2 Տարեգրություն 28։1-27

  • Աքազ՝ Հուդայի թագավոր (1-4)

  • Աքազը պարտություն է կրում Ասորիքի և Իսրայելի առաջ (5-8)

  • Օդեդը նախազգուշացում է տալիս Իսրայելին (9-15)

  • Հուդան խոնարհեցվում է (16-19)

  • Աքազի կռապաշտությունը: Նա մահանում է (20-27)

28  Աքազը+ 20 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 16 տարի իշխեց Երուսաղեմում: Ի տարբերություն իր նախահայր Դավթի՝ նա չարեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում,+  այլ գնաց Իսրայելի թագավորների հետքերով+ և նույնիսկ Բահաղների ձուլածո արձաններ պատրաստեց:+  Ավելին՝ Աքազը զոհեր մատուցեց Հիննոմի հովտում* և իր որդիներին այրեց՝+ ընդօրինակելով այն ազգերի գարշելի սովորույթները,+ որոնց Եհովան քշել էր իսրայելացիների առաջից:  Նա զոհեր էր մատուցում՝ այրելով դրանք սրբավայրերում,+ բլուրների վրա և ամեն մի սաղարթախիտ ծառի տակ:+  Այդ պատճառով նրա Աստված Եհովան նրան Ասորիքի թագավորի ձեռքը տվեց.+ ասորիները պարտության մատնեցին Աքազին ու բազմաթիվ գերիներ տարան Դամասկոս:+ Աստված Աքազին նաև Իսրայելի թագավորի ձեռքը տվեց, որը մեծ կոտորածով ջախջախեց նրան:  Ռոմելիայի որդի Փակեեն+ մեկ օրում 120 000 քաջազուն ռազմիկ սպանեց Հուդայում, քանի որ ժողովուրդը թողել էր իր նախահայրերի Աստված Եհովային:+  Նաև Եփրեմի ցեղից Զեքրի անունով մի ռազմիկ սպանեց թագավորի որդի Մաասիային, արքունական պալատի վերակացու Եզրիկամին և Եղկանային, որը թագավորից հետո երկրորդն էր:  Բացի այդ՝ իսրայելացիները Հուդայից* գերեվարեցին 200 000 հոգու՝ կանանց ու երեխաների: Նաև մեծ ավար առան և տարան Սամարիա:+  Այնտեղ Եհովայի մի մարգարե կար, որի անունը Օդեդ էր: Նա դուրս եկավ Սամարիա վերադարձող զորքի դիմաց ու ասաց. «Ձեր նախահայրերի Աստված Եհովան Հուդայի ժողովրդին ձեր ձեռքը մատնեց,+ քանի որ բարկացել էր նրանց վրա, բայց դուք սպանեցիք նրանց այնպիսի դաժանությամբ, որը մինչև երկինք է հասել: 10  Եվ հիմա մտադիր եք Հուդայի ու Երուսաղեմի ժողովրդին ձեր ծառաներն ու աղախինները դարձնել:+ Բայց մի՞թե դուք էլ մեղավոր չեք ձեր Աստված Եհովայի առաջ: 11  Հիմա ինձ լսեք և վերադարձրեք ձեր եղբայրներին, որոնց գերեվարել եք, որովհետև Եհովայի բարկությունը բորբոքվել է ձեր դեմ»: 12  Սա լսելով՝ Եփրեմի ցեղի գլխավորներից մի քանիսը՝ Հովհանանի որդի Ազարիան, Մեսելամոթի որդի Բարաքիան, Սեղումի որդի Հեզեկիան և Ադլիայի որդի Ամեսան, պատերազմից եկողների առաջը կտրեցին 13  ու ասացին. «Գերիներին այստեղ մի՛ բերեք, այլապես մեզ մեղավոր կդարձնեք Եհովայի առաջ: Ի՞նչ է, ուզում եք մեր մեղքերն ու հանցանքը շատացնե՞լ. չէ՞ որ առանց այդ էլ մեր հանցանքը մեծ է, և Աստված խիստ բարկացել է Իսրայելի վրա»: 14  Այդ ժամանակ ռազմիկները գերիներին ու ավարը+ հանձնեցին իշխաններին ու բոլոր այնտեղ հավաքվածներին: 15  Այն տղամարդիկ, ում անունները նշվեցին, հագուստներ վերցրին ավարի միջից և տվեցին այն գերիներին, որոնք հագուստ չունեին:* Այսպիսով՝ նրանց հագուստներ, սանդալներ, ուտելիք և խմելու բան տվեցին, ինչպես նաև բուժիչ յուղ: Տկարներին նստեցրին էշերի վրա ու տարան Երիքով՝ արմավենիների քաղաք՝ նրանց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա: 16  Այդ ժամանակ Աքազ թագավորը Ասորեստանի թագավորներից օգնություն խնդրեց:+ 17  Եդոմացիները նորից հարձակվեցին Հուդայի վրա և գերիներ վերցրին: 18  Իսկ փղշտացիները+ հարձակվեցին Հուդային պատկանող Շեֆելայի+ ու Նեգևի քաղաքների վրա և գրավեցին Բեթսամյուսը,+ Այելոնը,+ Գադերոթը, Սոքովն ու դրա կախյալ* ավանները, ինչպես նաև Թամնան+ ու դրա կախյալ ավանները, Գամզոն ու դրա կախյալ ավանները և այնտեղ բնակվեցին: 19  Այսպես Եհովան Իսրայելի Աքազ թագավորի պատճառով խոնարհեցրեց Հուդան, որովհետև Աքազը թույլ էր տվել, որ Հուդան սանձարձակ դառնա, ինչի հետևանքով ժողովուրդը անհավատարմությամբ էր վարվել Եհովայի հանդեպ: 20  Ի վերջո Ասորեստանի թագավոր Թգլատպալասարը+ եկավ Աքազի մոտ և փոխանակ զորացնելու նրան՝ սկսեց ճնշել:+ 21  Չնայած Աքազը Եհովայի տան, արքունական պալատի+ և իշխանների տների բոլոր թանկարժեք իրերը նվիրել էր Ասորեստանի թագավորին, բայց դա օգուտ չտվեց: 22  Նեղության մեջ Աքազ թագավորը ավելի շատ մեղքեր գործեց՝ անհավատարմությամբ վարվելով Եհովայի հանդեպ: 23  Նա սկսեց զոհեր մատուցել Դամասկոսի աստվածներին,+ որոնք պարտության էին մատնել իրեն,+ քանի որ մտածում էր. «Ասորիքի թագավորների աստվածներն օգնում են նրանց, դրա համար ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ էլ օգնեն»:+ Սակայն այդ աստվածները անկման պատճառ դարձան թե՛ նրա և թե՛ ամբողջ Իսրայելի համար: 24  Աքազը հավաքեց ճշմարիտ Աստծու տան պատկանելիքները և դրանք կտոր-կտոր արեց:+ Նա փակեց Եհովայի տան դռները+ և Երուսաղեմի ամեն մի անկյունում զոհասեղաններ կառուցեց: 25  Հուդայի բոլոր քաղաքներում նա սրբավայրեր կառուցեց, որպեսզի զոհեր մատուցի ուրիշ աստվածների,+ և այդպիսով վիրավորեց իր նախահայրերի Աստված Եհովային: 26  Աքազի կյանքի մնացած իրադարձությունների և նրա բոլոր գործերի մասին՝ սկզբից մինչև վերջ, գրված է «Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում»:+ 27  Նա հանգչեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին Երուսաղեմում, բայց ոչ Իսրայելի թագավորների գերեզմանոցում:+ Աքազից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Եզեկիան:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «իրենց եղբայրներից»:
Բռց.՝ «մերկ էին»:
Կամ՝ «շրջակա»: