2 Սամուել 19։1-43

  • Դավիթը սուգ է անում Աբիսողոմի համար (1-4)

  • Հովաբը սաստում է Դավթին (5-8ա)

  • Դավիթը վերադառնում է Երուսաղեմ (8բ-15)

  • Սեմեին ներում է խնդրում (16-23)

  • Պարզ է դառնում, որ Մեմփիբոսթեն անմեղ է (24-30)

  • Բերզելին պատվի է արժանանում (31-40)

  • Վիճաբանություն՝ ցեղերի միջև (41-43)

19  Հովաբին տեղեկացրին. «Թագավորը լաց է լինում ու սուգ է անում Աբիսողոմի համար»:+  Եվ հաղթանակի* օրը բոլոր զինվորների համար սգի վերածվեց, որովհետև նրանք լսեցին, որ թագավորը ողբ է անում իր որդու համար:  Այդ օրը զորքը լուռ վերադարձավ քաղաք,+ ինչպես որ ռազմի դաշտից փախած ամոթահար զորքն է վերադառնում:  Թագավորը ծածկել էր երեսը և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս»:+  Հովաբը գնաց թագավորի տուն ու նրան ասաց. «Դու այսօր ամոթով թողեցիր քո բոլոր զինվորներին, որոնք փրկեցին քո կյանքը, քո որդիների,+ դուստրերի,+ կանանց ու հարճերի կյանքը:+  Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին: Այսօր դու հստակ ցույց տվեցիր, որ քո զորագլուխներն ու զինվորները քեզ համար ոչինչ են: Ես համոզված եմ, որ եթե այսօր միայն Աբիսողոմը ողջ մնար, իսկ մենք բոլորս մահանայինք, դա քեզ չէր տխրեցնի:  Հիմա վե՛ր կաց, դո՛ւրս արի և քաջալերի՛ր զինվորներիդ,* որովհետև, Եհովայով եմ երդվում, եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մի մարդ անգամ չի մնա: Եվ դա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որոնք վրա են հասել քեզ պատանեկությունիցդ ի վեր»:  Այս խոսքերից հետո թագավորը վեր կացավ ու նստեց քաղաքի դարպասի մոտ: Ամբողջ ժողովրդին տեղեկացրին. «Թագավորը նստած է դարպասի մոտ»: Եվ ժողովուրդը հավաքվեց նրա առաջ: Մնացած իսրայելացիները,* սակայն, փախել էին, ամեն մեկը՝ իր տուն:+  Իսրայելի բոլոր ցեղերում մարդիկ վիճում էին ու ասում. «Թագավորը մեզ փրկել է մեր թշնամիներից,+ ազատել է փղշտացիների ձեռքից, բայց հիմա նա Աբիսողոմի պատճառով երկրից փախել է:+ 10  Իսկ Աբիսողոմը, որին թագավոր օծեցինք,+ զոհվել է պատերազմում:+ Ուրեմն ինչո՞ւ ոչինչ չեք անում թագավորին հետ բերելու համար»: 11  Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադոկ+ և Աբիաթար+ քահանաների մոտ, որ նրանց ասի. «Խոսեք Հուդայի երեցների+ հետ և ասեք նրանց. «Իմ տուն լուր է հասել, որ ողջ Իսրայելն ուզում է հետ բերել ինձ: Ինչո՞ւ դուք պետք է վերջինը լինեք թագավորին արքունիք վերադարձնողների մեջ: 12  Դուք իմ եղբայրներն եք՝ իմ միսն ու արյունը:* Ինչո՞ւ պետք է վերջինը լինեք թագավորին վերադարձնողների մեջ»: 13  Իսկ Ամեսային+ ասեք. «Դու իմ միսն ու արյունը չե՞ս: Թող Աստված խստորեն պատժի ինձ, եթե Հովաբի փոխարեն այսուհետ դու չլինես իմ զորքի հրամանատարը»»:+ 14  Նա շահեց Հուդայի բոլոր մարդկանց սրտերը,* և նրանք թագավորին այս լուրն ուղարկեցին. «Վերադարձեք թե՛ դու և թե՛ քո բոլոր մարդիկ»: 15  Թագավորը ճանապարհ ընկավ ու հասավ Հորդանան: Հուդայի բնակիչները գնացին Գաղգաղա,+ որ դիմավորեն և ուղեկցեն նրան, երբ նա անցնի Հորդանանը: 16  Այդ ժամանակ Բենիամինյաններից Սեմեին՝+ Գերայի որդին, որը Բահուրիմից էր, Հուդայի մարդկանց հետ շտապ գնաց Դավիթ թագավորին դիմավորելու. 17  նրա հետ Բենիամինի ցեղից 1 000 մարդ կար: Սիբան՝+ Սավուղի տան սպասավորը, իր 15 որդիների և 20 ծառաների հետ նույնպես շտապ գնաց Հորդանան՝ թագավորին դիմավորելու: 18  Նա* անցավ ծանծաղուտը, որպեսզի թագավորի տան անդամներին օգնի անցնել գետը և անի այն, ինչ թագավորը կցանկանա: Երբ Դավիթը պատրաստվում էր անցնել Հորդանանը, Գերայի որդի Սեմեին ընկավ նրա ոտքերի առաջ 19  և ասաց. «Թող իմ տերը ների ինձ ու չհիշի այն չարիքը, որ ծառադ գործեց+ այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս եկավ Երուսաղեմից, և թող թագավորը չպահի դա իր սրտում: 20  Քո ծառան լավ գիտի, որ մեղք է գործել, դրա համար էլ այսօր Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ իմ տեր թագավորին դիմավորելու»: 21  Այդ ժամանակ Շարուհեայի որդի+ Աբեսսան+ ասաց. «Մի՞թե Սեմեին չպետք է մեռնի այն բանի համար, որ անիծել է Եհովայի օծյալին»:+ 22  Բայց Դավիթը պատասխանեց. «Ձեր ի՞նչ գործն է, Շարուհեայի՛ որդիներ:+ Ինչո՞ւ եք ուզում այսօր իմ կամքին հակառակ գործել: Մի՞թե այսօր Իսրայելում ինչ-որ մեկը պետք է սպանվի. չէ՞ որ ես կրկին Իսրայելի թագավորն եմ»: 23  Հետո թագավորն ասաց Սեմեիին. «Դու չես մեռնի»: Եվ երդում տվեց նրան:+ 24  Սավուղի թոռ Մեմփիբոսթեն+ նույնպես գնաց թագավորին դիմավորելու: Թագավորի հեռանալու օրվանից մինչև այն օրը, երբ նա խաղաղությամբ վերադարձավ, Մեմփիբոսթեն իր ոտքերը չէր լվացել,* բեղերը չէր կտրել և հագուստը չէր լվացել: 25  Երբ նա գնաց Երուսաղեմ՝* թագավորին դիմավորելու, թագավորը հարցրեց նրան. «Մեմփիբոսթե՛, ինչո՞ւ չեկար ինձ հետ»: 26  Նա էլ պատասխանեց. «Ո՛վ իմ տեր թագավոր, իմ ծառան+ խաբեց ինձ: Քանի որ ես* կաղ եմ, ասացի. «Էշս թամբիր, որ հեծնեմ ու գնամ թագավորի հետ»:+ 27  Իսկ նա զրպարտեց ծառայիդ իմ տեր թագավորի առաջ,+ բայց իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի պես է: Ուստի արա այն, ինչը ճիշտ ես համարում: 28  Իմ տեր թագավորը կարող էր հորս տան բոլոր անդամներին մահվան դատապարտել, բայց փոխարենը դու ծառայիդ տեղ տվեցիր քեզ հետ սեղան նստողների մեջ:+ Այս ամենից հետո ի՞նչ իրավունք ունեմ որևէ բան պահանջելու թագավորից»: 29  Սակայն թագավորն ասաց նրան. «Բավակա՛ն է՝ խոսես այդ մասին: Ես որոշել եմ, որ դու և Սիբան ձեր մեջ բաժանեք արտը»:+ 30  Մեմփիբոսթեն պատասխանեց. «Թող նա ամբողջը վերցնի: Ինձ համար բավական է այն, որ իմ տեր թագավորը խաղաղությամբ իր տուն է վերադարձել»: 31  Գաղաադցի Բերզելին+ Ռոգելիմից գնաց Հորդանանի շրջան, որ թագավորին ուղեկցի մինչև Հորդանան գետը: 32  Բերզելին շատ ծեր էր՝ 80 տարեկան: Երբ թագավորը բնակվում էր Մանայիմում, նա սննդով էր ապահովում նրան,+ քանի որ շատ հարուստ մարդ էր: 33  Թագավորն ասաց Բերզելիին. «Անցիր ինձ հետ գետը և Երուսաղեմում միշտ իմ սեղանից հաց կուտես»:+ 34  Սակայն Բերզելին պատասխանեց թագավորին. «Քանի՞ տարի է ինձ մնացել ապրելու, որ թագավորի հետ Երուսաղեմ գնամ: 35  Հիմա ես 80 տարեկան եմ:+ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել: Մի՞թե ծառադ կարող է իր կերածի ու խմածի համը զգալ կամ երգիչների ու երգչուհիների ձայնը լսել:+ Ինչո՞ւ ծառադ իմ տեր թագավորի համար բեռ դառնա: 36  Ծառայիդ համար արդեն իսկ բավական է այն, որ կարողացավ թագավորին ուղեկցել մինչև Հորդանան: Ինչի՞ համար թագավորը այդպիսի վարձատրություն տա ինձ: 37  Թույլ տուր՝ ծառադ վերադառնա, որ իր քաղաքում մեռնի, որտեղ իր հոր ու մոր գերեզմանն է:+ Բայց ահա քո ծառա Քամաամը.+ թող նա գնա իմ տեր թագավորի հետ, և նրա համար արա այն, ինչը հաճելի է քեզ»: 38  Թագավորն էլ պատասխանեց. «Թող Քամաամը ինձ հետ գա, ու ես նրա համար կանեմ այն, ինչը հաճելի է քեզ, և ինչ որ խնդրես ինձնից, կանեմ քեզ համար»: 39  Այսպիսով՝ ամբողջ ժողովուրդը սկսեց անցնել Հորդանանը, և երբ թագավորը պատրաստվում էր անցնել գետը, համբուրեց Բերզելիին+ և օրհնեց նրան, ինչից հետո Բերզելին վերադարձավ տուն: 40  Երբ թագավորը գետն անցավ, որ գնա Գաղգաղա,+ Քամաամն էլ անցավ նրա հետ: Թագավորին ուղեկցում էին Հուդայի ողջ ժողովուրդն ու իսրայելացիների կեսը:+ 41  Մյուս իսրայելացիները եկան թագավորի մոտ ու ասացին. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Հուդայի մարդիկ, առանց մեր իմացության տարան* մեր թագավորին և նրան, նրա տան անդամներին ու նրա բոլոր մարդկանց անցկացրին Հորդանանը»:+ 42  Հուդայի մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Որովհետև թագավորը մեր ազգականն է:+ Ինչո՞ւ եք զայրանում: Մենք ինչ-որ բա՞ն ենք կերել թագավորի հաշվին, կամ մի՞թե նա մեզ նվեր է տվել»: 43  Սակայն իսրայելացիները ասացին Հուդայի մարդկանց. «Մենք թագավորության մեջ տասը ցեղ ենք, ուստի Դավթի նկատմամբ ավելի շատ իրավունք ունենք, քան դուք: Ինչո՞ւ մեզ արհամարհեցիք: Չպե՞տք է արդյոք առաջինը մենք գնայինք հետ բերելու մեր թագավորին»: Բայց Հուդայի մարդկանց փաստարկները իսրայելացիների փաստարկներից ավելի համոզիչ էին:*

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկության»:
Բռց.՝ «խոսի՛ր ծառաներիդ սրտով»:
Այսինքն՝ նրանք, ովքեր աջակցել էին Աբիսողոմին:
Բռց.՝ «իմ ոսկորն ու իմ միսը»:
Կամ՝ «Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք»:
Եբր. այս արտահայտությունը կարող է վերաբերել նաև ոտքի եղունգները կտրելուն:
Կամ հնարավոր է՝ «Երուսաղեմից»:
Բռց.՝ «ծառադ»:
Բռց.՝ «գողացան»:
Բռց.՝ «Հուդայի մարդկանց խոսքը իսրայելացիների խոսքից ավելի խիստ էր»: