ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից հետո
Բնական աղետների թիվը գնալով շատանում է։ Որպեսզի աղետներից տուժածներին օգնելու աշխատանքները արդյունավետ լինեն, դրանք պետք է լավ կազմակերպել։ Այդ նպատակով Կառավարիչ մարմինը հոգ է տարել, որ ամեն մասնաճյուղում գործի աղետից տուժածներին օգնելու բաժին։
Երբ այդ բաժնի եղբայրները իմանում են, որ աղետ է եղել, նրանք անմիջապես կապ են հաստատում երեցների հետ, որպեսզի պարզեն, թե քարոզիչներն ինչի կարիք ունեն։ Եթե հասցված վնասն այնքան մեծ է, որ քարոզիչներն օգնության կարիք ունեն, մասնաճյուղը համապատասխան եղբայրների է նշանակում աղետից տուժածներին աջակցելու համար։ Այս եղբայրները կարող են խնդրել, որ կամավորներ միանան իրենց, կամ որ հավատակիցները անհրաժեշտ իրեր նվիրաբերեն։ Հարկ եղած դեպքում նրանք գուցե որոշեն գնել անհրաժեշտ ապրանքները և բաժանել տուժածներին։
Գործերն այսպես կազմակերպելը շատ առավելություններ ունի։ Աշխատուժը ճիշտ է օգտագործվում, խառնաշփոթ չի առաջանում, նյութական միջոցների վատնում չի լինում, որի հավանականությունը շատ ավելի մեծ է, եթե յուրաքանչյուր հավատակից իր նախաձեռնությամբ օգնի տուժածներին։
Նշանակված եղբայրները կարող են որոշել՝ որքան գումար և քանի կամավոր է անհրաժեշտ։ Նրանք կարող են նաև պետական մարմինների օգնությանը դիմել, որպեսզի գործը ավելի արագ կատարվի։ Ուստի ճիշտ կլինի, որ առանձին անհատները չկազմակերպեն դրամահավաք, չուղարկեն հումանիտար օգնություն և իրենց նախաձեռնությամբ չգնան աղետի գոտի, քանի դեռ եղբայրները նրանց չեն խնդրել։
Ինչ խոսք, երբ աղետ է լինում, ուզում ենք օգնության հասնել (Եբ 13։16)։ Մենք սիրում ենք մեր եղբայրներին։ Այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել։ Ամենակարևոր բանը, որ կարող ենք անել, տուժածների և նրանց օգնություն տրամադրող մարդկանց համար աղոթելն է։ Կարող ենք նաև նվիրատվություն անել համաշխարհային գործի համար։ Մասնաճյուղերը, որոնք գործում են Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ, ամենից լավ գիտեն՝ ինչպես և որտեղ լավագույնս օգտագործել ֆինանսական միջոցները։ Իսկ եթե ցանկանում ես անձամբ մասնակցել աղետից տուժածներին օգնելու գործին, լրացրու «Նախագծման/շինարարության կամավորի դիմումը» (DC-50)։
ԴԻՏԻՐ «ԱՎԵՐԻՉ ՋՐՀԵՂԵՂ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԻՆ
2020 թ.-ին Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Եհովայի վկաների տրամադրած օգնությունը ինչո՞վ է տպավորիչ քեզ համար։