2 Սամուել 18։1-33

  • Աբիսողոմի պարտությունն ու մահը (1-18)

  • Դավթին տեղեկացնում են Աբիսողոմի մահվան մասին (19-33)

18  Դավիթը հաշվեց իր հետ եղող մարդկանց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց:+  Այնուհետև նա մարդկանց մեկ երրորդին Հովաբի+ հրամանատարությանը* հանձնեց, մեկ երրորդին՝ Հովաբի եղբոր՝ Շարուհեայի+ որդի Աբեսսայի+ հրամանատարությանը և մեկ երրորդին էլ՝ գեթացի Եթթայիի+ հրամանատարությանը: Ապա թագավորն ասաց զինվորներին. «Ես նույնպես կգամ ձեզ հետ»:  Բայց նրանք ասացին. «Դու մի՛ արի:+ Եթե մենք փախչենք, և եթե անգամ մեր կեսն էլ մեռնի, նրանց համար միևնույն կլինի, որովհետև նրանք քեզ են փնտրում. դու մեր 10 000 զինվորն արժես:+ Ավելի լավ կլինի՝ մնաս քաղաքում ու այնտեղից մեզ օգնություն ուղարկես»:  Թագավորն ասաց նրանց. «Ինչը ճիշտ եք համարում, այն էլ կանեմ»: Եվ նա կանգնեց քաղաքի դարպասի մոտ, իսկ բոլոր զինվորները 100-հոգանոց և 1 000-հոգանոց խմբերով դուրս եկան քաղաքից:  Թագավորը Հովաբին, Աբեսսային ու Եթթայիին հրամայեց. «Հանուն ինձ՝ չվնասեք երիտասարդ Աբիսողոմին»:*+ Բոլորը լսեցին, որ թագավորը զորագլուխներին Աբիսողոմի վերաբերյալ այդ հրամանը տվեց:  Զորքը դուրս եկավ դաշտ՝ իսրայելացիներին ընդառաջ, և ճակատամարտը տեղի ունեցավ Եփրեմի անտառում:+  Դավթի մարդիկ պարտության մատնեցին+ իսրայելացիներին,+ և այդ օրը մեծ կոտորած եղավ. 20 000 մարդ ընկավ:  Պատերազմը ծավալվել էր ամբողջ շրջանում: Այդ օրը անտառում եղած վտանգների պատճառով զոհվածներն ավելի շատ էին, քան սրով սպանվածները:  Աբիսողոմը, ջորի հեծած, հանկարծ դուրս եկավ Դավթի մարդկանց դեմ հանդիման: Նրա ջորին վազեց սաղարթախիտ մի մեծ ծառի տակով, և Աբիսողոմի մազերը խճճվեցին ծառի ճյուղերի մեջ: Նա օդում* կախված մնաց, իսկ ջորին առաջ վազեց: 10  Մի մարդ տեսավ դա և Հովաբին+ ասաց. «Ես տեսա Աբիսողոմին՝ մի մեծ ծառից կախված»: 11  Հովաբն էլ այդ մարդուն հարցրեց. «Որ տեսար, ինչո՞ւ տեղնուտեղը չսպանեցիր նրան: Ես քեզ մեծ ուրախությամբ տասը կտոր արծաթ ու մի գոտի կտայի»: 12  Բայց նա պատասխանեց Հովաբին. «Նույնիսկ եթե ինձ 1 000 կտոր արծաթ տրվեր, ձեռքս չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև բոլորս լսեցինք, որ թագավորը քեզ, Աբեսսային ու Եթթայիին այս հրամանը տվեց. «Ուշադիր եղեք, որ ոչ ոք չվնասի երիտասարդ Աբիսողոմին»:+ 13  Եթե ես չհնազանդվեի ու խլեի նրա կյանքը, դա երբեք թագավորից գաղտնի չէր մնա, իսկ դու ինձ չէիր պաշտպանի»: 14  Հովաբն էլ ասաց. «Չեմ ուզում ժամանակ վատնել քեզ վրա»: Նա իր ձեռքը երեք մեծ սեպ* առավ, գնաց ու դրանցով խոցեց Աբիսողոմի սիրտը, երբ նա կախված էր ծառի ճյուղերից ու դեռ ողջ էր: 15  Ապա Հովաբի տասը զինակիրները մոտեցան ու սպանեցին Աբիսողոմին:+ 16  Հովաբը եղջերափող հնչեցրեց, որ զորքն այլևս չհետապնդի Իսրայելին և հետ դառնա: Այդպիսով նա դադարեցրեց կռիվը: 17  Նրանք Աբիսողոմին վերցրին ու անտառում մի մեծ փոսի մեջ գցեցին, վրան էլ հսկայական քարակույտ դիզեցին:+ Եվ բոլոր իսրայելացիները փախան իրենց տները: 18  Աբիսողոմն իր կենդանության օրոք Թագավորի հովտում+ իր համար մի սյուն էր կանգնեցրել, քանի որ ասել էր. «Որդի չունեմ, որ իմ անվան հիշատակը պահի»:+ Ուստի սյունը իր անվամբ էր կոչել, և այն մինչ օրս Աբիսողոմի հուշարձան է կոչվում: 19  Աքիմաասը՝+ Սադոկի որդին, Հովաբին ասաց. «Թույլ տուր՝ վազեմ ու թագավորին լուր տանեմ, որովհետև Եհովան արդարություն իրագործեց՝ նրան ազատելով իր թշնամիներից»:+ 20  Բայց Հովաբը պատասխանեց. «Ո՛չ, այսօր լուրը դո՛ւ չես տանի: Դու մեկ ուրիշ անգամ լուր կտանես, բայց ոչ այսօր, քանի որ թագավորի որդին է մահացել»:+ 21  Հետո Հովաբը մի քուշեցու+ ասաց. «Գնա՛ ու թագավորին պատմի՛ր տեսածդ»: Քուշեցին խոնարհվեց Հովաբի առաջ ու վազելով գնաց: 22  Սադոկի որդի Աքիմաասը նորից ասաց Հովաբին. «Ինչ լինելու է, թող լինի: Թույլ տուր՝ վազեմ քուշեցու հետևից»: Սակայն Հովաբը պատասխանեց. «Ինչո՞ւ վազես, որդի՛ս, ուրիշ լուր չկա հայտնելու»: 23  Բայց նա կրկին ասաց. «Ինչ լինելու է, թող լինի: Թույլ տուր՝ վազեմ»: Հովաբն էլ ասաց. «Վազի՛ր»: Աքիմաասը վազեց Հորդանանի շրջանի* ճանապարհով և ի վերջո առաջ անցավ քուշեցուց: 24  Դավիթը նստած էր քաղաքի ներքին և արտաքին դարպասների միջև:+ Ժամապահը+ բարձրացավ դարպասի տանիք, որը պարսպին կից էր, և տեսավ, որ մի մարդ է վազում: 25  Ժամապահը ձայն տվեց ու թագավորին տեղեկացրեց այդ մասին: Թագավորն էլ ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն լուր ունի հայտնելու»: Մինչ նա մոտենում էր, 26  ժամապահը տեսավ, որ մի մարդ էլ է վազելով գալիս: Նա ձայն տվեց դռնապանին. «Մեկ ուրիշ մարդ էլ է վազում»: Թագավորն ասաց. «Նա էլ է լուր բերում»: 27  Ժամապահն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինը Սադոկի որդու՝ Աքիմաասի+ պես է վազում»: Թագավորն էլ պատասխանեց. «Նա լավ մարդ է, լավ լուրով է գալիս»: 28  Աքիմաասը, թագավորին դիմելով, բացականչեց. «Ամեն ինչ լա՛վ է»: Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Թող փառավորվի քո Աստված Եհովան, ով իմ տեր թագավորի ձեռքը հանձնեց այն մարդկանց, որոնք ապստամբել* էին նրա դեմ»:+ 29  Թագավորը հարցրեց. «Որդիս՝ Աբիսողոմը, ողջ-առո՞ղջ է»: Աքիմաասը պատասխանեց. «Ես մեծ իրարանցում տեսա, երբ Հովաբը ինձ և թագավորի մեկ այլ ծառայի ուղարկում էր, բայց չիմացա, թե ինչի պատճառով էր»:+ 30  Թագավորն ասաց. «Մի կողմ անցիր ու կանգնիր այստեղ»: Նա էլ մի կողմ անցավ ու կանգնեց: 31  Այդ ժամանակ քուշեցին տեղ հասավ+ ու ասաց. «Լուր ունեմ իմ տեր թագավորի համար. այսօր Եհովան արդարություն իրագործեց՝ ազատելով քեզ նրանց ձեռքից, ովքեր ապստամբել էին քո դեմ»:+ 32  Բայց թագավորը հարցրեց նրան. «Որդիս՝ Աբիսողոմը, ողջ-առո՞ղջ է»: Քուշեցին պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, թող քո բոլոր թշնամիներին ու նրանց, ովքեր ապստամբել էին քո դեմ և ուզում էին վնասել քեզ, լինի այն, ինչ եղավ այդ երիտասարդին»:+ 33  Այդ լուրը ցնցեց թագավորին: Նա բարձրացավ դարպասի վերնամասում գտնվող սենյակը ու սկսեց լաց լինել: Նա քայլում էր և ասում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս, Աբիսողո՜մ: Երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձեռքը»:
Կամ՝ «մեղմորեն կվարվեք երիտասարդ Աբիսողոմի հետ»:
Բռց.՝ «երկնքի ու երկրի միջև»:
Կամ հնարավոր է՝ «տեգ», «նիզակ»: Բռց.՝ «գավազան»:
Բռց.՝ «շրջանի»: Այսինքն՝ այն տարածքի, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:
Բռց.՝ «իրենց ձեռքը բարձրացրել»: