Երկրորդ Օրենք 1։1-46

  • Ճանապարհ են ընկնում Քորեբից (1-8)

  • Առաջնորդներ և դատավորներ են նշանակվում (9-18)

  • Անհնազանդություն՝ Կադես-Բառնեայում (19-46)

    • Իսրայելացիները հրաժարվում են մտնել Խոստացված երկիր (26-33)

    • Քանանը նվաճելու անհաջող փորձ (41-46)

1  Մովսեսը ուղերձով դիմեց իսրայելացիներին: Այդ ժամանակ նրանք Հորդանանի շրջանում էին՝ անապատում՝ Սուֆի դիմաց գտնվող անապատային հարթավայրում՝ Փառանի, Տոֆելի, Լաբանի, Ասերոթի և Տիզահաբի միջև:  (Դեպի Սեիրի լեռները տանող ուղիով Քորեբից մինչև Կադես-Բառնեա+ 11 օրվա ճանապարհ է):  Քառասուներորդ տարում՝+ 11-րդ ամսվա առաջին օրը, Մովսեսը իսրայելացիներին* հաղորդեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր ասել նրանց:  Դա եղավ Եսեբոնում ապրող Սեհոնին՝+ ամորհացիների թագավորին պարտության մատնելուց ու Աստարոթում ապրող Օգին՝+ Բասանի թագավորին Եդրայիում+ հաղթելուց հետո:*  Հորդանանի շրջանում՝ Մովաբի երկրում, Մովսեսը սկսեց բացատրել Օրենքը՝+ ասելով.  «Եհովան՝ մեր Աստվածը, խոսեց մեզ հետ Քորեբի մոտ և ասաց. «Բավականին երկար ժամանակ է՝ այս լեռնային շրջանում եք ապրում:+  Հիմա վեր կացեք ու ճանապարհ ընկեք դեպի ամորհացիների+ լեռնային շրջանը և բոլոր հարևան ազգերի տարածքները՝ դեպի Արաբա,+ լեռնային շրջան, Շեֆելա, Նեգև ու ծովեզերք՝+ քանանացիների երկիրը, և դեպի Լիբանան՝*+ մինչև մեծ գետը՝ Եփրատը:+  Ահա այս երկիրը դրել եմ ձեր առաջ: Գնացեք ու տիրացեք այդ երկրին, որ ես՝ Եհովաս, երդվեցի տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին+ և Հակոբին,+ ու նրանց գալիք սերունդներին»:+  Այդ ժամանակ ձեզ ասացի. «Ես մենակ չեմ կարող առաջնորդել ձեզ:+ 10  Ձեր Աստված Եհովան ձեզ մեծաթիվ է դարձրել, և այսօր դուք երկնքի աստղերի չափ շատ եք:+ 11  Թող Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, հազարապատիկ շատացնի ձեզ+ և օրհնի, ինչպես որ խոստացել է:+ 12  Միայն թե ես մենակ ինչպե՞ս կարող եմ իմ ուսերին կրել ձեր բեռը, գլուխ հանել ձեր հոգսերից ու վեճերից:+ 13  Ձեր ցեղերից իմաստուն, խոհեմ և փորձառու մարդկանց ընտրեք, որ նրանց ձեզ վրա գլխավորներ նշանակեմ»:+ 14  Դուք էլ ասացիք ինձ. «Լավ միտք է»: 15  Ուստի ձեր ցեղերում գլխավորություն ունեցողներին՝ իմաստուն և փորձառու մարդկանց, նշանակեցի, որ առաջնորդեն ձեզ, լինեն հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ, տասնապետներ ու ցեղերի առաջնորդներ:+ 16  Այդ ժամանակ ես պատվիրեցի ձեր դատավորներին. «Դատ վարելիս արդարությամբ դատեք՝+ անկախ նրանից՝ իսրայելացու դատը իր եղբոր հետ է, թե օտարականի:+ 17  Դատելիս կողմնակալ չլինեք:+ Ինչպես որ մեծամեծին կլսեք, նույն ձևով հասարակ մարդուն լսեք:+ Ոչ մի մարդուց մի՛ վախեցեք,+ քանի որ դատավճիռն Աստծուց է:+ Եթե որևէ գործ չափազանց դժվար է ձեզ համար, այն ինձ հանձնեք, և ես կլսեմ»:+ 18  Դրանից հետո ես հրահանգներ տվեցի, թե ինչ պետք է անեք: 19  Այնուհետև Քորեբից ճանապարհ ընկանք և, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել էր, անցանք այն մեծ ու ահազդու անապատով,+ որը դուք տեսաք ամորհացիների+ լեռնային շրջան գնալու ճանապարհին: Ի վերջո եկանք Կադես-Բառնեա:+ 20  Այդ ժամանակ ասացի ձեզ. «Դուք եկել եք ամորհացիների լեռնային շրջանը, որը ձեր Աստված Եհովան ձեզ է տալիս: 21  Ահա ձեր Աստված Եհովան այս երկիրը ձեր ձեռքն է հանձնել: Գնացե՛ք, տիրացե՛ք դրան, ինչպես որ Եհովան՝ ձեր նախահայրերի Աստվածը, ասել է ձեզ:+ Մի՛ վախեցեք, մի՛ սարսափեք»: 22  Սակայն դուք բոլորդ մոտեցաք ինձ ու ասացիք. «Մեզանից առաջ մարդիկ ուղարկենք, որ հետախուզեն երկիրը և լուր բերեն, թե ինչ ճանապարհով պետք է անցնենք, և թե ինչպիսին են այն քաղաքները, ուր պետք է գնանք»:+ 23  Այդ առաջարկը խելամիտ թվաց ինձ, ուստի ես 12 մարդ ընտրեցի՝ յուրաքանչյուր ցեղից մի հոգու:+ 24  Նրանք գնացին, բարձրացան լեռնային շրջանը,+ հասան Եսքողի գետահովիտ* ու հետախուզեցին տարածքը: 25  Նրանք իրենց հետ բերեցին այդ երկրի պտուղներից, նաև լուր բերեցին՝ ասելով. «Երկիրը, որ մեր Աստված Եհովան տալու է մեզ, լավն է»:+ 26  Բայց դուք չուզեցիք գնալ և չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովայի պատվերին:+ 27  Դուք տրտնջում էիք ձեր վրաններում և ասում. «Եհովան ատում է մեզ, դրա համար էլ մեզ Եգիպտոսից հանել է, որ ամորհացիների ձեռքը մատնի ու ոչնչացնի: 28  Էլ ո՞ւր ենք գնում: Մեր սրտերը վախից թուլացել են,+ քանի որ մեր եղբայրներն ասացին. «Այնտեղի մարդիկ մեզնից ավելի ուժեղ են ու բարձրահասակ, ամրացված մեծ քաղաքներ ունեն, որոնց պարիսպները մինչև երկինք են հասնում:+ Այնտեղ նաև Ենակի որդիներին*+ տեսանք»»: 29  Բայց ես ասացի ձեզ. «Նրանցից մի՛ վախեցեք, մի՛ զարհուրեք:+ 30  Եհովան՝ ձեր Աստվածը, կգնա ձեր առջևից ու կպատերազմի ձեզ համար,+ ինչպես որ Եգիպտոսում արեց հենց ձեր աչքի առաջ:+ 31  Եվ մինչև այստեղ հասնելն էլ, երբ դեռ անապատում էիք, տեսաք, որ ուր էլ գնում էիք, ձեր Աստված Եհովան տանում էր ձեզ իր գրկում, ինչպես հայրը՝ իր երեխային»: 32  Չնայած այդ ամենին՝ դուք չհավատացիք ձեր Աստված Եհովային,+ 33  ով գնում էր ձեր առջևից, որ ձեզ համար ճամբար դնելու տեղ գտնի, ով գիշերը ձեզ առաջնորդում էր կրակով, իսկ ցերեկը՝ ամպով, որ ցույց տա, թե որ ճանապարհով պետք է գնաք:+ 34  Եհովան լսում էր ձեր բոլոր տրտունջները: Նա շատ բարկացավ ու երդվեց.+ 35  «Այս չար սերնդից մի մարդ անգամ չի տեսնի այն լավ երկիրը, որ երդվեցի տալ ձեր հայրերին,+ 36  բացի Քաղեբից՝ Հեֆոնեի որդուց. նա կտեսնի այն: Եվ ես նրան ու նրա որդիներին բաժին կտամ այդ երկրից, որտեղ նա ոտք դրեց, որովհետև նա ամբողջ սրտով* հնազանդվեց ինձ՝ Եհովայիս»:+ 37  Ձեր պատճառով Եհովան ինձ վրա էլ բարկացավ ու ասաց. «Դու էլ չես մտնի այնտեղ:+ 38  Նավեի որդի Հեսուն ՝ քո սպասավորը,*+ նա՛ կմտնի այդ երկիր:+ Զորացրո՛ւ նրան,*+ քանի որ նա է իսրայելացիներին առաջնորդելու, որ ժառանգեն այն»: 39  Աստված ձեզ նաև ասաց. «Ձեր երեխաները, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ձեր զավակները, որոնք բարին ու չարը դեռ չեն զանազանում, նրա՛նք կմտնեն այդ երկիր, նրա՛նց կտամ, որ տիրանան դրան:+ 40  Իսկ դուք շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով անապատ գնացեք»:+ 41  Դա լսելով՝ դուք ասացիք ինձ. «Մենք մեղք ենք գործել Եհովայի դեմ: Հիմա կգնանք ու կպատերազմենք, ինչպես որ մեր Աստված Եհովան պատվիրել է մեզ»: Եվ բոլորդ սպառազինվեցիք՝ կարծելով, թե հեշտությամբ կբարձրանաք այդ լեռնային շրջանն ու կնվաճեք այն:+ 42  Բայց Եհովան ասաց ինձ. «Նրանց զգուշացրու. «Չգնաք ու չպատերազմեք, որովհետև ես ձեզ հետ չեմ լինի:+ Եթե գնաք, ձեր թշնամիները ձեզ կջախջախեն»»: 43  Ես ասացի ձեզ, բայց դուք չլսեցիք: Դուք չհնազնդվեցիք Եհովայի պատվերին ու հանդգնորեն փորձեցիք բարձրանալ լեռնային շրջանը: 44  Այդ լեռնային շրջանում ապրող ամորհացիները դուրս եկան ձեր դեմ, մեղուների պես հարձակվեցին ձեզ վրա ու փախուստի մատնեցին ձեզ՝ քշելով Սեիր, անգամ մինչև Հորմա: 45  Դուք վերադարձաք ու սկսեցիք լացուկոծ անել Եհովայի առաջ, բայց Եհովան ականջ չդրեց ձեր ձայնին և ուշադրություն չդարձրեց ձեզ: 46  Եվ դուք երկար ժամանակ մնացիք Կադեսում»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:
Կամ հնարավոր է՝ «Աստարոթում ու Եդրայիում ապրող Օգին՝ Բասանի թագավորին հաղթելուց հետո»:
Ակներևաբար, խոսքը Լիբանանի լեռնաշղթայի մասին է:
Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «ենակիմներին»: Նրանք մեծ ուժի տեր աժդահա մարդիկ էին:
Բռց.՝ «լիովին»:
Բռց.՝ «քո առջև կանգնողը»:
Կամ հնարավոր է՝ «Աստված զորացրել է նրան»: