ՄԱՅԼԶ ՆՈՐԹՈՎԵՐ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եհովան վարձատրեց իմ ձեռքի գործը
Ծնողներս միշտ աջակցել են Եհովայի կազմակերպությանը։ Օրինակ, երբ Լոնդոնի Բեթելի եղբայրները ցանկանում էին կաթ արտադրել ընտանիքի համար, հայրս նվիրաբերեց մեր միակ կովի՝ Ջերսիի հորթին։ Միշտ կատակով ասում էինք, թե հորթը մեր ընտանիքից առաջինն էր, որ Բեթել գնաց։ Ծնողներիս թողած լավ օրինակը իմ մեջ ցանկություն բոցավառվեց, որ ողջ ուժս տրամադրեմ Եհովային՝ ձեռքիս երբեք հանգիստ չտալով (Ժողովող 11։6)։ Արդյունքում Եհովան իմ առաջ դուռ բացեց, որ ծառայության մեջ անսպասելի ձևով օգտագործի իմ ձեռքերը։ Եվ նա վարձատրեց ջանքերս։ Թույլ տվեք՝ պատմեմ իմ պատմությունը։
Ես, ավագ քույրս ու եղբայրս մեծացել ենք Միացյալ Թագավորությունում՝ Բիսթր ավանի մոտակայքում գտնվող գյուղական տարածքում։ Այնտեղ ծնողներս մի ֆերմայում քոթեջ էին վարձակալել։ 19 տարեկանում, հետևելով քրոջս ու եղբորս օրինակին, ռահվիրայություն սկսեցի։ Ավելի ուշ նշանակվեցի ծառայելու որպես հատուկ ռահվիրա Շոտլանդիայում։ Ապա 1970 թ.-ին՝ 23 տարեկանում, հրավիրվեցի ծառայելու Լոնդոնի Բեթելում։ Այնտեղ էր, որ «բացահայտեցի» ժեստերի լեզուն։ Դա իմ կյանքում նոր էջ բացեց՝ օրհնություններով ու գոհացուցիչ պահերով լի էջ։
Սովորում եմ ժեստերի լեզու
Բեթելում ծառայելիս նշանակվեցի Եհովայի վկաների Միլ-Հիլի ժողով։ Այնտեղ հանդիպեցի մի քանի խուլ Վկաների։ Չէի ուզում լեզվական պատնեշի պատճառով նրանց համար օտար լինել։ Դրա համար էլ որոշեցի հանդիպումներին նստել խուլ եղբայրների ու քույրերի կողքին։
Այդ ժամանակ Բրիտանիայում ժեստերի լեզվով գործող ժողովներ չկային։ Խուլ մարդիկ մասնակցում էին անգլերենով անցկացվող հանդիպումներին, որոնց ժամանակ եղբայրներն ու քույրերը ժեստերով բառ առ բառ թարգմանում էին ծրագիրը՝ հետևելով անգլերենի քերականությունը։ Սակայն մինչ իմ խուլ հավատակիցները համբերատարությամբ ժեստեր էին սովորեցնում ինձ, գնալով համոզվում էի, որ նրանց լեզուն ուրույն քերականություն ու շարադասության ունի։ Ըստ էության, անգլերենը օտար լեզու էր նրանց համար։ Երբ գիտակցեցի այս իրողությունը, ավելի շատ սիրեցի ու հարգեցի իմ խուլ ընկերներին այն բանի համար, որ հավատարմորեն հաճախում էին հանդիպումներին։ Բացի այդ՝ սկսեցի ավելի ինտենսիվ ջանքեր գործադրել ժեստերի լեզվի մեջ հմտանալու համար։
Բրիտանիայում խուլերի պաշտոնական լեզուն բրիտանական ժեստերի լեզուն է (ԲԺԼ)։ Ժամանակի ընթացքում մեր հանդիպումները թարգմանողները սկսեցին անգլերենի վրա հիմնված ժեստերի փոխարեն այս լավ զարգացած լեզուն օգտագործել։ Արդյունքում խուլերը սկսեցին շատ ավելի մեծ օգուտներ քաղել հանդիպումներից։ Բացի այդ՝ ավելի միաբան դարձան լսող եղբայրների ու քույրերի հետ։ Երբ հետ եմ նայում վերջին հինգ տասնամյակներին, տեսնում եմ, թե Եհովան որքան է օրհնել ժեստերի լեզվի դաշտը։ Մի փոքր պատմեմ այն գլխավոր զարգացումներից մի քանիսի մասին, որոնցում Եհովան թույլ է տվել՝ իմ մասնակցությունն ունենամ։
Ժեստերի լեզվի դաշտը ծաղկում է
1973 թ.-ին՝ իմ երեց նշանակվելուց մեկ տարի անց, Մայքլ Իգաս անունով մի խուլ եղբայր առաջարկեց, որ որոշ հանդիպումներ ԲԺԼ-ով անցկացնենք։ Ստանալով մասնաճյուղի հավանությունը՝ ես և մեկ այլ երեց կազմակերպեցինք, որ ամեն ամիս Լոնդոնի հարավ արևելքում գտնվող Դետֆորդ շրջանում ժեստերի լեզվով հանդիպումներ անցկացվեն։
Արդյունքները ապշեցուցիչ էին։ Լոնդոնի և Անգլիայի հարավարևելյան մյուս հատվածների խուլ Վկաները մասնակցեցին ԲԺԼ-ով անցկացվող առաջին հանդիպմանը։ Վերջապես խուլ հավատակիցները և հետաքրքրվողները հոգևոր կրթություն ստացան իրենց մայրենի լեզվով։ Ծրագրից հետո ջերմ շփում և համեղ հյուրասիրություն վայելեցինք։ Նաև հնարավորություն ունեցա քաջալերելու խուլ հավատակիցներից ոմանց։
Հետագայում ժեստերի լեզվով հանդիպումներ անցկացվեցին նաև Բիրմինգհեմ և Շեֆիլդ քաղաքներում։ Մեծ թվով եղբայրներ ու քույրեր, ովքեր ցանկանում էին ԲԺԼ սովորել, մասնակցում էին այս հանդիպումներին։ Այս պատրաստակամ հավատակիցներից շատերը հետագայում օգնեցին Անգլիայով մեկ ընդլայնել ժեստերի լեզվով քարոզչական գործը։
Գտնում եմ իմ կեսին
1974 թ.-ին հանդիպեցի Ստելա Բարքեր անունով մի գեղեցիկ քրոջ, ով Բեթելի մոտակայքում գտնվող ժողովներից մեկում հատուկ ռահվիրա էր ծառայում։ Մենք սիրահարվեցինք և 1976 թ.-ին ամուսնացանք, ինչից հետո միասին ծառայեցինք որպես հատուկ ռահվիրաներ։ Մեր ժողովը Լոնդոնի հյուսիսում էր՝ Հեքնիում։ Այնտեղ Ստելան միացավ ինձ ժեստերի լեզվի դաշտին աջակցելու գործում։ Հետ նայելով՝ անկասկած կարող եմ ասել, որ միասին որպես կողակիցներ ռահվիրայություն անելը հիասքանչ սկիզբ էր մեր ամուսնական կյանքի համար։
Կարճ ժամանակ անց ինձ ու Ստելային հրավիրեցին ծառայելու որպես Բեթելի կամավորներ։ Մենք շատ զբաղված կյանք ունեինք։ Ես նաև ծառայում էի որպես շրջանային վերակացուի փոխարինող, անցկացնում էի երեցների համար Թագավորական ծառայության դպրոցը, իսկ հետագայում սկսեցի կազմակերպել անգլերենով անցկացվող տարածաշրջանային համաժողովների թարգմանությունը ժեստերի լեզվով։ Հոգնեցուցիչ, բայց միևնույն ժամանակ ուրախ ու թարմացնող օրեր էին (Մատթեոս 11։28-30)։
1979 թ.-ին և 1982 թ.-ին ծնվեցին մեր երկու որդիները՝ Սիմոնը և Մարկոսը։ Ծնող դառնալը մեզ համար մեծ բերկրանք էր, բայցև լուրջ պատասխանատվություն։ Ինչպե՞ս էինք հասցնում ամեն բան։ Ես և Ստելան որոշել էինք, որ նշանակումներս որքան էլ հեռու լինեն տնից, միասին ենք գնալու և առիթն օգտագործելու ենք նաև ընտանիքով ժամանակ անցկացնելու համար։ Ուզում էինք՝ մեր տղաները տեսնեին, որ Եհովային ծառայելը երջանկացնում է։ Արդյո՞ւնքը։ Երբ մեր տղաները մեծացան, ոչ միայն ժեստերի լեզու սովորեցին, այլև ռահվիրայություն սկսեցին։ Ծնողներիս պահած հորթի՝ Բեթել գնալուց շուրջ 40 տարի անց Սիմոնն ու Մարկոսը նույնպես Բեթել գնացին։ Ուրախությունից ցնծում էինք։
Խուլերի կարիքներին ընդառաջ
Անգամ 1990-ականներին Բրիտանիայում խուլ երեցներ չկային։ Կային միայն մի քանի խուլ ծառայող օգնականներ։ Դրա հետևանքով այն լսող երեցները, ովքեր ժեստեր չգիտեին, չէին կարողանում որոշել, թե արդյոք այս խուլ եղբայրները որակյալ են սովորեցնելու համար և կարող են վերակացու լինել (1 Տիմոթեոս 3։2)։ Խուլ ծառայող օգնականներից մեկը՝ եղբայր Բեռնարդ Օսթինը, ծառայում էր տեղի անգլիական ժողովներից մեկում։ Նա շատ հարգված եղբայր էր, ով սրտանց հոգ էր տանում Եհովայի գառների մասին։ Այնքա՜ն էի ուրախացել, երբ իմացա, որ Բեռնարդը երեց է նշանակվել։ Նա Բրիտանիայի առաջին խուլ երեցն էր։
1996 թ.-ին մի պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Մասնաճյուղը հավանություն տվեց, որ կազմավորվի Բրիտանիայում ժեստերի լեզվով գործող առաջին ժողովը։ Այն Իլինգում էր՝ Լոնդոնի արևմուտքում։ Բայց սա միայն սկիզբն էր։
Օգուտներ են ստանում բոլոր հանդիպումներից
1980-1990-ականներին հեռակա համագործակցում էի Բեթելի ծառայողական բաժնի հետ. պատասխանում էի ժեստերի լեզվի դաշտին առնչվող հարցումներին։ Եղբայրները երբեմն գրում էին մասնաճյուղին ու հարցնում, թե ինչպես կարող են օգնել խուլերին, որ հասկանան հանդիպումներին ու համաժողովներին անգլերենով ներկայացրած իրենց ելույթները։ Սկզբում խոշոր հավաքույթները ժեստերի լեզվով թարգմանելու վերաբերյալ որևէ առաջնորդություն չկար։ Խուլերի համար հրատարակություններ էլ չկային։ Ուստի հաճախ էի հորդորում եղբայրներին՝ թե՛ լսող, թե՛ խուլ, որ համբերությամբ սպասեն Եհովային։
Մեր համբերատարությունը վարձատրվեց։ Շուտով մասնաճյուղը քայլեր ձեռնարկեց, որ անգլերենով անցկացվող հանդիպումները և շրջանային համաժողովները թարգմանվեն ժեստերի լեզվով։ Մեկ այլ դրական փոփոխություն էր այն, որ խուլերը սկսեցին առջևի շարքերում նստել, որպեսզի լավ տեսնեն թե՛ հռետորին, թե՛ թարգմանչին։ Խուլ եղբայրներն ու քույրերը այժմ զգում էին, որ Եհովան իսկապես սիրում է իրենց, և որ իր հոգևոր ընտանիքի թանկ անդամներն են։
1995 թ. ապրիլի 1-ին Արևմտյան Միդլենդում գտնվող Դադլի քաղաքի համաժողովների սրահում անցկացվեց ժեստերի լեզվով առաջին հատուկ շրջանային համաժողովը։ Ես օգնեցի եղբայր Դեյվիդ Մերրիին, ով նախկինում շրջանային վերակացու էր եղել, համաժողովի կազմակերպչական հարցերում։ Ծրագրին մասնակցելու համար որոշ խուլ Վկաներ հարյուրավոր կիլոմետրեր անցան՝ գալով այնպիսի հեռավոր վայրերից, ինչպիսիք էին հյուսիսում գտնվող Շոտլանդիան և հարավ-արևմուտքում գտնվող Քոռնուոլը։ Մինչ օրս հիշում եմ, թե ինչ մեծ ոգևորություն էր տիրում, երբ այս պատմական համաժողովին հավաքվեցին ավելի քան 1 000 ներկաներ։
2001 թ.-ին մասնաճյուղը խնդրեց ինձ ու եղբայր Մերրիին կազմակերպել ԲԺԼ-ով հաջորդ տարածաշրջանային համաժողովը։ Մեզ հսկայական աշխատանք էր սպասում։ Բայց Եհովան օրհնեց բազմաթիվ կամավորների ջանքերը, և մենք հաջողված ու հիշարժան համաժողով վայելեցինք։ Դրանից հետո տարիներ շարունակ պատիվ ունեցա աջակցելու ժեստերի լեզվով շրջանային և տարածաշրջանային համաժողովների կազմակերպմանը, մինչև որ Եհովայի օգնությամբ ավելի երիտասարդ եղբայրներ պատրաստ եղան կրելու այդ պատասխանատվությունը։
Տեսանյութեր՝ խուլերի համար
1998 թ.-ին անչափ ոգևորվեցինք, երբ Եհովայի կազմակերպությունը լույսընծայեց ԲԺԼ-ով առաջին հրատարակությունը՝ «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը՝ տեսաերիզի վրա։ Դրա օգնությամբ Աստվածաշնչի բազմաթիվ ուսումնասիրություններ անցկացրինք։
2002 թ. տարածաշրջանային համաժողովին Թագավորության երգերը առաջին անգամ թարգմանվեցին ԲԺԼ-ով։ Այժմ եղբայրներն ու քույրերը կարող էին ժեստեր անողի օգնությամբ գեղեցիկ «երգել» և զգալ երաժշտության ռիթմը։ Երբեք չեմ մոռանա, թե մի խուլ երեց ինչպես էր ուրախությունից արտասվում, երբ կյանքում առաջին անգամ Թագավորության երգ «երգեց»։
2002 թ. տարածաշրջանային համաժողովը մեկ այլ բանով էլ էր պատմական։ Լոնդոնի ժեստերի լեզվով գործող ժողովը հրավիրվեց թատերական ներկայացում տեսագրելու։ Բայց ինչպե՞ս էինք դա իրագործելու. ոչ մի փորձ չունեինք։ Եհովան ևս մեկ անգամ օգնության հասավ։ Նրա շնորհիվ այնպիսի եղբայրների գտանք, ովքեր հմուտ էին տեսանյութեր նկարահանելու ու մշակելու գործում։ Արդյունքները շլացուցիչ էին։ Դեռ ավելին՝ մեր ձեռք բերած փորձը հատկապես օգտակար եղավ 2003-2008 թթ.-ին, երբ պատիվ ունեցա Բեթելում վերահսկելու ԲԺԼ-ով անցկացվող տարածաշրջանային համաժողովների ներկայացումների թողարկումը։
Ես ու Ստելան շատ ուրախ էինք մեր որդիների հետ ծառայել Բեթելում։ Բայց ինչ խոսք, գործը ամենևին էլ հեշտ չէր։ Մի քանի շաբաթ տևող փորձերից ու նկարահանումներից հետո դերասաններն ու թողարկման թիմը թե՛ ֆիզիկական, թե՛ մտային առումով քամված էին լինում։ Բայց անխոս, արժեր ջանքեր ներդնել։ Մեր սրտերը ցնծում էին, երբ տեսնում էինք, թե աստվածաշնչյան պատմությունները ինչպես են կենդանանում խուլ հավատակիցների աչքում։ Նրանցից շատերը չէին կարողանում զսպել ուրախության արցունքները։
Հոգևոր նվերները չէին դադարում հորդել։ 2015 թ.-ին ստացանք ԲԺԼ-ով «Դիտարանի» ուսումնասիրության թողարկումը տեսանյութի ձևաչափով։ Ապա 2019 թ.-ին նույն ձևաչափով լույս տեսավ Մատթեոսի Ավետարանը։ Այժմ Քրիստոնեական Հունարեն Գրվածքները ամբողջությամբ հասանելի են ԲԺԼ-ով, իսկ Եբրայերեն Գրվածքների թարգմանությունն ընթացքի մեջ է։ Խուլ եղբայրներն ու քույրերը առհավետ շնորհակալ են Եհովային։
Որպես Եհովայի ժողովուրդ՝ մենք պատկանում ենք մի հոգևոր ընտանիքի, որն արտացոլում է մեր երկնային Հոր անկողմնակալ սերը (Գործեր 10։34, 35)։ Ես ու ընտանիքս չենք դադարում հիանալ, թե կազմակերպությունը որքան ժամանակ, ուժեր ու միջոցներ է ներդնում ամեն տեսակ մարդկանց օգնելու համար, այդ թվում՝ խուլերին և կույրերին։ a
Ներդրված ջանքերը բերել են իրենց պտուղները, քանի որ այժմ Բրիտանիայում ԲԺԼ-ով մի քանի ժողով կա։ Մեծ ուրախություն ու բավարարվածության զգացում եմ ապրել՝ տեսնելով այս դաշտի աճը, որը սկիզբ առավ փոքր ձեռնարկումներից (Զաքարիա 4։10)։ Իհարկե, այս ամենի համար Եհովային ենք պարտական։ Նա՛ է առաջնորդում իր կազմակերպությունը։ Նա՛ է ապահովում իր ծառաներին անհրաժեշտ գործիքներով, որ հռչակեն բարի լուրը ամեն տեսակ մարդկանց։ Եվ ինչ խոսք, նա՛ է աճեցնում Թագավորության սերմը արժանի մարդկանց սրտում։