2 Սամուել 3։1-39

  • Դավթի տունը գնալով հզորանում է (1)

  • Դավթի որդիները (2-5)

  • Աբեները Դավթի կողմն է անցնում (6-21)

  • Հովաբը սպանում է Աբեներին (22-30)

  • Դավիթը սգում է Աբեների մահը (31-39)

3  Պատերազմը Սավուղի տան և Դավթի տան միջև շարունակվեց երկար ժամանակ. Դավիթը գնալով հզորանում էր,+ իսկ Սավուղի տունը՝ թուլանում:+  Քեբրոնում ապրելու ընթացքում Դավիթը որդիներ ունեցավ:+ Նրա առաջնեկը Ամնոնն էր,+ որի մայրը հեզրայելացի Աքինոամն էր:+  Երկրորդը Քիլաբն էր, որին ծնել էր Աբիգեան՝+ կարմեղոսցի Նաբաղի այրին: Երրորդը Աբիսողոմն էր.+ նրան ծնել էր Մաաքան՝ Գեսուրի թագավոր Թոլմիի+ դուստրը:  Չորրորդը Ադոնիան էր,+ որի մայրը Ագգիթն էր: Հինգերորդը Սափատիան էր. նրան ծնել էր Աբիտալը:  Վեցերորդը Եթրամն էր, որին ծնել էր Էգլան. նա նույնպես Դավթի կինն էր: Դավիթն իր այս որդիներին ունեցավ Քեբրոնում:  Մինչ Սավուղի տան ու Դավթի տան միջև պատերազմը շարունակվում էր, Աբեները+ Սավուղի տանը իր դիրքն էր ամրապնդում:  Սավուղը Ռեսփա անունով մի հարճ էր ունեցել,+ որը Այիայի դուստրն էր: Մի անգամ Հեբուսթեն+ ասաց Աբեներին. «Ինչո՞ւ ես հարաբերություն ունեցել հորս հարճի հետ»:+  Աբեները խիստ բարկացավ Հեբուսթեի խոսքերից և ասաց. «Մի՞թե ես Հուդայից մի շուն* եմ: Մինչև հիմա ես հավատարիմ սեր եմ ցուցաբերել քո հոր՝ Սավուղի տան, նրա եղբայրների ու ընկերների հանդեպ և քեզ Դավթի ձեռքը չեմ մատնել, իսկ դու այսօր մի կնոջ համար մեղադրում ես ինձ:  Թող Աստված խստորեն պատժի* Աբեներին, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Եհովան երդվել է նրան.+ 10  նա երդվել է թագավորությունը Սավուղի տնից վերցնել ու Դավթի գահը հաստատել Իսրայելի և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»:+ 11  Հեբուսթեն մի բառ անգամ չհամարձակվեց ասել Աբեներին, քանի որ վախենում էր նրանից:+ 12  Աբեներն անմիջապես պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ, որ ասեն նրան. «Ո՞ւմն է այս երկիրը: Ինձ հետ դաշինք կապիր, և ես ձեռքիցս եկածը կանեմ, որ ամբողջ Իսրայելին քո կողմը դարձնեմ»:+ 13  Ի պատասխան՝ Դավիթն ասաց. «Լա՛վ, ես դաշինք կկապեմ քեզ հետ, բայց մի բան պետք է անես. երբ գաս ինձ տեսնելու, հետդ բեր Սավուղի աղջկան՝ Մեղքողին,+ այլապես չփորձես իմ առաջ ներկայանալ»: 14  Դրանից հետո Դավիթը պատգամաբերներ ուղարկեց Հեբուսթեի՝+ Սավուղի որդու մոտ՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կնոջը՝ Մեղքողին, որի հետ նշանվեցի փղշտացիների 100 թլիփի դիմաց»:+ 15  Ուստի Հեբուսթեն Մեղքողին բերել տվեց նրա ամուսնու՝ Լայիսի որդի Փալտիելի+ մոտից: 16  Փալտիելը Մեղքողի հետևից գնաց մինչև Բահուրիմ+ և ամբողջ ճանապարհին լաց եղավ: Հետո Աբեներն ասաց նրան. «Հե՛տ դարձիր»: Եվ նա հետ դարձավ: 17  Այդ ընթացքում Աբեները Իսրայելի երեցներին այս խոսքերը հաղորդեց. «Արդեն երկար ժամանակ է՝ դուք ուզում եք Դավթին ձեր թագավորը դարձնել: 18  Ուստի հիմա գործի՛ անցեք: Չէ՞ որ Եհովան ասել է Դավթին. «Իմ ծառա Դավթի+ միջոցով ես կփրկեմ ժողովրդիս՝ Իսրայելին, փղշտացիների և մյուս բոլոր թշնամիների ձեռքից»»: 19  Դրանից հետո Աբեները խոսեց Բենիամինյանների+ հետ: Նա նաև գնաց Դավթի մոտ՝ Քեբրոն, որպեսզի առանձին խոսի Դավթի հետ ու ասի նրան, թե Իսրայելը և Բենիամինի ամբողջ ցեղը ինչ համաձայնության են եկել: 20  Երբ Աբեները 20 մարդկանցով եկավ Դավթի մոտ՝ Քեբրոն, Դավիթը Աբեների և նրա մարդկանց համար խնջույք կազմակերպեց: 21  Աբեներն ասաց Դավթին. «Տե՛ր իմ թագավոր, թույլ տուր՝ գնամ ու ամբողջ Իսրայելին հավաքեմ քեզ մոտ, որ նրանք դաշինք կապեն քեզ հետ, և դու թագավորես ողջ ազգի վրա, ինչպես և ցանկանում ես»: Դավիթն էլ թողեց, որ Աբեները խաղաղությամբ հեռանա: 22  Այդ ժամանակ Հովաբն ու Դավթի մարդիկ վերադարձան արշավանքից՝ իրենց հետ մեծ ավար բերելով: Աբեներն արդեն Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը թողել էր, որ նա գնա խաղաղությամբ: 23  Երբ Հովաբն+ իր ողջ զորքով եկավ, նրան տեղեկացրին. «Ների+ որդի Աբեները+ եկել էր թագավորի մոտ, և թագավորը թողեց, որ նա խաղաղությամբ գնա»: 24  Մտնելով Դավթի մոտ՝ Հովաբն ասաց նրան. «Այդ ի՞նչ ես արել: Աբեները եկել էր քեզ մոտ, իսկ դու հեշտ ու հանգիստ թողեցիր, որ գնա՞: 25  Դու լավ գիտես Ների որդի Աբեներին: Նա եկել էր, որ խաբի քեզ, իմանա քո ամեն մի քայլը և տեղեկանա քո բոլոր գործերի մասին»: 26  Դավթին տեսնելուց հետո Հովաբը գնաց ու մարդիկ ուղարկեց Աբեների հետևից, և նրանք Սիրա ջրամբարի մոտից նրան հետ դարձրին: Բայց Դավիթը ոչինչ չգիտեր այդ մասին: 27  Երբ Աբեները վերադարձավ Քեբրոն,+ Հովաբը նրան մի կողմ տարավ՝ դարպասներից ներս, որ նրա հետ առանձին խոսի: Բայց այնտեղ նա խոցեց Աբեների որովայնը, և նա մեռավ:+ Այդպես Հովաբը վրեժ առավ նրանից իր եղբոր՝ Ասայելի սպանության* համար:+ 28  Ավելի ուշ, երբ Դավիթը լսեց այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Աբեների սպանության համար Եհովայի առաջ ոչ մի առումով արյունապարտ+ չենք: 29  Թող մեղքը Հովաբի ու նրա հոր ամբողջ տան վրա լինի,+ և թող Հովաբի տնից անպակաս լինեն արտահոսում+ ունեցողը, բորոտը,+ իլիկ պտտող տղամարդը,* սրով սպանվածը և հացի կարիք ունեցողը»:+ 30  Այսպիսով՝ Հովաբն ու իր եղբայրը՝ Աբեսսան,+ սպանեցին Աբեներին,+ քանի որ նա Գաբաոնում պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին:+ 31  Դավիթը Հովաբին ու նրա բոլոր մարդկանց պատվիրեց. «Պատռե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք Աբեների համար»: Ինքը՝ Դավիթ թագավորը, գնում էր պատգարակի հետևից: 32  Աբեներին թաղեցին Քեբրոնում: Թագավորը բարձր ձայնով լաց եղավ նրա գերեզմանի մոտ: Ամբողջ ժողովուրդը նույնպես լաց եղավ: 33  Թագավորը Աբեների համար ողբերգ երգեց. «Մի՞թե Աբեները անմիտ մարդու մահով պետք է մեռներ: 34  Քո ձեռքերը կապված չէին,Եվ քո ոտքերը ոտնաշղթաների* մեջ չէին: Դու ընկար ինչպես հանցագործների* զոհ»:+ Եվ ժողովուրդը դարձյալ լաց եղավ նրա համար: 35  Ավելի ուշ, քանի դեռ ցերեկ էր, Դավթի բոլոր մարդիկ եկան նրա մոտ, որպեսզի նրան հաց տան ուտելու, որ նա մխիթարվի,* բայց նա երդվեց՝ ասելով. «Աստված թող խստորեն պատժի ինձ, եթե մինչև մայրամուտ հաց կամ ուրիշ բան ուտեմ»:+ 36  Բոլորը տեսան, թե թագավորն ինչպես արձագանքեց, և դա նրանց դուր եկավ, ինչպես որ նրա արած բոլոր բաներն էին նրանց դուր գալիս: 37  Այդ օրը Դավթի բոլոր մարդիկ ու ողջ Իսրայելը հասկացան, որ թագավորը պատասխանատու չէ Ների որդու՝ Աբեների սպանության համար:+ 38  Թագավորն ասաց իր ծառաներին. «Դուք գիտեք, թե այսօր ով ընկավ Իսրայելում. մի իշխան և մի մեծ մարդ:+ 39  Թեև թագավոր եմ օծված,+ սակայն այսօր ես անզոր եմ այս մարդկանց՝ Շարուհեայի որդիների դեմ,+ քանի որ նրանք չափազանց դաժան են:+ Թող Եհովան չարագործին հատուցի նրա չարության համաձայն»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «շան գլուխ»:
Բռց.՝ «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:
Բռց.՝ «արյան»:
Հավանաբար, խոսքը հաշմանդամ տղամարդու մասին է, որը ստիպված է կանացի գործ անել:
Բռց.՝ «պղնձի»:
Բռց.՝ «անարդարության որդիների»:
Կամ՝ «որպեսզի նրան սգո հաց տան»: