2 Տարեգրություն 29։1-36
29 Եզեկիան+ 25 տարեկան էր, երբ սկսեց թագավորել, և 29 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Աբիա էր. նա Զաքարիայի դուստրն էր:+
2 Իր նախահայր Դավթի պես Եզեկիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում:+
3 Իր իշխանության առաջին տարվա առաջին ամսին նա բացեց Եհովայի տան դռները և նորոգեց դրանք:+
4 Հետո կանչեց քահանաներին ու ղևտացիներին և նրանց հավաքեց քաղաքի արևելյան կողմում գտնվող հրապարակում:
5 Նա ասաց նրանց. «Ի՛նձ լսեք, ո՛վ ղևտացիներ: Սրբագործեք* ձեզ,+ սրբագործեք ձեր նախահայրերի Աստված Եհովայի տունը և ամեն անմաքուր բան դուրս հանեք այդ սուրբ վայրից:+
6 Մեր հայրերը անհավատարիմ եղան և արեցին այն, ինչը չար է մեր Աստված Եհովայի աչքում:+ Նրանք մերժեցին Եհովայի խորանը,* թողեցին Աստծուն ու թիկունք դարձրին նրան:+
7 Նրանք փակեցին նախասրահի դռները,+ հանգցրին ճրագները,+ այլևս խունկ չծխեցրին+ և սուրբ վայրում ողջակեզներ չմատուցեցին+ Իսրայելի Աստծուն:
8 Դրա համար էլ Եհովայի բարկությունը բորբոքվեց Հուդայի ու Երուսաղեմի դեմ,+ և նա այնպես արեց, որ ով նրանց տեսնի, սարսափի, ապշի և սուլի,* ինչպես որ ձեր աչքերով եք տեսնում:+
9 Այդ պատճառով մեր նախահայրերը սրից ընկան,+ մեր որդիները, դուստրերն ու կանայք գերեվարվեցին:+
10 Հիմա ես ցանկանում եմ ուխտ կապել Իսրայելի Աստված Եհովայի հետ,+ որպեսզի նրա բորբոքված բարկությունը հանդարտվի:
11 Որդինե՛րս, անհոգ լինելու* ժամանակը չէ, որովհետև Եհովան ընտրել է ձեզ, որպեսզի կանգնեք նրա առաջ, ծառայեք նրան+ և այրեք նրան մատուցվող զոհերը»:+
12 Այդ ժամանակ ղևտացիները գործի անցան. Կահաթյաններից՝+ Ամեսայիի որդի Մաաթը և Ազարիայի որդի Հովելը, Մերարիյաններից՝+ Աբդիի որդի Կիսը և Հալելելի որդի Ազարիան, Գերսոնյաններից՝+ Զամմայի որդի Հովաքը և Հովաքի որդի Եդենը,
13 Ելիսաֆանի սերնդից՝ Սամարին և Հեուելը, Ասափի+ սերնդից՝ Զաքարիան ու Մաթանիան,
14 Եմանի սերնդից՝+ Հեիելն ու Սեմեին, և Իդիթունի սերնդից՝+ Սեմայիան և Օզիելը:
15 Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին, սրբագործվեցին և գնացին Եհովայի տունը մաքրելու, ինչպես որ Եհովայի խոսքի համաձայն կարգադրել էր թագավորը:+
16 Քահանաները մտան Եհովայի տուն, որ մաքրեն այն, և Եհովայի տաճարում եղած բոլոր անմաքուր բաները դուրս հանեցին Եհովայի տան գավիթ:+ Իսկ ղևտացիները դրանք տարան Կեդրոնի հովիտ:+
17 Նրանք տաճարը սկսեցին սրբագործել առաջին ամսվա առաջին օրը և այդ նույն ամսվա ութերորդ օրը հասան Եհովայի տաճարի նախասրահ:+ Նրանք ևս ութ օր սրբագործեցին Եհովայի տունը* և առաջին ամսվա 16-րդ օրը ավարտեցին ողջ աշխատանքը:
18 Դրանից հետո նրանք գնացին Եզեկիա թագավորի մոտ ու ասացին. «Մաքրեցինք Եհովայի ամբողջ տունը, ողջակեզի սեղանն+ ու դրա բոլոր պիտույքները+ և Աստծու առաջ դրվող հացերի սեղանն+ ու դրա բոլոր պիտույքները:
19 Բացի այդ՝ մենք նախապատրաստել և մաքրագործել ենք բոլոր այն իրերը,+ որոնք չեն օգտագործվել անհավատարիմ Աքազ թագավորի իշխանության օրոք:+ Հիմա դրանք Եհովայի զոհասեղանի առջև են»:
20 Եզեկիա թագավորը վաղ առավոտյան վեր կացավ, հավաքեց քաղաքի իշխաններին, և բոլորով գնացին Եհովայի տուն:
21 Նրանք թագավորի տան, սրբարանի և Հուդայի համար որպես մեղքի զոհ բերեցին յոթ ցուլ, յոթ արու ոչխար, յոթ արու գառ և յոթ արու այծ:+ Նա քահանաներին՝ Ահարոնի սերունդներին, կարգադրեց, որ դրանք որպես զոհ մատուցեն Եհովայի զոհասեղանի վրա:
22 Նրանք մորթեցին ցլերին,+ և քահանաները դրանց արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա,+ ապա մորթեցին արու ոչխարներին և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, նաև մորթեցին գառներին և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա:
23 Հետո արու այծերը, որոնք նախատեսված էին մեղքի զոհ մատուցելու համար, բերեցին թագավորի ու ժողովի առաջ և իրենց ձեռքերը դրանց վրա դրեցին:
24 Քահանաները մորթեցին արու այծերին և որպես մեղքի զոհ մատուցեցին: Նրանք զոհասեղանի վրա դրանց արյունով ամբողջ Իսրայելի համար քավություն արեցին, որովհետև թագավորը կարգադրել էր ողջակեզ ու մեղքի զոհ մատուցել ողջ Իսրայելի համար:
25 Այդ ընթացքում նա կարգադրեց, որ ղևտացիները ծնծղաներով, տավիղներով ու քնարներով+ կանգնեն Եհովայի տան մոտ, ինչպես պատվիրել էին Դավիթը,+ տեսանող* Գադը+ և Նաթան+ մարգարեն: Այս պատվերը Եհովան էր տվել իր մարգարեների միջոցով:
26 Ղևտացիները կանգնեցին Դավթի նվագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով:+
27 Այդ ժամանակ Եզեկիան կարգադրեց, որ զոհասեղանի վրա ողջակեզ մատուցվի:+ Երբ սկսեցին ողջակեզը մատուցել, Եհովային նվիրված երգեր հնչեցին, նաև շեփորների նվագակցությամբ հնչեցին Իսրայելի Դավիթ թագավորի նվագարանները:
28 Մինչ երգեր էին հնչում և շեփորներ հնչեցվում, ամբողջ ժողովը խոնարհվում էր: Այդպես շարունակվեց այնքան, մինչև որ ողջակեզ մատուցելը վերջացրին:
29 Հետո թագավորն ու նրա հետ եղող բոլոր մարդիկ ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին:
30 Եզեկիա թագավորն ու իշխանները ղևտացիներին ասացին, որ Դավթի ու տեսանող Ասափի սաղմոսներով գովաբանեն Եհովային:+ Ղևտացիները սկսեցին ցնծությամբ գովաբանել Աստծուն և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:
31 Ապա Եզեկիան ասաց. «Հիմա, երբ առանձնացված եք Եհովային ծառայելու համար, եկեք ու Եհովայի տուն բերեք ձեր երախտագիտության զոհերն ու մյուս զոհերը»: Եվ ժողովը երախտագիտության զոհեր և այլ զոհեր սկսեց բերել, և ում սիրտը կամենում էր, ողջակեզ էր բերում:+
32 Ողջակեզի համար ժողովը բերեց 70 ցուլ, 100 արու ոչխար և 200 արու գառ. այս ամենը ողջակեզ էր Եհովայի համար:+
33 Ժողովը բերեց նաև այլ սուրբ զոհեր՝ 600 խոշոր եղջերավոր անասուն և 3 000 ոչխար:
34 Սակայն քահանաները թվով քիչ էին և չէին կարողանում հասցնել բոլոր ողջակեզները մորթահան անել: Այդ պատճառով նրանց եղբայրները՝ ղևտացիները, օգնեցին նրանց,+ մինչև որ ամբողջ գործը արվեց, և քահանաները սրբագործվեցին:+ Ղևտացիներն ավելի բարեխղճորեն* վերաբերվեցին սրբագործվելուն, քան քահանաները:
35 Ողջակեզները,+ խաղաղության զոհերի ճարպը+ և ողջակեզի հետ մատուցվող ըմպելիքի ընծաները շատ էին:+ Այսպիսով՝ Եհովայի տան ծառայությունը վերականգնվեց:
36 Եզեկիան և ամբողջ ժողովուրդը ուրախացան այն ամենի համար, ինչ ճշմարիտ Աստված արեց ժողովրդի համար,+ և որ դա շատ արագ եղավ:
Ծանոթագրություններ
^ Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «երես դարձրին Եհովայի խորանից»:
^ Կամ՝ «ծաղրի»:
^ Կամ՝ «հանգստանալու»:
^ Այսինքն՝ Եհովայի տան մնացած հատվածները:
^ Բռց.՝ «ուղիղ սրտով»: