Երկրորդ Օրենք 20։1-20

  • Պատերազմելու վերաբերյալ ցուցումներ (1-20)

    • Որ դեպքերում են ազատվում զինծառայությունից (5-9)

20  «Երբ գնաք ձեր թշնամիների դեմ պատերազմելու և տեսնեք, որ նրանց ձիերը, մարտակառքերն ու զորքերը ավելի շատ են, քան ձերը, չվախենաք նրանցից, որովհետև ձեզ հետ է ձեր Աստված Եհովան, ով հանել է ձեզ Եգիպտոսից:+  Նախքան դուրս կգաք մարտի, քահանան պետք է գա և ուղերձով դիմի զորքին:+  Նա պետք է ասի. «Լսե՛ք, ո՛վ իսրայելացիներ: Այսօր դուք մարտնչելու եք ձեր թշնամիների դեմ: Թող ձեր սիրտը չնվաղի: Նրանցից չվախենաք, չզարհուրեք ու չսարսռաք,  որովհետև ձեր Աստված Եհովան ձեզ հետ է, որ պատերազմի ձեր թշնամիների դեմ ու փրկի ձեզ»:+  Զորավարներն էլ պետք է դիմեն ժողովրդին ու ասեն. «Ձեր մեջ կա՞ մեկը, որ նոր տուն է կառուցել և դեռ չի տեղափոխվել այնտեղ բնակվելու: Թող տուն վերադառնա, այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը բնակվի այնտեղ:  Կա՞ մեկը, որ խաղողի այգի է տնկել և դեռ չի քաղել դրա պտուղը: Թող տուն վերադառնա, այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը քաղի այգու պտուղը:  Կա՞ մեկը, որ նշանվել է, բայց դեռ չի ամուսնացել: Թող տուն վերադառնա,+ այլապես գուցե ընկնի մարտի դաշտում, և ուրիշը կնության առնի նրա նշանածին»:  Զորավարները նաև պետք է հարցնեն. «Կա՞ մեկը, ով վախենում է, ում սիրտը նվաղել է:+ Թող տուն վերադառնա, որ իր եղբայրների սիրտն էլ ահ չգցի»:+  Երբ զորավարները ռազմիկների հետ խոսեն վերջացնեն, նրանց առաջնորդելու համար հրամանատարներ պետք է նշանակեն: 10  Երբ մոտենաք որևէ քաղաքի՝ դրա դեմ կռվելու, նախ ներկայացրեք խաղաղության պայմանները:+ 11  Եթե բնակիչները համաձայնեն ձեր պայմաններին ու ձեզ ներս թողնեն, ապա այնտեղի ամբողջ ժողովուրդը ձեր ծառան կդառնա ու կանցնի հարկադիր աշխատանքի:+ 12  Բայց եթե չուզեն ձեզ հետ խաղաղություն հաստատել և պատերազմեն ձեր դեմ, պաշարեք նրանց: 13  Ձեր Աստված Եհովան նրանց ձեր ձեռքը կմատնի, և դուք սրի կքաշեք այդ քաղաքի բոլոր տղամարդկանց: 14  Բայց կանանց, երեխաներին, ընտանի կենդանիներին ու քաղաքի ողջ ունեցվածքը ձեզ համար ավար վերցրեք:+ Ձեր թշնամիներից վերցրած ողջ ավարը՝ այն ամենը, ինչ ձեր Աստված Եհովան կտա ձեզ, թող ձերը լինի:+ 15  Այդպես վարվեք բոլոր հեռավոր քաղաքների դեպքում, որոնք չեն պատկանում այս երկրում ապրող ազգերին: 16  Բայց այս ազգերի քաղաքներում, որոնց երկիրը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն, ոչ մի շնչավոր արարածի կենդանի չթողնեք:+ 17  Դուք պետք է ամբողջությամբ բնաջնջեք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հեբուսացիներին,+ ինչպես որ ձեր Աստված Եհովան պատվիրել է ձեզ: 18  Այդպես արեք, որպեսզի նրանք ձեզ չսովորեցնեն այն բոլոր գարշելի բաները, որ անում են իրենց աստվածների համար, և որպեսզի չդրդեն ձեզ մեղք գործելու ձեր Աստված Եհովայի դեմ:+ 19  Եթե օրեր շարունակ պաշարեք որևէ քաղաք ու կռվեք դրա դեմ, որ գրավեք այն, չոչնչացնեք ծառերը. դրանց վրա կացին չբարձրացնեք: Կարող եք ուտել դրանց պտղից, բայց մի՛ կտրեք դրանք:+ Ի՞նչ է, ծառը մա՞րդ է, որ դրա դեմ կռվեք: 20  Ոչնչացրեք միայն այն ծառերը, որոնք գիտեք, որ ուտելու պտուղ չեն տալիս: Դրանք կտրեք և պաշարողական ամրություններ սարքեք, որ կռվեք քաղաքի դեմ, մինչև այն ընկնի»:

Ծանոթագրություններ