2 Տարեգրություն 25։1-28

  • Ամասիա՝ Հուդայի թագավոր (1-4)

  • Պատերազմ՝ Եդոմի դեմ (5-13)

  • Ամասիայի կռապաշտությունը (14-16)

  • Պատերազմ՝ Իսրայելի թագավոր Հովասի դեմ (17-24)

  • Ամասիան մահանում է (25-28)

25  Ամասիան 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Հովադան էր. նա Երուսաղեմից էր:+  Ամասիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում, բայց ոչ ամբողջ սրտով:  Իր իշխանությունն ամրապնդելուց հետո Ամասիան սպանեց այն ծառաներին, ովքեր խլել էին իր հոր՝ թագավորի կյանքը:+  Սակայն նրանց որդիներին մահվան չմատնեց՝ վարվելով Մովսեսի օրենքի գրքում գրված՝ Եհովայի այս պատվերի համաձայն. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների պատճառով, և որդիները չպետք է մեռնեն հայրերի պատճառով, այլ ամեն ոք պետք է մեռնի իր իսկ մեղքի համար»:+  Ամասիան մեկտեղ հավաքեց Հուդայի և Բենիամինի ցեղերի տղամարդկանց ու նրանց, ըստ իրենց գերդաստանների, բաժանեց խմբերի, որոնց գլխավորեցին հազարապետներն ու հարյուրապետները:+ Նա հաշվառեց 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց:+ Նրանց թիվը 300 000 էր: Նրանք զինվորական ծառայության համար մարզված ռազմիկներ էին, որոնք կարողանում էին նիզակ ու մեծ վահան գործածել:  Բացի այդ՝ Իսրայելից նա 100 տաղանդ* արծաթով 100 000 զորեղ ռազմիկներ վարձեց:  Բայց նրա մոտ ճշմարիտ Աստծու մի մարդ եկավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, թող Իսրայելի զորքը քեզ հետ չգա, քանի որ Եհովան Իսրայելի հետ չէ,+ նա Եփրեմյաններից ոչ մեկի հետ չէ:  Ինքդ գնա ու համարձակորեն կռվիր: Այլապես ճշմարիտ Աստված այնպես կանի, որ ընկնես թշնամու առաջ, որովհետև Աստված զորություն ունի և՛ օգնելու,+ և՛ վայր գցելու»:  Բայց Ամասիան ճշմարիտ Աստծու մարդուն ասաց. «Բա այն 100 տաղա՞նդը, որ տվել եմ Իսրայելի զորքին»: Ճշմարիտ Աստծու մարդը պատասխանեց. «Եհովան քեզ դրանից ավելին կարող է տալ»:+ 10  Ուստի Ամասիան հետ ուղարկեց ռազմիկներին, որոնք իր մոտ էին եկել Եփրեմից: Սակայն նրանք շատ զայրացան Հուդայի վրա և սաստիկ բարկացած՝ վերադարձան իրենց երկիր: 11  Ամասիան քաջությամբ լցվեց և իր զորքին առաջնորդեց Աղի հովիտ:+ Այնտեղ նա Սեիրի ռազմիկներից 10 000 հոգու կոտորեց:+ 12  Հուդայի զորքը 10 000 հոգու էլ գերի վերցրեց: Նրանց բարձրացրին ժայռի գլուխը և այնտեղից ցած նետեցին. բոլորը ջախջախվեցին: 13  Իսկ այն զինվորները, որոնց Ամասիան հետ էր ուղարկել և իր հետ պատերազմի չէր վերցրել,+ սկսեցին հարձակվել Հուդայի քաղաքների վրա՝ Սամարիայից+ մինչև Բեթ-Օրոն:+ Նրանք 3 000 հոգու կոտորեցին և մեծ ավար վերցրին: 14  Երբ Ամասիան եդոմացիներին ջախջախելուց հետո վերադարձավ տուն, իր հետ բերեց Սեիրի ժողովրդի աստվածներին և դրանք իր աստվածները դարձրեց:+ Նա սկսեց խոնարհվել դրանց առաջ և զոհեր մատուցել՝ այրելով դրանք: 15  Եհովան խիստ բարկացավ Ամասիայի վրա, ուստի նրա մոտ մարգարե ուղարկեց, որն ասաց. «Ինչո՞ւ ես պաշտում այդ աստվածներին, որոնք չկարողացան իրենց իսկ ժողովրդին ազատել քո ձեռքից»:+ 16  Մարգարեն դեռ խոսքը չէր ավարտել, երբ թագավորն ասաց նրան. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական ենք նշանակել:+ Լռի՛ր,+ թե չէ կսպանվես»: Մարգարեն լռեց: Բայց հետո ասաց. «Ես սա գիտեմ. Աստված վճռել է քեզ կործանել, քանի որ դու արեցիր այդ բանը ու չլսեցիր իմ խորհուրդը»:+ 17  Իր խորհրդականների հետ խոսելուց հետո Հուդայի թագավոր Ամասիան պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի թագավոր Հովասի՝ Հեուի որդի Հովաքազի որդու մոտ, որ ասեն. «Արի առճակատ պատերազմենք»:+ 18  Սակայն Իսրայելի թագավոր Հովասը Հուդայի թագավոր Ամասիային այս պատասխանն ուղարկեց. «Լիբանանի փշոտ մոլախոտը լուր ուղարկեց Լիբանանի մայրուն, թե՝ քո դստերը կնության տուր իմ որդուն: Բայց Լիբանանի մի վայրի գազան անցավ ու կոխկրտեց փշոտ մոլախոտը: 19  Դու ասում ես, որ կոտորել ես եդոմացիներին:+ Այդ պատճառով սիրտդ հպարտացել է և փառքի է տենչում: Բայց հիմա մնա քո տանը: Ինչո՞ւ գլխիդ փորձանք բերես ու ընկնես, Հուդային էլ քեզ հետ վայր գցես»: 20  Սակայն Ամասիան չլսեց նրան.+ դա ճշմարիտ Աստծուց էր: Նա այդպես արեց, որպեսզի Ամասիային ու նրա ժողովրդին թշնամու ձեռքը մատնի+ Եդոմի աստվածներին պաշտելու համար:+ 21  Ուստի Իսրայելի թագավոր Հովասը եկավ, և Հուդայի Բեթսամյուս+ քաղաքի մոտ նա և Հուդայի թագավոր Ամասիան դեմ առ դեմ պատերազմեցին: 22  Իսրայելը պարտության մատնեց Հուդային, և Հուդայի բոլոր զինվորները փախան իրենց տները:* 23  Բեթսամյուսի մոտ Իսրայելի թագավոր Հովասը գերի վերցրեց Հուդայի թագավոր Ամասիային՝ Հովաքազի* որդի Հովասի որդուն: Հետո նրան բերեց Երուսաղեմ և քանդեց Երուսաղեմի պարսպի 400 կանգուն* երկարությամբ մի հատված՝ Եփրեմի դարպասից+ մինչև Անկյան դարպասը:+ 24  Նա վերցրեց այն ամբողջ ոսկին, արծաթն ու բոլոր իրերը, որոնք ճշմարիտ Աստծու տանն էին՝ Աբդեդոմի պահպանության տակ,* և արքունիքի գանձարաններում էին,+ վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա: 25  Հուդայի թագավոր Ամասիան՝+ Հովասի որդին, Իսրայելի թագավոր Հովասի՝+ Հովաքազի որդու մահից հետո ապրեց 15 տարի:+ 26  Ամասիայի կյանքի մնացած իրադարձությունների մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»: 27  Այն բանից հետո, երբ Ամասիան երես թեքեց Եհովայից, Երուսաղեմում նրա դեմ դավադրություն կազմակերպեցին:+ Նա փախավ Լաքիս, սակայն նրա հետևից մարդիկ ուղարկեցին, որոնք այնտեղ սպանեցին նրան: 28  Ամասիային ձիերով հետ բերեցին ու թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Հուդայի գլխավոր քաղաքում:

Ծանոթագրություններ

Մոտ 3,4 տ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «և ամեն մարդ փախավ իր վրանը»:
Մոտ 178 մ: Տես հավելված Բ14:
Կոչվում է նաև Օքոզիա:
Կամ հնարավոր է՝ «տարավ նաև Աբդեդոմին»: