Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՋԵՅ ՔԱՄՓԲԵԼ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամենացածր կետից՝ դեպի մեծ բարձունքներ

Ամենացածր կետից՝ դեպի մեծ բարձունքներ

 Ես շատ ամաչկոտ աղջիկ էի։ Նախընտրում էի մնալ տանը, թաքնվում էի մարդկանցից և հաճախ ինձ անարժեք էի զգում։ Հազվադեպ էի առնչվում հասարակությանը, քանի որ վախենում էի, որ մարդիկ ինձ չեն վերաբերվի արժանապատվորեն ու հարգանքով։ Թույլ տվեք՝ պատմեմ իմ պատմությունը։

 1967 թ. օգոստոսին, երբ 18 ամսական էի, մի օր բարձր ջերմություն ունեցա։ Հաջորդ առավոտ ոտքերս անզգայացել էին։ Ֆրիթաունի (Սիեռա Լեոնե) հիվանդանոցում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ ես վարակվել եմ պոլիոմելիտով՝ սուր վարակիչ հիվանդություն, որը կաթվածի է ենթարկում հիմնականում 5 տարեկանից ցածր երեխաներին։ Ֆիզիոթերապիան չօգնեց, որ ոտքերիս ուժը վերականգնվի։ Ժամանակի ընթացքում դրանք այնքան թուլացան, որ այլևս չէի կարողանում կանգնել կամ քայլել։ Իմ հիվանդության պատճառով հայրս հաճախ էր ասում, որ ես նորմալ երեխա չեմ։ Շարժումներիս սահմանափակ լինելու պատճառով իմ ինքնագնահատականն ընկել էր։ Ես ինձ հողին հավասար մարդ էի զգում։

Մեծանում եմ՝ գետնին սողալով

 Ես մորս հետ բնակվում էի մի թաղամասում, որտեղ ծայրահեղ աղքատ ընտանիքներ էին ապրում։ Թեև մարդիկ սիրում էին ինձ, սակայն ես ձգտում էի արժանանալ հորս սիրուն, որը այդպես էլ չվայելեցի։ Ոմանք ասում էին, որ իմ հիվանդությունը նորմալ չէ, և որ դա կախարդության հետևանք է։ Մյուսներն էլ առաջարկում էին, որ մայրս ինձ թողնի հաշմանդամ երեխաների համար նախատեսված խնամքի կենտրոնի դռան դիմաց։ Պատճառաբանում էին, որ նա այդպիսով կազատվի ինձ հոգ տանելու բեռից։ Սակայն մայրս մերժեց այդ առաջարկը և ամեն ինչ արեց, որ հոգ տանի իմ մասին։

 Քանի որ չէի կարողանում կանգնել կամ քայլել, ստիպված էի սողալ։ Սակայն գետնին կամ այլ մակերեսների վրա սողալու պատճառով վնասվածքներ էի ստանում։ Որպեսզի քերծվածքներ չունենամ, հաստ հագուստ էի կրում։ Ձեռքերս պաշտպանում էի հողաթափերի միջոցով, որոնք ծառայում էին որպես ձեռնոցներ։ Հետագայում սկսեցի օգտագործել կամարաձև փայտե տախտակներ, որոնք ավելի լավ էին պաշտպանում ձեռքերս։ Շարժվելու համար փայտե տախտակները դնում էի գետնին և սողալով մարմինս առաջ էի հրում։ Այնուհետև, մեջքս կորացնելով, նույն կերպ առաջ էի տանում ոտքերս։ Մի «քայլն» անելուց հետո անում էի հաջորդ դժվար «քայլը»։ Դրա պատճառով ձեռքերիս և ուսերիս վրա մեծ ծանրություն էր ընկնում։ Շարժվելն ինձանից այնպիսի տիտանական ջանքեր էր պահանջում, որ ես հազվադեպ էի դուրս գալիս մեր բակից։ Չէի կարողանում դպրոց հաճախել կամ մյուս երեխաների հետ խաղալ դրսում։ Անհանգստանում էի, թե ինչպես եմ ապրելու, եթե մայրս չլինի։

 Աղոթում էի Աստծուն ու խնդրում, որ օգնի ինձ և թույլ չտա, որ մուրացկան դառնամ։ Կարծում էի, որ եթե մոտենամ Աստծուն, ծառայեմ նրան ճիշտ ձևով, ապա նա հոգ կտանի իմ մասին։ Ուստի մի օր՝ 1981 թ.-ին, որոշեցի, չնայած անասելի ցավերին, դուրս գալ մեր բակից և գնալ մեր փողոցում գտնվող եկեղեցին։ Մարդկանց հայացքները ինձ անհարմար վիճակի մեջ դրեցին։ Եկեղեցու հովիվը չողջունեց ինձ։ Նա նույնիսկ կշտամբեց մորս, քանի որ նստել էի ուրիշների կողմից վճարված նստարանին։ Որոշեցի, որ այլևս չեմ գնա այնտեղ։

Ինչպես գտա իմ երկնային Հորը

 1984 թ. մի առավոտ, երբ 18 տարեկան էի, սովորության համաձայն բարձրացա վերև, որպեսզի նստեմ պատուհանի մոտ։ Այնտեղից դիտում էի, թե ինչ է տեղի ունենում արտաքին աշխարհում։ Բայց հետո որոշեցի իջնել ներքև և գնալ մեր թաղամասի բացօթյա հատված, որը սովորաբար դատարկ էր լինում։ Երբ հասա այնտեղ, հանդիպեցի երկու տղամարդու, ովքեր քարոզում էին տնից տուն։ Նրանք ինձ պատմեցին հրաշալի ապագայի մասին և ասացին, որ իմ իրավիճակը փոխվելու է։ Կարդացին Եսայիա 33։24 և Հայտնություն 21։3, 4 համարները։ Հետո տվեցին մի գունագեղ գրքույկ, որի վերնագիրն էր «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա»՝ խոստանալով վերադառնալ ու պատմել ավելին։

 Երկրորդ այցելության ժամանակ նրանք ինձ ասացին, որ մեր քննարկումները շարունակելու համար կծանոթացնեն վերջերս ժամանած Փոլին անունով մի միսիոների հետ։ Նրանք պահեցին իրենց խոստումը։ Հետագայում Փոլինի և իմ հարաբերությունները մոր և դստեր մտերմության պես դարձան։ Մայրս հորդորում էր, որ շարունակեմ Աստվածաշնչի ուսումնասիրությունը իմ «նոր մոր» հետ։ Փոլինը անձնազոհ սեր էր դրսևորում, համբերատար էր, բարի, հոգատար, ինչպես նաև միշտ հետաքրքրվում էր իմ բարօրությամբ։ Նա ինձ կարդալ սովորեցրեց։ Նաև «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքի օգնությամբ ծանոթացրեց իմ սիրառատ երկնային Հոր հետ, ում կարիքը անչափ զգում էի։

Փոլինը՝ այն միսիոները, ով Աստվածաշունչ է ուսումնասիրել ինձ հետ

 Այն, ինչ սովորում էի Աստվածաշնչից, ինձ ուրախություն էր պարգևում։ Մի օր Փոլինին հարցրի, թե արդյոք կարող եմ մասնակցել Եհովայի վկաների ժողովի հանդիպմանը, որն այդ ժամանակ հայտնի էր «Ժողովի՝ գրքի ուսումնասիրություն» a անունով։ Այն անց էր կացվում Եհովայի վկաներից մեկի տանը, որը գտնվում էր իմ բնակավայրից մեկ թաղամաս այն կողմ։ Փոլինն ասաց, որ կարող եմ։ Հաջորդ երեքշաբթի Փոլինը եկավ մեր տուն։ Նա սպասեց, որ լողանամ ու հագնվեմ, որպեսզի միասին գնանք ժողովի հանդիպմանը։ Ինձ ասացին, որ պետք է Փոլինին խնդրեմ՝ ինձ համար տաքսի կանչի, բայց ես պատասխանեցի. «Ո՛չ, այնտեղ կգնամ իմ փայտե տախտակներով»։

 Վերջապես եկավ դուրս գալու ժամը։ Հարևաններն ու մայրս անհանգստացած ինձ էին նայում։ Երբ անցնում էի բակով, ոմանք բղավում էին Փոլինի վրա՝ ասելով. «Դու ստիպո՛ւմ ես նրան»։

 Փոլինն էլ մեղմորեն հարցրեց ինձ. «Ջեյ, ուզո՞ւմ ես գալ»։ Ժամանակն էր, որ ցույց տայի Եհովայի հանդեպ իմ վստահությունը (Առակներ 3։5, 6)։ Ես ասացի. «Այո՛, դա իմ որոշումն է»։ Մեր հարևանները լուռ նայում էին։ Երբ հասա դարպասներին, նրանք փոխեցին իրենց տրամադրվածությունը. ուրախությունից սկսեցին ծափահարել։

 Շատ հավանեցի այդ հանդիպումը։ Այնքա՜ն թարմացնող էր։ Բոլորը ողջունում էին, ոչ ոք վերևից չէր նայում ինձ։ Այնքա՜ն լավ էի զգում ինձ։ Որոշեցի կանոնավոր հաճախել։ Կարճ ժամանակ անց հարցրի, թե արդյոք կարող եմ մասնակցել Եհովայի վկաների Թագավորության սրահում տեղի ունեցող ավելի մեծ հանդիպումներին։ Թեև ես աղքատ էի և ունեի ընդամենը երկու ձեռք հագուստ ու մի զույգ հողաթափ, սակայն վստահ էի, որ Աստծու ժողովուրդը չի արհամարհի ինձ։ Եվ ես ճիշտ էի։

 Թագավորության սրահ գնալու համար սողալով հասնում էի մինչև փողոցի վերջը, այնտեղից տաքսի էի նստում և հասնում այն բլրի ստորոտին, որի գագաթին Սրահն էր։ Այնտեղից էլ եղբայրները ինձ գրկած բարձրացնում էին Սրահ։

 Ճաշակելով Եհովայի բարությունը՝ ես ցանկացա ապաստան գտնել նրա մոտ։ Վճռեցի կանոնավոր մասնակցել հանդիպումներին (Սաղմոս 34։8)։ Անձրևոտ օրերին ես հաճախ տեղ էի հասնում թաց ու ցեխոտ ու ստիպված էի լինում Սրահում փոխել հագուստս, սակայն արժե՛ր այդպես վարվել։

 Եհովայի վկաների 1985 թ. տարեգրքում գրվեց իմ մասին։ Շվեյցարիայում ապրող Ժոզետ անունով մի քույր իմ պատմությունը կարդալուց հետո որոշեց ինձ ուղարկել ձեռքով կառավարվող մի եռանիվ սայլակ, որը ցեխից պաշտպանելու հնարավորություն ուներ, իսկ հետևի մասում՝ գունավոր անդրադարձիչներ։ Դրանից հետո ես կարող էի տեղից տեղ գնալ ավելի արժանապատիվ կերպով։ Փոքր երեխաները հիանում էին իմ սայլակով և ասում, թե որքան են ուրախանում, երբ տեսնում են ինձ՝ իմ ճոխ սայլակին նստած։ Ես գետնից վեր էի բարձրացել և այժմ ինձ թագուհու պես էի զգում՝ հարգված ու սիրված։

Դեպի մեծ բարձունքներ

 Ես արագ հոգևորապես առաջադիմեցի, քանի որ պարզ ու բարոյապես մաքուր կյանք էի վարում։ Իմ սայլակի շնորհիվ կարողանում էի մասնակցել ծառայությանը և 1986 թ. օգոստոսի 9-ին մկրտվեցի։ Մկրտությունը փոխեց իմ կյանքը և տարավ դեպի այնպիսի բարձունքներ, որ չէի էլ կարող պատկերացնել։ Ներքին ուրախության և բավարարվածության զգացում ունեի։ Գիտեի, որ իմ Հայրը սիրում է ինձ, և շրջապատված եմ այնպիսի մարդկանցով, ովքեր անկեղծորեն հոգ են տանում իմ մասին։ Դրա շնորհիվ կարողացա ազատվել անարժեքության զգացումից և ինքնավստահություն ձեռք բերեցի։

 Եհովային վարձահատույց լինելու համար մտածում էի ռահվիրայական ծառայության մասին, սակայն վստահ չէի, թե ի վիճակի կլինեմ կատարել այն (Սաղմոս 116։12)։ Աղոթեցի այդ մասին ու որոշեցի փորձել։ Ռահվիրայական ծառայությունս սկսեցի 1988 թ. հունվարի 1-ին և մինչ օրս ռահվիրա եմ։ Այս ծառայությունն իսկական օրհնություն է ինձ համար։ Ես շրջապատված եմ սիրառատ եղբայրներով և քույրերով, ովքեր ամեն ամիս օգնում են ինձ հասնել իմ նպատակին։ Նաև բազմիցս զգացել եմ, թե Եհովան ինչպես է աջակցել իր սուրբ ոգով (Սաղմոս 89։21

 Ռահվիրայության շնորհիվ ֆիզիկապես ավելի ակտիվ էի։ Ճիշտ է, ոտքերս թույլ էին, սակայն դա ինձ չէր խանգարում։ Որոշ ժամանակ անց գնացի նոր բացված մի կլինիկա՝ հույս ունենալով ֆիզիոթերապիա և բուժական ֆիզկուլտուրա անցնել։ Սակայն բուժքույրերից մեկն ասաց, որ չանհանգստացնեմ իրենց, քանի որ շուտով մահանալու եմ։ Երբ նրա աշխատակիցներից մեկը նույն կարծիքը հայտնեց, ես շատ հուսալքվեցի։ Եկա տուն ու աղոթեցի Եհովային, որ օգնի հաղթահարել վհատության զգացումը և համապատասխան թերապիա անցնել։

 Ծառայությունը լավագույն թերապիան էր ինձ համար։ Դրա ընթացքում ես շատ էի շարժվում։ Մի քանի տարի անց բուժքույրերից մեկը, ով ասել էր, որ շուտով մահանալու եմ, Թագավորության սրահի մոտով անցնելիս տեսավ ինձ ու շա՜տ զարմացավ, որ դեռ ողջ եմ։

 Չնայած իմ հանգամանքներին՝ փորձում եմ ակտիվ լինել Եհովայի գործում։ Հավատակիցները գովում են ինձ եռանդի, ինչպես նաև ժողովի հանդիպումներին շուտ գալու համար։ Միշտ այդպես եմ վարվում, քանի որ հնարավորություն եմ ունենում ողջունել հավատակիցներիս և հետաքրքրվել նրանցով։

 Ես ճաշակել եմ Եհովայի բարությունը և տեսել նրա օրհնություններն իմ կյանքում։ Առիթ եմ ունեցել օգնելու երեք հոգու հասնել մկրտության։ Նրանցից մեկը Ամիլյան է, ով սովորել է «Գաղաադի» 137-րդ դասարանում։ Մի քանի անգամ մասնակցել եմ Ռահվիրայական ծառայության դպրոցին, որը հիասքանչ պարգև է Եհովայից։ Եհովան ինձ դեպի բարձունքներ է տարել, բարձրացրել է իմ ինքնագնահատականն ու վստահությունը։ Այժմ մարդիկ հարգում են ինձ։ Այլևս չեմ ամաչում ինքս ինձնից։ Լավ ընկերներ ունեմ ոչ միայն Ֆրիթաունում, որտեղ մեծացել եմ, այլև ողջ երկրով ու աշխարհով մեկ։

 Մոտ 40 տարի է անցել այն օրվանից, երբ իմացա Աստծու խոստացած նոր աշխարհի մասին, որտեղ ֆիզիկական արատներ այլևս չեն լինելու։ Այդ խոստումը շարունակում է քաջալերել ինձ։ Մեծ ոգևորությամբ, բայց համբերությամբ լի սրտով սպասում եմ դրա իրականացմանը։ Վստահ եմ, որ իմ Աստված Եհովան չի ուշանա (Միքիա 7։7)։ Սպասելը օրհնությունների դուռ է բացել իմ առաջ։ Եհովան օգնել է, որ հաղթահարեմ դժվարություններս ու խնդիրներս։ Նա միշտ օգնության է հասել ճիշտ ժամանակին։ Անչափ ուրախ եմ և շարունակում եմ ժպտալ, քանի որ ամենացածր կետից, որտեղ ես սողում էի, Եհովան բարձրացրեց ինձ դեպի անհավանական բարձունքներ։

a Այժմ կոչվում է «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն»