2 Սամուել 17։1-29

  • Քուսին խափանում է Աքիտոփելի խորհուրդը (1-14)

  • Դավթին նախազգուշացում են տալիս. նա փախչում է Աբիսողոմից (15-29)

    • Բերզելին և ուրիշները սնունդ և այլ անհրաժեշտ բաներ են բերում (27-29)

17  Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թույլ տուր՝ 12 000 մարդ ընտրեմ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին:  Երբ նա հոգնած և ուժասպառ եղած լինի,*+ կհարձակվեմ նրա վրա և խուճապի մեջ կգցեմ: Թագավորի մարդիկ կփախչեն, ու ես միայն նրան կսպանեմ:+  Նրա բոլոր մարդկանց քո կողմը կդարձնեմ: Երբ չլինի նա, ում փնտրում ես, այդ ժամանակ ողջ ժողովուրդը հետ կդառնա, ու բոլորը կխաղաղվեն»:  Այս խոսքերը դուր եկան Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին:  Սակայն Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին+ էլ կանչեք, որ լսենք, թե նա՛ ինչ կասի»:  Երբ Քուսին եկավ, Աբիսողոմն ասաց նրան. «Աքիտոփելն այսպիսի խորհուրդ է տվել: Նրա ասածի պե՞ս անենք: Եթե ոչ, դու ինքդ խորհուրդ տուր»:  Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Աքիտոփելի խորհուրդը այս անգամ լավը չէ»:+  Քուսին ավելացրեց. «Դու շատ լավ գիտես, որ հայրդ և նրա մարդիկ զորեղ են+ ու ցասումով լցված, ինչպես իր ձագերին կորցրած արջը:+ Բացի այդ՝ հայրդ ռազմիկ է,+ և նա չի գիշերի ժողովրդի հետ:  Հիմա Դավիթը թաքնված է որևէ քարայրում* կամ մեկ ուրիշ տեղ:+ Եթե նա առաջինը հարձակվի, այդ մասին լսողները կասեն. «Աբիսողոմի աջակիցները պարտություն են կրել»: 10  Նույնիսկ քաջարի մարդը՝ նա, ով առյուծի սիրտ ունի,+ վախից կդողա, որովհետև ողջ Իսրայելը գիտի, որ հայրդ ուժեղ մարդ է,+ և նրա մարդիկ քաջ են: 11  Սա է իմ խորհուրդը. ծովեզերքի ավազահատիկների չափ շատ մարդ հավաքիր՝+ ամբողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և նրանց կռվի առաջնորդիր: 12  Որտեղ էլ որ գտնենք Դավթին, կհարձակվենք նրա վրա այնպես, ինչպես ցողն է իջնում գետնի վրա, և ոչ ոք չի փրկվի՝ ո՛չ նա, ո՛չ էլ նրա մարդկանցից որևէ մեկը: 13  Իսկ եթե նա նահանջի ու մի որևէ քաղաք մտնի, մենք ողջ Իսրայելի հետ կգնանք ու կքանդենք քաղաքը և պարաններով քարերը քարշ կտանք հովիտ. այնտեղ մի մանր քար էլ չի մնա»: 14  Այդ ժամանակ Աբիսողոմն ու բոլոր իսրայելացիներն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդը Աքիտոփելի խորհրդից լավն է»:+ Բանն այն է, որ Եհովան վճռել էր խափանել Աքիտոփելի ողջամիտ խորհուրդը,+ որպեսզի Եհովան աղետ բերեր Աբիսողոմի վրա:+ 15  Դրանից հետո Քուսին Սադոկ և Աբիաթար+ քահանաներին հայտնեց, թե Աքիտոփելը ինչ խորհուրդ է տվել Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին, և թե ինքը ինչ խորհուրդ է տվել: 16  Նաև ասաց. «Շտապ լուր ուղարկեք Դավթին ու նախազգուշացրեք. «Այս գիշեր մի՛ մնա տափաստանում՝* Հորդանանի ծանծաղուտների մոտ, այլ անցիր գետի մյուս կողմը, այլապես դու, ո՛վ թագավոր, և քո մարդիկ կկործանվեք»»:+ 17  Հովնաթանն+ ու Աքիմաասը+ Ենռոգելի մոտ էին.