Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ա1

Աստվածաշնչի թարգմանության սկզբունքները

Այսօր Աստվածաշունչը մասամբ կամ ամբողջությամբ հասանելի է ավելի քան 3 000 լեզուներով: Սակայն ի սկզբանե այն գրվել է հին եբրայերենով, արամերենով և հունարենով: Աստվածաշունչն ընթերցող մարդկանց մեծամասնությունը չի հասկանում բնագրային այս լեզուները, ուստի նրանց անհրաժեշտ է թարգմանություն: Ի՞նչ սկզբունքներով է հարկավոր առաջնորդվել Աստվածաշունչը թարգմանելիս, և ինչպե՞ս են այդ սկզբունքները արտացոլվում Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ:

Ոմանք գուցե կարծեն, որ բառացի և տողացի արված թարգմանությունն է ամենայն ճշգրտությամբ փոխանցում բնագրում գրված մտքերը: Սակայն միշտ չէ, որ այդպես է, և դրա համար կան մի շարք պատճառներ: Ահա դրանցից մի քանիսը.

  • Չկան միանման երկու լեզուներ, որ ունենան միևնույն քերականությունը, բառապաշարը և շարադասությունը: Ըստ եբրայագետ Ս. Ռ. Դրայվերի խոսքերի՝ լեզուները միմյանցից «տարբերվում են ոչ միայն քերականությամբ և բառարմատներով, այլև.... նախադասությունների կառուցվածքով»: Տարբեր լեզուներում նույն միտքը տարբեր կերպերով է շարադրվում: «Հետևաբար,– շարունակում է պրոֆեսոր Դրայվերը,– լեզուները շարահյուսական կառուցվածքով միմյանցից տարբերվում են»:

  • Չկա ժամանակակից որևէ լեզու, որն իր քերականությամբ ու բառապաշարով միանգամայն նման լինի աստվածաշնչյան եբրայերենին, արամերենին և հունարենին: Ուստի Աստվածաշնչի բառացի թարգմանությունը կարող է անհասկանալի լինել, որոշ դեպքերում էլ՝ անգամ սխալ միտք փոխանցել:

  • Կախված համատեքստից՝ բառի կամ արտահայտության իմաստը գուցե փոխվի:

Անգամ երբ միտքը հնարավոր է բառացի թարգմանել, թարգմանիչը պետք է շատ զգույշ լինի:

Բառացի թարգմանությունը կարող է միտքը թյուրըմբռնելի դարձնել: Ահա մի քանի օրինակ.

  • Աստվածաշնչում «քնել» և «ննջել» բառերը վերաբերում են թե՛ ֆիզիկական քնին և թե՛ մահվան քնին (Մատթեոս 28:13; Գործեր 7:60): Երբ վերոնշյալ բառերը օգտագործվում են մահվան առնչությամբ, Աստվածաշունչը թարգմանողները կարող են օգտագործել «ննջել մահվան քնով» ձևակերպումը, որը ժամանակակից ընթերցողին կօգնի ճիշտ հասկանալ միտքը (Սաղմոս 76:5; 1 Կորնթացիներ 15:51; 1 Թեսաղոնիկեցիներ 4:13):

  • Եփեսացիներ 4:14-ում Պողոս առաքյալը օգտագործում է մի արտահայտություն, որը բառացի կարելի է թարգմանել «մարդկանց զառախաղ»: Այս դարձվածի ծագումը կապ ունի զառերի միջոցով մարդկանց մոլորեցնելու սովորության հետ: Շատ լեզուներում դրա բառացի թարգմանությունը ոչ մի իմաստ չի հաղորդում: Ուստի այս դարձվածը թարգմանվել է «խորամանկ խաբեություններ» արտահայտությամբ, ինչի շնորհիվ միտքը հասկանալի է դարձել:

  • Հոբ 19:20-ում օգտագործված է եբրայերեն մի արտահայտություն, որը բառացի նշանակում է «ատամների կաշվով փրկվել»: Հայերենում այս բառացի թարգմանությունը հասկանալի չէ, ուստի «Նոր աշխարհ» թարգմանության մեջ այս արտահայտության իմաստը փոխանցվել է «մահվան եզրին հասնել» ձևակերպմամբ:

  • ՄԱՏԹԵՈՍ 5:3

    Բառացի թարգմանություն՝ «հոգով աղքատներ»

    Իմաստ՝ «ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն»

    Քաջ հայտնի Լեռան քարոզում Հիսուսն օգտագործել է մի արտահայտություն, որը բազմիցս թարգմանվել է «երանի հոգով աղքատներին» (Մատթեոս 5:3, «Արարատ» թարգմանություն): Շատ լեզուներում բառացի թարգմանության միտքն աղոտ է: Որոշ դեպքերում խիստ բառացի թարգմանությունը կարող է փոխանցել այն միտքը, թե «հոգով աղքատները» հոգեպես անհավասարակշիռ են կամ թույլ ու անվճռական են: Մինչդեռ Հիսուսը այլ բան էր սովորեցնում՝ այն, որ մարդկանց երջանկությունը կախված է ոչ թե ֆիզիկական կարիքները բավարարելուց, այլ այն բանի գիտակցումից, որ Աստծու առաջնորդության կարիքն ունեն (Ղուկաս 6:20): Ուստի բնագրային արտահայտության իմաստն ավելի ճշգրիտ փոխանցելու համար այս արտահայտությունը «Նոր աշխարհ» թարգմանության մեջ հետևյալ կերպ է ձևակերպվել. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն» (Մատթեոս 5:3):

  • Մի շարք համատեքստերում եբրայերեն բառը, որը թարգմանվում է «նախանձ» կամ «խանդ», բացասական իմաստ է կրում (Առակներ 6:34; Եսայիա 11:13): Սակայն եբրայերեն նույն բառը նաև դրական նրբերանգ ունի: Օրինակ՝ այն կարող է մատնանշել Եհովայի նախանձախնդրությունը, որով նա պաշտպանում է իր ծառաներին: Այս բառը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ ասվում է, որ Եհովան «բացարձակ նվիրվածություն է պահանջում» (Ելք 34:14; 2 Թագավորներ 19:31; Եզեկիել 5:13; Զաքարիա 8:2): Աստվածաշնչում այս բառը հանդիպում է նաև այն համատեքստերում, որոնցում խոսվում է Աստծու հավատարիմ ծառաների մասին, որոնք նախանձախնդրորեն ծառայում են նրան և նրա հանդեպ ոչ մի անհավատարմություն չեն հանդուրժում (Սաղմոս 69:9; 119:139; Թվեր 25:11):

  • Եբրայերեն յադ բառը սովորաբար թարգմանվում է «ձեռք», բայց կախված համատեքստից՝ այն կարող է թարգմանվել նաև «իշխանություն», «առատաձեռնություն», «զորություն» կամ այլ կերպ

    «Ձեռք» թարգմանվող եբրայերեն բառը, բացի հիմնական իմաստից, նաև բազմաթիվ այլ իմաստներ ունի: Կախված համատեքստից՝ այն կարող է թարգմանվել «իշխանություն», «առատաձեռնություն» կամ «զորություն» (2 Սամուել 8:3; 1 Թագավորներ 10:13; Ելք 14:31): Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունում այս բառը տասնյակ ձևերով է թարգմանվել:

Այսպիսով՝ Աստվածաշունչը թարգմանելիս բնագրային տեքստի այս կամ այն բառի համար բավական չէ ընդամենը մեկ համարժեք ընտրել և այն օգտագործել բոլոր հանդիպող տեղերում: Թարգմանիչը պետք է ողջամտությամբ ծանրութեթև անի որոշելու համար, թե ինչ բառեր ընտրի, որպեսզի բնագրի միտքը իր լեզվով լավագույնս փոխանցի: Բացի այդ՝ որպեսզի թարգմանված տեքստը դյուրընթեռնելի լինի, մտքերը հարկավոր է լեզվի քերականական կանոնների համաձայն ձևակերպել:

Միևնույն ժամանակ թարգմանիչը պետք է խուսափի ծայրահեղություններից, երբ փորձում է մտքերը բնական ձևակերպել: Եթե նա Աստվածաշնչում զետեղված մտքերը ազատորեն ձևակերպի՝ սեփական ընկալման համաձայն, կարող է աղավաղել դրանց իմաստը: Այդ թարգմանության մեջ գուցե արտացոլվեն բնագրային տեքստի իր իսկ ընկալումն ու դրա վերաբերյալ իր տեսակետը, կամ գուցե բացակայեն կարևոր մանրամասնություններ: Չնայած որ Աստվածաշնչի մտքերը ազատորեն շարադրելով հնարավոր է տեքստը դյուրընթեռնելի դարձնել, սակայն այդպիսի ազատ թարգմանության պատճառով ճիշտ միտքը կխեղաթյուրվի:

Թարգմանության վրա կարող են ազդեցություն ունենալ նաև թարգմանչի կրոնական համոզմունքները: Օրինակ՝ այն մարդկանց մասին, ում Հիսուսը դատապարտելու է, Մատթեոս 25:46-ում ասվում է. «Նրանք կարժանանան հավիտենական մահվան»: Հունարենում այստեղ օգտագործված է մի արտահայտություն, որը բառացի նշանակում է «ընդմիշտ կտրվել», սակայն որոշ թարգմանիչներ, հավանաբար կրոնական համոզմունքներից ելնելով, այն այսպես են թարգմանել. «Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք»:

Աստվածաշունչը թարգմանելիս պետք է նաև հաշվի առնել, որ այն գրվել է ժողովրդախոսակցական լեզվով, որով խոսում էին հասարակ մարդիկ, օրինակ՝ հողագործները, հովիվները և ձկնորսները (Նեեմիա 8:8, 12; Գործեր 4:13): Հետևաբար Աստվածաշնչի լավ թարգմանությունը պետք է հասկանալի լինի անխտիր բոլորի համար՝ նրանց, ովքեր սրտանց ցանկանում են կարդալ այն: Նախընտրելի է օգտագործել պարզ, հասարակ և հեշտ հասկանալի արտահայտություններ, քան այնպիսիք, որոնք հասարակ մարդիկ հազվադեպ են օգտագործում:

Հաճախ Աստվածաշնչի թարգմանիչները անհիմն կերպով իրենց իրավունք են վերապահում տեքստից հանել Աստծու անունը՝ Եհովա՝ չնայած նրան, որ աստվածաշնչյան հին ձեռագրերում այն առկա է (տես հավելված Ա4): Շատ թարգմանիչներ Աստծու անունը փոխարինում են, օրինակ, «Տեր» կամ որևէ այլ տիտղոսով, ոմանք էլ նույնիսկ աղավաղում են այն փաստը, որ Աստված անուն ունի: Օրինակ՝ Հովհաննես 17:6 և 26 համարներում արձանագրված Հիսուսի աղոթքը որոշ թարգմանություններում այսպես է հնչում. «Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր» և «Ես քեզ ճանաչեցրի նրանց»: Սակայն Հիսուսի աղոթքը ճշգրիտ կլիներ հետևյալ կերպ թարգմանել. «Ես քո անունը հայտնի դարձրի այն մարդկանց, որոնց դու.... տվեցիր ինձ» և «Ես ճանաչեցրի նրանց քո անունը»:

Անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության առաջին հրատարակության նախաբանում հետևյալն է ասվում. «Մեր թարգմանությունը աստվածաշնչյան տեքստի վերապատմում չէ: Թարգմանելիս մենք ջանացել ենք հնարավորության դեպքում բառացի փոխանցել մտքերը, որքանով որ թույլ են տվել անգլերենի արտահայտչամիջոցները: Սակայն այն տեղերում, որտեղ բառացի թարգմանությունը կստվերեր միտքը, խուսափել ենք դրանից»: Այս մոտեցման միջոցով «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն ձգտել է գտնել ոսկե միջինը. մի կողմից՝ օգտագործվել են բնագրին համապատասխան բառեր և արտահայտություններ, մյուս կողմից՝ չեն արվել այնպիսի ձևակերպումներ, որոնք անբնական են կամ խանգարում են հասկանալ բնագրի միտքը: Արդյունքում Աստվածաշունչը դարձել է դյուրընթեռնելի, և ընթերցողը կարող է համոզված լինել, որ Աստծու ներշնչմամբ գրված Խոսքի թարգմանությունը արժանահավատ է (1 Թեսաղոնիկեցիներ 2:13):