Երկրորդ Օրենք 28։1-68

  • Օրհնություններ՝ հնազանդության համար (1-14)

  • Անեծքներ՝ անհնազանդության համար (15-68)

28  «Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովային, ճշգրտորեն կատարեք նրա բոլոր պատվիրանները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա ձեր Աստված Եհովան, անկասկած, ձեզ բարձր կդասի մյուս բոլոր ազգերից:+  Եթե միշտ հնազանդվեք ձեր Աստված Եհովային, այս բոլոր օրհնությունները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+  Կօրհնվեք թե՛ քաղաքներում, թե՛ դաշտերում:+  Կօրհնվեք՝ ունենալով շատ երեխաներ,*+ ձեր հողը առատ բերք կտա, ձեր անասունները բեղմնավոր կլինեն, շատ հորթեր ու գառներ կունենաք:+  Կօրհնվեք՝ ունենալով լեփ-լեցուն զամբյուղներ+ ու խմորատաշտեր:+  Կօրնվեք ձեր բոլոր գործերում:*  Եհովան այնպես կանի, որ ձեր դեմ դուրս եկող թշնամիները ջախջախվեն ձեր առաջ:+ Նրանք մի ուղղությամբ կհարձակվեն ձեզ վրա, բայց յոթ տարբեր ուղղություններով կփախչեն ձեզանից:+  Եհովան կօրհնի ձեր ամբարները+ և ձեր բոլոր ձեռնարկումները: Ձեր Աստված Եհովան անշուշտ կօրհնի ձեզ այն երկրում, որը տալու է ձեզ:  Եթե շարունակեք պահել ձեր Աստված Եհովայի պատվիրանները և գնաք նրա ճանապարհներով, Եհովան վերջնականապես ձեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի,+ ինչպես որ երդվել է ձեզ:+ 10  Երկրի բոլոր ժողովուրդները կտեսնեն, որ դուք Եհովայի անունն եք կրում,+ և կվախենան ձեզնից:+ 11  Եհովան շատ երեխաներ կպարգևի ձեզ, նաև շատ անասուններ: Ձեր Աստված Եհովան հողը բերքառատ կդարձնի+ այն երկրում, որ ձեր նախահայրերին երդվել է տալ ձեզ:+ 12  Եհովան ձեզ համար կբացի իր բարիքների ամբարը՝ երկինքը, և ճիշտ ժամանակին անձրև կտա ձեր երկրին,+ կօրհնի ձեր բոլոր գործերը: Դուք պարտք կտաք շատ ազգերի, մինչդեռ ինքներդ պարտք վերցնելու կարիք չեք ունենա:+ 13  Եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որ այսօր տալիս եմ ձեզ, ու կատարեք դրանք, Եհովան այնպես կանի, որ առջևում լինեք, ինչպես գլուխ, ոչ թե հետևում, ինչպես պոչ, և գերադաս կլինեք,+ ոչ թե ստորադաս: 14  Աջ կամ ձախ չշեղվեք այն բոլոր խոսքերից, որ այսօր պատվիրում եմ ձեզ:+ Ուրիշ աստվածների չպաշտեք ու դրանց չծառայեք:+ 15  Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+ 16  Անիծյալ կլինեք թե՛ քաղաքներում, թե՛ դաշտերում:+ 17  Անիծյալ կլինեն ձեր զամբյուղներն+ ու խմորատաշտերը՝ մնալով դատարկ:+ 18  Անիծյալ կլինեք՝ կարոտ մնալով շատ զավակներ ունենալուն,*+ հողի առատ բերքին, շատ հորթերին ու գառներին:+ 19  Անիծյալ կլինեք ձեր բոլոր գործերում:* 20  Ինչ էլ որ ձեռնարկեք, Եհովան ձեզ խուճապի կմատնի և ձեզ վրա անեծք ու պատիժ կբերի, մինչև որ ոչնչանաք: Նրան* թողնելու համար ու ձեր վատ գործերի համար դուք կարճ ժամանակում բնաջինջ կլինեք:+ 21  Եհովան այնպես կանի, որ հիվանդությունն անպակաս լինի ձեզանից, մինչև որ վերանաք այն երկրից, որին տիրանալու եք:+ 22  Եհովան կպատուհասի ձեզ հյուծախտով,* տենդով,+ բորբոքումով, բարձր ջերմությամբ ու սրով,+ իսկ ձեր բույսերը՝ տոթակեզ քամով ու ալրացողով:*+ Դրանք կպատուհասեն ձեզ, մինչև որ վերանաք: 23  Ձեր գլխավերևում երկինքն ասես պղինձ կդառնա, իսկ ձեր ոտքի տակի հողը՝ ասես երկաթ:+ 24  Եհովան անձրևի փոխարեն երկնքից հող ու փոշի կտեղա ձեզ վրա ու ձեր երկրի վրա, մինչև որ ոչնչանաք: 25  Եհովան այնպես կանի, որ ջախջախվեք ձեր թշնամիների առաջ:+ Մի ուղղությամբ կհարձակվեք նրանց վրա, բայց յոթ տարբեր ուղղություններով կփախչեք նրանցից: Ձեզ պատահածը ահ կներշնչի երկրի բոլոր թագավորություններին:+ 26  Ձեր դիակները թռչուններն ու գազանները կուտեն, և նրանց քշող չի լինի:+ 27  Եհովան կպատուհասի ձեզ եգիպտացիների մեջ տարածված թարախապալարներով, թութքով, մաշկաբորբով* ու մաշկի ցանով, որոնցից չեք կարողանա բուժվել: 28  Եհովան կպատուհասի ձեզ խելագարությամբ, կուրությամբ*+ ու շփոթության մեջ կգցի: 29  Օրը ցերեկով կխարխափեք, ինչպես կույրը՝ մթության մեջ:+ Ինչ էլ անեք, հաջողություն չեք ունենա, ձեզ միշտ կխաբեն ու կկողոպտեն, և փրկող չի լինի:+ 30  Երբ որևէ մեկդ նշանվի մի աղջկա հետ, նշանածին կբռնաբարեն: Տուն կկառուցեք, բայց չեք ապրի այնտեղ:+ Խաղողի այգի կտնկեք, բայց դրա պտուղը չեք վայելի:+ 31  Ձեր ցլերը կմորթվեն ձեր աչքի առաջ, բայց դուք դրանց մսից չեք ուտի: Աչքներիդ առաջ ձեր էշերը կգողանան ու չեն վերադարձնի: Ձեր ոչխարները թշնամիները կտանեն, ու ձեզ պաշտպանող չի լինի: 32  Դուք ձեր աչքով կտեսնեք, թե ինչպես է ուրիշ մի ժողովուրդ տանում ձեր որդիներին ու դուստրերին:+ Դուք կարոտով կփափագեք տեսնել նրանց, բայց ոչինչ չեք կարողանա անել: 33  Ձեր հողի պտուղն ու ձեր աճեցրած ամեն բան կուտի օտար մի ժողովուրդ:+ Ձեզ միշտ կխաբեն ու կկեղեքեն: 34  Ձեր աչքի տեսածից կցնորվեք: 35  Եհովան կպատուհասի ձեզ, ու անբուժելի ցավոտ թարախապալարներ կհայտնվեն ձեր ծնկների ու ոտքերի վրա, և ոտքից գլուխ դրանցով կծածկվեք: 36  Եհովան ձեզ էլ, ձեր թագավորին էլ, որին կընտրեք ձեզ համար, կքշի մի ազգի մոտ, որին ո՛չ դուք եք ճանաչել, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+ Այնտեղ ուրիշ աստվածների կծառայեք՝ փայտե ու քարե աստվածների:+ 37  Ձեզ պատահածը ահ կներշնչի բոլոր ժողովուրդներին, ում մոտ Եհովան կքշի ձեզ: Նրանց համար դուք կդառնաք արհամարհանքի* ու ծաղրի առարկա:+ 38  Արտում շատ սերմ կցանեք, բայց քիչ բերք կհավաքեք,+ որովհետև մորեխները կխժռեն այն: 39  Խաղողի այգի կտնկեք ու կմշակեք, բայց դրա գինին չեք խմի և ոչինչ չեք հավաքի,+ որովհետև որդը կուտի ամեն ինչ: 40  Ձեր երկրի ողջ տարածքում ձիթենիներ կունենաք, բայց ձիթայուղ չեք քսի ձեզ վրա, որովհետև ձիթենիները պտղաթափ կլինեն: 41  Որդիներ ու աղջիկներ կծնեք, բայց նրանք ձեզ մոտ չեն մնա, որովհետև գերության կտարվեն:+ 42  Միջատների պարսերը կոչնչացնեն ձեր բոլոր ծառերն ու հողի բերքը: 43  Ձեր մեջ ապրող պանդուխտները ավելի ու ավելի կբարձրանան, իսկ դուք գնալով կցածրանաք: 44  Նրանք ձեզ պարտք կտան, բայց դուք ոչինչ չեք ունենա, որ պարտք տաք նրանց:+ Նրանք առջևում կլինեն, ինչպես գլուխ, իսկ դուք հետևում կլինեք, ինչպես պոչ:+ 45  Այս բոլոր անեծքները+ կհետապնդեն ձեզ ու անխուսափելիորեն վրա կհասնեն, և դուք կոչնչանաք,+ քանի որ չհնազանդվեցիք ձեր Աստված Եհովային և չպահեցիք նրա պատվիրաններն ու կանոնները, որ տվել էր ձեզ:+ 46  Այդ անեծքները կշարունակեն գալ ձեզ ու ձեր սերնդի վրա և նշան ու զգուշացում կլինեն դարեդար:+ 47  Դա կլինի այն պատճառով, որ երբ ամեն ինչ առատությամբ ունեիք, չծառայեցիք ձեր Աստված Եհովային ուրախությամբ և սրտի բերկրանքով:+ 48  Եհովան ձեր դեմ կհանի ձեր թշնամիներին, և դուք կծառայեք նրանց՝+ սովի ու ծարավի,+ մերկության ու չքավորության մատնված: Նա ձեր պարանոցին երկաթե լուծ կդնի, որի տակ կմնաք այնքան, մինչև որ ոչնչանաք: 49  Եհովան հեռուներից՝ երկրի ծայրից, ձեր դեմ կբերի մի ազգ,+ որն արծվի պես սրընթաց կհարձակվի ձեզ վրա,+ մի ազգ, որի լեզուն չեք հասկանա,+ 50  կատաղի մի ազգ, որը տարեցին չի հարգի ու փոքրին չի խղճա:+ 51  Նրանք կուտեն ձեր անասունների ծնած ձագերին, ձեր հողի տված բերքը, ձեզ ո՛չ հացահատիկ կթողնեն, ո՛չ գինի ու յուղ, ո՛չ էլ հորթ ու գառ, և այդպես կանեն, մինչև որ կործանեն ու բնաջնջեն ձեզ:+ 52  Նրանք կպաշարեն ձեր երկրի բոլոր քաղաքները, և դուք փակված կմնաք, մինչև որ ընկնեն ձեր բարձր և ամուր պարիսպները, որոնց վրա հույս էիք դրել: Այո՛, նրանք կպաշարեն ձեր բոլոր քաղաքները ձեր Աստված Եհովայի տված երկրում:+ 53  Թշնամիները, ձեզ պաշարելով, այնպիսի ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն, որ ստիպված կլինեք ձեր իսկ զավակների միսն* ուտել՝ ձեր որդիների ու դուստրերի,+ որոնց ձեր Աստված Եհովան պարգևել է ձեզ: 54  Ձեր միջի անգամ ամենափափկասիրտ ու փափկակյաց տղամարդը չի խղճա իր եղբորը, իր սիրելի կնոջը և իր ողջ մնացած որդիներին 55  և ոչ մեկին չի տա իր երեխաների մսից, որոնց կուտի, քանի որ ուտելու ուրիշ ոչինչ չի ունենա այդ ծանր օրերին, երբ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, անճար վիճակի մեջ գցեն ձեզ:+ 56  Ձեր միջի փափկասիրտ ու փափկակյաց կինը,+ ով այնպիսի փափուկ կյանքով է ապրել, որ անգամ ոտքը գետնին չի դրել, չի խղճա ո՛չ իր սիրելի ամուսնուն, ո՛չ էլ որդուն կամ դստերը 57  և չի ցանկանա նրանց տալ իր ծնած երեխայի մսից, ոչ էլ անգամ իր ոտքերի արանքից դուրս եկած ընկերքից, այլ թաքուն կուտի այդ բոլորը, քանի որ թշնամիները, պաշարելով ձեր քաղաքները, ծանր ու անճար վիճակի մեջ կգցեն ձեզ: 58  Եթե ճշգրտորեն չհետևեք այս Օրենքի բոլոր խոսքերին, որ գրված են այս գրքում,+ ու չվախենաք ձեր Աստված Եհովայի՝+ ակնածանք ներշնչող փառավոր անունից,+ 59  Եհովան սոսկալի պատուհասներ կբերի ձեզ վրա ու ձեր սերնդի վրա՝ մեծ ու անվերջանալի պատուհասներ+ և ծանր ու երկարատև հիվանդություններ: 60  Նա ձեզ վրա կբերի Եգիպտոսում տարածված բոլոր հիվանդությունները, որոնցից վախենում էիք, և դրանցից չեք ազատվի: 61  Դեռ ավելին՝ Եհովան ձեզ վրա կբերի նույնիսկ այնպիսի հիվանդություններ ու պատուհասներ, որոնց մասին գրված չէ այս Օրենքի գրքում, և այդպես կանի, մինչև որ ոչնչանաք: 62  Թեև հիմա երկնքի աստղերի չափ շատ եք,+ բայց ձեր Աստված Եհովային չհնազանդվելու հետևանքով խիստ սակավաթիվ կդառնաք:+ 63  Եվ ինչպես որ Եհովան մի ժամանակ ուրախությամբ ձեզ բարիք էր անում ու մեծաթիվ դարձնում, այնպես էլ հիմա Եհովան ուրախությամբ կկործանի ու կոչնչացնի ձեզ: Դուք արմատախիլ կլինեք այն երկրից, որին շուտով տիրանալու եք: 64  Եհովան ձեզ ցիրուցան կանի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը,+ և այնտեղ դուք կծառայեք քարե ու փայտե աստվածների, որոնց ո՛չ դուք եք ճանաչել, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+ 65  Այդ ազգերի մեջ ո՛չ անդորր կունենաք,+ ո՛չ էլ հանգիստ առնելու տեղ: Եհովան ձեր սիրտը անհանգստությամբ կլցնի,+ ձեր աչքի լույսը կխամրեցնի և վհատության մեջ կգցի ձեզ:+ 66  Ձեր կյանքը մազից կախված կլինի, և օր ու գիշեր սարսափի մեջ կլինեք՝ չիմանալով՝ ողջ կմնաք, թե ոչ: 67  Ձեր սիրտն այնպիսի սարսափով կհամակվի, ու ձեր աչքերն այնպիսի բաներ կտեսնեն, որ առավոտյան կասեք՝ «Երանի՜ երեկոն շուտ գա», իսկ երեկոյան՝ «Երանի՜ առավոտը շուտ գա»: 68  Եվ Եհովան ձեզ նավերով կվերադարձնի Եգիպտոս, որի մասին ձեզ ասել էի, թե երբեք այն չեք տեսնի: Այնտեղ ստիպված կլինեք ինքներդ ձեզ ստրկության վաճառել ձեր թշնամիներին, բայց ոչ ոք ձեզ չի գնի»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Կօրհնվի ձեր արգանդի պտուղը»:
Բռց.՝ «Օրհնյալ կլինեք մտնելիս և օրհնյալ կլինեք դուրս գալիս»:
Բռց.՝ «Կանիծվի ձեր արգանդի պտուղը»:
Բռց.՝ «Անիծյալ կլինեք մտնելիս և անիծյալ կլինեք դուրս գալիս»:
Բռց.՝ «Ինձ»:
Բույսերի սնկային հիվանդություն:
Կամ՝ «տուբերկուլյոզով»:
Կամ՝ «էկզեմայով»:
Կարող է վերաբերել նաև մտային կուրությանը:
Բռց.՝ «առակ»:
Բռց.՝ «ձեր արգանդի պտուղը»: