Երկրորդ Օրենք 29։1-29

  • Մովաբի երկրում Իսրայելի հետ կնքված ուխտը (1-13)

  • Ինչ կլինի անհնազանդության դեպքում (14-29)

    • Ծածուկ բաներն ու հայտնի բաները (29)

29  Ահա խոսքերն այն ուխտի, որ Եհովան Մովսեսին պատվիրեց կնքել իսրայելացիների հետ Մովաբի երկրում՝ ի լրումն Քորեբի մոտ կնքված ուխտի:+  Մովսեսը կանչեց ամբողջ Իսրայելին ու ասաց. «Դուք տեսաք, թե Եգիպտոսում Եհովան ձեր աչքի առաջ ինչ արեց փարավոնին, նրա բոլոր ծառաներին ու ամբողջ երկրին,+  ականատես եղաք նրա մեծ դատաստաններին,* նրա զորավոր գործերին ու հրաշքներին:+  Սակայն Եհովան մինչ օրս ձեզ չի տվել հասկանալու ունակ միտք,* տեսնելու ունակ աչքեր և լսելու ունակ ականջներ:+  Նա ասում է. «Այն 40 տարիների ընթացքում,+ երբ անապատում առաջնորդում էի ձեզ, ո՛չ ձեր հագուստը մաշվեց, ո՛չ էլ ձեր ոտքերի սանդալները:+  Դուք հաց չկերաք և գինի կամ այլ ոգելից ըմպելիք չխմեցիք, բայց ես հոգ տարա ձեր մասին, որ իմանաք, որ ես՝ Եհովաս, ձեր Աստվածն եմ»:  Ի վերջո եկաք այս վայրը: Այդ ժամանակ Եսեբոնի թագավոր Սեհոնը+ և Բասանի թագավոր Օգը+ կռվի դուրս եկան մեր դեմ, բայց մենք ջախջախեցինք նրանց:+  Նրանց երկիրը նվաճեցինք ու որպես ժառանգություն տվեցինք Ռուբենյաններին, Գադյաններին և Մանասեյանների ցեղի կեսին:+  Եվ ուրեմն հնազանդվեք այս ուխտի խոսքերին ու կատարեք դրանք, որ ձեր բոլոր գործերում հաջողություն ունենաք:+ 10  Այսօր բոլորդ կանգնած եք ձեր Աստված Եհովայի առաջ՝ ձեր ցեղապետները, ձեր երեցները, առաջնորդող մարդիկ, Իսրայելի բոլոր տղամարդիկ, 11  ձեր երեխաները, կանայք+ ու ձեր ճամբարում ապրող պանդուխտները՝+ փայտ հավաքող, թե ջուր հանող: 12  Դուք այստեղ եք, որ ձեր Աստված Եհովայի հետ ուխտ կապեք, որը հաստատվում է երդումով: Այսօր ձեր Աստված Եհովան ձեզ հետ կապում է այս ուխտը,+ 13  որպեսզի հաստատի, որ դուք իր ժողովուրդն եք,+ և ձեր Աստվածը լինի,+ ինչպես որ խոստացել է ձեզ, ինչպես որ երդվել է ձեր նախահայրերին՝ Աբրահամին,+ Իսահակին+ ու Հակոբին:+ 14  Այս ուխտը, որ երդումով է հաստատվում, կապում եմ* ոչ միայն ձեզ հետ՝ 15  ձեզ, որ կանգնած եք այստեղ՝ մեր Աստված Եհովայի առաջ, այլև նրանց հետ, ովքեր այսօր մեզ հետ չեն: 16  Դուք լավ գիտեք՝ ինչպես ենք ապրել Եգիպտոսում, ինչպես ենք անցել տարբեր ազգերի տարածքներով,+ 17  և դուք տեսել եք նրանց նողկալի բաները՝ գարշելի կուռքերը՝*+ փայտից ու քարից, արծաթից ու ոսկուց: 18  Զգույշ եղեք, որ այսօր ձեր մեջ չլինի տղամարդ կամ կին, ընտանիք կամ ցեղ, որ երես թեքի* մեր Աստված Եհովայից ու ծառայի այդ ազգերի աստվածներին,+ որ ձեր մեջ չլինի այնպիսի արմատ, որից թունավոր ու դառը բույս* կաճի:+ 19  Եթե ինչ-որ մեկը լսի այս երդման խոսքերը, բայց պարծենալով մտքում ասի՝ «Ես կանեմ, ինչ սիրտս ուզի, ու ինձ ոչինչ էլ չի պատահի», և այդպիսով իր ճանապարհին վնասի բոլորին,* 20  ապա Եհովան չի ցանկանա ներել նրան.+ Եհովայի ցասումը կբորբոքվի այդ մարդու դեմ, և այս գրքում գրված բոլոր անեծքները նրա վրա կգան:+ Եհովան կջնջի նրա անունը, որ այն այլևս չհիշատակվի երկնքի տակ: 21  Եհովան կառանձնացնի այդ մարդուն Իսրայելի բոլոր ցեղերից, որ պատուհասի նրան ու նրա վրա բերի այս Օրենքի գրքում գրված այն բոլոր անեծքները, որ թափվելու են ուխտը խախտողների վրա: 22  Երբ ձեր զավակները՝ ձեր գալիք սերունդը, ու հեռավոր երկրներից եկած օտարականները տեսնեն, թե ինչ պատուհասներ ու աղետներ է Եհովան բերել ձեր երկրի վրա, 23  երբ տեսնեն, որ ծծումբը, աղն ու կրակը ոչնչացրել են երկիրը, այնպես որ այնտեղ ոչինչ չի ցանվում, ոչինչ չի ծլում, և ոչ մի բուսականություն չկա, ինչպես Սոդոմի ու Գոմորի,+ Ադմայի ու Սեբոյիմի+ կործանումից հետո, որոնք Եհովան կործանեց՝ բարկությամբ ու ցասումով լցված, 24  այդ ժամանակ նրանք, ինչպես նաև բոլոր ազգերը կհարցնեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս երկրի հետ:+ Ինչի՞ց բորբոքվեց նրա ահեղ բարկությունը»: 25  Եվ նրանց կպատասխանեն. «Պատճառն այն է, որ նրանք խախտեցին իրենց նախահայրերի Աստծու՝ Եհովայի ուխտը,+ որը նա կապել էր նրանց հետ, երբ նրանց հանել էր Եգիպտոսից:+ 26  Նրանք սկսեցին ծառայել ուրիշ, անծանոթ աստվածների և խոնարհվել դրանց առաջ, թեև Աստված արգելել էր պաշտել դրանց:+ 27  Ուստի Եհովան իր ցասումը թափեց այս երկրի վրա՝ բերելով այս գրքում գրված բոլոր անեծքները:+ 28  Եհովան, բարկությամբ,+ մեծ զայրույթով ու ցասումով լցված, նրանց արմատախիլ արեց իրենց երկրից և արտաքսեց մի ուրիշ երկիր, որտեղ որ նրանք գտնվում են այսօր»:+ 29  Կան ծածուկ բաներ, որ միայն մեր Աստված Եհովան գիտի,+ իսկ այն ամենը, ինչ ցանկացել է հայտնի դարձնել, նա առհավետ մեզ ու մեր սերունդներին է վստահել, որ կատարենք այս Օրենքի բոլոր խոսքերը»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «փորձություններին»:
Բռց.՝ «սիրտ»:
Այսինքն՝ Եհովան է ուխտ կապում խոսողի՝ Մովսեսի միջոցով:
«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Բռց.՝ «որի սիրտը շեղվի»:
Կամ՝ «օշինդր»:
Բռց.՝ «ոռոգվածին չորի հետ»: