2 Տարեգրություն 34։1-33

  • Հովսիա՝ Հուդայի թագավոր (1, 2)

  • Հովսիայի կատարած բարեփոխումները (3-13)

  • Օրենքի գիրքը գտնվում է (14-21)

  • Օլդան մարգարեանում է, որ աղետ է լինելու (22-28)

  • Հովսիան ժողովրդի առաջ կարդում է գիրքը (29-33)

34  Հովսիան+ ութ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 31 տարի իշխեց Երուսաղեմում:+  Հովսիան արեց այն, ինչը ճիշտ էր Եհովայի աչքում՝ գնաց իր նախահայր Դավթի ճանապարհներով և աջ կամ ձախ չշեղվեց:  Իր իշխանության 8-րդ տարում, երբ դեռ պատանի էր, նա սկսեց ծառայել* իր նախահայր Դավթի Աստծուն+ և 12-րդ տարում Հուդան ու Երուսաղեմը սկսեց մաքրել+ սրբավայրերից,+ սուրբ ձողերից,* քանդակված կուռքերից+ և ձուլածո արձաններից:  Նրա առաջ քանդեցին Բահաղների զոհասեղանները, և նա կոտրեց դրանց վրայի խնկանոթները: Նա նաև ջարդուփշուր արեց սուրբ ձողերը, քանդակված կուռքերն ու ձուլածո արձանները, փոշու վերածեց դրանք և փոշին շաղ տվեց այն մարդկանց գերեզմանների վրա, որոնք զոհեր էին մատուցել դրանց,+  իսկ քահանաների ոսկորները իրենց զոհասեղանների վրա այրեց:+ Այսպիսով՝ նա մաքրեց Հուդան ու Երուսաղեմը:  Մանասեի, Եփրեմի, Շմավոնի և անգամ Նեփթաղիմի քաղաքներում,+ նաև դրանց շրջակայքի ավերակներում  Հովսիան քանդեց զոհասեղանները, ջարդուփշուր արեց սուրբ ձողերն ու քանդակված կուռքերը+ և փոշու վերածեց դրանք: Բացի այդ՝ ողջ Իսրայելում նա կոտրեց բոլոր խնկանոթները,+ հետո վերադարձավ Երուսաղեմ:  Իր իշխանության 18-րդ տարում, երբ նա արդեն մաքրել էր երկիրը և տաճարը, Եսելիայի որդի Սաֆանին,+ քաղաքագլուխ Մաասիային և տարեգիր Հովաքին՝ Հովաքազի որդուն, ուղարկեց, որ վերանորոգեն իր Աստված Եհովայի տունը:+  Նրանք գնացին Քեղկիա քահանայապետի մոտ և նրան տվեցին Աստծու տուն բերված փողը, որը ղևտացի դռնապանները հավաքել էին Մանասեի, Եփրեմի և Իսրայելի մյուս ցեղերից,+ ինչպես նաև Հուդայի, Բենիամինի ու Երուսաղեմի բնակիչներից: 10  Հետո փողը տրվեց Եհովայի տան աշխատանքները վերահսկող գործավարներին: Աշխատողները այն օգտագործեցին Եհովայի տունը վերանորոգելու համար: 11  Փողը տրվեց արհեստավորներին ու շինարարներին, որ տաշած քարեր, ամրացման համար գերաններ ու չորսուներ* գնեն և վերանորոգեն այն շինությունները, որոնք Հուդայի թագավորների պատճառով ավերվել էին:+ 12  Այդ մարդիկ հավատարմորեն կատարեցին գործը:+ Նրանց վերակացուներն էին Մերարիյաններից+ ղևտացիներ Հեթն ու Աբդիան և Կահաթյաններից+ Զաքարիան ու Մեսուլամը: Իսկ այն ղևտացիները, որոնք հմուտ երաժիշտներ էին,+ 13  վերահսկում էին բանվորների* և տարբեր գործեր կատարողների աշխատանքները: Որոշ ղևտացիներ էլ այլ գործեր էին վերահսկում, իսկ ոմանք քարտուղարներ ու դռնապաններ էին:+ 14  Երբ հավաքված փողը Եհովայի տնից դուրս էին հանում,+ Քեղկիա քահանան գտավ Եհովայի Օրենքի գիրքը,+ որը տրվել էր Մովսեսի միջոցով:*+ 15  Քեղկիան քարտուղար Սաֆանին ասաց՝ «Օրենքի գիրքն եմ գտել Եհովայի տանը», ապա գիրքը տվեց Սաֆանին: 16  Սաֆանը գիրքը բերեց թագավորի մոտ ու ասաց. «Ծառաներդ իրենց հանձնարարված բոլոր գործերը կատարում են: 17  Նրանք Եհովայի տանը եղած փողը վերցրել ու տվել են գործավարներին և աշխատողներին»: 18  Քարտուղար Սաֆանը նաև ասաց թագավորին. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել»:+ Եվ Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն:+ 19  Հենց որ թագավորը լսեց Օրենքում գրված խոսքերը, պատռեց իր հագուստները:+ 20  Ապա Քեղկիային, Սաֆանի որդի Աքիկամին,+ Միքայի որդի Աբդոնին, քարտուղար Սաֆանին ու թագավորի ծառա Ասայիային հրամայեց. 21  «Գնացեք ու Եհովային հարցրեք, թե այս գրքում գրված խոսքերը ինչ են նշանակում ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլոր մարդկանց համար, որովհետև Եհովան խիստ բարկացել է մեզ վրա, քանի որ մեր նախահայրերը չեն հնազանդվել Եհովայի խոսքին և չեն կատարել այն ամենը, ինչ գրված է այս գրքում»:+ 22  Ուստի Քեղկիան և մյուսները, որոնց թագավորը պատվեր տվեց, գնացին՝ այդ մասին Օլդա մարգարեուհու+ հետ խոսելու: Նա Արասի որդի Թեկուայի որդու՝ հանդերձարանի պատասխանատու Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմ քաղաքի նոր հատվածում:+ 23  Օլդան ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. 24  «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝+ իրագործելու եմ այն գրքում գրված բոլոր անեծքները,+ որ կարդացել են Հուդայի թագավորի առաջ: 25  Իմ բարկությունը բորբոքվելու է+ այս վայրի դեմ և չի հանդարտվելու, քանի որ նրանք թողել են ինձ,+ զոհեր են մատուցում ուրիշ աստվածների ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+ 26  Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան.+ 27  «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ իմ՝ քո Աստծու առաջ, երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին ասած խոսքերս, քանի որ խոնարհվեցիր, պատռեցիր հագուստներդ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,+– ասում է Եհովան:– 28  Դրա համար դու կմիանաս քո նախահայրերին* և խաղաղությամբ գերեզման կիջնես: Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի և դրա բնակիչների վրա»»»:+ Նրանք պատասխանը հաղորդեցին թագավորին: 29  Թագավորն իր մոտ կանչեց Հուդայի ու Երուսաղեմի բոլոր երեցներին:+ 30  Դրանից հետո նա Եհովայի տուն գնաց: Նրա հետ էին Հուդայի և Երուսաղեմի բնակիչները, քահանաներն ու ղևտացիները՝ ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչև մեծ: Եվ թագավորը նրանց առաջ ամբողջությամբ կարդաց Եհովայի տանը գտնված ուխտի գիրքը:+ 31  Թագավորը կանգնեց իր տեղում ու Եհովայի հետ ուխտ կապեց,*+ որ ամբողջ սրտով և ամբողջ հոգով* կհնազանդվի Եհովային,+ կպահի նրա պատվիրաններն ու կանոնները և ուշադրություն կդարձնի նրա հիշեցումներին՝ կատարելով գրքում գրված ուխտի խոսքերը:+ 32  Նա բոլոր նրանց, ովքեր Երուսաղեմում ու Բենիամինի երկրում էին, հորդորեց այդ ուխտի մեջ մտնել, և Երուսաղեմի բնակիչները սկսեցին վարվել իրենց նախահայրերի Աստծու ուխտի համաձայն:+ 33  Դրանից հետո Հովսիան ողջ Իսրայելից վերացրեց բոլոր գարշելի բաները*+ և Իսրայելում եղող մարդկանց կոչ արեց ծառայել իրենց Աստված Եհովային: Հովսիայի կենդանության օրոք նրանք չշեղվեցին իրենց նախահայրերի Աստված Եհովայի ճանապարհից:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փնտրել»:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Քառակող գերաններ:
Կամ՝ «բեռնակիրների»:
Բռց.՝ «ձեռքով»:
Բռց.՝ «փափկեց»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «ուխտը վերականգնեց»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ՝ «կուռքերը»: