2 Տարեգրություն 18։1-34

  • Հովսափատի դաշինքը՝ Աքաաբի հետ (1-11)

  • Միքիան մարգարեանում է պարտության մասին (12-27)

  • Աքաաբը սպանվում է Ռամոթ-Գաղաադում (28-34)

18  Հովսափատը շատ հարստություն ու մեծ փառք ուներ,+ սակայն խնամություն արեց Աքաաբի հետ:+  Մի քանի տարի անց նա գնաց Աքաաբի մոտ՝ Սամարիա:+ Աքաաբը նրա և նրա հետ եկած մարդկանց համար մեծ թվով ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ զոհաբերեց: Նա սկսեց համոզել Հովսափատին, որ իր հետ գնա Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու:+  Իսրայելի թագավոր Աքաաբը հարցրեց Հուդայի թագավոր Հովսափատին. «Կգա՞ս ինձ հետ Ռամոթ-Գաղաադ»: Հովսափատն էլ պատասխանեց. «Ինչպես դու, այնպես էլ ես: Իմ ժողովուրդը քո ժողովուրդն է: Մենք կգանք քեզ հետ՝ պատերազմելու»:  Սակայն Հովսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Խնդրում եմ, նախ Եհովայից առաջնորդություն խնդրիր»:+  Ուստի Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ 400 հոգու, և հարցրեց նրանց. «Գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նրանք էլ պատասխանեցին. «Գնացեք, ճշմարիտ Աստված այդ քաղաքը թագավորի ձեռքն է մատնելու»:  Բայց Հովսափատը հարցրեց. «Այստեղ Եհովայի մարգարե չկա՞:+ Եկեք նրա միջոցով էլ Աստծուց առաջնորդություն խնդրենք»:+  Իսրայելի թագավորը պատասխանեց Հովսափատին. «Մի մարդ էլ կա,+ որի միջոցով կարող ենք առաջնորդություն խնդրել Եհովայից: Բայց ես ատում եմ նրան, որովհետև իմ մասին երբեք լավ բաներ չի մարգարեանում, այլ միշտ վատ բաներ է մարգարեանում:+ Նա Ելմայի որդի Միքիան է»: Սակայն Հովսափատն ասաց. «Թագավորը այդպիսի բան թող չասի»:  Ուստի Իսրայելի թագավորը կանչեց մի պալատականի ու պատվիրեց. «Իսկույն այստե՛ղ բեր Ելմայի որդի Միքիային»:+  Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը, արքայական հագուստ հագած, նստել էին իրենց գահերին՝ Սամարիայի դարպասների մուտքի մոտ՝ կալատեղում,* և բոլոր մարգարեները մարգարեանում էին:* 10  Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ սարքեց ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դու սրանցով կխոցես ասորիներին այնքան, մինչև որ բնաջնջես նրանց»»: 11  Մյուս բոլոր մարգարեներն էլ էին նույնը մարգարեանում՝ ասելով. «Գնա Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս:+ Եհովան այդ քաղաքը թագավորի ձեռքը կմատնի»: 12  Պատգամաբերը, որը գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Բոլոր մարգարեները թագավորի համար միաբերան լավ բաներ են կանխատեսում: Թող քո խոսքն էլ նրանց խոսքի պես լինի,+ և դու էլ լավ բան ասա»:+ 13  Բայց Միքիան պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ. ինչ որ իմ Աստվածն ասի, դա էլ ասելու եմ»:+ 14  Երբ նա թագավորի մոտ եկավ, թագավորը հարցրեց. «Մի՛քիա, գնա՞նք Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմելու, թե՞ ոչ»: Նա էլ պատասխանեց. «Գնացեք և հաջողություն կունենաք: Այդ քաղաքը ձեր ձեռքն է մատնվելու»: 15  Այդ խոսքերը լսելով՝ թագավորն ասաց նրան. «Քանի՞ անգամ քեզ երդվել տամ, որ Եհովայի անունից միայն ճշմարտությունն ասես ինձ»: 16  Ուստի Միքիան ասաց. «Տեսնում եմ, որ բոլոր իսրայելացիները հովիվ չունեցող ոչխարների պես ցրված են լեռների վրա:+ Եհովան ասաց. «Նրանք տեր չունեն: Թող ամեն մեկը խաղաղությամբ իր տուն վերադառնա»»: 17  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա իմ մասին լավ բաներ չի մարգարեանա, այլ միայն վատ բաներ կմարգարեանա»:+ 18  Այդ ժամանակ Միքիան ասաց. «Ուրեմն լսիր Եհովայի խոսքը. ես տեսա Եհովային՝ իր գահի վրա նստած,+ և երկնքի ողջ զորքը՝+ նրա աջ ու ձախ կողմերում կանգնած:+ 19  Եհովան հարցրեց. «Ո՞վ կխաբի Իսրայելի թագավոր Աքաաբին, որ նա գնա Ռամոթ-Գաղաադ ու մեռնի այնտեղ»: Մեկը մի բան էր ասում, իսկ մյուսը՝ ուրիշ բան: 20  Ի վերջո մի հրեշտակ*+ եկավ կանգնեց Եհովայի առաջ ու ասաց. «Ե՛ս կխաբեմ նրան»: «Ինչպե՞ս»,– հարցրեց Եհովան: 21  Նա էլ պատասխանեց. «Կգնամ ու այնպես կանեմ, որ նրա բոլոր մարգարեները ստեն»:* Այդ ժամանակ Աստված ասաց. «Դու կխաբես նրան, և դա քեզ կհաջողվի: Գնա ու այդպես արա»: 22  Եվ հիմա Եհովան այնպես է արել, որ քո մարգարեները ստեն,+ բայց Եհովան որոշել է աղետ բերել քեզ վրա»: 23  Այդ պահին Քանանայի որդի Սեդեկիան+ մոտեցավ Միքիային,+ հարվածեց նրա այտին+ ու ասաց. «Ուզում ես ասել, որ Եհովայի ոգին ինձնից հեռացել է ու հիմա քո՞ միջոցով է խոսում»:+ 24  Միքիան պատասխանեց. «Դու դրանում կհամոզվես այն օրը, երբ թաքնվես տան ամենախորքի սենյակում»: 25  Այդ ժամանակ Իսրայելի թագավորը հրամայեց. «Միքիային տարե՛ք ու հանձնե՛ք քաղաքագլուխ Ամոնի ու թագավորի որդի Հովասի ձեռքը: 26  Նրանց ասե՛ք. «Թագավորն ասում է. «Այս մարդուն բանտ գցեք+ և օրաբաժնից քիչ հաց ու ջուր տվեք, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ»»»: 27  Բայց Միքիան ասաց. «Եթե դու վերադառնաս խաղաղությամբ, ուրեմն ինձ հետ Եհովան չի խոսել»:+ Ապա ավելացրեց. «Հիշե՛ք սա բոլորդ»:* 28  Դրանից հետո Իսրայելի թագավորն ու Հուդայի թագավոր Հովսափատը գնացին Ռամոթ-Գաղաադ:+ 29  Իսրայելի թագավորն ասաց Հովսափատին. «Ես այլ հագուստով կգնամ կռվելու, իսկ դու արքայական հագուստդ հագիր»: Իսրայելի թագավորը փոխեց իր հագուստը, և նրանք գնացին ռազմի դաշտ: 30  Ասորիքի թագավորը իր կառքերի ջոկատների հրամանատարներին կարգադրել էր. «Ո՛չ զինվորի, ո՛չ էլ զորքի հրամանատարի* դեմ չպատերազմե՛ք, այլ միայն Իսրայելի թագավորի դե՛մ կպատերազմեք»: 31  Տեսնելով Հովսափատին՝ կառքերի ջոկատների հրամանատարները մտածեցին, թե նա է Իսրայելի թագավորը: Ուստի շրջվեցին, որ նրա դեմ կռվեն: Հովսափատը սկսեց օգնություն կանչել,+ և Եհովան օգնեց նրան. Աստված թշնամիներին իսկույն հեռացրեց նրանից: 32  Երբ կառքերի ջոկատների հրամանատարները հասկացան, որ նա չէ Իսրայելի թագավորը, անմիջապես դադարեցին նրան հետապնդելուց: 33  Մի ռազմիկ նետ արձակեց ու պատահաբար հարվածեց Իսրայելի թագավորին. նետը խրվեց զրահի մասերի միացման տեղը: Թագավորն ասաց իր կառապանին. «Շրջի՛ր կառքը և դո՛ւրս բեր ինձ ռազմի դաշտից, քանի որ ծանր վիրավոր եմ»:+ 34  Ողջ օրը թեժ մարտ ընթացավ: Իսրայելի թագավորին օգնում էին, որ կանգնած մնա մարտակառքում՝ դեմքով դեպի ասորիները: Մինչև երեկո թագավորին կանգնած պահեցին, և մայրամուտին նա մահացավ:+

Ծանոթագրություններ

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Խոսքը մարգարեին բնորոշ պահելաձևի և խոսելաձևի մասին է:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ու ստության ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում»:
Բռց.՝ «բոլո՛ր ժողովուրդներ»:
Բռց.՝ «Ո՛չ փոքրի, ո՛չ էլ մեծի»: