2 Տարեգրություն 24։1-27

  • Հովասի իշխանությունը (1-3)

  • Հովասը վերանորոգում է տաճարը (4-14)

  • Հովասի հավատուրացությունը (15-22)

  • Հովասը սպանվում է (23-27)

24  Հովասը յոթ տարեկան էր, երբ թագավոր դարձավ,+ և 40 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Սաբիա էր. նա Բերսաբեեից էր:+  Հովիադայի քահանայության օրոք Հովասն անում էր այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+  Հովիադան Հովասի համար երկու կին ընտրեց, և Հովասը տղաներ ու աղջիկներ ունեցավ:  Որոշ ժամանակ անց Հովասի սրտում ցանկություն առաջացավ վերանորոգել Եհովայի տունը:+  Ուստի նա կանչեց քահանաներին ու ղևտացիներին և ասաց. «Գնացեք Հուդայի քաղաքները և ամբողջ Իսրայելից փող հավաքեք ձեր Աստծու տունը նորոգելու համար:+ Դա արեք ամեն տարի: Արագ գործի անցեք»: Սակայն ղևտացիները հապաղում էին:+  Ուստի թագավորը կանչեց ավագ քահանա Հովիադային ու ասաց նրան.+ «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայում և Երուսաղեմում հավաքեն սուրբ հարկը, որը սահմանել էր Եհովայի ծառա Մովսեսը,+ և որը Իսրայելի ժողովը պետք է տար Վկայության խորանի համար.+  չէ՞ որ Գոթողիայի՝+ այդ չար կնոջ որդիները կողոպտել են ճշմարիտ Աստծու տունը+ և Եհովայի տան բոլոր սուրբ բաները օգտագործել են Բահաղների պաշտամունքի համար»:  Դրանից հետո թագավորի հրամանով մի արկղ պատրաստեցին+ ու դրեցին դրսում՝ Եհովայի տան դարպասի մոտ:+  Այնուհետև Հուդայով ու Երուսաղեմով մեկ հայտարարվեց, որ ժողովուրդը Եհովային սուրբ հարկ բերի,+ որը ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսը սահմանել էր իսրայելացիների համար, երբ նրանք անապատում էին: 10  Բոլոր իշխաններն ու ողջ ժողովուրդը ուրախացան+ և սկսեցին նվիրաբերություններ անել: Այնքան նվիրաբերություն արվեց, որ արկղը ամբողջությամբ լցվեց:* 11  Երբ ղևտացիները տեսնում էին, որ արկղում շատ փող է հավաքվել, այն բերում էին թագավորի մոտ: Այնուհետև թագավորի քարտուղարն ու ավագ քահանայի օգնականը գալիս էին, արկղը դատարկում էին,+ ապա նորից տանում ու տեղն էին դնում: Նրանք ամեն օր այդպես էին անում: Արդյունքում մեծ քանակությամբ փող հավաքվեց: 12  Հետո թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին, որոնք էլ Եհովայի տունը վերանորոգելու համար քարհատներ ու արհեստավորներ էին վարձում:+ Եհովայի տունը վերանորոգելու համար նրանք նաև երկաթագործներ ու պղնձագործներ էին վարձում: 13  Գործավարներն անցան գործի, և նրանց վերահսկողության ներքո վերանորոգման աշխատանքներն առաջ ընթացան: Ճշմարիտ Աստծու տունը պատշաճ տեսքի բերվեց ու ամրացվեց: 14  Երբ աշխատանքներն ավարտվեցին, մնացած փողը բերեցին տվեցին թագավորին ու Հովիադային: Այդ փողով իրեր պատրաստվեցին Եհովայի տան համար, այդ թվում՝ ծառայության, ինչպես նաև զոհեր մատուցելու համար: Պատրաստվեցին նաև անոթներ և ոսկե ու արծաթե իրեր:+ Հովիադայի կենդանության օրոք Եհովայի տանը մշտապես ողջակեզներ էին մատուցվում:+ 15  Գոհացուցիչ կյանք ապրելուց հետո Հովիադան մահացավ խոր ծերության մեջ՝ 130 տարեկանում: 16  Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ,+ որովհետև նա Իսրայելում բարի գործեր էր արել+ ճշմարիտ Աստծու և նրա տան համար: 17  Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան թագավորի մոտ ու խոնարհվեցին նրա առաջ: Եվ թագավորը սկսեց ուշադրություն դարձնել նրանց ասածներին: 18  Ժողովուրդը մերժեց իր նախահայրերի Աստծու՝ Եհովայի տունը և սկսեց սուրբ ձողերին* ու կուռքերին ծառայել: Ժողովրդի մեղքի պատճառով Աստծու բարկությունը բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ: 19  Եհովան շարունակ մարգարեներ էր ուղարկում, որպեսզի նրանց վերադարձնի իր մոտ. մարգարեները նախազգուշացնում էին նրանց, բայց նրանք ուշադրություն չէին դարձնում:+ 20  Մի անգամ Աստծու ոգին իջավ* Հովիադա+ քահանայի որդի Զաքարիայի վրա: Նա կանգնեց մի բարձր տեղ և ասաց ժողովրդին. «Ահա թե ինչ է ասում ճշմարիտ Աստվածը. «Ինչո՞ւ եք խախտում Եհովայի պատվիրանները: Դուք հաջողություն չեք ունենա: Քանի որ թողել եք Եհովային, նա էլ ձեզ կթողնի»»:+ 21  Բայց Զաքարիայի դեմ դավադրություն կազմակերպեցին+ և թագավորի հրամանով Եհովայի տան գավիթում քարկոծեցին նրան:+ 22  Հովաս թագավորը չհիշեց այն հավատարիմ սերը, որ Զաքարիայի հայր* Հովիադան ցուցաբերել էր իր հանդեպ, և սպանեց նրա որդուն, որը մեռնելիս ասաց. «Թող Եհովան տեսնի և հատուցի»:+ 23  Հաջորդ տարվա սկզբին* Հովասի դեմ դուրս եկավ Ասորիքի զորքը և ներխուժեց Հուդա ու Երուսաղեմ:+ Ասորիները սպանեցին ժողովրդի բոլոր իշխաններին+ և ամբողջ ավարը ուղարկեցին Դամասկոսի թագավորին: 24  Թեև ասորիների զորքը փոքրաթիվ էր, սակայն Եհովան Հուդայի մեծ զորքը նրանց ձեռքը մատնեց,+ քանի որ Հուդայի ժողովուրդը թողել էր Եհովային՝ իր նախահայրերի Աստծուն: Այսպիսով՝ ասորիները Աստծու դատաստանն իրագործեցին Հովասի նկատմամբ: 25  Նրանք Հովասին ծանր վիրավորել էին ու հեռացել:* Հովասի ծառաները դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, քանի որ նա սպանել էր Հովիադա քահանայի որդիներին:*+ Հովասին սպանեցին իր իսկ անկողնում:+ Նա մեռավ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում,+ բայց ոչ թագավորների գերեզմանոցում:+ 26  Հովասի դեմ դավադրություն կազմակերպողներն էին+ ամմոնուհի Սամեթի որդի Զաբադը և մովաբուհի Սամարիթի որդի Հովզաբադը: 27  Հովասի որդիների, նրա դեմ ուղղված բազմաթիվ մարգարեությունների+ և ճշմարիտ Աստծու տունը հիմքից վերանորոգելու+ մասին գրված է «Թագավորների գրքում»:* Հովասից հետո թագավոր դարձավ նրա որդին՝ Ամասիան:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «մինչև որ բոլորը տվեցին»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Բռց.՝ «պարուրեց»:
Բռց.՝ «իր հայր»:
Բռց.՝ «Տարին փոխվելու ժամանակ»:
Կամ՝ «նրան թողել էին բազմաթիվ հիվանդությունների մեջ»:
Կամ՝ «որդուն»: Այսինքն՝ Զաքարիային: Հոգնակի ձևը հավանաբար ցույց է տալիս գերազանցություն:
Կամ՝ ««Թագավորների գրքի» մեկնաբանություններում»: