Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԵՅՎԻԴ ՄԱԶԱ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երջանիկ ընտանիք՝ փշրված և վերականգնված

Երջանիկ ընտանիք՝ փշրված և վերականգնված

Աստվածաշունչն ուսումնասիրելուց և դրա սկզբունքները կիրառելուց հետո ես վերջապես ձեռք բերեցի այն, ինչը մի ժամանակ կարծում էի, թե անհնար է ունենալ՝ երջանիկ ընտանեկան կյանք։ Ես ու կինս մեր երեք երեխաների հետ միասնաբար և ամբողջ սրտով ծառայում էինք Եհովային։

Սակայն մենք պատրաստ չէինք այն սարսափելի ողբերգությանը, որը տեղի ունեցավ 2004 թ. ապրիլի 24-ին:

 Երբ կինս՝ Քեյը, լույս աշխարհ բերեց մեր դստերը՝ Լորենին, ես չգիտեի, թե ինչ է հարկավոր անել լավ հայր լինելու համար։ Երբ ծնվեց մեր երկրորդ երեխան՝ Մայքլը, ես դարձյալ չգիտեի՝ ինչպես լավ հայր լինել։ Երբ երեխա էի, ծնողներս անընդհատ վիճում էին, և ի վերջո նրանք ամուսնալուծվեցին։ Բայց ես ուզում էի լինել ընտանիքի լավ գլուխ, պարզապես չգիտեի՝ ինչպես։

 Երբ դեռահաս էի, կախվածություն էի ձեռք բերել ալկոհոլից և թմրանյութերից ու այդպես ամեն ինչ բարդացրել: Չափահաս տարիքում կյանքս դուրս եկավ վերահսկողությունից։ Կախվածություններիս պատճառով, որոնց թվում էին նաև մոլեխաղերը, ես շատ վատ որոշումներ կայացրի։ Իրավիճակն այնքան վատացավ, որ Քեյը լքեց ինձ և իր հետ տարավ մեր երկու երեխաներին: Թշվառ վիճակում էի։

 Ես հարցրի Քեյին, թե ինչ անեմ, որպեսզի նա վերադառնա: Այդ ժամանակ Քեյն արդեն աստվածաշնչյան թեմաներով քննարկումներ էր ունենում Գլորիայի հետ, ով Եհովայի վկա էր։ Նրա պայմանը շատ պարզ էր՝ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ես ո՛չ հետաքրքրված էի ուսումնասիրությամբ, ո՛չ էլ գիտեի, թե դա ինչ է նշանակում, բայց որպեսզի վերադարձնեմ Քեյին, համաձայնեցի հանդիպել Գլորիայի և նրա ամուսնու՝ Բիլի հետ։

Որոշում, որը փոխեց կյանքս

 Երբ Բիլն ու Գլորիան եկան մեր տուն, ես տպավորվեցի՝ տեսնելով նրանց մտերմությունը: Իմացա, որ նրանց չափահաս երեխաները, որոնք մոտավորապես իմ տարիքի էին, իմաստալից կյանքով էին ապրում։ Կյանքումս առաջին անգամ սկսեցի մտածել այն մասին, որ Աստվածաշունչը կարող է ցույց տալ երջանիկ ընտանիք ունենալու ճանապարհը։

 Այդ հանդիպման ժամանակ Բիլն ու Գլորիան ինձ հետ խոսեցին իմ խնդիրների մասին։ Նրանք ինձ ցույց տվեցին Գաղատացիներ 6։7-ը, որտեղ ասվում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի»։ Ես մտածեցի. «Եթե այդ սկզբունքը ընկած լիներ իմ որոշումների հիմքում, ես կարող էի խուսափել շատ խնդիրներից»։

Քեյը և Դեյվիդը

 Ժամանակի ընթացքում նկատեցի, թե Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը որքան դրական ազդեցություն ունեցավ կյանքիս վրա։ Ես ու Քեյը հրաժարվեցինք ծխախոտից, ազատվեցի նաև իմ մյուս վատ սովորություններից։ 1985 թ.-ին ծնվեց մեր երրորդ երեխան՝ Դեյվիդը, ում Դեյվի էինք անվանում։ Այս անգամ արդեն գիտեի, թե ինչ է նշանակում լավ հայր լինել։

Միասնաբար ծառայում ենք Եհովային

 Ես ու Քեյը հասկացանք, որ երբ սովորեցնում ենք երեխաներին սիրել Եհովային, մենք նույնպես մտերմանում ենք նրա հետ։ Մեր հրատարակություններից՝ օրինակ՝ «Լսում ենք Մեծ Ուսուցչին» գրքից, շատ բան սովորեցինք։ Մեզ և մեր երեխաների համար լավ օրինակ էին նաև ժողովի ընտանիքները։

Մայքլը և նրա կինը՝ Դայանան

 Ժամանակի ընթացքում մեր բոլոր երեխաները սկսեցին ռահվիրա ծառայել։ 2004 թ. սկզբին Լորենը իսպանախոս ժողովում էր ծառայում։ Մայքլը նոր էր ավարտել Բեթելի ծառայությունը, պատրաստվում էր ամուսնանալ ու իր կնոջ՝ Դայանայի հետ մեկնել Գուամ՝ քարոզչական գործում օգնելու։ Իսկ 19-ամյա Դեյվին սկսել էր ծառայել Դոմինիկյան Հանրապետությունում։

 Մենք հպարտ էինք մեր երեխաներով ու նրանց կայացրած որոշումներով: Զգում էինք 3 Հովհաննես 4-րդ համարի ճշմարտացիությունը. «Երախտագետ լինելու ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, երբ լսում եմ, որ իմ զավակները շարունակում են ճշմարտության մեջ քայլել»: Բայց ընդամենը մեկ հեռախոսազանգ, և մեր կյանքը գլխիվայր շուռ եկավ:

Սարսափելի ողբերգություն

 2004 թ. ապրիլի 24-ին ես ու Քեյը երկու այլ զույգերի հետ գնացինք ռեստորանում ընթրելու: Ռեստորանը ավելի քան 100 կիլոմետր (60 մղոն) հեռավորության վրա էր գտնվում։ Մենք բոլորս իմ մեքենայով էինք: Այնուհետև աղանդերի համար մենք կանգ առանք մի սրճարանի մոտ։ Ես թողեցի նրանց այնտեղ ու գնացի կայանատեղի փնտրելու: Ինձ զանգ եկավ։ Ընկերս էր, նրա ձայնը խիստ լարված էր։

 Նա ասաց. «Սարսափելի բան է եղել։ Դեյվին վթարի է ենթարկվել»։

 Պատասխանից վախենալով՝ հարցրի, թե ինչ վիճակում է նա։

 Սկզբում նա չկարողացավ ոչինչ ասել, հետո հազիվ լսելի ձայնով ասաց, որ Դեյվին մահացել է։

 Հեռախոսը վայր դնելուց հետո աղոթեցի Եհովային և ուժ խնդրեցի նրանից։ Այնուհետև մտա սրճարան և ասացի, որ ինձ լավ չեմ զգում, և որ լավ կլինի՝ տուն գնանք։ Չէի ուզում մյուսների մոտ Քեյին ասել Դեյվիի մասին լուրը։

 Տունդարձը, որը տևեց 90 րոպե, շատ ցավոտ էր։ Լսում էի, թե ինչպես է Քեյը ոգևորված խոսում մյուսների հետ ու ասում, որ շատ է սպասում Դեյվիի առաջիկա այցին։ Մինչ Քեյի իմանալը ինձ արդեն ցավակցական հաղորդագրություններ էին գալիս։

 Մյուս զույգերին տուն տանելուց հետո մենք վերադարձանք մեր տուն։ Քեյը մեկ հայացքից հասկացավ, որ ինչ-որ սարսափելի բան է եղել։ Նա հարցրեց. «Ի՞նչ է պատահել»։ Գիտեի, որ իմ հաջորդ բառերը փշրելու են նրա կյանքը այնպես, ինչպես երկու ժամ առաջ փշրեցին իմը՝ մեկ հեռախոսազանգով։

Հարմարվում ենք կորստին

 Ես ու Քեյը նախկինում էլ էինք փորձությունների բախվել։ Գիտեինք, որ Եհովան իր ծառաների կողքին է (Եսայիա 41։10, 13)։ Բայց այս փորձությունը բոլորովին այլ էր։ Հետևյալ հարցերն անընդհատ փոթորկում էին միտքս. «Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել Դեյվիի հետ, ախր նա այդքան բան էր անում Եհովայի համար։ Ինչո՞ւ Եհովան չպաշտպանեց նրան»։

 Մեր երեխաները նույնպես փշրված էին։ Լորենը երկրորդ մայր էր եղել Դեյվիի համար ու շատ ծանր տարավ նրա մահը։ Մայքլը նույնպես կոտրված էր։ Թեև նա 5 տարի էր՝ հեռու էր ապրում տնից, բայց հպարտանում էր իր կրտսեր եղբոր հոգևոր առաջադիմությամբ։

 Առաջին իսկ օրվանից ժողովը մեզ համար փրկօղակ դարձավ։ Քեյը դեռ ուշքի չէր եկել ողբերգական լուրից, ժողովի եղբայրներն ու քույրերը արդեն մեր տանն էին՝ պատրաստ սփոփելու և աջակցելու մեզ (Առակներ 17։17)։ Ես երբեք չեմ մոռանա նրանց սերը։

 Ես ու Քեյը հասկանում էիք, որ վիշտը վերապրելու համար պետք է շարունակենք կանոնավոր աղոթել, ուսումնասիրել Աստվածաշունչը և ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Ճիշտ է, այս ամենը չէր վերացնելու մեր ցավը, բայց օգնելու էր հոգևորապես ամուր մնալ (Փիլիպպեցիներ 3։16

Լորենը և նրա ամուսինը՝ Ջասթինը

 Այդ ընթացքում Մայքլն ու Դայանան մեզ ավելի մոտ բնակավայր տեղափոխվեցին, իսկ Լորենը վերադարձավ մեր անգլիախոս ժողով։ Հաջորդող տարիներին իրար մոտ լինելու շնորհիվ կամաց-կամաց սկսեցինք համակերպվել կորստի բերած ցավին։ Ավելի ուշ, երբ Լորենը ամուսնացավ, նրա ամուսինը՝ Ջասթինը, նույնպես նեցուկ եղավ մեր ընտանիքին։ Նրա աջակցությունն անգնահատելի է։

Ծանր ճամփորդություն

 Դեյվիի մահից կարճ ժամանակ անց մեկ այլ բան էլ նախաձեռնեցինք, որպեսզի ինչ-որ չափով մեղմենք մեր վիշտը։ Դա շատ դժվար քայլ էր, բայց արդյունքում ստացանք մեզ այդքան անհրաժեշտ մխիթարությունը։ Այդ մասին Քեյը կպատմի.

 «Երբ ամուսինս ասաց, որ Դեյվին մահացել է, կյանքն անմիջապես գունազրկվեց ինձ համար, ասես ես էլ մահացա։ Թևերս կոտրված էին։ Վիշտս այնքան խորն էր, որ ոչինչ չէի կարողանում անել։ Անընդհատ լացում էի։ Անկեղծ ասած, երբեմն զայրույթով էի լցվում Եհովայի հանդեպ, նաև նրանց հանդեպ, ովքեր ողջ էին։ Հավասարակշռությունս լրիվ կորցրել էի։

 Ուզում էի գնալ Դոմինիկյան Հանրապետություն, լինել այնտեղ, որտեղ Դեյվին էր ապրել ու ծառայել իր կյանքի վերջին ամիսներին։ Բայց ես դեռ զգացապես հյուծված վիճակում էի։ Մտածում էի, որ այդքան երկար ճամփորդության համար ուժ չէի ունենա։

 Ինձ համար խթան եղան իմ մտերիմ ընկերներից մեկի խոսքերը։ Նա ասաց, որ Դոմինիկյան Հանրապետությունում Դեյվիի ընկերները նույնպես սգում են ու անհամբեր սպասում, թե երբ են տեսնելու մեզ։ Ընկերուհուս խոսքերն ինձ ուժ տվեցին, որ նստեմ ինքնաթիռ։

 Այդ ճամփորդությունը հենց այն էր, ինչի կարիքը մեր ընտանիքն ուներ։ Այնքան հաճելի էր իմանալը, որ Դեյվին հոգևոր մարդու համբավ ուներ։ Նրա ժողովի միակ երեցն ասաց, որ ժողովի հետ կապված ինչ գործ էլ լիներ, կարող էր վստահել Դեյվիին։

 Մինչ քայլում էինք այն փողոցով, որտեղ ապրել էր Դեյվին, մարդիկ մոտենում էին մեզ ու պատմում, թե նա ինչ լավ գործեր էր արել իրենց համար։ Ես գիտեի, որ նա բարի մարդ էր, բայց շատ զգացվեցի՝ գիտակցելով, թե նա ինչ ջանքեր էր թափել, որ սերտորեն հետևեր Հիսուսի հետքերին։

Դեյվին՝ Դոմինիկյան Հանրապետությունում ծառայելիս

 Մենք նաև հանդիպեցինք Դեյվիի ուսումնասիրողներից մեկին, ով ապրում էր մի փոքր տան մեջ ու գամված էր անկողնուն։ Այդ տղամարդը ծայրահեղ վատ պայմաններում էր ապրում, բայց ըստ ականատես հավատակիցների՝ Դեյվին խոր հարգանքով ու արժանապատվությամբ էր վերաբերվում նրան։ Դա լսելով՝ այնքա՜ն հպարտացա իմ տղայով։

 Դա իմ ճամփորդություններից ամենածանրն էր։ Այդուհանդերձ, Դեյվիին ճանաչողների հետ մեր ցավի և հույսի մասին խոսելը սպեղանի եղավ մեզ համար։ Կարծես թե մեր սրտի ցավը փոքր-ինչ մեղմացավ»։

Դեյվիի պատմությունը՝ քաջալերության աղբյուր

 «Արթնացե՛ք» ամսագրի 2005 թ. հունվարի 8-ի թողարկման մեջ մի հոդված լույս տեսավ Դեյվիի մահվան ու Դոմինիկյան Հանրապետությունում նրա կատարած ծառայության մասին։ Չէինք էլ պատկերացնում, թե Դեյվիի պատմությունը ինչ ազդեցություն կթողնի ընթերցողների վրա։ 2019 թ. մայիսին Նիկ անունով մի եղբայր կապ հաստատեց մեզ հետ ու պատմեց հետևյալը.

 «2004 թ.-ին սովորում էի քոլեջում և ոչ մի հոգևոր նպատակ չունեի։ Ես երջանիկ չէի։ Աղոթեցի Եհովային՝ խնդրելով, որ օգնի՝ երիտասարդությանս տարիները ճիշտ ձևով օգտագործեմ։ Կարճ ժամանակ անց «Արթնացե՛ք»-ում ընթերցեցի Դեյվիի պատմությունը։ Դա իմ աղոթքի պատասխանն էր։

 Թողեցի քոլեջը և ռահվիրայություն սկսեցի։ Նաև իսպաներեն սովորելու և այլ երկիր տեղափոխվելու նպատակ դրեցի։ Հետագայում սկսեցի ծառայել Նիկարագուայում և հնարավորություն ունեցա կնոջս հետ սովորելու Թագավորության քարոզիչների դպրոցում։ Երբ հարցնում են, թե ինչն է մղել ինձ ռահվիրայություն սկսելու, Դեյվիի մասին եմ պատմում»։

 Հետաքրքիր մի բան էլ եղավ 2019 թ.-ին Բուենոս Այրեսում (Արգենտինա), ուր գնացել էինք մասնակցելու միջազգային համաժողովի։ Հյուրանոցում ծանոթացանք մի քրոջ՝ Աբիի հետ։ Ես ու Քեյը շատ տպավորվեցինք նրա բարությամբ ու սիրառատ վերաբերմունքով։ Նա մեզ Դեյվիին հիշեցրեց։

Դեյվիի օրինակը մղեց Աբիին լիաժամ ծառայություն սկսել և տեղափոխվել հեռավոր տարածք

 Երբ վերադարձանք մեր սենյակ, Աբիին ուղարկեցինք Դեյվիի մասին պատմող հոդվածի հղումը «Արթնացե՛ք»-ից։ Մի քանի րոպե չանցած՝ նա գրեց ու ասաց, որ ուզում է շտապ տեսնել մեզ։ Հանդիպեցինք ընդունարանում, և Աբին, արցունքն աչքերին, ասաց, որ Դեյվիի պատմությունն է մղել իրեն 2011 թ. սեպտեմբերին ռահվիրայություն սկսել ու ծառայել հեռավոր տարածքում։ Հետո նա նշեց. «Հենց որ նշանակմանս մեջ դժվարությունների եմ բախվում, կրկին կարդում եմ այդ հոդվածը»։ Ապշեցինք՝ իմանալով, որ Աբին այդ հոդվածը բերել էր իր հետ։

 Նման դեպքերը փաստում են, որ մենք համաշխարհային ընտանիքի մի մասնիկն ենք։ Աշխարհում ոչ մի տեղ նման միասնություն չես գտնի։

 Ես ու Քեյը մխիթարվում ենք նրանով, որ Դեյվիի օրինակը ոգեշնչել է շատերին։ Եվ իրականում մեր բոլոր երիտասարդները, ովքեր անձնվիրաբար ընդլայնում են իրենց ծառայությունը, ոգեշնչման աղբյուր են մյուսների համար։ Նրանք գուցե չեն էլ պատկերացնում, թե իրենց օրինակն ու եռանդը ինչ մեծ ազդեցություն կարող են թողնել մյուսների վրա՝ մղելով լավագույնը տալ Եհովային։

«Նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»

 Ղուկաս 20։37-ում Հիսուսը մեջբերում է Եհովայի խոսքերը՝ նրան կոչելով «Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եհովան չի ասում, որ նրանց Աստվածն էր միայն այն ժամանակ, երբ ողջ էին։ Նա մինչ օրս նրանց Աստվածն է։ Ինչո՞ւ։ 38-րդ համարում Հիսուսը բացատրում է. «Նրանք բոլորն էլ ողջ են նրա համար»։

 Այո՛, Եհովայի տեսանկյունից իր բոլոր նվիրված ծառաները ողջ են, ինչը փաստում է, որ հարության վերաբերյալ նրա խոստումը իրական է (Հոբ 14։15; Հովհաննես 5։28, 29)։ Վստահ եմ, որ նա հարություն կտա թե՛ Դեյվիին, թե՛ իր մյուս ծառաներին, ովքեր ննջել են մահվան քնով։

 Սրտատրոփ սպասում եմ, թե երբ եմ տեսնելու Դեյվիին։ Բայց առավել սպասում եմ այն հուզիչ պահին, երբ Քեյն ու Դեյվին կհանդիպեն։ Երբեք չեմ տեսել մեկին, ով այնքան ծանր տանի վիշտը, որքան Քեյը։ Յուրովի եմ սկսել ընկալել Ղուկաս 7։15-ում արձանագրված խոսքերը. «Մահացածը նստեց ու սկսեց խոսել, և Հիսուսը նրան իր մորը տվեց»։

 2005 թ. սեպտեմբերին ես էլ սկսեցի Քեյի հետ ռահվիրա ծառայել։ Մեծ օրհնություն է կնոջս, երեխաներիս ու նրանց կողակիցների հետ ուս ուսի վայելել ռահվիրայական ծառայությունը։ Որպես միասնական ընտանիք՝ մենք աջակցում ենք միմյանց ու կենտրոնացած մնում ապագայի հույսի վրա՝ անձկությամբ սպասելով այն օրվան, երբ նոր աշխարհում կրկին կտեսնենք մեր թանկագին Դեյվիին։