Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏԵՐ ՓԱՐԿԵՐ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ուզում էի կյանքս լիովին նվիրել Եհովային

Ուզում էի կյանքս լիովին նվիրել Եհովային

 Երախտապարտ եմ, որ ծնողներս փոքրուց ինձ ճշմարտության մեջ են մեծացրել։ Իմ սրտին հասնելու համար նրանք օգտագործում էին «Կորցված դրախտից վերականգնված դրախտ» գրքի նկարներն ու պատմությունները։ Ես մեծ ոգևորությամբ պատմում էի սովորածս մեր հարևանի երեխաներին և պապիկիս, երբ այցելում էր մեզ։ Ծնողներս միշտ լավ հոգևոր գրաֆիկ էին պահպանում։ Դրա շնորհիվ մեր ընտանիքը շուտ հարմարվեց, երբ Ասմարայից (Էրիթրեա) տեղափոխվեցինք Ադիս Աբեբա (Եթովպիա)։

 Դեռ մանկուց շատ էի սիրում ճշմարտությունը։ Ուզում էի նվիրվել Եհովային ու մկրտվել։ 13 տարեկանում հասա նպատակիս, ինչի համար սիրտս ցնծում էր։ Երբ 14 տարեկան էի, եղբայր Հելյե Լինքը a հարցրեց ինձ, թե արդյոք մտածել եմ ռահվիրայության մասին։ Այսօրվա պես հիշում եմ այդ պահը։ Ճիշտ է, հայրս ու մայրս ժամանակավոր ռահվիրաներ էին (այժմ կոչվում է ենթառահվիրա), բայց ես գաղափար անգամ չունեի, թե ինչ է նշանակում լինել ռահվիրա։ Եղբայր Լինքն իր հարցով իմ սրտում սերմ գցեց՝ ցանկություն՝ ավելին անելու Եհովայի գործում։

Պատանի տարիքում՝ եղբորս՝ Հովսիայի հետ

Պատրաստված՝ հալածանքին

 1974 թ.-ին Եթովպիայում քաղաքական խռովություն բարձրացավ, ինչը հանգեցրեց ձերբակալությունների, սպանությունների և անկարգությունների։ Ժամանակավորապես դադարեցրել էինք տնետուն ծառայությունը և փոքր խմբերով էինք հավաքվում։ Ծնողներս սկսեցին ավելի մեծ հակառակության պատրաստել մեզ։ Աստվածաշնչյան սկզբունքների շնորհիվ ավելի լավ հասկացանք, թե ինչ է քրիստոնեական չեզոքությունը։ Սովորեցինք, որ Եհովան կօգնի մեզ կողմնորոշվել, թե ինչ է պետք ասել, երբ հարցեր տան, ու թե երբ է պետք լուռ մնալ (Մատթեոս 10։19; 27։12, 14

AFP PHOTO

Քաղաքացիական խռովության ժամանակ, 1974 թ.

 Դպրոցս ավարտելուց հետո սկսեցի աշխատել Եթովպական ավիաուղիներում։ Մի առավոտ, երբ աշխատանքի եկա, աշխատակիցներս սկսեցին շնորհավորել ինձ։ Պարզվեց՝ ընտրվել եմ գլխավորելու կառավարությանը նվիրված ազգային տոնի երթը։ Իմ վերահսկիչին անմիջապես հայտնեցի, որ քրիստոնեական չեզոքության պատճառով չեմ մասնակցելու այդ միջոցառմանը։

 Հաջորդ օրը սովորականի պես եկել էի օդանավակայան՝ աշխատանքի։ Հեռվում տղամարդկանց նկատեցի, ովքեր հրացաններն ուսերին՝ գալիս էին տոմսարկղի ուղղությամբ։ Մտածեցի՝ գալիս են ձերբակալելու մեկին, ով ուզում է փախչել երկրից։ Բայց փոխարենը նրանք ինձ մատնացույց արեցին։ Շփոթվել էի, չէի հասկանում, թե ինչու պիտի ինձ փնտրեն։ Այդպես, սովորական աշխատանքային օրը գլխիվայր շուռ եկավ։

Օգնություն՝ բանտում

 Զինվորները ինձ տարան մի սենյակ ու ժամեր շարունակ հարցաքննեցին։ Նրանք սպառնալով հարցնում էին. «Ո՞վ է ֆինանսավորում Եհովայի վկաներին։ Էրիթրեայի ազատագրման ճակատի լրտսե՞սն ես։ Դու կամ հայրդ ամերիկյան կառավարության լրտե՞ս եք»։ Ճիշտ է, շատ լարված իրավիճակ էր, բայց Եհովայի օգնությամբ սիրտս հանդարտ էր (Փիլիպպեցիներ 4։6, 7

 Հարցաքննությունից հետո զինվորները ինձ տեղափոխեցին մի տուն, որը ձևափոխել էին ու դարձրել բանտ։ Ինձ տարան 28 քառակուսի մետր (300 քառակուսի ֆուտ) տարածք ունեցող մի սենյակ, որտեղ շուրջ 15 քաղբանտարկյալ աղջիկներ կային։

Երբ աշխատում էի ավիաընկերությունում

 Այդ գիշեր, ավիաընկերության համազգեստը դեռ հագիս, պառկեցի չոր հատակին։ Մտածում էի, թե ծնողներս, եղբայրներս ու քույրերս որքա՜ն են անհանգստանում ինձ համար։ Նրանք գիտեին, որ ինձ ձերբակալել են, բայց գաղափար չունեին, թե որտեղ եմ։ Աղոթեցի Եհովային, որ օգնի ընտանիքիս իմանալ, թե որտեղ են ինձ պահում։

 Երբ առավոտյան արթնացա, տեսա մի երիտասարդ հսկիչի, ում հետ ծանոթ էի։ Նա ապշած նայեց ինձ ու հարցրեց. «Աստե՜ր, ի՞նչ ես անում այստեղ»։ Աղաչեցի նրան, որ գնա մեր տուն ու ասի, թե ուր եմ։ Նույն օրը՝ ավելի ուշ, ծնողներիցս սնունդ ու հագուստ ստացա։ Հսկիչն ասել էր նրանց իմ տեղը։ Դա աղոթքիս պատասխանն էր։ Այս դեպքը վստահեցրեց ինձ, որ մենակ չեմ՝ Եհովան կողքիս է։

 Ինձ թույլ չէին տալիս օգտվել Աստվածաշնչից կամ այլ հրատարակություններից։ Ընտանիքիս ու ընկերներիս էլ թույլ չէին տալիս այցելել ինձ։ Սակայն Եհովան քաջալերում էր բանտակիցներիս միջոցով։ Ամեն օր քարոզում էի նրանց։ Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը նրանց շատ էր տպավորում։ Հաճախ ասում էին. «Մենք այստեղ ենք, քանի որ պայքարում ենք հանուն մարդկայի՛ն կառավարության, բայց դու պայքարում ես հանուն Աստծո՛ւ կառավարության։ Հանկարծ փոխզիջումների չգնաս, անգամ եթե սպառնան սպանել քեզ»։

 Երբեմն հսկիչները հարցաքննում էին ու ծեծում բանտարկյալներին։ Մի գիշեր՝ մոտ ժամը 11-ին, նրանք եկան իմ հետևից։ Երբ հասանք հարցաքննության սենյակ, նրանք սկսեցին մեղադրանքներ տեղալ ինձ վրա։ Ասում էին, որ չեմ աջակցում կառավարությանը։ Իսկ երբ հրաժարվեցի քաղաքական կարգախոս կրկնել, երկու տղամարդ հսկիչներ ծեծեցին ինձ։ Մի քանի անգամ այսպիսի հարցաքննությունների տարան։ Նման պահերին թախանձագին աղոթում էի Եհովային ու զգում, թե ինչպես եմ ուժով լցվում։

 Երեք ամիս անց հսկիչներից մեկը եկավ ու ասաց, որ ես ազատ եմ։ Ճիշտ է, շատ զարմացա ու ոգևորվեցի, բայց մի քիչ էլ նեղվեցի, որովհետև մեծ բավականություն էի ստանում բանտարկյալ աղջիկների հետ Թագավորության հույսի մասին խոսելուց։

 Ազատ արձակվելուց մի քանի ամիս անց, երբ տանը չէի, զինվորները եկան ձերբակալելու մեր ընտանիքի բոլոր պատանիներին։ Իմ քույրերից երկուսը և եղբայրներից մեկը ձերբակալվեցին։ Այդ ժամանակ որոշեցի, որ ամենաճիշտը երկրից փախչելն է։ Չնայած ընտանիքիցս կրկին հեռու լինելու միտքը անտանելի էր, բայց մայրս հորդորեց, որ ուժեղ լինեմ ու ապավինեմ Եհովային։ Շատ չանցած՝ նստեցի Միացյալ Նահանգներ մեկնող ինքնաթիռ։ Այդ նույն երեկո զինվորները եկան մեր տուն, որ երկրորդ անգամ ձերբակալեն ինձ։ Տեսնելով, որ տանը չեմ՝ նրանք շտապեցին օդանավակայան։ Բայց երբ հասան այնտեղ, իմ ինքնաթիռն արդեն օդում էր։

 Երբ հասա Մերիլենդ, ինձ դիմավորեցին Հեյվուդ և Ջոան Ուորդերը՝ միսիոներներ, ում օգնությամբ ծնողներս Աստվածաշունչ էին ուսումնասիրել։ Հինգ ամիս անց ես հասա ռահվիրա ծառայելու իմ նպատակին։ Ուորդերի դուստրը՝ Սինդին, դարձավ իմ ռահվիրա ծառայակիցը։ Միասին ծառայության մեջ բազում հաճելի պահեր վայելեցինք։

Իմ ռահվիրա ծառայակցի՝ Սինդի Ուորդի հետ

Խորասուզված՝ Բեթելի ծառայության մեջ

Ամուսնուս հետ՝ Ուոլքիլի Բեթելում ծառայելիս (Նյու Յորք)

 1979 թ. ամռանը այցելեցի Նյու Յորքի Բեթել և հանդիպեցի Ուեսլի Փարկերին։ Ինձ շատ էին դուր գալիս նրա լավ հատկությունները և հոգևոր նպատակները։ 1981 թ.-ին մենք ամուսնացանք, ու ես տեղափոխվեցի Ուոլքիլ (Նյու Յորք), որպեսզի Ուեսլիի հետ ծառայեմ Բեթելում։ Ծառայեցի մաքրության և քիմմաքրման բաժիններում, իսկ հետագայում համագործակցեցի համակարգչային բաժնի MEPS թիմի հետ։ Բեթելի ծառայությունն ինձ հնարավորություն տվեց լիովին խորասուզվել Եհովայի գործի մեջ, ինչպես նաև ճանաչել եղբայրների ու քույրերի, ում հետ մինչ օրս մտերիմ ենք։

 Սակայն Եթովպիայում ընտանիքս անցնում էր խիստ հակառակության միջով։ Դա ինձ շատ էր մտահոգում։ Երկու քույրերս ու եղբայրս դեռ բանտում էին։ b Մայրս ամեն օր նրանց համար սնունդ էր պատրաստում և ուղարկում, քանի որ բանտում նրանց չէին կերակրում։

 Այդ լարված շրջանում Եհովան իմ ապաստանն էր, իսկ Բեթելի ընտանիքը մխիթարում ու աջակցում էր ինձ (Մարկոս 10։29, 30)։ Մի օր եղբայր Ջոն Բուտը ասաց. «Այնքա՜ն ուրախ ենք, որ մեզ հետ ծառայում ես Բեթելում։ Առանց Եհովայի օրհնության՝ դա անհնարին կլիներ»։ c Այս ջերմ խոսքերը հավաստիացրին ինձ, որ Եհովան օրհնել է Եթովպիայից հեռանալու իմ որոշումը ու հոգ կտանի ընտանիքիս մասին։

Ընտանիքով ծառայում ենք Եհովային

 1989 թ. հունվարին իմացանք, որ ես հղի եմ։ Սկզբում ցնցված էինք։ Սակայն մի քանի օր անց տագնապը վերածվեց ուրախության։ Բայց ամեն դեպքում մտահոգվում էինք, թե ինչպիսի ծնողներ ենք լինելու, որտեղ ենք ապրելու և Բեթելից հեռանալուց հետո ինչպես ենք հոգալու մեր կարիքները։

 1989 թ. ապրիլի 15-ին մեր իրերը լցրեցինք մեքենան ու ճանապարհ ընկանք Օրեգոն, որտեղ պլանավորում էինք շարունակել լիաժամ ծառայությունը որպես ռահվիրաներ։ Բայց տեղ հասնելուց կարճ ժամանակ անց հավատակիցներից ոմանք, լավ մղումներից ելնելով, ասացին, որ մեր պարագայում ռահվիրա լինելը խելամիտ չէ։ Մենք իրոք քիչ նյութական միջոցներ ունեինք, մեր փոքրիկն էլ շուտով ծնվելու էր։ Հենց այդ ժամանակ մեզ այցելեցին շրջանային վերակացու Գայ Փիրսը և նրա կինը՝ Փենին։ d Նրանք հորդորեցին, որ հետ չկանգնենք մեր նպատակից։ Ուստի ապավինելով Եհովայի օգնությանը՝ ռահվիրայություն սկսեցինք (Մաղաքիա 3։10)։ Շարունակեցինք ռահվիրա ծառայել մեր առաջին որդի Լեմուելի ծննդից հետո և մեր երկրորդ որդի Հադոնի ծննդից հետո էլ չդադարեցրինք մեր ծառայությունը։

 Մեր տղաների հետ ռահվիրա ծառայելը հարուստ փորձ էր մեզ համար։ Ռահվիրայությունը բազում առիթներ ստեղծեց, որ հոգևոր ճշմարտությունները բացատրենք ոչ միայն շրջապատի մարդկանց, այլև մեր որդիներին (2 Օրենք 11։19)։ Սակայն մեր երրորդ որդու՝ Հաբեթի ծննդից հետո ստիպված եղանք մի որոշ ժամանակով դադարեցնել ռահվիրայությունը (Միքիա 6։8

Մեր որդիներին սովորեցրինք ծառայել Եհովային

 Հասկացանք, որ որպես ծնողներ մեր մեծագույն պատասխանատվությունն է օգնել տղաներից յուրաքանչյուրին, որ Եհովան իրական դառնա նրանց համար, և որ կարողանան նրա հետ անձնական փոխհարաբերություններ զարգացնել։ Այդ նպատակով փորձում էինք այնպես անել, որ նրանք անհամբերությամբ սպասեն ընտանեկան երկրպագությանը։ Երբ շատ փոքր էին, միասին կարդում էինք «Լսեցեք Մեծ Ուսուցչին» և «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքերը։ Անգամ որոշ պատմություններ բեմականացնում էինք։ Քանի որ ես տան միակ կինն էի, երբ բեմականացնում էինք Հեզաբելի պատմությունը, նրա դերն էի խաղում։ Պիտի տեսնեիք տղաների հրճվանքը, երբ ինձ հրում էին բազկաթոռից ու հետո ձևացնում, թե շներն են։ Բացի ընտանեկան երկրպագությունից՝ Ուեսլին մեր տղաներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում։

 Մենք սիրում ու դաստիարակում էինք մեր որդիներին և աղոթում, որ մեր ընտանեկան կապն ամուր լինի։ Երբ մեծացան, նրանց կենցաղային հմտություններ սովորեցրինք։ Նրանք լվանում էին սպասքը, մաքրում իրենց սենյակները, լվանում իրենց հագուստը։ Նաև սովորեցին ճաշ պատրաստել։

 Դասեր էին քաղում ոչ միայն երեխաները, այլև մենք՝ ծնողներս։ Լինում էին պահեր, երբ չափից սուր էինք արձագանքում և կոպիտ խոսքեր ասում մեր տղաներին ու միմյանց։ Նման դեպքերում խոնարհություն էինք դրսևորում ու ներողություն խնդրում։

 Ժողովի եղբայրներին ու քույրերին կանոնավոր մեր տուն էինք հրավիրում։ Նաև հյուրընկալում էինք բեթելցիներին, միսիոներներին, շրջագայող վերակացուներին և նրանց, ովքեր ծառայում էին այնտեղ, որտեղ կարիքը մեծ էր (Հռոմեացիներ 12։13)։ Երբ մեր տանը հյուր էր լինում, երեխաներին չէինք ուղարկում ուրիշ սենյակ խաղալու։ Նրանք մնում էին մեզ հետ, վայելում շփումը ու լսում տարբեր պատմություններ։ Հաճախ մեր երեխաներն այդ զրույցներից ավելի շատ մանրամասներ էին հիշում, քան ես ու ամուսինս։

 Ես և Ուեսլին ամեն ջանք ներդնում էինք, որ վայելենք կյանքը՝ ծառայելով Եհովային։ Օրինակ՝ նախապես ծրագրում էինք և գումար ու արձակուրդային օրեր խնայում, որպեսզի կարողանանք ճամփորդել տարբեր երկրներ։ Յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ այցելում էինք տեղի մասնաճյուղ, ժողովի հանդիպումների գնում և մասնակցում ծառայությանը։ Դա օգնեց, որ գնահատենք Եհովայի համաշխարհային կազմակերպությունը և մտերմանանք որպես ընտանիք։

Մեր ընտանիքը՝ գլխավոր վարչությունում շրջայց կատարելիս (Բրուքլին, Նյու Յորք, 2013 թ.)

Լիովին նվիրված՝ մեր ծառայությանը

 Նկատեցինք, որ մեր տարածքում շատ իսպանախոս մարդիկ կան, բայց նրանք կանոնավոր չեն քարոզվում։ Ուստի երբ մեր տղաները դեռ բավականին փոքր էին, եղբայր Փիրսին հարցրինք, թե ինչ է մտածում այն մասին, որ ընտանիքով տեղափոխվենք իսպանախոս ժողով։ Նա էլ քթի տակ ծիծաղեց ու ասաց. «Այ դուք ձկնորսնե՜ր, գիտեք՝ որտեղ շատ ձուկ կա»։ Նրա խոսքերից ոգևորված՝ տեղափոխվեցինք Օրեգոնի Վուդբերն քաղաքի իսպանախոս ժողով։ Մեծ ուրախություն ապրեցինք՝ մի քանիսի հետ ուսումնասիրություն սկսելով, օգնելով, որ առաջադիմեն ու մկրտվեն, և տեսնելով, թե ինչպես մի փոքրիկ իսպանախոս խումբ վերածվեց ժողովի։

 Մի պահ եկավ, երբ Ուեսլին կորցրեց իր աշխատանքը, և մենք ստիպված տեղափոխվեցինք Կալիֆոռնիա, որ նա նոր աշխատանքի անցնի։ Երկու տարի անց Լեմուելը, Հադոնը և ես որոշեցինք ռահվիրայություն սկսել։ Ուրախությանս չափ չկար, երբ 2007 թ.-ին նրանց հետ մասնակցեցի Ռահվիրայական ծառայության դպրոցին։ Դպրոցից կարճ ժամանակ անց նկատեցինք, որ մեր տարածքում արաբախոս շատ մարդիկ կան։ Իսպանախոս դաշտում 13 տարի անցկացնելուց հետո մեր ընտանիքը որոշեց միանալ արաբախոս ժողովին։ Մենք մեծ հաճույքով պատմել ենք ճշմարտությունը թե՛ տեղի արաբախոս ներգաղթյալներին, թե՛ արտասահմանում բնակվողներին, ում հանդիպել ենք քարոզարշավների ժամանակ։ Մենք շարունակում ենք ռահվիրա ծառայել Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի արաբախոս դաշտում։

 Ուեսլին հրաշալի ամուսին է և ընտանիքի լավ գլուխ։ Նա խորապես հարգում է Եհովայի կազմակերպությունը։ Երբեք չեմ լսել, որ բացասաբար արտահայտվի Բեթելի կամ ժողովի գործունեության մասին։ Ընդհակառակը, նա միշտ մի դրական բան է գտնում ու դրանից խոսում։ Նա աղոթում է ինձ հետ ու ինձ համար։ Երբ լարված իրավիճակների ենք բախվել, նրա աղոթքները մխիթարել են ինձ և օգնել, որ հանդարտ մնամ։

 Հետ նայելով մեր անցած ուղուն՝ կարող եմ ասել, որ մենք վայելել ենք լիաժամ ծառայությունը, մեր որդիներին մեծացնելը և ծառայությունն այն ժողովներում, որտեղ կարիքը մեծ է եղել։ Տեսել ենք, որ Եհովան օրհնում է նրանց, ովքեր իրեն առաջին տեղում են դնում, և երբեք ոչ մի բանի պակասություն չենք զգացել (Սաղմոս 37։25)։ Համոզված եմ, որ կյանքս Եհովային լիովին նվիրելը լավագույն որոշումն էր, որ երբևէ կարող էի կայացնել (Սաղմոս 84։10

Հաբեթը, Լեմուելը, ես, Հադոնը և Ուեսլին (ձախից՝ աջ)

a Եղբայր Լինքը ծառայում էր Քենիայի մասնաճյուղում, որը վերահսկում էր Եթովպիայում մեր գործունեությունը։

b Երկու քույրերս և եղբայրս բանտից ազատ արձակվեցին չորս տարի անց։

c Եղբայր Բուտը ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ մինչև 1996 թ.-ը՝ իր երկրային ծառայության ավարտը։

d Ավելի ուշ եղբայր Փիրսը ծառայել է որպես Կառավարիչ մարմնի անդամ մինչև 2014 թ.-ը՝ իր երկրային ծառայության ավարտը։