Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԹԵՐԻ ՌԵՅՆՈԼԴՍ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան օգնեց՝ իմ լավագույնը տամ

Եհովան օգնեց՝ իմ լավագույնը տամ

 14 տարեկան էի, երբ Սեսիլ անունով մի տարեց եղբայր ինձ նվիրեց իր Աստվածաշունչը։ Նա օգտագործել էր այն իր անձնական ուսումնասիրության համար և լուսանցքներում նշումներ էր արել։ «Ի՜նչ հիանալի նվեր է»,— մտածեցի ես։

 Սեսիլը չափազանց խոնարհ եղբայր էր և իսկապես մտահոգվում էր ուրիշների համար։ Նրա, մորս, ինչպես նաև ժողովի մյուս հավատարիմ եղբայրների ու քույրերի օրինակը իմ մեջ ցանկություն արթնացրեց «և՛ կամենալ, և՛ գործել»՝ Եհովային տալով իմ լավագույնը (Փիլիպպեցիներ 2։13)։ Թույլ տվեք պատմել իմ պատմությունը։

Վարակված՝ մորս եռանդով

 Ծնվել եմ 1943 թ.-ին։ Ծնողներս ապրում էին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում՝ ծովափնյա Բանդաբերգ քաղաքի մոտակայքում գտնվող մի ֆերմայում։ Այդ նահանգը հայտնի էր շաքարեղեգի աճեցմամբ։ Տեղաբնակները սովորություն ունեին շաբաթ օրերին՝ երեկոյան, գնալ քաղաք, որ շփվեն մյուսների հետ։ 1939 թ. մի այդպիսի երեկո ծնողներս հանդիպեցին երկու ռահվիրաների (Եհովայի վկաների լիաժամ ծառայողներ), ովքեր նրանց հետ խոսեցին Աստվածաշնչի մասին։ Ծնողներս խորապես տպավորվեցին իրենց իմացածով։ Ժամանակի ընթացքում նրանք նույնպես Եհովայի վկա դարձան։ Արդյունքում ես և քույրս՝ Ջինը, մեծացանք քրիստոնյա ընտանիքում։ Ցավոք, հայրս մահացավ տանը տեղի ունեցած մի պատահարից։ Ես ընդամենը 7 տարեկան էի, ու հորս մահը ցնցեց ինձ։ Մինչ օրս հիշում եմ, թե հայրս որքան աշխատասեր մարդ էր ու հումորի ինչ մեծ զգացում ուներ։ Անհամբերությամբ սպասում եմ հորս հարությանը, որպեսզի ավելի լավ ճանաչեմ նրան (Գործեր 24։15

 Մայրս բարի ու խոհեմ կին էր։ Նա թույլ էր տալիս, որ ես ու քույրս անկաշկանդ ասեինք, թե ինչն է մեզ դուր գալիս, ինչը՝ ոչ։ Սակայն, երբ հերթը հասնում էր աստվածաշնչյան սկզբունքներին ու Եհովային պաշտելուն, մայրս հաստատակամ էր մնում։ Մենք կանոնավորաբար մասնակցում էինք ժողովի հանդիպումներին։ Մայրս նախազգուշացրել էր ինձ ու Ջինին, որ դպրոցից դուրս սահմանափակենք ոչ Վկա երեխաների հետ մեր շփումը (1 Կորնթացիներ 15։33)։ Հետ նայելով՝ շատ եմ գնահատում մորս հաստատակամությունը։

Մոտ 14 տարեկանում

 Մայրս նաև Թագավորության եռանդուն քարոզիչ էր. հաճախ էր ծառայում որպես կարճաժամկետ ռահվիրա (այժմ՝ ենթառահվիրա)։ Հիշում եմ, որ նա կանոնավորաբար այցելում էր 50-ից ավելի տներ և տարածում «Դիտարան» ու «Արթնացե՛ք» ամսագրերը։ Նույնիսկ երբ արդեն տարեց էր ու թույլ, մայրս շարունակում էր մտահոգվել ճշմարտությամբ հետաքրքրված մարդկանցով։ Նա սիրում էր մարդկանց ու հատկապես երեխաներին, մենք էլ նրան էինք սիրում ու փորձում էինք ընդօրինակել։ 1958 թ.-ին՝ 14 տարեկանում, կյանքս նվիրեցի Եհովային ու մկրտվեցի։

Ոգևորված՝ լավ միջավայրից

 Կարճ ժամանակ անց Ռուդոլֆը, ով 20-ն անց էր ու ծառայում էր մեր ժողովում, նույնպես մկրտվեց։ Նա ներգաղթել էր Գերմանիայից։ Շաբաթ առավոտները ես և Ռուդոլֆը հաճախ քարոզում էինք այն մարդկանց, ովքեր իրենց մեքենաներում նստած սպասում էին, մինչ ընտանիքի անդամները առևտուր էին անում։

 Ռուդոլֆը եռանդուն եղբայր էր ու առաջարկեց դպրոցական արձակուրդներին միասին կարճաժամկետ ռահվիրա ծառայել։ Այդպես մի անգամ վեց շաբաթ անցկացրինք Գլադսթոն քաղաքում, որը Բանդաբերգից մոտ 190 կմ (118 մղոն) հյուսիս է գտնվում։ Իմ հանդեպ Ռուդոլֆի անկեղծ հոգատարությունը, որը բնորոշ է ավագ եղբորը, ինչպես նաև կարճաժամկետ ռահվիրա ծառայելու ուրախությունը ռահվիրա դառնալու ցանկություն բոցավառեցին իմ մեջ։ 16 տարեկանում հասա նպատակիս ու վճռեցի լիաժամ ծառայությունը իմ կյանքի ուղին դարձնել։

 Որպես ռահվիրա իմ առաջին նշանակումը Մակքայ մերձափնյա քաղաքում էր, որը գտնվում է Բանդաբերգից հյուսիս և Մեծ արգելախութից այնքան էլ հեռու չէ։ Մոտ մեկ տարի անց, երբ 17 տարեկան էի, նշանակվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա a Ավստրալիայի նոսր բնակեցված մի տարածքում։ Իմ ռահվիրա ծառայակիցը Բենետ Բրիքել անունով մի օծյալ եղբայր էր, ով ավելի քան 30 տարով մեծ էր ինձնից։ b Ինձ համար մեծ պատիվ էր ծառայել այդ «վետերան» ռահվիրայի հետ, ով ճանաչված էր որպես «ռահվիրաների ռահվիրա»։

Մեկուսի տարածքում վկայություն եմ տալիս մի տեղաբնիկ կնոջ (1963 թ.)

 Մեր տարածքը հյուսիսարևմտյան Քվինսլենդի մի շրջանում էր, որը սահմանակից է Քարփենթարիայի ծոցին։ Այդ ժամանակ ես և Բենը միակ Վկաներն էինք այդ նոսր բնակեցված տարածքում։ Երբեմն մեզնից ժամեր էին պահանջվում, որ մեքենայով մի տնից մյուսը հասնեինք։ Այդ երկար ու փոշոտ ճանապարհներին Բենը հաճախ էր պատմում ծառայության մեջ իր հետ պատահած դեպքերից։ Օրինակ՝ հիշում էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ավստրալիայում Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ էր, ինչպես էին քարոզում ձայնափողով ավտոմեքենաներով։ c

Մի եղբայր և ես (մեջտեղում) Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում նոսր բնակեցված տարածքում

 Սովորաբար ծառայությունը ավարտելուց հետո ճանապարհին մի հարմար վայրում վրան էինք կանգնեցնում ու գիշերում։ d Ընթրիք պատրաստելու համար փայտ էինք հավաքում ու խարույկ վառում։ Անկողինս կազմված էր ջրակայուն սավանից, որը փռում էի գետնին, ծածկոցներից ու բարձից։ Մինչև հիմա հիշում եմ, թե ի՜նչ ակնածանք էի զգում Եհովայի հանդեպ, երբ նայում էի աստղազարդ երկնքին, որի շքեղությունը չէին սքողում արհեստական լույսերը։

 Այս մեկուսի տարածքում մեքենայի տեխնիկական խնդիրները կարող էին մեծ վտանգների առաջ կանգնեցնել։ Մի անգամ մեր մեքենայի սռնակներից մեկը կոտրվեց։ Շոգ օր էր, մեր ջուրն էլ քիչ էր։ Սռնակը փոխելու համար Բենը մեքենա կանգնեցրեց ու գնաց Քլոնքարի քաղաք։ Երեք օր մնացի ավտոմեքենայի մոտ, մինչև Բենը կբերեր պահեստամասերը։ Ամեն օր մի քանի մեքենա էր անցնում, և բարեխիղճ վարորդները կանգ էին առնում ու ինձ մի քիչ ջուր տալիս։ Նրանցից մեկը նույնիսկ մի հնամաշ գիրք տվեց ու ասաց. «Կարդա, ընկե՛րս, կարծում եմ՝ կհավանես»։ Ի զարմանս ինձ՝ այդ գիրքը, որը մեր կազմակերպությունը չէր հրատարակել, պատմում էր, թե Եհովայի վկաները ինչերի միջով են անցել նացիստական համակենտրոնացման ճամբարներում։

 Ես ու Բենը միասին մոտ մեկ տարի ռահվիրա ծառայեցինք։ Վերջին խոսքերը, որ նա ասաց մեր բաժանման ժամանակ, հետևյալն էին. «Զենքերդ վայր չդնես, եղբա՛յրս»։ Բենի նվիրվածությունն ու եռանդը ինձ է՛լ ավելի մեծ վճռականությամբ լցրին, որ շարունակեմ լիաժամ ծառայությունս։

«Գաղաադ», ապա՝ Թայվան

 Մի քանի տարի այդ մեկուսի տարածքում ռահվիրա ծառայելուց հետո, ես շրջանային վերակացու նշանակվեցի։ Դա ենթադրում էր, որ պետք է մեկ շաբաթ կամ մի փոքր ավելի շատ ժամանակ անցկացնեի շրջանի յուրաքանչյուր ժողովի ու մեկուսի խմբի հետ։ Տարիների ընթացքում ծառայեցի չորս շրջաններում։ Դրանք ներառում էին Քվինսլենդի և Նոր Հարավային Ուելսի ժողովները։ Հետո՝ 1971 թ.-ին, անսպասելի հրավեր ստացա սովորելու «Գաղաադի» 51-րդ դասարանում (Եհովայի վկաների միսիոներների համար նախատեսված դպրոց, որը գտնվում է Նյու Յորքում)։ Հինգ ամիս տևած աստվածաշնչյան ինտենսիվ դասընթացի, ինչպես նաև մյուս ուսանողների ու դասավանդողների հետ կերտիչ շփման շնորհիվ նախապատրաստվեցի իմ հաջորդ նշանակմանը՝ միսիոներական ծառայությանը Թայվանում։

«Գաղաադի» իմ դասարանը

 Մեր դասարանից ինը ուսանողներ նշանակվեցին Թայվան։ Նրանց թվում էր Նոր Զելանդիայից Յան Բրաունը։ Նա դարձավ իմ միսիոներ ծառայակիցը։ Մենք գրեթե ոչինչ չգիտեինք Թայվանի մասին։ Նույնիսկ վստահ չէինք, թե որտեղ է այն գտնվում, մինչև որ չնայեցինք քարտեզը։

 Ավելի ցայտուն հակապատկերներ, քան Քվինսլենդն ու Թայվանն են, չեմ կարող մտաբերել։ Մեր առաջին և ամենամեծ փորձությունը լեզուն էր՝ չինարենը։ Բավականին երկար ժամանակ չէի հասկանում, թե ժողովի հանդիպումներին ինչ է ասվում, իսկ դրանք հավատը ամրացնելու գլխավոր աղբյուրներից են։ Ոչ էլ կարողանում էի հաղորդակցվել եղբայրներիս ու քույրերիս հետ։ Այս իրավիճակը մղեց ինձ և Յանին գնահատել «Գաղաադում» ստացած կրթության, ինչպես նաև գիտելիքների պաշարի կարևորությունը։ Այդ ամենը, Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրության և սրտաբուխ աղոթքների հետ միասին, օգնեց մեզ ամուր մնալ։ Թեև չէինք կարողանում լավ հաղորդակցվել տեղի եղբայրների ու քույրերի հետ, սակայն մեծապես քաջալերվում էինք մեր և Եհովայի հանդեպ նրանց դրսևորած սիրուց։

Սովորում եմ չինարեն

 Թայվան ժամանելուց հետո, բոլոր միսիոներները չինարենի արագացված դասընթաց անցան։ Ավստրալիայից մի քույր՝ Քեթլին Լոգանը, e մեր ուսուցչուհին էր։ Նա «Գաղաադի» 25-րդ դասարանի շրջանավարտ էր։ Մենք խորասուզվել էինք լեզուն սովորելու մեջ, և ինչպես խորհուրդ էին տվել, անմիջապես կիրառում էինք մեր սովորածը։ Մեր ծառայության առաջին օրը ես ու Յանը մի կարճ մատուցում էինք սովորել։ Քարոզչական տարածք գնալու ճանապարհին քննարկում էինք, թե ով է թակելու առաջին դուռը։ Օգտվելով այն հանգամանքից, որ մեծը ես էի՝ Յանին ասացի, որ առաջինը նա սկսի։ Բնակիչը աչքի ընկնող արտաքինով մի չինացի տղամարդ էր։ Նա համբերատարորեն լսեց Յանի կիսաչինարեն-կիսաանգլերեն մատուցումը, այնուհետև, ի զարմանս մեզ, մաքուր անգլերենով հարցրեց, թե ինչ ենք ուզում։ Մեր զրույցի վերջում նա հորդորեց, որ չդադարեցնենք չինարենի դասերը։ Նրա բարի խոսքերը մեզ վստահությամբ լցրին, որ ինչպես Բենը կասեր, «մեր զենքերը վայր չդնենք»։

 Մեր տարածքը մայրաքաղաք Թայբեյի մի մեծ հատված էր ընդգրկում։ Այդ ժամանակ այն չմշակված տարածք էր. ընդամենը մի քանի Վկաներ էին ապրում։ Ընկճվելու փոխարեն ես և Յանը եռանդորեն գործի անցանք։ Հաճախ ամեն ամիս հարյուրավոր ամսագրեր էինք տարածում։ Երևի շատերը հետաքրքրասիրությունից դրդված էին վերցնում մեր ամսագրերը, որպեսզի ուղղակի իմանային, թե ովքեր ենք մենք և ինչ ենք ուզում ասել։ Սակայն մենք մեր լավագույնն էինք անում, որ ցանենք Թագավորության ճշմարտության սերմերը՝ համոզված լինելով, որ դրանք արմատներ կգցեն ազնվասիրտ մարդկանց սրտերում։

Օգնություն՝ իմ կյանքի ընկերոջից

Ուեն-Կվան և ես՝ ծառայության ժամանակ (1974 թ.)

 Իմ ծառայության ընթացքում ես ընկերացա Ուեն-Կվա անունով մի թայվանցի քրոջ հետ։ Նա սիրում էր ճշմարտությունը և ցանկանում էր օգնել տեղացիներին, որ իմանան աստվածաշնչյան բարի լուրը։ Այդ նպատակով նա շատ միսիոներների, այդ թվում՝ ինձ, օգնում էր բարելավել լեզվական հմտությունները։ Ժամանակի ընթացքում ես սիրահարվեցի այս հիասքանչ քրոջը, և 1974 թ.-ին մենք ամուսնացանք։

 Ուեն-Կվան օգնում էր միսիոներներին ծառայության մեջ ավելի արդյունավետ լինել։ Օրինակ՝ նա բացատրում էր, թե թայվանցիներն ինչ սովորույթներ ու մտածելակերպ ունեն, ինչի շնորհիվ ավելի լավ էինք հասկանում նրանց լեզուն։ Նաև օգնում էր մեր մատուցումները հարմարեցնել տարածքի մարդկանց, ովքեր հիմնականում բուդդայականներ էին ու դաոսականներ։ Նախնիների պաշտամունքը շատ տարածված էր։ Մեծամասնությունը երբեք Աստվածաշունչ չէր կարդացել, չէր էլ տեսել այն։ Ուստի մեր մատուցումները հիմնականում Արարչի մասին էին. ասում էինք, որ նրա անունը Եհովա է, և թե ինչու կարող ենք համոզված լինել, որ նա գոյություն ունի։ Օրինակ, եթե ձկնորսները կամ հողագործները ասում էին՝ «մեր օրվա հացը երկնքից է կախված», մենք պատասխանում էինք. «Իսկ ո՞վ է մեզ ամեն տեսակ սննդով ապահովողը։ Արդյոք Ամենակարող Աստվածը չէ՞, ով ստեղծել է ամեն բան և արժանի է, որ իրեն պաշտեն»։

Ուեն-Կվայի հետ (1975 թ.)

 Ժամանակի ընթացքում մեր ջանքերը վարձատրվեցին, և Թագավորության սերմերը լավ հող գտան շատ ազնվասիրտ մարդկանց սրտերում։ Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք մեծ ջանքեր էին ներդնում, որպեսզի իրենց սրտից արմատախիլ անեն կեղծ հավատալիքներն ու աստվածաշնչյան հիմք չունեցող սովորույթները։ Միսիոներների և տեղի քարոզիչների օգնությամբ նրանք հաջողության էին հասնում և մեծ փոփոխություններ կատարում կյանքում (Հովհաննես 8։32)։ Ավելի ուշ շատ եղբայրներ իրենց ժողովներում նշանակվեցին ծառայելու որպես երեցներ կամ ծառայող օգնականներ, որոշ եղբայրներ ու քույրեր էլ լիաժամ ծառայություն սկսեցին, այդ թվում՝ նշանակվեցին տեղի մասնաճյուղ՝ Բեթել։

 1976 թ.-ից սկսած՝ ես պատիվ ունեցա ծառայելու Թայվանի մասնաճյուղի կոմիտեում՝ միևնույն ժամանակ շարունակելով իմ միսիոներական ծառայությունը։ 1981 թ.-ին ես և Ուեն-Կվան հրավիրվեցինք Բեթել։ Երկար տարիներ ծառայեցի մասնաճյուղի կոմիտեում։ Արդեն ավելի քան 60 տարի է, ինչ լիաժամ ծառայության մեջ եմ։ Այդ տարիների մեծ մասը անցկացրել եմ Թայվանում, գրեթե 50-ը՝ թանկագին կնոջս հետ։ Իմ նախկին ծառայակից և ընկեր Յան Բրաունը Թայվանում լիաժամ ծառայեց մինչև իր մահը՝ 2013 թ.։

Իմ գրասենյակում (Թայվան, 1997 թ.)

 Ուեն-Կվան և ես ձգտում ենք զբաղված մնալ Բեթելի գործերով, չինախոս ժողովով և քարոզչական ծառայությամբ։ Այս պատվի համար Եհովային ենք երախտապարտ։ Երբ երեխա էի, Եհովան ինձ ցանկություն և ուժ տվեց, որ ողջ սրտով ծառայեմ իրեն։ Այժմ, չնայած մեր տարիքի բերած դժվարություններին, նա շարունակում է գործելու ցանկություն և ուժ տալ ինձ ու Ուեն-Կվային։

a Հատուկ ռահվիրան լիաժամ ծառայող է, ով կամավոր հիմունքներով պատրաստ է տեղափոխվել այնտեղ, որտեղ Եհովայի վկաների մասնաճյուղը կնշանակի իրեն։

b Բենետ Բրիքելի կենսագրությունը տպագրվել է «Դիտարան» ամսագրի 1972 թ. սեպտեմբերի 1-ի համարում։

c Ձայնափողով մեքենաները ունեին բարձրախոս, որը հնարավորություն էր տալիս նույնիսկ հեռվից լսել Թագավորության լուրը։

d Պարզեք, թե մեր հավատակիցները ինչպես են քարոզում Քվինսլենդի մեկուսի շրջաններում՝ դիտելով «Բարի լուրը հասնում է հեռավոր տարածքներ—Ավստրալիա» տեսանյութը։

e Հարվի և Քեթլին Լոգանների կենսագրությունը տպագրվել է «Դիտարան» ամսագրի 2021 թ. հունվարի համարում։