Երկրորդ Օրենք 22։1-30

  • Սրտացավություն դրացու կենդանիների նկատմամբ (1-4)

  • Հակառակ սեռի հագուստ հագնելը (5)

  • Բարություն կենդանիների նկատմամբ (6, 7)

  • Եզրապատ՝ տանիքի համար (8)

  • Արգելված համադրություններ (9-11)

  • Ծոպեր՝ հագուստի վրա (12)

  • Սեռական բնույթի օրինախախտումներ (13-30)

22  «Եթե տեսնես, որ եղբորդ ցուլը կամ ոչխարը մոլորվել է, անտարբեր չանցնես.+ կենդանուն անպայման տար եղբորդ տուր:  Բայց եթե եղբայրդ հեռու է ապրում կամ չգիտես, թե ով է կենդանու տերը, ապա դրան քո տուն տար, և թող քեզ մոտ մնա, մինչև որ եղբայրդ սկսի փնտրել դրան: Այդ ժամանակ կենդանուն նրան վերադարձրու:+  Նույն կերպ պետք է վարվես, երբ գտնես եղբորդ կորցրած էշը, հագուստը կամ ցանկացած այլ բան: Չպետք է անտարբեր անցնես:  Եթե տեսնես, որ եղբորդ էշը կամ ցուլը ընկել է ճանապարհին, անտարբեր չանցնես: Անպայման եղբորդ օգնիր բարձրացնել կենդանուն:+  Կինը չպետք է տղամարդու հագուստ կրի, իսկ տղամարդը չպետք է կանացի հագուստ կրի, որովհետև այսպիսի բան անողը գարշելի է ձեր Աստված Եհովայի համար:  Եթե ճանապարհին՝ ծառի վրա կամ գետնին, թռչնի բույն տեսնես, մեջը՝ ձագեր կամ ձվեր, մայրն էլ՝ նստած դրանց վրա, ապա ձագերի հետ մորը չվերցնես:+  Մորն անպատճառ բաց թող, իսկ ձագերին կարող ես քեզ պահել: Այդպես վարվիր, որ բարիք տեսնես ու երկար ապրես:  Նոր տուն կառուցելիս տանիքիդ չորսբոլորը եզրապատ շինիր,+ որպեսզի այնտեղից ոչ ոք չընկնի, ու այդպիսով դու և ընտանիքդ արյունապարտ չդառնաք:  Քո խաղողի այգում խաղողի հետ միասին ուրիշ ոչինչ չաճեցնես,*+ այլապես դրանից ստացված ողջ բերքն ու խաղողի բերքը սրբարանին կտրվեն: 10  Հերկելիս ցուլն* ու էշը միասին չլծես:+ 11  Տարատեսակ թելերից՝ բրդից ու վուշից* գործված հագուստ չհագնես:+ 12  Թիկնոցիդ չորս անկյուններից յուրաքանչյուրի վրա ծոպ ամրացրու:+ 13  Եթե մի մարդ կին առնի, բայց նրա հետ հարաբերություն ունենալուց հետո նրան ատի,* 14  մեղադրի ամոթալի վարք ունենալու մեջ և անուն դնի նրան՝ ասելով՝ «Ես ամուսնացա այս կնոջ հետ, բայց երբ հարաբերություն ունեցա նրա հետ, պարզվեց, որ նա կույս չէ», 15  ապա այդ աղջկա հայրն ու մայրը պետք է նրա կուսության ապացույցը ներկայացնեն երեցներին քաղաքի դարպասների մոտ: 16  Աղջկա հայրը թող ասի երեցներին. «Աղջկաս այս մարդուն կնության տվեցի, բայց նա նրան ատում է,* 17  մեղադրում է ամոթալի վարքի մեջ և ասում՝ «Աղջիկդ կույս չէր», բայց ահա իմ աղջկա կուսության ապացույցը»: Եվ կտորը պետք է փռեն քաղաքի երեցների առաջ: 18  Քաղաքի երեցները+ պետք է պատժեն այդ մարդուն:+ 19  Իսրայելացի կույսի անունը վարկաբեկելու համար այդ մարդու վրա պետք է 100 սիկղ* արծաթ տուգանք դնեն և այդ փողը տան աղջկա հորը:+ Աղջիկը կմնա նրա կինը, և այդ մարդն իր ողջ կյանքում չի կարող բաժանվել նրանից: 20  Սակայն եթե այդ մարդու մեղադրանքը ճիշտ է, և աղջիկը իսկապես կույս չի եղել, 21  ապա աղջկան պետք է բերեն հոր տան մուտքի մոտ, ու քաղաքի մարդիկ պետք է քարկոծելով սպանեն նրան, քանի որ նա Իսրայելում ամոթալի արարք+ է գործել՝ իր հոր տանը անբարոյականություն* անելով:+ Այդպիսով վերացրեք չարիքը ձեր միջից:+ 22  Եթե մի տղամարդու տեսնեն ուրիշի կնոջ հետ պառկած, ապա երկուսն էլ պետք է մեռնեն՝ թե՛ տղամարդը, թե՛ այդ կինը, որի հետ նա կենակցել է:+ Այդպիսով վերացրեք չարիքը Իսրայելից: 23  Եթե քաղաքում մի տղամարդ հանդիպի նշանված կույս աղջկա և կենակցի նրա հետ, 24  ապա երկուսին էլ պետք է բերեք քաղաքի դարպասների մոտ ու քարկոծելով սպանեք. աղջկան՝ այն բանի համար, որ քաղաքում լինելով՝ չի բղավել ու օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ պատվազրկել է ուրիշի կնոջը:+ Այդպիսով վերացրեք չարիքը ձեր միջից: 25  Բայց եթե տղամարդը նշանված աղջկան հանդիպել է դաշտում և ուժով է տիրացել նրան, ապա միայն տղամարդը պետք է մեռնի, 26  իսկ աղջկան ոչինչ չանեք, քանի որ նա մեղք չի գործել և մահվան արժանի չէ: Սա նույնն է, թե մարդը հարձակվեր մեկ ուրիշի վրա ու սպաներ նրան:*+ 27  Նա դաշտում է հանդիպել նշանված աղջկան, ու թեև աղջիկը բղավել է, բայց մարդ չի եղել, որ օգնի նրան: 28  Եթե մի տղամարդ հանդիպի չնշանված կույս աղջկա, ստիպի նրան կենակցել իր հետ, և դա բացահայտվի,+ 29  ապա աղջկա հետ կենակցող տղամարդը պետք է նրա հորը 50 սիկղ* արծաթ տա, և աղջիկը նրա կինը պետք է դառնա:+ Քանի որ նա պատվազրկել է աղջկան, իր ողջ կյանքում չի կարող բաժանվել նրանից: 30  Ոչ ոք չպետք է կնության առնի իր հոր կնոջը, որ չպատվազրկի իր հորը»:*+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկու տեսակի սերմ չցանես»:
Հնարավոր է՝ նկատի ունի ցլի համեմատաբար հլու տեսակ, որին օգտագործում էին գյուղատնտեսության մեջ և բեռներ փոխադրելու համար:
Կամ՝ «կտավից»:
Կամ՝ «հրաժարվի նրանից»:
Կամ՝ «հրաժարվում է նրանից»:
Մոտ 1,1 կգ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «մարմնավաճառություն»:
Կամ՝ «հոգի սպաներ»:
Մոտ 570 գ:
Բռց.՝ «չբարձրացնի իր հոր հագուստի փեշը»: