Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ա4

Աստծու անունը՝ Եբրայերեն Գրվածքներում

Աստծու անունը՝ գրված հին եբրայերեն տառերով, որոնք գործածվել են բաբելոնյան գերությունից առաջ

Աստծու անունը՝ գրված հին եբրայերեն տառերով, որոնք գործածվել են բաբելոնյան գերությունից հետո

Եբրայերեն Գրվածքների բնագրային տեքստերում Աստծու անունը հանդիպում է գրեթե 7 000 անգամ և գրված է չորս բաղաձայններով՝ יהוה, որոնք հայտնի են որպես քառագիր։ Այս թարգմանության մեջ քառագիրը թարգմանված է «Եհովա» ձևով։ Այս անունը ամենաշատն է հանդիպում Աստվածաշնչում։ Ճիշտ է, Աստծու ներշնչմամբ Աստվածաշունչը գրի առնող մարդիկ օգտագործել են նրան բնութագրող շատ տիտղոսներ և արտահայտություններ, ինչպես, օրինակ, «Ամենակարող», «Բարձրյալ» և «Տեր», բայց միմիայն քառագիրն են գործածել որպես Աստծու անձնանուն։

Եհովա Աստված ինքն է Աստվածաշունչը գրի առնողներին ուղղորդել, որ օգտագործեն իր անունը։ Օրինակ՝ նա Հովել մարգարեին ներշնչել է գրելու. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի» (Հովել 2։32)։ Իսկ սաղմոսերգուներից մեկը նրա ներշնչմամբ գրել է. «Թող մարդիկ իմանան, որ դու, ում անունը Եհովա է, ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն ես» (Սաղմոս 83։18)։ Միայն «Սաղմոսներ» գրքում Աստծու անունը հանդիպում է մոտ 700 անգամ (բանաստեղծական ոճով գրված այս գրքի խոսքերը Աստծու ծառաները երգում էին ու բարձրաձայն արտասանում)։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստծու անունը բացակայում Աստվածաշնչի շատ թարգմանություններից, ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանության մեջ օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը, և ի՞նչ է այդ անունը նշանակում։

Մեռյալ ծովի այս ձեռագիրը, որը պարունակում է հատվածներ «Սաղմոսներ» գրքից, թվագրվում է մ. թ. առաջին դարի առաջին կեսով։ Տեքստը գրված է եբրայերեն տառերի այն գրելաձևով, որը գործածական է եղել բաբելոնյան գերությունից հետո։ Բուն տեքստի ֆոնին հստակ առանձնանում է բազմիցս հանդիպող քառագիրը, որը գրված է հին եբրայերեն տառերով

Ինչո՞ւ է Աստծու անունը բացակայում Աստվածաշնչի շատ թարգմանություններում։ Տարբեր պատճառներով։ Ոմանք կարծում են, որ Ամենակարող Աստծուն բնորոշելու համար հատուկ անվան կարիք չկա։ Ոմանց վրա էլ, ըստ ամենայնի, ազդել է Աստծու անունը չգործածելու հրեական ավանդույթը, որի պատճառը թերևս անունը պղծելու վախն է։ Իսկ ուրիշների կարծիքով, քանի որ ոչ ոք հստակ չգիտի Աստծու անվան ճշգրիտ արտասանությունը, ավելի լավ է պարզապես օգտագործել որևէ տիտղոս, օրինակ՝ «Տեր» կամ «Աստված»։ Սակայն նման առարկությունները հիմնավոր չեն հետևյալ պատճառներով։

  • Նրանք, ովքեր պնդում են, թե Ամենակարող Աստված առանձնահատուկ անվան կարիք չունի, անտեսում են այն իրողությունը, որ աստվածաշնչյան հին տեքստերը, այդ թվում՝ Քրիստոսից առաջ թվագրվող ձեռագրերը պարունակել են Աստծու անձնանունը։ Ինչպես արդեն նշվեց վերևում, Աստված է առաջնորդել, որ իր Խոսքում իր անունը գրվի մոտ 7 000 անգամ։ Ակնհայտ է, որ նա ուզում է՝ մենք իմանանք իր անունը և օգտագործենք այն։

  • Այն թարգմանիչները, ովքեր, հիմնվելով հրեական ավանդույթի վրա, տեքստից հանում են Աստծու անունը, հաշվի չեն առնում մի կարևոր փաստ. ճիշտ է, որոշ հրեա դպիրներ հրաժարվում էին Աստծու անունն արտասանելուց, բայց աստվածաշնչյան գրվածքներն արտագրելիս այն չէին հանում տեքստից։ Հին գլանաձև ձեռագրերում, որոնք հայտնաբերվել են Մեռյալ ծովի մոտակայքում՝ Կումրանում, Աստծու անունը շատ անգամ է հանդիպում։ Աստվածաշնչի որոշ թարգմանիչներ էլ, որպեսզի հուշեն, թե բնագրի որ մասերում է եղել Աստծու անունը, դրան փոխարինած «տեր» բառը գրել են մեծատառերով՝ ՏԵՐ։ Բայցևայնպես, հարցեր են առաջանում. ինչո՞ւ են այդ թարգմանիչները Աստծու անունը այլ բառով փոխարինել կամ հանել Աստվածաշնչից այն դեպքում, երբ ակնհայտորեն ընդունում են, որ այն հազարավոր անգամ գրված է եղել բնագրում, ո՞վ է նրանց իրավունք տվել նման փոփոխություն անելու։ Այս հարցերին միայն իրենք կարող են պատասխանել։

  • Նրանք, ովքեր ասում են, թե Աստծու անունը չպետք օգտագործվի, որովհետև հայտնի չէ անվան ճշգրիտ արտասանությունը, այդուհանդերձ, անկաշկանդ օգտագործում են «Հիսուս» անունը։ Այնինչ առաջին դարում Հիսուսի աշակերտները նրա անունը բոլորովին այլ կերպ էին արտասանում։ Հրեա քրիստոնյաները «Հիսուս» անունը հավանաբար արտասանում էին Եշուա, իսկ «Քրիստոս» տիտղոսը՝ Մաշիախ (Մեսիա)։ Հունախոս քրիստոնյաները նրան անվանում էին՝ Իեսուս Խրիստոս, իսկ լատինախոս քրիստոնյաները՝ Իեզուս Խրիստուս։ Քրիստոնեական Հունարեն Գրվածքներում Աստծու ներշնչմամբ գրի առնվեց անվան հունարեն տարբերակը, ինչը ցույց է տալիս, որ Աստվածաշունչը գրողները չեն փորձել պահպանել անվան բնօրինակ ձևը՝ եբրայերեն արտասանությունը։ Նրանք, առողջ դատողություն դրսևորելով, գործածել են անվան այն ձևը, որը տարածված է եղել հունարենում։ Նմանապես, Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն կարծում է, որ տրամաբանական է օգտագործել Աստծու անվան «Եհովա» տարբերակը, անգամ եթե հին եբրայերենում անունն այդպես չի արտասանվել։

Ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանության մեջ օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը։ Քառագրի (יהוה) հայերեն տառադարձությունն է՝ «ՅՀՎՀ»։ Հին եբրայերենում բոլոր բառերը գրվել են առանց ձայնավորների, և քառագիրը բացառություն չէ։ Երբ հին եբրայերենը դեռևս գործածության մեջ էր, մարդիկ տեքստը ընթերցելիս հեշտությամբ կողմնորոշվում էին, թե ինչ ձայնավորներ պետք է արտասանեին։

Եբրայերեն Գրվածքների արձանագրման ավարտից մոտ հազար տարի անց հրեա գիտնականները մշակեցին արտասանության նշանների մի համակարգ, որը հուշում էր, թե եբրայերեն տեքստը կարդալիս ինչ ձայնավորներ էր հարկավոր արտաբերել։ Սակայն այդ ժամանակներում շատ հրեաներ արդեն սկսել էին հետևել սնապաշտական այն գաղափարին, թե սխալ է բարձրաձայն ասել Աստծու անունը, ուստի օգտագործում էին փոխարինող բառեր։ Ըստ ամենայնի, երբ նրանք արտագրության ժամանակ հանդիպում էին քառագրին, չորս բաղաձայններին միացնում էին փոխարինող բառերի ձայնավորների նշանները։ Հետևաբար այդպիսի ձայնավորների նշաններ պարունակող ձեռագրերը չեն կարող օգնել կողմնորոշվելու, թե որն է Աստծու անվան ճշգրիտ արտասանությունը։ Ոմանց կարծիքով՝ այն արտասանվել է «Յահվե», ոմանք էլ այլ հնարավոր տարբերակներ են առաջադրում։ Մեռյալ ծովի ձեռագրերից մեկում, որը պարունակում է հատված «Ղևտական» գրքի հունարեն թարգմանությունից, Աստծու անունը տառադարձված է Իաո։ Բացի այս տարբերակից՝ հին հույն գրողների աշխատություններում հանդիպում են անվան այլ ձևեր՝ Իաե, Իաբե և Իաուե։ Այնուամենայնիվ, հիմքեր չկան որևէ տարբերակ ընդունելու որպես բացարձակապես ճշգրիտ։ Իրողությունն այն է, որ մենք պարզապես չգիտենք, թե ինչպես են Աստծու վաղեմի ծառաները եբրայերենով արտասանել նրա անունը (Ծննդոց 13։4; Ելք 3։15)։ Միայն գիտենք, որ Աստված նրանց հետ հաղորդակցվելիս բազմիցս օգտագործել է իր անունը, նրանք էլ Աստծուն դիմել են այդ անունով և ազատորեն օգտագործել են այն ուրիշների հետ խոսելիս (Ելք 6։2; 1 Թագավորներ 8։23; Սաղմոս 99։9

Այդ դեպքում ինչո՞ւ է «Նոր աշխարհ» թարգմանության մեջ օգտագործվել Աստծու անվան «Եհովա» ձևը։ Պատճառն այն է, որ այդ տարբերակը վաղուց է կիրառվում շատ լեզուներում, այդ թվում՝ հայերենում։

Աստծու անունը՝ Ծննդոց 15։2-ում (Հնգամատյան՝ թարգմանված Վիլյամ Թինդալի կողմից, 1530 թ.)

Այն, որ հայերենում «Եհովա» տարբերակը գործածական է եղել դեռ վաղուց, երևում է մի շարք փաստերից։ Աստվածաշնչի «Արարատ» արևելահայերեն թարգմանությունը (1896 թ.), որն այսօր մատչելի է բոլորին, 2 300-ից ավելի անգամ օգտագործում է Աստծու անվան «Եհովա» ձևը։ Իսկ արևմտահայերեն Աստվածաշնչում (1853 թ.) անվան այս ձևը հանդիպում է ավելի քան 400 անգամ։ «Բառարան Սուրբ Գրոց» (1881 թ.) աշխատության մեջ մի առանձին բառահոդված կա «Եհովա» անվան վերաբերյալ։ Եվ վերջապես, 19-րդ և 20-րդ դարի հայազգի շատ գրողներ իրենց ստեղծագործություններում օգտագործել են «Եհովա» անունը, ինչը նույնպես փաստում է, որ Աստծու անվան այս ձևը հայտնի է եղել հայ իրականության մեջ։ Դարեր շարունակ այլ լեզուներում նույնպես օգտագործվել են Աստծու անվան նմանատիպ ձևեր։ Օրինակ՝ անգլերենում առաջին անգամ Աստծու անունը հանդիպում է Վիլյամ Թինդալի թարգմանած Հնգամատյանում (1530 թ.)։ Այնտեղ գործածված է «Իեհուա» (Iehouah) ձևը։

Անվանի աստվածաշնչագետ Ջոզեֆ Ռոդերհամը բացատրում է, թե ինչու է իր աշխատությունում «Յահվեի» փոխարեն օգտագործել «Եհովա» ձևը (Studies in the Psalms, 1911 թ.)։ Նա նշում է, որ ցանկացել է օգտագործել «անվան այնպիսի ձև, որն ավելի ծանոթ է (միևնույն ժամանակ միանգամայն ընդունելի է) Աստվածաշունչն ընթերցողների լայն շրջաններին»։ 1930 թ.-ին պրոֆեսոր Ա. Ֆ. Քիրկպատրիկը «Եհովա» տարբերակի գործածության մասին այսպիսի միտք է արտահայտել. «Ժամանակակից քերականագետները պնդում են, որ Աստծու անունը պետք է արտասանվի «Յահվե» կամ «Յահավե», մինչդեռ «Եհովա» (Jehovah) տարբերակը, ինչպես երևում է, խորապես արմատավորված է անգլերենում։ Եվ իրականում, կարևորը ոչ թե ճշգրիտ արտասանությունն է, այլ ընդունելը, որ այն հատուկ անուն է, ոչ թե պարզապես տիտղոս, ինչպիսին «Տերն» է»։

Քառագիրը՝ «ՅՀՎՀ»՝ «նա դարձնում է»

«ՀՎՀ» բայը՝ «դառնալ»

Ի՞նչ է նշանակում «Եհովա» անունը։ «Եհովա» անունը ծագում է եբրայերեն մի բայից, որը նշանակում է «դառնալ», և ըստ մի շարք աստվածաշնչագետների՝ այդ բայի պատճառական ձևն է կիրառված անվան մեջ։ Ուստի Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն եկել է այն եզրակացության, որ Աստծու անունը նշանակում է «նա դարձնում է»։ Քանի որ աստվածաշնչագետները տարբեր տեսակետներ ունեն Աստծու անվան իմաստի վերաբերյալ, մենք չենք կարող անթեք լինել այս հարցում։ Այդուհանդերձ, անվան վերոնշյալ նշանակությունը լավ է նկարագրում Եհովայի դերը որպես ամեն բանի Արարիչ և իր նպատակներն Իրագործող։ Նա ոչ միայն ստեղծել է տիեզերքը և բանական էակներին, այլև դեպքերի զարգացմանը զուգընթաց շարունակում է այնպես անել, որ իրականանան իր կամքն ու նպատակը։

Ուստի «Եհովա» անվան իմաստը չի սահմանափակվում Ելք 3։14-ում կիրառված նմանատիպ բայաձևի նշանակությամբ։ Այնտեղ գրված խոսքերը՝ «Ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» կամ «Ես կլինեմ այն, ինչ կլինեմ», չեն փոխանցում Աստծու անվան ողջ նշանակությունը։ Դրանք արտացոլում են Աստծու էության միայն մի կողմը՝ ցույց տալով, որ նա յուրաքանչյուր իրավիճակում դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ Թեև «Եհովա» անունը ներառում է այս իմաստը, բայց չի սահմանափակվում միայն դրանով։ Այդ անունը նշանակում է, որ Եհովան ոչ միայն ինքն է դառնում, այլև իր ստեղծածներին է դարձնում այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակի իրականացման համար։