2 Տարեգրություն 23։1-21

  • Հովիադան գործի է անցնում: Հովասը թագավոր է հռչակվում (1-11)

  • Գոթողիան սպանվում է (12-15)

  • Հովիադայի կատարած բարեփոխումները (16-21)

23  Յոթերորդ տարում Հովիադան, քաջությամբ վարվելով, դաշինք կապեց հարյուրապետների՝+ Հերոամի որդի Ազարիայի, Հովհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի ու Զեքրիի որդի Ելիսաֆատի հետ:  Նրանք շրջեցին Հուդայով մեկ, բոլոր քաղաքներից հավաքեցին ղևտացիներին+ և Իսրայելի ազգատոհմերի գլուխներին ու եկան Երուսաղեմ:  Ամբողջ ժողովը ճշմարիտ Աստծու տանը թագավորի հետ ուխտ կապեց,+ ինչից հետո Հովիադան ասաց նրանց. «Հիմա թագավորի որդին է իշխելու՝ համաձայն այն խոստման, որ Եհովան տվել է Դավթի որդիների վերաբերյալ:+  Այսպես արեք. քահանաների և ղևտացիների մեկ երրորդը, որը հերթապահում է+ Շաբաթ օրը, թող դռնապան լինի,+  մեկ երրորդը թող կանգնի թագավորի պալատի+ մուտքի մոտ, մեկ երրորդն էլ՝ Հիմքի դարպասի մոտ: Իսկ մնացած ժողովուրդը թող Եհովայի տան գավիթներում լինի:+  Ոչ մեկին չթողնեք Եհովայի տուն մտնել՝ բացի քահանաներից ու ծառայություն մատուցող ղևտացիներից:+ Միայն նրանք կարող են մտնել, որովհետև սուրբ են, իսկ մյուսները թող Եհովայի առաջ ունեցած իրենց պարտականությունները կատարեն՝ մնալով դրսում:  Ղևտացիները, զենքը ձեռքներին, պետք է կանգնեն թագավորի չորս կողմը և սպանեն ցանկացած մեկի, ով կփորձի տուն մտնել: Թագավորի հետ եղեք, ուր էլ որ նա գնա»:*  Ղևտացիներն ու ամբողջ Հուդան արեցին ճիշտ այնպես, ինչպես Հովիադա քահանան հրամայեց: Այսպիսով՝ ամեն մեկը վերցրեց իր մարդկանց՝ թե՛ Շաբաթ օրը հերթապահություն ունեցողներին,+ թե՛ չունեցողներին. Հովիադա քահանան ոչ մի խմբի+ չէր ազատել հերթապահությունից:  Նա հարյուրապետներին+ տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն* ու կլոր վահանները,+ որոնք ճշմարիտ Աստծու տանն էին:+ 10  Զինված* բոլոր մարդկանց նա կանգնեցրեց իրենց դիրքերում՝ տան աջ կողմից մինչև ձախ կողմը և զոհասեղանի ու տան մոտ, որպեսզի նրանք բոլոր կողմերից պաշտպանեն թագավորին: 11  Հետո թագավորի որդուն+ դուրս բերեցին, նրա գլխին դրեցին թագն ու Վկայությունը*+ և նրան թագավոր հռչակեցին: Երբ Հովիադան և նրա որդիները օծեցին նրան, ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՜ թագավորը»:+ 12  Երբ Գոթողիան լսեց իրարանցման մեջ եղող մարդկանց ձայները և թագավորին ուղղված գովքը, անմիջապես գնաց Եհովայի տուն, որտեղ հավաքվել էր ժողովուրդը:+ 13  Նա տեսավ, որ թագավորը կանգնած է մուտքի մոտ գտնվող սյան* մոտ: Իշխաններն+ ու շեփորահարները կանգնած էին թագավորի կողքին, և երկրի ողջ ժողովուրդը ուրախանում էր+ ու շեփոր հնչեցնում, իսկ երգիչները, երաժշտական գործիքները ձեռքներին, ղեկավարում էին գովաբանական երգերի կատարումը: Այդ ժամանակ Գոթողիան պատռեց իր հագուստներն ու բղավեց. «Դավադրությո՜ւն է: Դավադրությո՜ւն»: 14  Հովիադա քահանան զորքի վրա նշանակված հարյուրապետներին կանչեց ու հրամայեց. «Դո՛ւրս տարեք նրան շարքերի միջից, և ով որ գնա նրա հետևից, սրի՛ քաշեք» (մինչ այդ քահանան ասել էր, որ նրան չսպանեն Եհովայի տանը): 15  Ուստի Գոթողիային բռնեցին, տարան արքունական պալատի Ձիերի դարպասի մուտքի մոտ ու սպանեցին: 16  Այնուհետև Հովիադայի նախաձեռնությամբ իր, ժողովրդի և թագավորի միջև ուխտ կնքվեց, ըստ որի՝ նրանք շարունակելու էին Եհովայի ժողովուրդը լինել:+ 17  Ապա ողջ ժողովուրդը եկավ Բահաղի տուն,* քանդեց այն,+ ջարդուփշուր արեց նրա զոհասեղաններն ու կուռքերը,+ իսկ Բահաղի քահանա Մատթանին զոհասեղանների առաջ սպանեց:+ 18  Դրանից հետո Հովիադան Եհովայի տան ծառայությունը հանձնարարեց քահանաներին ու ղևտացիներին, որոնց Դավիթը խմբերի էր բաժանել, որպեսզի Եհովայի տան մասին հոգ տանեին ու Եհովային ողջակեզներ մատուցեին,+ ինչպես գրված է Մովսեսի օրենքում,+ և դա անեին ցնծությամբ ու երգերով՝ Դավթի սահմանած կարգի համաձայն: 19  Նա նաև դռնապաններ+ կանգնեցրեց Եհովայի տան դարպասների մոտ, որպեսզի ոչ մի անմաքուր մարդ չկարողանար մտնել այնտեղ: 20  Հետո նա իր հետ վերցրեց հարյուրապետներին,+ հեղինակավոր մարդկանց, ժողովրդի իշխաններին և երկրի ողջ ժողովրդին, ու նրանք թագավորին Եհովայի տնից միասին ուղեկցեցին արքունական պալատ: Նրանք վերին դարպասով գնացին այնտեղ և թագավորին նստեցրին գահին:+ 21  Երկրի ողջ ժողովուրդն ուրախ էր, և քաղաքը խաղաղվել էր, քանի որ Գոթողիային սպանել էին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երբ նա դուրս է գալիս ու ներս մտնում»:
Փոքր վահան, որը հաճախ կրում էին նետաձիգները:
Կամ՝ «Նետողական զենքերով զինված»:
Հավանաբար, սա գլանաձև ձեռագիր էր, որում գրված էր Աստծու Օրենքը:
Բռց.՝ «իր սյան»:
Կամ՝ «տաճար»: