2 Տարեգրություն 11։1-23

  • Ռոբովամի իշխանությունը (1-12)

  • Հավատարիմ ղևտացիները տեղափոխվում են Հուդա (13-17)

  • Ռոբովամի ընտանիքը (18-23)

11  Երբ Ռոբովամը եկավ Երուսաղեմ, Հուդայի և Բենիամինի ցեղերից+ անմիջապես հավաքեց 180 000 լավ պատրաստված* ռազմիկների, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ և թագավորությունը իրեն վերադարձնեն:+  Այդ ժամանակ Եհովան ասաց Սեմայիային՝+ ճշմարիտ Աստծու մարդուն.  «Հուդայի թագավոր Ռոբովամին՝ Սողոմոնի որդուն, նաև Հուդայի ու Բենիամինի տարածքներում ապրող բոլոր իսրայելացիներին ասա.  «Եհովան ասում է. «Մի՛ գնացեք ու մի՛ պատերազմեք ձեր եղբայրների դեմ: Բոլորդ հետ դարձեք ձեր տները, որովհետև դա իմ կամքով է եղել»»»:+ Նրանք հնազանդվեցին Եհովայի խոսքին և վերադարձան տուն ու չգնացին Հերոբովամի դեմ պատերազմելու:  Ռոբովամը ապրում էր Երուսաղեմում: Նա Հուդայում ամրացված քաղաքներ կառուցեց:  Նա վերակառուցեց* Բեթլեհեմը,+ Եթամը, Թեկուեն,+  Բեթսուրը, Սոքովը,+ Ոդողոմը,+  Գեթը,+ Մարեսան, Զիփը,+  Ադորայիմը, Լաքիսը,+ Ազեկան,+ 10  Սարաան, Այելոնը+ և Քեբրոնը՝+ ամրացված քաղաքներ, որոնք Հուդայի ու Բենիամինի տարածքներում էին: 11  Ռոբովամը ամրացրեց այդ քաղաքները և այնտեղ զորապետներ նշանակեց ու դրանք ապահովեց մթերքով, յուղով ու գինով, 12  ինչպես նաև բոլոր քաղաքներն ապահովեց մեծ վահաններով ու նիզակներով. նա այդ քաղաքները լավ ամրացրեց: Հուդան ու Բենիամինը նրա իշխանության տակ մնացին: 13  Ողջ Իսրայելի քահանաներն ու ղևտացիները եկան Ռոբովամի մոտ ու նրա կողմն անցան: 14  Ղևտացիները թողեցին իրենց արոտավայրերն ու կալվածքները+ ու եկան Հուդա և Երուսաղեմ, որովհետև Հերոբովամն ու նրա որդիները նրանց զրկել էին Եհովայի համար քահանա ծառայելու պատասխանատվությունից:+ 15  Հերոբովամը սրբավայրերում իր քահանաներին նշանակեց,+ որպեսզի պաշտամունք մատուցեն այծանման դևերին*+ և իր պատրաստած հորթերին:+ 16  Իսրայելի բոլոր ցեղերից նրանք, ովքեր ամբողջ սրտով ծառայում* էին Իսրայելի Աստված Եհովային, ղևտացիների հետևից եկան Երուսաղեմ, որպեսզի իրենց հայրերի Աստված Եհովային զոհեր մատուցեն:+ 17  Երեք տարի նրանք ամրապնդեցին Հուդայի թագավորությունը և աջակցեցին Սողոմոնի որդի Ռոբովամին, որովհետև այդ երեք տարվա ընթացքում նրանք հետևեցին Դավթի ու Սողոմոնի թողած օրինակին: 18  Ռոբովամը կնության առավ Մայելեթին, որը Դավթի որդու՝ Հերիմոթի, և Հեսսեի որդի Եղիաբի+ դստեր՝ Աբիհայիլի դուստրն էր: 19  Նա որդիներ ծնեց նրա համար՝ Հեուսին, Սեմարիային ու Զաամին: 20  Հետո Ռոբովամը կնության առավ Մաաքային՝ Աբիսողոմի+ թոռնուհուն: Նա նրա համար ծնեց Աբիային,+ Եթթիին, Զիզային ու Սալոմիթին: 21  Ռոբովամը Մաաքային՝ Աբիսողոմի թոռնուհուն, մյուս կանանցից ու հարճերից ավելի շատ էր սիրում:+ Նա ուներ 18 կին և 60 հարճ, որոնք նրա համար ծնեցին 28 տղա ու 60 աղջիկ: 22  Ռոբովամը Մաաքայի որդի Աբիային գլուխ և առաջնորդ նշանակեց իր եղբայրների մեջ, որովհետև մտադիր էր նրան թագավոր դարձնել: 23  Նա իմաստությամբ վարվեց և իր որդիներից մի քանիսին ուղարկեց Հուդայի ու Բենիամինի շրջաններում գտնվող բոլոր ամրացված քաղաքները,+ նաև նրանց ապահովեց առատ սննդով ու նրանց համար շատ կանայք ընտրեց:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ընտրյալ»:
Կամ՝ «ամրացրեց»:
Բռց.՝ «այծերին»:
Բռց.՝ «փնտրում»: