Երկրորդ Օրենք 15։1-23

  • Ամեն յոթերորդ տարում պարտքերը պետք է ներվեն (1-6)

  • Հարկավոր է օգնել աղքատներին (7-11)

  • Ամեն յոթերորդ տարում ստրուկները պետք է ազատ արձակվեն (12-18)

    • Բզով ծակել ստրուկի ականջը (16, 17)

  • Անասունների առաջնեկները պետք է առանձնացվեն Եհովայի համար (19-23)

15  «Ամեն յոթերորդ տարում* պարտքերից ազատում* հայտարարեք:+  Ահա թե ինչ պետք է անեք. ամեն պարտատեր պետք է իր դրացուն ազատի պարտքից: Նա չպետք է պարտքը պահանջի իր դրացուց՝ իր եղբորից, քանի որ Եհովայի պատվին պետք է ազատում հայտարարվի:+  Օտարականից կարող եք պարտքը պահանջել,+ բայց ձեր եղբորից չպահանջեք, ինչ էլ որ նա պարտք լինի:  Ձեր մեջ ոչ ոք չպետք է աղքատության մեջ ընկնի, քանի որ Եհովան անշուշտ կօրհնի ձեզ+ այն երկրում, որին տիրանալու եք, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն:  Բայց կօրհնի միայն այն դեպքում, եթե լսեք ձեր Աստված Եհովային և ճշգրտորեն կատարեք այն բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ:+  Ձեր Աստված Եհովան կօրհնի ձեզ, ինչպես որ խոստացել է, և դուք շատ ազգերի պարտք կտաք,* մինչդեռ ինքներդ պարտք վերցնելու կարիք չեք ունենա:+ Դուք կտիրապետեք շատ ազգերի, մինչդեռ նրանք չեն տիրապետի ձեզ:+  Եթե ձեր Աստված Եհովայի տված երկրում՝ դրա քաղաքներից մեկում, ձեր եղբայրներից որևէ մեկը աղքատանա, ձեր սիրտը չկարծրացնեք ու ժլատ* չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ:+  Առատաձեռն եղեք նրա հանդեպ+ և անպատճառ պարտք տվեք,* ինչ որ նրան պետք է, ինչի կարիք որ նա ունի:  Զգույշ եղեք, որ ձեր սրտում նենգ միտք բույն չդնի, ու չլինի այնպես, որ մտածելով, թե յոթերորդ տարին՝ ազատման տարին, մոտ է՝+ առատաձեռն չլինեք ձեր աղքատ եղբոր հանդեպ ու նրան ոչինչ չտաք: Եթե նա Եհովային բողոքի ձեզանից, դուք մեղավոր կհամարվեք:+ 10  Ժլատությամբ չտաք նրան,+ այլ առատաձեռնությամբ կտաք, որովհետև դրա համար է ձեր Աստված Եհովան օրհնելու ձեզ ձեր բոլոր գործերում ու ձեռնարկումներում:+ 11  Երկրում միշտ էլ աղքատներ կլինեն:+ Ահա թե ինչու եմ պատվիրում, որ առատաձեռն* լինեք ձեր չքավոր ու աղքատ եղբոր հանդեպ:+ 12  Եթե ձեր ազգակիցը՝ որևէ եբրայեցի կին կամ տղամարդ, ստրկության վաճառվի ձեզ ու վեց տարի ծառայի, ապա յոթերորդ տարում պետք է նրան ազատ արձակեք:+ 13  Եվ ազատ արձակելիս նրան դատարկաձեռն չուղարկեք: 14  Առատաձեռնորեն բաժին տվեք նրան ձեր հոտից և ձեր կալի,* ձիթհանի ու հնձանի արդյունքից: Ինչպես որ ձեր Աստված Եհովան է առատաձեռնորեն օրհնել ձեզ, այդպես էլ դուք առատաձեռնորեն տվեք նրան: 15  Հիշեք, որ Եգիպտոսում դուք ստրուկ էիք, և ձեր Աստված Եհովան փրկագնեց ձեզ: Ահա թե ինչու եմ այս պատվերը տալիս այսօր: 16  Բայց եթե ստրուկն ասի տիրոջը, որ չի գնա նրա մոտից, քանի որ սիրում է նրան ու նրա տնեցիներին, և իրեն հաճելի է եղել նրանց մոտ մնալը,+ 17  ապա տերը թող մի բիզ վերցնի և նրան կանգնեցնելով դռան դիմաց՝ բզով ծակի ականջը, ու նա իր ողջ կյանքում այդ մարդու ծառան կլինի: Նույն կերպ վարվեք նաև ստրկուհու հետ: 18  Մի՛ մտածեք, որ ձեր ստրուկին ազատ արձակելով՝ կորուստ եք կրում: Չէ՞ որ եթե վեց տարվա ընթացքում նրա արած գործը վարձկանը աներ, կրկնակի թանկ կնստեր ձեզ վրա, այնպես որ դուք կրկնակի շահել եք, և ձեր Աստված Եհովան էլ օրհնել է ձեզ ամեն ինչում: 19  Ձեր խոշոր ու մանր եղջերավոր անասուններից ծնված ամեն արու առաջնեկի առանձնացրեք* ձեր Աստված Եհովայի համար:+ Ձեր նախիրներում ծնված առաջնեկներին* գործի չլծեք և հոտերում ծնված առաջնեկներին չխուզեք: 20  Ամեն տարի դուք և ձեր տնեցիները դրանք պետք է ուտեք ձեր Աստված Եհովայի առաջ այն վայրում, որը Եհովան կընտրի:+ 21  Բայց եթե կենդանին լինի կաղ կամ կույր, կամ էլ ուրիշ լուրջ արատ ունենա, այն չմատուցեք որպես զոհ ձեր Աստված Եհովային:+ 22  Այն ձեր քաղաքներում կերեք: Թե՛ մաքուր, թե՛ անմաքուր մարդը կարող է ուտել դրանից, ինչպես որ այծեղջերուի ու եղնիկի մսից:+ 23  Միայն թե դրա արյունը չուտեք,+ ջրի պես այն գետնին թափեք»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ամեն յոթ տարիների վերջում»:
Կամ հնարավոր է՝ «պարտքերի հետաձգում»:
Կամ՝ «գրավով պարտք կտաք»:
Բռց.՝ «ձեռքդ փակ»:
Կամ՝ «գրավով պարտք տվեք»:
Բռց.՝ «ձեռքը բաց»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «ցլերի առաջնեկներին»: