2 Սամուել 7։1-29

  • Տաճարը Դավի՛թը չի կառուցելու (1-7)

  • Դավթի հետ ուխտ է կապվում թագավորության համար (8-17)

  • Դավթի շնորհակալական աղոթքը (18-29)

7  Այն բանից հետո, երբ թագավորը սկսեց բնակվել իր պալատում,+ ու Եհովան խաղաղություն տվեց նրան՝ ազատելով շրջակայքում ապրող բոլոր թշնամիներից,  թագավորն ասաց Նաթան+ մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված պալատում,+ մինչդեռ ճշմարիտ Աստծու տապանակը վրանում է»:+  Ի պատասխան՝ Նաթանն ասաց թագավորին. «Գնա և ինչ որ մտադրել ես, արա, որովհետև Եհովան քեզ հետ է»:+  Հենց այդ գիշեր Եհովան իր խոսքը հայտնեց Նաթանին՝ ասելով.  «Գնա և իմ ծառա Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դո՞ւ պետք է ինձ համար տուն կառուցես, որ բնակվեմ այնտեղ:+  Այն օրից ի վեր, երբ իսրայելացիներին* հանեցի Եգիպտոսից, ես տան մեջ չեմ բնակվել, այլ վրանով ու խորանով+ եմ տեղից տեղ գնացել:+  Այն ողջ ընթացքում, երբ իսրայելացիների հետ շրջում էի, մի՞թե Իսրայելի ցեղերի առաջնորդներին, որոնց նշանակել էի հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, երբևէ հարցրել եմ, թե ինչու ինձ համար մայրու փայտից տուն չեն կառուցել»»:  Իմ ծառա Դավթին նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երբ դու, արոտավայրերում հոտի հետևից գնալով,+ հովվում էիր այն, ես քեզ վերցրի և իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձրի:+  Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ գնաս,+ քո առջևից ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներիդ+ և քո անունը երկրի մեծամեծների անվան պես հայտնի եմ դարձնելու:+ 10  Իմ ժողովրդի՝ Իսրայելի համար բնակվելու տեղ եմ ընտրելու: Նա ապրելու է այնտեղ, և նրան այլևս չեն անհանգստացնելու: Չարագործները էլ չեն ճնշելու նրան, ինչպես անում էին առաջ՝+ 11  սկսած այն օրից, երբ դատավորներ նշանակեցի+ իմ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդելու համար: Ես խաղաղություն եմ տալու քեզ՝ ազատելով քո բոլոր թշնամիներից:+ Եհովան նաև ասել է քեզ, որ Եհովան քեզ համար տուն* է կառուցելու:+ 12  Երբ կյանքդ իր ավարտին հասնի,+ և դու հանգչես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդուն,* թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորությունը:+ 13  Նա է իմ անվան համար տուն կառուցելու,+ և ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 14  Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Եվ եթե նա սխալ բան անի, նախատելու եմ նրան* և հարվածներով պատժելու եմ, ինչպես մարդիկ* են անում:+ 15  Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան, ինչպես որ զրկեցի Սավուղին,+ ում հեռացրի քո ճանապարհից: 16  Քո տունը և թագավորական իշխանությունը հավիտյան կանգուն են լինելու քո առաջ: Քո գահը ընդմիշտ հաստատուն է լինելու»»»:+ 17  Նաթանը Դավթին պատմեց տեսիլքը և հաղորդեց դրանում ասված այս խոսքերը:+ 18  Այդ ժամանակ Դավիթ թագավորը գնաց, նստեց Եհովայի առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Գերիշխա՛ն Տեր Եհովա, և ինչո՞վ է առանձնահատուկ իմ ընտանիքը,* որ դու այսքան բան ես արել ինձ համար:+ 19  Ասես դա էլ բավական չէ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դու նաև խոսում ես ծառայիդ տան հեռավոր ապագայի մասին: Եվ քո ասածը, Գերիշխա՛ն Տեր Եհովա, օրենք* է ողջ մարդկության համար: 20  Ուրիշ ի՞նչ կարող է ասել քո ծառա Դավիթը. չէ՞ որ դու շատ լավ ես ճանաչում ինձ,+ ո՛վ Գերիշխան Տեր Եհովա: 21  Դու արեցիր այս բոլոր մեծամեծ բաները և դրանց մասին հայտնեցիր ծառայիդ,+ որ պահես խոստումդ ու գործես կամքիդ* համաձայն: 22  Իրոք որ, դու մեծ ես,+ ո՛վ Գերիշխան Տեր Եհովա: Քեզ նմանը չկա,+ և քեզնից բացի ուրիշ Աստված չկա.+ այն ամենը, ինչ լսել ենք մեր ականջներով, հաստատում է դա: 23  Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո ժողովրդի՝ Իսրայելի նման:+ Ո՛վ Աստված, դու փրկագնեցիր նրան, որ քո ժողովուրդը լինի,+ և հայտնի դարձրիր քո անունը՝+ նրա համար մեծամեծ և ակնածանք ներշնչող բաներ անելով:+ Դու վռնդեցիր ազգերին ու նրանց աստվածներին հանուն քո ժողովրդի, որին քեզ համար փրկագնեցիր Եգիպտոսից: 24  Իսրայելին առհավետ քո սեփական ժողովուրդը դարձրիր,+ և դու, ո՛վ Եհովա, դարձար նրա Աստվածը:+ 25  Եվ հիմա, Եհո՛վա Աստված, ծառայիդ ու իր տան մասին տվածդ խոստումը հավիտյան թող ուժի մեջ լինի, և խնդրում եմ, արա այն, ինչ խոստացել ես:+ 26  Թող քո անունը հավիտյան մեծարվի,+ որպեսզի մարդիկ ասեն. «Զորքերի տեր Եհովան Իսրայելի Աստվածն է»: Եվ թող ծառայիդ՝ Դավթի տունը ամուր հաստատված լինի քո առջև:+ 27  Ո՛վ Զորքերի տեր Եհովա, Իսրայելի՛ Աստված, դու հայտնեցիր քո ծառային, որ իր համար տուն* ես կառուցելու,+ դրա համար էլ քո ծառան համարձակություն ունեցավ* այս աղոթքով քեզ դիմելու: 28  Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ճշմարիտ Աստվածը: Դու ես խոստացել այս լավ բաները քո ծառային, և քո խոսքերը ճշմարիտ են:+ 29  Ուստի թող քեզ համար հաճելի լինի օրհնել ծառայիդ տունը, և թող այն հավիտյան քո առջև մնա,+ քանի որ դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, խոստացել ես դա, և թող ծառայիդ տունը հավիտյան օրհնված լինի քո օրհնությամբ»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:
Բռց.՝ «նրան, ով առաջ կգա քո ընդերքից»:
Կամ հնարավոր է՝ «Ադամի որդիները»:
Բռց.՝ «նախատելու եմ նրան մարդկանց գավազանով»:
Բռց.՝ «տունը»:
Կամ՝ «պատվեր»:
Կամ՝ «սրտիդ»:
Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:
Բռց.՝ «սիրտ գտավ»: