2 Սամուել 2։1-32
2 Հետո Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ Հուդայի քաղաքներից մեկը»: Եհովան պատասխանեց. «Գնա՛»: Դավիթը հարցրեց. «Ո՞ւր գնամ»: Նա ասաց. «Քեբրոն»:+
2 Ուստի Դավիթը իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի+ և Աբիգեայի՝+ կարմեղոսցի Նաբաղի այրու հետ գնաց այնտեղ:
3 Դավիթը նաև իր մարդկանց տարավ իրենց ընտանիքներով,+ և նրանք բնակվեցին Քեբրոնում ու շրջակա քաղաքներում:
4 Հետո Հուդայի ցեղից որոշ տղամարդիկ եկան և այնտեղ Դավթին օծեցին որպես Հուդայի տան թագավոր:+
Դավթին ասացին. «Սավուղին Հաբիս-Գաղաադի բնակիչներն են թաղել»:
5 Դավիթն էլ պատգամաբերներ ուղարկեց Հաբիս-Գաղաադի բնակիչների մոտ, որ ասեն. «Թող Եհովան օրհնի ձեզ, քանի որ սեր ու նվիրվածություն* ցուցաբերեցիք ձեր տիրոջ՝ Սավուղի նկատմամբ՝ թաղելով նրան:+
6 Թող Եհովան սեր ու նվիրվածություն,* ինչպես նաև հավատարմություն դրսևորի ձեր հանդեպ: Ես էլ իմ հերթին բարություն կդրսևորեմ ձեր հանդեպ, քանի որ դուք արեցիք այդ բանը:+
7 Ձեր տերը՝ Սավուղը, զոհվել է, և Հուդայի ցեղը ինձ է թագավոր օծել: Եվ հիմա զորացե՛ք ու քա՛ջ եղեք»:
8 Բայց Սավուղի զորագլուխ Աբեները՝+ Ների որդին, Սավուղի որդի Հեբուսթեին+ տարել էր Մանայիմ՝+ Հորդանան գետի մյուս կողմը,
9 և դարձրել էր Գաղաադի,+ ասուրացիների, Հեզրայելի,+ Եփրեմի+ ու Բենիամինի՝ ամբողջ Իսրայելի թագավորը:
10 Հեբուսթեն՝ Սավուղի որդին, 40 տարեկան էր, երբ սկսեց թագավորել Իսրայելի վրա: Նա իշխեց երկու տարի: Սակայն Հուդայի ցեղը Դավթին էր աջակցում:+
11 Դավիթը Քեբրոնում Հուդայի տան վրա թագավորեց յոթ տարի և վեց ամիս:+
12 Որոշ ժամանակ անց Աբեները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի մարդիկ Մանայիմից+ գնացին Գաբաոն:+
13 Շարուհեայի+ որդին՝ Հովաբը,+ և Դավթի մարդիկ նույնպես գնացին Գաբաոն ու ավազանի մոտ հանդիպեցին նրանց: Մի խումբը նստեց ավազանի մի կողմում, իսկ մյուս խումբը՝ մյուս կողմում:
14 Հետո Աբեներն ասաց Հովաբին. «Թող երիտասարդ տղաները վեր կենան ու կռվեն* մեր առաջ»: Հովաբը պատասխանեց. «Թող վեր կենան»:
15 Ուստի ընտրեցին 12 Բենիամինյան՝ Հեբուսթեի՝ Սավուղի որդու կողմից, ու 12 հոգի՝ Դավթի մարդկանցից, և նրանք դեմ առ դեմ շարվեցին, որ կռվեն:
16 Իրար դեմ կռվողները բռնեցին միմյանց գլուխներից, և ամեն մեկն իր սուրը հակառակորդի կողը խրեց. բոլորը մեռան: Ուստի այդ տեղը, որը Գաբաոնում է, Քելկաթ-Ասուրիմ* կոչվեց:
17 Այդ օրը կատաղի մարտ տեղի ունեցավ, և ի վերջո Դավթի մարդիկ պարտության մատնեցին Աբեներին ու իսրայելացիներին:
18 Այնտեղ էին Հովաբը,+ Աբեսսան+ և Ասայելը՝+ Շարուհեայի երեք որդիները:+ Ասայելը արագավազ էր. նա վազում էր, ինչպես այծեղջերուն՝ բաց դաշտում:
19 Ասայելն ընկավ Աբեների հետևից և նրան հետապնդելիս աջ կամ ձախ չշեղվեց:
20 Աբեները հետ նայեց ու հարցրեց. «Այդ դո՞ւ ես, Ասայե՛լ»: Նա էլ պատասխանեց. «Ես եմ»:
21 Աբեներն ասաց նրան. «Աջ կամ ձախ գնա, բռնիր երիտասարդներից մեկին և ինչ որ ունի, քեզ վերցրու»: Բայց Ասայելը չցանկացավ դադարեցնել հետապնդումը:
22 Աբեները կրկին ասաց Ասայելին. «Մի՛ հետապնդիր ինձ: Ինչո՞ւ ես ինձ ստիպում սպանել քեզ: Հետո ինչպե՞ս եմ նայելու եղբորդ՝ Հովաբի աչքերին»:
23 Բայց Ասայելը կանգ չառավ: Այդ ժամանակ Աբեները նիզակի հետևի ծայրը խրեց նրա որովայնը+ այնպես, որ նիզակը մյուս կողմից դուրս եկավ. նա ընկավ ու տեղում մեռավ: Ովքեր անցնում էին Ասայելի դիակի կողքով, կանգ էին առնում:
24 Հովաբն ու Աբեսսան Աբեների հետևից ընկան: Երբ արևը մայր էր մտնում, նրանք մոտեցան Ամմա բլրին, որ Գիայի դիմաց է՝ Գաբաոնի անապատի ճանապարհին:
25 Բենիամինյանները համախմբվեցին Աբեների շուրջը և դիրքավորվեցին մի բլրի վրա:
26 Աբեները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրը անվերջ խժռելու է: Մի՞թե չգիտես, որ սա դառը հետևանք է ունենալու: Դեռ ինչքա՞ն պետք է անցնի, որ քո մարդկանց հրամայես՝ դադարեն իրենց եղբայրներին հետապնդել»:
27 Հովաբն էլ ասաց. «Երդվում եմ ճշմարիտ Աստծու գոյությամբ. եթե դու չխոսեիր, մարդիկ միայն առավոտյան կողմ կդադարեին իրենց եղբայրներին հետապնդել»:
28 Այդ ժամանակ Հովաբը հնչեցրեց եղջերափողը, և նրա մարդիկ այլևս չհետապնդեցին իսրայելացիներին. կռիվը դադարեց:
29 Աբեներն ու իր մարդիկ ամբողջ գիշեր քայլեցին Արաբայի+ հովտով, հետո անցան Հորդանանը և կտրելով ողջ կիրճը՝* վերջապես հասան Մանայիմ:+
30 Երբ Հովաբը դադարեց հետապնդել Աբեներին, բոլոր մարդկանց մեկտեղ հավաքեց: Ասայելից բացի՝ Դավթի մարդկանցից զոհվել էր ևս 19 հոգի:
31 Բայց Դավթի մարդիկ պարտության էին մատնել Բենիամինյաններին ու Աբեների մարդկանց. նրանցից սպանվել էր 360 հոգի:
32 Ասայելի+ դին տարան Բեթլեհեմ+ ու թաղեցին իր հոր գերեզմանում: Դրանից հետո Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր քայլեցին և լուսաբացին հասան Քեբրոն:+
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Կամ՝ «մրցեն»:
^ Նշանակում է «կայծքարե դանակների դաշտ»:
^ Կամ հնարավոր է՝ «ողջ Բեթրոնը»: