Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՐՄԱ ԲԵՆՏԻՎՈԼԻ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծառայում եմ «ամեն բարի պարգև» Տվողին

Ծառայում եմ «ամեն բարի պարգև» Տվողին

 Հնչում էր օդային տագնապի ազդանշանը։ Մայրս, փոքր եղբորս գրկած և իմ ձեռքից բռնած, մեզ դուրս հանեց մոտակա այգի՝ թաքնվելու ծառերի տակ։ Ես ընդամենը վեց տարեկան էի։

 Երբ ռմբակոծությունն ավարտվեց, մորս հետ գնացի փնտրելու նրա մտերիմ ընկերուհուն։ Ցնցվեցինք, երբ իմացանք, որ նա զոհվել է այդ հարձակման ժամանակ։ Մի քանի օր անց՝ հաջորդ ռմբակոծության ժամանակ, հայրս վերցրեց ինձ, նստեցրեց իր հեծանիվի առջևի հատվածում և սկսեց հնարավորինս արագ քշել, որպեսզի դուրս գանք քաղաքից։

 Իտալիայում մոլեգնում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, և դրա հետ կապված հիշողությունները մինչ օրս չեն ջնջվել իմ մտքից։ Սակայն ինձ վրա մանկուց ամենամեծ հետքը թողել է այն, որ շրջապատված եմ եղել Եհովային ճանաչող և խորապես սիրող մարդկանցով։

Ճշմարտության պարգևը

 1936 թ. ձմռանը՝ իմ ծնվելուց մի քանի ամիս առաջ, հայրս Վինչենցո Արտուզի անունով մի մարդու հետ աշխատում էր երկաթուղում։ Վինչենցոն դեռ մկրտված Վկա չէր, սակայն խոր սեր ուներ աստվածաշնչյան ճշմարտությունների հանդեպ։ Երկաթգծերի ձնամաքրման աշխատանքները կատարելիս Վինչենցոն հորս պատմում էր այն ամենը, ինչ սովորում էր։

 Հայրս անմիջապես հասկացավ, որ գտել է ճշմարտությունը։ Նա և մեր Ֆաենցա քաղաքից մի քանի այլ մարդիկ ցանկացան ավելին իմանալ։ Այդ օրերին ֆաշիստական հետապնդումների պատճառով Վկաները չէին կարողանում հանրությանը հասանելի հանդիպումներ անցկացնել։ Նրանք կարող էին ձերբակալվել անգամ աստվածաշնչյան հրատարակություն տարածելու համար։ Որոշ Վկաներ բանտում էին։ Ուստի հայրս և նրա ընկերները հանդիպում էին քաղաքից դուրս գտնվող մեկուսի տներում, որպեսզի Աստվածաշունչ կարդային և ուսումնասիրեին իրենց ձեռքի տակ եղած հրատարակությունները։ Բացի այդ՝ հայրս սովորություն ուներ ամեն շաբաթ՝ երեկոներին, մեկտեղ հավաքել մեր ընտանիքը, որ միասին Աստվածաշունչ ուսումնասիրենք։

Լավ օրինակների պարգևը

 1943 թ.-ին Վկաների մեծ մասը, ովքեր բանտարկվել էին իրենց կրոնական գործունեության համար, ազատ արձակվեցին։ Նրանց թվում էր Մարիա Պիցցատո անունով մի ամուրի քույր։ Նա ապրում էր Իտալիայի հյուսիսում և տունդարձի ճանապարհին գիշերեց մեր տանը։ Նա առանցքային դեր էր խաղացել մեր հրատարակությունները ստանալու և Շվեյցարիայի մասնաճյուղի հետ կապը պահպանելու հարցում։ Այդ ժամանակ Շվեյցարիայի մասնաճյուղն էր վերահսկում Իտալիայում իրականացվող գործունեությունը։ Թեպետ Մարիան արտաքինից փխրուն էր երևում, սակայն շատ ուժեղ ու համարձակ կին էր։ Պատերազմից հետո նա երբեմն գալիս էր Ֆաենցա։ Նրա այցելությունները միշտ հատուկ իրադարձություն էին մեզ համար։

 Լավ հիշողություններ ունեմ նաև մեկ այլ քրոջ՝ Ալբինա Կումինետտիի հետ կապված։ Երբ պատանի էի, այս տարեց այրի քույրն ապրում էր այն շենքում, որտեղ անցկացնում էինք մեր հանդիպումները։ 1920-ականների սկզբներին նա Իտալիայում գրքեր տարածող էր (լիաժամ ավետարանիչ)։ Ալբինան այդ վաղ տարիների գործունեության մասին ցնցող դեպքեր էր ինձ պատմում։

 Ալբինան մեր հրատարակությունների հավաքածուն և այլ պատմական արտեֆակտեր ուներ։ Մի օր նրա իրերի մեջ տեսա «խաչ և պսակ» զարդասեղը, որը կրում էին Աստվածաշունչ ուսումնասիրողները (այն ժամանակ Եհովայի վկաները այդ անունով էին հայտնի)։ Գիտեի, որ խաչը հեթանոսական ծագում ունի, ուստի զարմանքից սկսեցի ծիծաղել։ Այդ ժամանակ Ալբինան մի բան ասաց, որը երբեք չեմ մոռանա։ Վերաձևակերպելով Զաքարիա 4։10-ը՝ նա ասաց. «Մի՛ արհամարհիր փոքր ձեռնարկումների օրը»։

14 տարեկանում

 Այդ խոսքերը ինձ հզոր դաս սովորեցրին։ Թեև առաջին Աստվածաշունչ ուսումնասիրողները լիովին չէին ըմբռնել ճշմարտությունը, սակայն նրանք արժանի էին իմ հարգանքին։ Բացի այդ, քանի որ ոչ բոլոր հրատարակություններն էին հասանելի իտալերենով, ժամանակ էր պետք, որպեսզի մեր հավատակիցները համաքայլ ընթանային վերաճշտված բացատրությունների հետ։ Այնուամենայնիվ, Եհովան գնահատում էր նրանց ջանքերը, ես էլ պետք է նույնն անեի։

 Չնայած մեր տարիքային տարբերությանը՝ սիրում էի զրուցել Ալբինայի հետ։ Նա, Մարիան և մյուս եռանդուն քույրերը, ովքեր չնայած սարսափելի փորձություններին՝ հավատարմորեն ծառայել էին Եհովային, դարձան այն մարդիկ, ում միշտ ձգտում էի ընդօրինակել։ Երախտապարտ եմ, որ նրանց հետ շփվելու առիթներ եմ ունեցել։

Բեթելի ծառայության պարգևը

 1955 թ. ամռանը գնացի Հռոմ՝ մասնակցելու «Հաղթական Թագավորությունը» խորագրով համաժողովին։ Այդ առիթով մենք նաև տարբեր երկրներից ժամանած պատվիրակների հետ Բեթել այցելեցինք։ Մտածեցի. «Երանի՜ այստեղ ծառայեի»։

 1955 թ. դեկտեմբերի 18-ին մկրտվեցի։ Այդ ժամանակ դեռ դպրոցում էի սովորում, սակայն որոշել էի լիաժամ ծառայություն սկսել։ 1956 թ.-ին՝ Ջենովա քաղաքում տեղի ունեցած համաժողովին, հայտարարություն լսեցի այն մասին, որ Բեթելում կամավորներ են անհրաժեշտ։ Սակայն մասնաճյուղի ներկայացուցիչն ասաց, որ Բեթելում քույրերի կարիք չկա։

 Ավելի ուշ նպատակներիս մասին խոսեցի մեր շրջանային վերակացուի՝ Պիերո Գատիի a հետ։ Այս խանդավառ ու եռանդուն քարոզիչն ասաց. «Քեզ հատուկ ռահվիրայության համար կերաշխավորեմ»։

 Որոշ ժամանակ անց մասնաճյուղից մի նամակ ստացա։ Վստահ էի, որ հատուկ ռահվիրա էի նշանակվել, բայց՝ ոչ։ Ինձ առաջարկում էին Բեթելում ծառայելու դիմում լրացնել։

Իմ ծառայակից թարգմանչի՝ Իլարիա Կաստիլիոնիի (աջ կողմում) հետ Բեթելում, 1959 թ.

 1958 թ. հունվարին եկա Բեթել։ Այդ ժամանակ Բեթելի ընտանիքը կազմված էր մոտ 12 հոգուց։ Ինձ նշանակեցին օգնելու մասնաճյուղում ծառայող երկու թարգմանիչների։ Շատ գործ կար անելու, իսկ ես թարգմանելու փորձ չունեի։ Սակայն Եհովայի օգնությամբ սկսեցի սիրել իմ նշանակումը։

 Երկու տարի էլ չանցած՝ թարգմանչական գործը վերակազմակերպվեց, և ինձ նշանակեցին դաշտ՝ ծառայելու որպես ռահվիրա։ Ես պատրաստ չէի դրան, քանի որ Բեթելն իմ տունն էր դարձել։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ իմ նոր նշանակումը մեկ այլ պարգև է Եհովայից։

Եռանդուն ծառայակիցների պարգևը

 1959 թ. սեպտեմբերի 1-ին ես սկսեցի հատուկ ռահվիրա ծառայել Կրեմոնա քաղաքում։ Իմ ռահվիրա ծառայակիցն էր Դորիս Մեյեր անունով մի քույր, ով եկել էր Դանիայից։ Նա ինձնից ընդամենը մի քանի տարով էր մեծ, սակայն փորձառու ռահվիրա էր։ Հիանում էի նրանով։ Դորիսը նախաձեռնող էր, անվախ ու վճռական։ Այս հատկությունները երկուսիս էլ անհրաժեշտ էին մեր տարածքում քարոզելու համար, քանի որ ողջ քաղաքում միակ Վկաներն էինք։

Կրեմոնայում շատ բան սովորեցի իմ ռահվիրա ծառայակիցներ Դորիսից (ձախ կողմում) և Բրունիլդեից (աջ կողմում)

 Դորիսը ինձնից առաջ էր Կրեմոնա ժամանել և քայլեր էր ձեռնարկել, որպեսզի վարձակալված բնակարանում ժողովի հանդիպումներ անցկացվեն։ Շուտով տեղի կաթոլիկ քահանաները նկատեցին, որ գործունեություն ենք ծավալում։ Դա բորբոքեց նրանց բարկությունը՝ առիթ դառնալով, որ իրենց քարոզների ժամանակ մեր դեմ խոսեն։

 Մի օր մեզ կանչեցին տեղի ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանները չձերբակալեցին մեզ, սակայն պարզ դարձրին, որ Դորիսը օտարերկրացի է և պետք է հեռանա Կրեմոնայից։ Ի վերջո նա վերադարձավ Դանիա և այնտեղ շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային։

 Շուտով Կրեմոնա նշանակվեց մեկ այլ ամուրի քույր՝ Բրունիլդե Մարկին։ Բրունիլդեն մեղմ էր, բարեհամբույր ու շատ էր սիրում քարոզչական գործը։ Մենք սկսեցինք շատերի հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հուրախություն մեզ՝ մի քանիսը լավ առաջադիմեցին։

 Շնորհակալ եմ Եհովային, որ հնարավորություն եմ ունեցել մասնակցելու Կրեմոնայի քարոզչական գործի «փոքր ձեռնարկումներին»։ Այսօր այդ քաղաքում հինգ ժողով է գործում։

Հաճելի անակնկալ

 Երկու տարի էլ չկար, ինչ ծառայում էի Կրեմոնայում, ու մի օր մասնաճյուղից զանգ ստացա։ 1961 թ. հուլիսին տեղի էր ունենալու «Միավորված երկրպագուները» խորագրով վեցօրյա համաժողովը, և դրան նախապատրաստվելու համար թարգմանչական շատ աշխատանքներ պետք է արվեին։ Ուստի ինձ նորից Բեթել հրավիրեցին։ Ուրախությունից բառացի թռչկոտում էի։ 1961 թ. փետրվարին 1-ին վերադարձա Բեթել։

 Ամեն օր շատ երկար էինք աշխատում, սակայն ինձ համար մեծ պատիվ էր մասնակցել Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունների թարգմանությանը։ Ամիսները մեկ օրվա պես անցան, և ահա եկավ համաժողովի ժամանակը։

 Համաժողովին հայտարարվեց, որ Քրիստոնեական Հունարեն Գրվածքների «Նոր աշխարհ» թարգմանությունը պետք է թարգմանվի իտալերենով։ Մտածեցի. «Դա նշանակում է, որ շատ գործ կա անելու»։ Ու չսխալվեցի։ Բեթելի իմ նշանակումը երկարաձգվեց։ Մինչ օրս այստեղ եմ՝ ավելի քան 60 տարի։

Թարգմանչական բաժնում, 1965 թ.

Այլ թանկ պարգևներ Եհովայից

 Մեկ այլ պարգև, որը տարիներ շարունակ փայփայել եմ, իմ ամուրիությունն է։ Դա չի նշանակում, որ երբեք չեմ մտածել ամուսնության մասին։ Իրականում մի շրջան կար, երբ ամուրի մնալու միտքը ինձ շատ էր անհանգստացնում։ Այդ մասին հաճախ էի աղոթում Եհովային։ Գիտեի, որ նա ինձ բոլորից լավ է ճանաչում։ Խնդրում էի, որ օգնի հասկանալ, թե իմ պարագայում որն է լավագույն որոշումը։

 Մատթեոս 19։11, 12 և 1 Կորնթացիներ 7։8, 38 համարները ինձ համար նոր նշանակություն ձեռք բերեցին։ Շնորհակալ էի Եհովային, որ այս հարցում հստակություն մտցրեց և ներքին խաղաղություն տվեց։ Երբեք չեմ փոշմանել իմ որոշման համար և անչափ երախտապարտ եմ, որ ամուրիությանս շնորհիվ կարողացել եմ իմ լավագույնը տալ Եհովային։

 Տարիների ընթացքում թարգմանչական բաժնում բազմաթիվ փոփոխությունների ականատես եմ եղել։ Տեսել եմ, թե Եհովայի կազմակերպությունն ինչպես է օգտագործում նոր տեխնոլոգիաները և «ազգերի կաթը» (Եսայիա 60։16)։ Այս փոփոխությունները ամրացրել են համաշխարհային եղբայրության միասնությունը։ Օրինակ՝ 1985 թ.-ին «Դիտարանի» իտալերեն և անգլերեն թողարկումները սկսեցին միաժամանակ հրատարակվել։ Այսօր jw.org կայքում բազմաթիվ լեզուներով մի շարք հոդվածներ ու տեսանյութեր են հասանելի, և դրանք հիմնականում անգլերենի հետ միաժամանակ են լույս տեսնում։ Ակնհայտ է, որ Եհովան հոգ է տանում, որ իր ժողովուրդը միասնական լինի և ժամանակին հոգևոր սնունդ ստանա։

 Եհովան շատ առատաձեռն է եղել իմ հանդեպ։ Նա թույլ է տվել, որ վայելեմ հատուկ ռահվիրա ծառայելու բերկրանքը։ Նաև բավարարել է Բեթելում ծառայելու իմ փափագը, որտեղ ձեռք եմ բերել տարբեր տարիքի ու ծագման թանկ ընկերներ։ Մեկ այլ յուրահատուկ օրհնություն է այն, որ մայրս 68 տարեկանում իր կյանքը նվիրեց Եհովային ու մկրտվեց։ Փափագում եմ տեսնել նրա և ընտանիքիս մյուս անդամների հարությունը (Հովհաննես 5։28, 29

 Անհամբերությամբ սպասում եմ այն ժամանակին, երբ Եհովան իր ծառաների համար «ամեն բան նոր կանի» (Հայտնություն 21։5)։ Ես առավել քան վստահ եմ, որ Եհովան երբեք չի դադարի իր ծառաներին առատապես տալ «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակոբոս 1։17

Այսօր՝ թարգմանչական բաժնում աշխատելիս

a Պիերո Գատիի կենսագրությունը հրատարակվել է «Դիտարանի» 2011 թ. հուլիսի 15-ի համարում, էջ 20-23։