+ նրանք չէին համարձակվում քաղաք մտնել, որպեսզի ոչ ոք չտեսներ իրենց: Այդ ժամանակ մի աղախին եկավ ու նրանց հաղորդեց նախազգուշացումը: Նրանք էլ գնացին, որ հայտնեն Դավիթ թագավորին: 18  Սակայն մի երիտասարդ տեսավ նրանց ու այդ մասին հայտնեց Աբիսողոմին: Հովնաթանն ու Աքիմաասը շտապ հեռացան ու գնացին Բահուրիմ՝+ մի մարդու տուն, որն իր բակում ջրհոր ուներ: Նրանք թաքնվեցին ջրհորում: 19  Այդ մարդու կինը մի ծածկոց փռեց ջրհորի բերանին և վրան մանրացված հացահատիկ լցրեց. ոչ ոք ոչինչ չնկատեց: 20  Աբիսողոմի ծառաները եկան այդ կնոջ տուն ու հարցրին. «Որտե՞ղ են Աքիմաասն ու Հովնաթանը»: Կինը պատասխանեց. «Գետի կողմը գնացին»:+ Ծառաները փնտրեցին նրանց, բայց չգտան, ուստի վերադարձան Երուսաղեմ: 21  Նրանց գնալուց հետո Հովնաթանն ու Աքիմաասը դուրս եկան ջրհորից և գնացին Դավիթ թագավորի մոտ: Նրանք հայտնեցին, թե ինչ խորհուրդ է տվել Աքիտոփելը, և ասացին. «Վեր կացեք ու շտապ անցեք գետը»:+ 22  Դավիթն ու իր բոլոր մարդիկ իսկույն վեր կացան ու անցան Հորդանանը: Նախքան կլուսանար, բոլորը անցան գետը: 23  Երբ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհրդին չհետևեցին, մի էշ թամբեց, հեծավ և ճանապարհ ընկավ դեպի իր քաղաք՝ իր տուն:+ Նա ընտանիքի անդամներին ցուցումներ տվեց,+ ապա գնաց ու կախվեց:+ Նրան թաղեցին իր նախահայրերի գերեզմանում: 24  Այդ ընթացքում Դավիթը գնաց Մանայիմ,+ իսկ Աբիսողոմն ու նրան աջակցող բոլոր իսրայելացիներն անցան Հորդանանը: 25  Աբիսողոմը Հովաբի փոխարեն+ Ամեսային+ նշանակեց զորքի հրամանատար: Ամեսայի ծնողներն էին Եթրան՝ մի իսրայելացի, և Աբիգեան,+ որը Նաասի դուստրն էր և Հովաբի մոր՝ Շարուհեայի քույրը: 26  Աբիսողոմը իսրայելացիների հետ բանակ դրեց Գաղաադում:+ 27  Երբ Դավիթը գնաց Մանայիմ, Սոբին, որը ամմոնացիների Ռաբա+ քաղաքից Նաասի որդին էր, լադաբարցի Մաքիրը՝+ Ամիելի որդին, և գաղաադցի Բերզելին,+ որը Ռոգելիմից էր, 28  բերեցին անկողիններ, տաշտեր, կավե անոթներ, ցորեն, գարի, ալյուր, բոված հացահատիկ, բակլա, ոսպ, բոված ընդեղեն, 29  մեղր, կարագ, ոչխարներ և պանիր:* Նրանք այդ ամենը բերեցին Դավթի ու նրա մարդկանց համար,+ որովհետև ասացին. «Մարդիկ տափաստանում հոգնած են, սոված ու ծարավ»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «և նրա ձեռքերը թուլացած լինեն»:
Կամ՝ «փոսում», «կիրճում»:
Կամ հնարավոր է՝ «անապատային հարթավայրում»:
Կամ՝ «կովի կաթնաշոռ»: