2 Տիմոթեոս 1։1-18

  • Ողջույնի խոսքեր (1, 2)

  • Պողոսը Աստծուն շնորհակալություն է հայտնում Տիմոթեոսի հավատի համար (3-5)

  • Վառ պահիր եռանդդ Աստծու պարգևը գործադրելու հարցում (6-11)

  • Կառչած մնա ճիշտ ուսմունքներին (12-14)

  • Պողոսի հակառակորդներն ու ընկերները (15-18)

1  Այս նամակը գրում եմ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով նշանակվել եմ Քրիստոս Հիսուսի առաքյալ, որպեսզի հռչակեմ այն խոստացված կյանքի մասին, որը տրվում է Քրիստոս Հիսուսի հետ միավորվածներին:+  Գրում եմ Տիմոթեոսին՝ իմ սիրելի զավակին:+ Թող Աստված՝ Հայրը, և մեր Տեր Քրիստոս Հիսուսը անզուգական բարություն ու գթասրտություն դրսևորեն քո հանդեպ և խաղաղություն տան քեզ:  Երախտապարտ եմ Աստծուն, ում ես սուրբ ծառայություն եմ մատուցում իմ նախահայրերի պես, և դա անում եմ մաքուր խղճով: Գիշեր ու ցերեկ անդադար հիշատակում եմ քեզ իմ ջերմեռանդ աղոթքներում:  Ես հիշում եմ քո արցունքները և շատ եմ ցանկանում տեսնել քեզ, որ սիրտս ուրախությամբ լցվի:  Մտաբերում եմ քո անկեղծ հավատը,+ ինչպիսին նախ քո տատիկը՝ Լոիդան, և քո մայրը՝ Եվնիկեն են ունեցել: Վստահ եմ, որ դու մինչև հիմա էլ ունես այդպիսի հավատ:  Ուստի հիշեցնում եմ քեզ, որ կրակի պես վառ պահես եռանդդ Աստծու պարգևի հանդեպ, որը տրվեց քեզ, երբ ձեռքերս քեզ վրա դրեցի:+  Աստծու տված ոգին մեր մեջ ոչ թե վախկոտություն է առաջացնում,+ այլ լցնում է զորությամբ,+ սիրով ու ողջամտությամբ:  Ուրեմն երբեք ամոթ չզգաս ո՛չ մեր Տիրոջ մասին վկայություն տալու համար,+ ո՛չ էլ ինձ համար, որ բանտարկված եմ հանուն նրա, այլ Աստծու զորությանն ապավինելով՝+ պատրաստ եղիր կրելու քո բաժին դժվարությունները:+  Նա փրկեց մեզ և կանչեց սուրբ լինելու+ ոչ թե մեր գործերի շնորհիվ, այլ շնորհիվ իր անզուգական բարության*+ և հանուն իր իսկ նպատակի: Այդ բարությունը Աստված դեռ շատ վաղուց էր որոշել դրսևորել մեր հանդեպ Քրիստոս Հիսուսի միջոցով: 10  Իսկ հիմա այն ակներև է դարձել մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսի ի հայտ գալու շնորհիվ,+ որը վերացրեց մահը+ և բարի լուրի միջոցով հայտնեց մեզ,+ թե ինչպես ձեռք բերենք կյանք+ և անքայքայելի մարմին:+ 11  Այդ բարի լուրը հայտնելու համար եմ ես նշանակվել քարոզիչ, առաքյալ և ուսուցիչ:+ 12  Հենց այդ պատճառով էլ կրում եմ այս դժվարությունները:+ Սակայն չեմ ամաչում,+ քանի որ գիտեմ Աստծուն, ում հավատացել եմ, և համոզված եմ, որ այն, ինչ վստահել եմ նրան, նա կարող է պահպանել մինչև գա Դատաստանի օրը:+ 13  Ինձնից լսած ճիշտ* ուսմունքները շարունակիր չափանիշ* համարել+ և դրսևորել այն հավատն ու սերը, որ ունես Քրիստոս Հիսուսի հետ միավորված լինելու շնորհիվ: 14  Պահպանիր քեզ վստահված այս հիանալի գանձը սուրբ ոգու օգնությամբ, որը մեր մեջ է:+ 15  Դու գիտես, որ Ասիա պրովինցիայում+ բոլորը երես են թեքել ինձնից, այդ թվում՝ Ֆիգելոսն ու Հերմոգենեսը: 16  Բայց Օնեսիֆորոսը+ հաճախ է ինձ քաջալերել և չի խուսափել ինձնից իմ բանտարկված լինելու պատճառով: Թող Տերը գթասիրտ լինի նրա տնեցիների հանդեպ: 17  Դեռ ավելին, երբ նա Հռոմում էր, ջանադրաբար ինձ էր փնտրում և ի վերջո գտավ: 18  Թող Տեր Եհովան* գթասիրտ լինի նրա հանդեպ Դատաստանի օրը: Դու լավ գիտես, թե որքան բան է նա ինձ համար արել Եփեսոսում:

Ծանոթագրություններ

Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
Բռց.՝ «առողջ»:
Կամ՝ «օրինակ»: