝ «երկրպագություն»: Բռց.՝ «ծառայություն»:
Կամ՝ «պալատի»:
Նշանակում է «հեռավոր տուն»:
Խոսքը 19-րդ համարում հիշատակված Եթթայիի մասին է:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Բռց.՝ «ողջ երկիրը»:
Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «վստահված անձը»: