Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ա2

Այս թարգմանության առանձնահատկությունները

Քրիստոնեական Հունարեն Գրվածքների անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել 1950 թ.-ին, իսկ ամբողջական Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանությունը՝ 1961 թ.-ին: Այդ ժամանակվանից ի վեր այս թարգմանությունը հասանելի է ավելի քան 250 լեզուներով: Տասնյակ միլիոնավոր ընթերցողներ օգուտներ են քաղել «Նոր աշխարհ» թարգմանության այս ճշգրիտ և միևնույն ժամանակ դյուրընթեռնելի թարգմանությունից: Ամբողջական Աստվածաշնչի հայերեն «Նոր աշխարհ» թարգմանությունը լույս է տեսել 2010 թ.-ին:

Վերջին տարիների ընթացքում լեզուները փոփոխության են ենթարկվել: Ուստի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն հարկ է համարել վերանայել Աստվածաշնչի թարգմանությունը, որպեսզի այն հասնի ժամանակակից ընթերցողի սրտին: Վերանայված այս թարգմանության մեջ մի շարք ոճաբանական և բառապաշարային փոփոխություններ են արվել ներքոհիշյալ նպատակներին հասնելու համար:

  • Ժամանակակից և հասկանալի լեզու: Նախորդ հրատարակության մեջ կային բարդ և անհասկանալի բառեր, որոնք այժմ փոխարինվել են հասկանալի և ժամանակակից համարժեքներով: Օրինակ՝ «ամբարիշտ» բառը, որը շատերն ընկալում են «չբարիշող» իմաստով, փոխարինվել է «չարագործ», «անօրեն», «մեղսագործ» կամ այլ բառերով (1 Սամուել 2:9; Հոբ 3:17; Եզեկիել 3:18): «Փրկանք» բառը շատերին անծանոթ է և ոչ այդքան ժամանակակից, ուստի այն փոխարինվել է հասկանալի և կիրառելի բառով՝ «փրկագին» (Մատթեոս 20:28): «Պոռնկություն» բառը շատերն անհարմար են զգում արտաբերել, ուստի այն փոխարինվել է «անբարոյականություն» բառով (Գաղատացիներ 5:19): «Հանդիմանել» բառը մարդկանց մի մասը հասկանում է «հակառակվել», «դեմ գնալ» իմաստներով: Իսկ ըստ բառարանների բացատրության՝ այն նշանակում է «պախարակել», «կշտամբել», «նախատել»: Սակայն Աստվածաշնչում գործածված բնագրային բառի նշանակությունը լայն և ընդգրկուն է: Այն կարող է ունենալ թե՛ նրբանկատորեն ու բարի մղումներով ուղղելու կամ սխալը մատնանշելու և թե՛ դիտողություն անելու և խիստ խորհուրդ տալու իմաստներ: Այդ պատճառով «հանդիմանել» բառը փոխարինվել է վերոնշյալ արտահայտություններով կամ այլ համապատասխան բառերով (2 Տիմոթեոս 3:16; Առակներ 15:5; 19:25):

    «Տոկալ» և «տոկունություն» բառերը ժամանակակից ընթերցողի համար այդքան էլ հասկանալի չեն և լրացուցիչ բացատրության կարիք ունեն, ուստի դրանք փոխարինվել են հոմանիշներով՝ «դիմանալ» և «դիմացկունություն» (Մատթեոս 10:22; 2 Պետրոս 1:6): «Ծիրանի» գույնը ընկալվում է որպես ծիրանագույն, մինչդեռ Աստվածաշնչում օգտագործված բնագրային բառերը մատնանշում են մանուշակագույնն ու դրան մոտ երանգները, ուստի որոշում է կայացվել «ծիրանի»-ն թարգմանել «մանուշակագույն» (Մարկոս 15:17): «Դանդաղ բարկանալու մեջ», «դանդաղ խոսելու մեջ», «արագ լսելու մեջ» արտահայտությունները սխալ իմաստ են փոխանցում, այդ պատճառով դրանց փոխարեն գրվել են «շուտ չբարկանալ», «չշտապել խոսել», «պատրաստ լինել լսել» արտահայտությունները, որոնք հեշտ ըմբռնելի են ու ճշգրիտ են փոխանցում միտքը (Ելք 34:6; Հակոբոս 1:19):

    Փոխվել է նաև «տանջանքի ցից» արտահայտությունը: Գլխավոր պատճառն այն է, որ «ցից» բառը հիմնականում հասկացվում է որպես կարճ ձող, ինչպիսին, օրինակ, օգտագործում են վրաններն ամրացնելու համար: Ուստի որպեսզի ընթերցողը թյուր պատկերացում չունենա, «տանջանքի ցից» արտահայտությունը փոխարինվել է «տանջանքի սյուն» արտահայտությամբ, որը թե՛ ճիշտ պատկեր է ստեղծում և թե՛ բարեհունչ է (Ղուկաս 9:23; Հովհաննես 19:17): Նախկինում «սիրառատ բարություն» թարգմանված արտահայտությունը բնագրում շատ ավելի լայն իմաստ ունի և մատնանշում է այն սերը, որի մղիչ ուժը նվիրվածությունն է, խոր կապվածությունը, հավատարմությունը: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, որոշվել է «սիրառատ բարությունը» թարգմանել «հավատարիմ սեր», քանի որ այդ արտահայտությունը լավագույնս է փոխանցում բնագրային բառի ընդգրկուն իմաստը (Հռութ 3:10; Սաղմոս 136:1):

  • Աստվածաշնչյան ոչ այդքան հասկանալի արտահայտությունների փոխարինում: «Նոր աշխարհ» թարգմանության նախորդ հրատարակության մեջ որոշ բառեր ճիշտ հասկանալու համար հավելյալ բացատրության կարիք կար: Օրինակ՝ Աստվածաշնչի բնագրային տեքստում օգտագործված եբրայերեն շեոլ և հունարեն հադես բառերը մատնանշում են խորհրդանշական մի վայր, որտեղ գտնվում են բոլոր մահացածները, այլ կերպ ասած՝ մարդկության համընդհանուր գերեզման: Այսօր վերոնշյալ բառերը շատերին անծանոթ են: Բացի այդ՝ հադես բառը, օգտագործվելով հունական դիցաբանության մեջ, երկակի իմաստ է ձեռք բերել: Այդ պատճառով շեոլ և հադես բառերը փոխարինվել են «գերեզման» բառով՝ հենց այն բառով, որը նկատի են ունեցել Աստվածաշունչը գրողները: Իսկ թե բնագրում որ բառերն են օգտագործվել, ընթերցողը կարող է իմանալ ծանոթագրություններից (Սաղմոս 16:10; Գործեր 2:27):

    Նախորդ հրատարակության մեջ եբրայերեն նեֆեշ և հունարեն փսիխե բառերը հետևողականորեն թարգմանվել են «հոգի», ինչի շնորհիվ ընթերցողը կարողանում էր տեսնել, թե բնագրում դրանք ինչ իմաստով են կիրառվել: Այս մոտեցումն իր առավելություններն ուներ, քանի որ շատերը սխալ պատկերացում ունեն «հոգի» բառի վերաբերյալ: Կախված համատեքստից՝ նեֆեշ և փսիխե բառերը կարող են վերաբերել՝ 1) մարդուն, 2) մարդու կյանքին, 3) կենդանիներին, 4) մարդու ցանկություններին և ախորժակին, 5) որոշ դեպքերում էլ անգամ մահացածներին: Մինչդեռ շատ լեզուներում, այդ թվում՝ հայերենում, «հոգի» բառը չի կարող պարփակել վերոնշյալ բոլոր իմաստները, ուստի որոշում է կայացվել վերանայված սույն հրատարակության մեջ բնագրային այս բառերը թարգմանել՝ ըստ դրանց իմաստի՝ անհրաժեշտության դեպքում ավելացնելով ծանոթագրություն՝ «Կամ՝ «հոգի»» (տես Ծննդոց 1:20; 2:7; Ղևտական 19:28; Սաղմոս 3:2; Առակներ 16:26; Մատթեոս 6:25): Սակայն մի շարք բանաստեղծական և քաջածանոթ հատվածներում, ինչպես նաև անձ մատնանշող համատեքստերում «հոգի» բառը պահպանվել է: Որոշ դեպքերում այդ բառին ավելացվել է ծանոթագրություն, որում հղում է արվել բառարանին կամ թարգմանության այլ տարբերակ է նշվել (Ծննդոց 46:22; 2 Օրենք 6:5; Սաղմոս 131:2; Առակներ 2:10; Մատթեոս 22:37):

    Նմանապես «երիկամ» բառը տեքստում պահպանվել է միայն այն դեպքերում, երբ խոսքը բառացի օրգանի մասին է: Սակայն որոշ համարներում, ինչպիսիք են, օրինակ, Սաղմոս 7:9-ը, 26:2-ը և Հայտնություն 2:23-ը, այն ունի «խորունկ մտքեր» կամ «ամենախոր զգացմունքներ» նշանակությունը: Ուստի նման հատվածներում «երիկամ» բառը գրվել է ըստ նշանակության, իսկ բառացի միտքը գրվել է ծանոթագրության մեջ:

    Հայերենում, ինչպես և հին եբրայերենում և հունարենում «սիրտ» բառը ունի թե՛ բառացի, թե՛ փոխաբերական իմաստ, ուստի այն հիմնականում պահպանվել է տեքստում: Սակայն որոշ համատեքստերում, որտեղ բառացի թարգմանությունը հասկանալի չէր լինի, իմաստային թարգմանություն է արվել: Օրինակ՝ 2 Տարեգրություն 20:33-ում «ժողովուրդը իր սիրտը չէր պատրաստել.... Աստծու համար» արտահայտությունը թարգմանվել է այսպես. «ժողովուրդը դեռևս վճռական չէր ծառայելու.... Աստծուն»: Իսկ Օսեե 13:8-ում «պատառոտել սրտի ծածկոցը» արտահայտությունը փոխարինվել է «պատռել կուրծքը» արտահայտությամբ: Նույն մոտեցումն է դրսևորվել «ճարպ», «մարմին» և «եղջյուր» բառերի պարագայում (Ծննդոց 45:18; Հոբ 13:14; 16:15): Այս բառերից որոշները մանրամասնորեն բացատրվում են «Աստվածաշնչի բառարանում»:

    Բերենք այլ օրինակներ. «Ողորմության նվերներ տալ» արտահայտությունը փոխարինվել է ավելի հասկանալի՝ «չունևորներին օգնել» և «աղքատների համար բարի գործեր անել» արտահայտություններով (Մատթեոս 6:2; Գործեր 10:2): «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի» արտահայտությունը այժմ ավելի պարզ ու հասկանալի ձևակերպմամբ է թարգմանվել՝ «Թող Եհովան խստորեն պատժի» (Հռութ 1:17; 1 Սամուել 3:17): «Կենդանի է Եհովան» արտահայտությունը փոխարինվել է իմաստային առումով հասկանալի արտահայտությամբ՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ» (Հռութ 3:13; 2 Տարեգրություն 18:13):

  • Դյուրընթեռնելիություն: «Նոր աշխարհ» թարգմանության ներկայիս հրատարակության մեջ հիմնականում երկար և բարդ շարադասությամբ նախադասությունները պարզեցվել են և շատ դեպքերում բաժանվել մի քանի նախադասությունների, իսկ մտքերը ձևակերպվել են խոսակցական լեզվին մոտ շարահյուսական կառուցվածքներով, ինչը զգալիորեն հեշտացնում է ընթերցանությունն ու մտքերի ընկալումը: Բացի այդ՝ հաճախ կրկնվող դերանունները, որտեղ հնարավոր է եղել, հանվել են կամ փոխարինվել են համապատասխան անձնանուններով կամ հատուկ անուններով:

    Մեկ այլ առանձնահատկություն է այն, որ, ի տարբերություն նախորդ հրատարակության, որում թվականները տառերով էին գրված, այս նոր հրատարակության մեջ թվականները հիմնականում թվանշաններով են գրված, ինչի շնորհիվ դրանք միանգամից տպավորվում են ընթերցողի մտքում և մտապահելը հեշտ է լինում:

  • Սեռ ցույց տվող գոյականների ճշգրիտ թարգմանություն: Եբրայերենում և հունարենում գոյականները արական կամ իգական սեռ են ցույց տալիս: Հունարենն ունի նաև չեզոք սեռ: Սակայն թարգմանելիս բնագրում գործածված գոյականների սեռը ցույց տալը երբեմն կարող է աղավաղել ասելիքը: Թե՛ եբրայերենում և թե՛ հունարենում հոգնակի թվով գոյականները հիմնականում արական սեռ ունեն, անկախ նրանից՝ խոսքը բացառապես տղամարդկանց մասին է, թե և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Օրինակ՝ «Իսրայելի որդիներ» արտահայտությունը կարող է վերաբերել Հակոբի 12 որդիներին, սակայն մեծ մասամբ այն վերաբերում է Իսրայելի ողջ ազգին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց (Ծննդոց 46:5; Ելք 35:29): Ուստի սույն հրատարակության մեջ այս արտահայտությունը հիմնականում թարգմանվել է «իսրայելացիներ», ինչը մատնանշում է ողջ ազգին: Նմանապես «անհայր տղա» արտահայտությունը թարգմանվել է «որբ» (ծնթ.-ում՝ «անհայր երեխա»)՝ ցույց տալու համար, որ այն կարող է վերաբերել թե՛ տղայի, թե՛ աղջկա:

    Աստվածաշնչյան տեքստում փոփոխություններն արվել են ամենայն զգուշությամբ, նախորդ հրատարակության հանդեպ խոր հարգանքով և, որ ամենակարևորն է, Աստծուց աղոթքով առաջնորդություն խնդրելով:

Այս հրատարակության մյուս առանձնահատկությունները

Աստվածաշնչի այս հրատարակությունը պարունակում է բազմաթիվ ծանոթագրություններ: Դրանք բաժանվում են մի քանի տեսակների:

  • «Կամ» Թարգմանության այլընտրանքային տարբերակ, որն ընդհանուր առմամբ նույն միտքն է փոխանցում (Ծննդոց 1:2, ծնթ. «գործուն ուժ»-ի վերաբերյալ; Հեսու 1:8, ծնթ.):

  • «Կամ հնարավոր է» Թարգմանության մեկ այլ ընդունելի տարբերակ, որը տարբերվում է հիմնական տեքստում գրված մտքից (Ծննդոց 21:6, ծնթ.; Զաքարիա 14:21, ծնթ. «քանանացի» բառի վերաբերյալ):

  • «Բռց.» Բառացի թարգմանություն կամ բնագրային բառի կամ արտահայտության հիմնական նշանակությունը (Ծննդոց 30:22, ծնթ.; Ելք 32:9, ծնթ.):

  • Նշանակություն և հավելյալ տեղեկություն Անունների նշանակություն (Ծննդոց 3:17, ծնթ.; Ելք 15:23, ծնթ.), չափման միավորների մասին տեղեկություն (Ծննդոց 6:15, ծնթ.), բացատրություն, թե ում է վերաբերում դերանունը (Ծննդոց 49:25, ծնթ.), հղում՝ հավելվածին և բառարանին (Ծննդոց 37:35, ծնթ.; Մատթեոս 5:22, ծնթ. «գեհեն» բառի վերաբերյալ), որոշ բառերի բացատրություն (Հոբ 9:30, ծնթ.; Երգերի Երգ 3:7, ծնթ.):

Այս հրատարակության սկզբնամասում՝ «Ծանոթություն Աստծու Խոսքին» վերնագրի ներքո, ներկայացված է աստվածաշնչյան հիմնական ուսմունքներին վերաբերող թեմաների ցանկ: Աստվածաշնչյան տեքստին հաջորդում են հետևյալ բաժինները՝ «Աստվածաշնչի գրքերի մասին տեղեկությունը», «Աստվածաշնչի բառացանկը» և «Աստվածաշնչի բառարանը»: Բառարանի օգնությամբ ընթերցողը կարող է իմանալ որոշ բառերի կամ արտահայտությունների իմաստը աստվածաշնչյան համատեքստում: Հավելված Ա-ն պարունակում է հետևյալ վերնագրերով ենթաբաժինները՝ «Աստվածաշնչի թարգմանության սկզբունքները», « Վերանայված թարգմանության առանձնահատկությունները», «Ինչպե՞ս է Աստվածաշունչը հասել մեզ», «Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում», «Աստծու անունը՝ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում», «Սանդղակ. Հուդայի և Իսրայելի մարգարեներ ու թագավորներ» և «Հիսուսի երկրային կյանքի գլխավոր իրադարձությունները»: Հավելված Բ-ում զետեղված են քարտեզներ, սանդղակներ և այլ տեղեկություններ, որոնք շատ օգտակար կլինեն Աստվածաշնչի ջանասեր ուսումնասիրողների համար:

Աստվածաշնչի յուրաքանչյուր գիրքն ունի բովանդակություն, որում համապատասխան համարների կողքին համառոտ նշված են դրանցում պարփակված հիմնական մտքերը: Յուրաքանչյուր էջի կենտրոնում գտնվող լուսանցքում կան Աստվածաշնչի այլ համարներին հղող լուսանցքային հղումներ: Ի տարբերություն նախորդ հրատարակության՝ ներկայիս հրատարակության մեջ ներառված են միայն առավել կարևոր լուսանցքային հղումները: